Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Հակոբ Պողոսյանի նոթատետրը

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Հակոբ Պողոսյանի նոթատետրը

    Վանիկ Ասլանյան. հաղթանակը մեխողներից մեկը
    Մարինե Մարտիրոսյան
    Ասում է` շատ է ուզում, որ կառավարությունը մի «կարգին կոմիսիա» կազմի, «սուտի- մուտի ֆիդայիներին սանրի, մաքրի»:


    22 հունիսի, 2014

    Հովհաննես Ասլանյանին բոլորը Վանիկ են դիմում, թե ինչու, նա կատակով պատասխանում է. «Դե, որ տանը գլխի չընկնեն»: Ապրում է Աբովյան քաղաքի ծայրամասային շենքերից մեկում: Հյուրասենյակում դեղին լույսի շողքն ընկնում է նրա դեմքին: Բառերի հետ շատ զգույշ է վարվում: Պատերազմը լեզվի բան չէ, որ դնես երկար-բարակ բառեր հորինես, հղկես, մի սիրուն պատմություն դարձնես: Մոտավորապես այսպիսի մոտեցմամբ սկսեցինք մեր զրույցը: «Կռիվ էր, պիտի գնայինք»,- կարճ պատասխանում է, հետո նայում է հյուրասենյակի հեռավոր կետերին: Ասում է` հորաքրոջ տղան` Վազգեն Առուստամյանն էր իրեն առաջարկել կամավորագրվել, նա Շահեն Մեղրյանի ջոկատում էր, ինքն էլ մի վայրկյան չի մտածել, չնայած հայրն ասել էր` «լավ մտածի»: Անմիջապես պատասխանել էր, թե «մեծ հաճույքով կգամ»: Սկզբից Վահան գյուղում է եղել, հետո տեղափոխվել է «Եղնիկներ»:

    Նշում է` տղերքով հավաքվելիս շատ բան են հիշում, իսկ մենակ հեշտ չէ անցյալի որոշ կետերը հանել, բերել դնել մեր առջև: Նրա դեմքի խիստ արտահայտությունը, կարծես, հարցնում է, թե հետո ինչ պիտի արվի այդ կետերի հետ, եթե այսօր մեր երկրում կռված տղերքը տեղ չունեն: Ասում է` 14 տարեկան մայոր է, պաշտպանության նախարարությունում այդպիսի բան չկա: Մի քանի ամիս առաջ է վերականգնվել աշխատանքի: Մինչ այդ հիվանդության պատճառով 5 տարի չէր աշխատում` թոքաբորբով հիվանդ էր:

    Ցաքուցրիվ պատասխանները, հանկարծ, կանգնում են մի գծի վրա: Հյուրասենյակ մտած դպրոցական որդուն` Մհերին, խնդրում է ծխախոտը բերել: Վառում է առաջին սիգարետն ու խիստ հայացքը, կարծես, կորում է կապույտ ծխի մեջ: Հիշողությունները կամաց-կամաց գլուխ են բարձրացնում: 20 տարի առաջ ինքը 24 տարեկան էր, իսկ հիմա նույնիսկ զարմանում է իր արածների վրա: Պատերազմի ժամանակ քաջությունն անգիտակցաբար էր ծնվում: Իհարկե, վախենում էին, սրտները մինչև կոկորդ էին հասնում, ասում է նա, բայց կռվի դաշտում վախը մոռացվում էր: Իսկ նրանք, ովքեր ասում են` իբր չեն վախեցել, ստում են. վստահեցնում է ազատամարտիկը:

    «Եղնիկները», կամ արծվի բնում

    «Եղնիկներում» առավելագույնը 35-40 զինվոր էին: Դա էլ «շքեղ» թիվ էր պարտիզանական ջոկատի համար: Դիվերսիոն աշխատանքներն իրականացնում էին հիմնականում 8-հոգանոց խմբով: Իրենց խմբի անունը «Մոլլա» էր: Շահեն Մեղրյանն էր այդպես կնքել: «Վազգենին դպրոցում տերտեր էին ասում: Մեղրյանը Վազգենին ասաց` բա քեզ ի՞նչ պազիվնոյով կանչեմ, ասեց` դե, շատ իմանամ, դպրոցում տերտեր էին ասում: Մեղրյանն էլ թե` տերտեր էլ չէ, մոլլա կասեմ»: 8-հոգանոց խմբի առջև Մեղրյանը մի վաշտի առաջադրանք էր դնում. հիշում է Վանիկը: Իրենք չէին էլ մտածում, թե ոնց պիտի կատարեն: «Մեր տղերքից ամեն մեկը մի արծիվ էր, մեր ջոկատն արծվի բույն էր»,- նշում է նա: 35-40-կիլոգրամանոց բեռով էլ անընդհատ շարժման մեջ էին` և ականներն էին շալակում, և հացը, և զենքը: Մի կետում չէին մնում:

    «Մարտակերտի ճակատին իրենց հրամանատարին, շտաբով բանով խփել էինք… Մոշնի դիվերսիա էինք արել: Էդ օպերացիան մի կոմեդիա էր: Վահեն ասաց՝ «Ռեմբո, Ռեմբո, ի՞նչ Ռեմբո, Ռեմբոն էս ա»,- ասում է նա: Անցյալը հանկարծ հասնում է մինչև հյուրասենյակի կենտրոն, ծխախոտի ծուխը տարածվում է սենյակում:



    Առաջին անհայտ կորածը

    1993 թ. փետրվարի 17-ն էր: Սարսանգի ջրամբարի մոտ էր: Վանիկն ասում է, որ ճանապարհն արդեն ականապատել էին և սպասում էին ադրբեջանական մեքենաներին: Քանի որ ճանապարհին շատ մոտ էին կանգնել, խմբի ղեկավարը` Վազգենը, տղաներին ասաց, թե գնան մի դիրք ընտրեն, ինքն էլ քիչ հետո կմիանա իրենց: Դրանից հետո 3 «ԶԻԼ» մեքենա էր մոտեցել, ադրբեջանցիները մեքենաներից դուրս էին եկել և սկսել կրակել: Կրակից հետո պատմության մնացած մասն արդեն իրենց ենթադրություններն են, իսկ փաստն այն է, որ այդտեղից գտան նռնակի երկու օղակ, Վազգենի ավտոմատը, պահեստատուփը, փամփշտակալը, ակնոցը, գրիչն ու նոթատետրը: Դրանք թափվել էին տարբեր տեղերում: Իրենց ենթադրություններից մեկն այն էր, որ Վազգենը, հավանաբար, իրեն նետել էր վառվող մեքենայի մեջ:



    Ադրբեջանցիները անտառ չմտան, որովհետև, ըստ Վանիկի, վախենում էին: Իրենք մտածում էին, թե հայերը մեծ թիվ են կազմում անտառում: Նույնիսկ եղել են դեպքեր, որ երբ հայերի հետքը նշմարվում էր, և դրանով կարող էին գտնել հայերին, 10 մետրից ավելի անտառին չէին մոտենում:

    Այդ նույն օրն էլ` փետրվարի 17-ին, Նաթիկ անունով ադրբեջանցի մի վարորդի էին գերի վերցրել: «Կանիստրով բենզին տվինք ձեռը, ասինք՝ «Ռուկի վերխ, վպերյոդ»: Էսի մի 100 մետր բարձրացավ, ասաց՝ «Ինձի գյուլլեք, էլ չեմ գալիս»: Ռուսերեն էլ խոսում էր, Ուկրաինայում էր ծառայել էր: Էդ էլ իմ թայ էր՝ 24 տարեկան: Վերջը կանիստրը վերցրինք ձեռից, մենք տարանք»,- սա պատմելուն պես սկսում է ծիծաղել: Հետո պատմությունն ավելի է կենդանանում և հասնում կորուստներին: Վազգենի անհայտ կորելուց հետո մոտ 8 ամիս Վանիկը տուն չի գնացել: Ասում է` չգիտեր, թե տնեցիներին ինչ պատասխան պիտի տար: Վազգենը նրա հորաքրոջ որդին էր:

    «Նապաստակների» որսը

    Ամենաթեժ պահերից մեկը 1993-ի հունիսին էր. գործողությունների ճակատը ձգվում էր Սարսանգի ջրամբարից մինչեւ Մատաղիս: Մատաղիսի ուղղությամբ ադրբեջանական կողմը 475 հոգի ուներ, մի հոգի էլ ռուս դիպուկահար կար: Հայկական կողմում 25 գրոհային կար, 3 հոգի եղել են Խդրյան Հակոբի հետ, 8 հոգի էլ իր հետ են եղել ճակատային գրոհին. պատմում է Վանիկը: Ասում է` իրենք կողքից իմիտացիա էին արել, թե գրոհում են, որպեսզի գրոհայինները կողքից մտնեին ադրբեջանցիների խրամատներ: Մարտը տևեց 7 ժամ 15 րոպե:



    «Առաջին բլինդաժը-բանը վերցնելուց հետո Նովիկը կապ տվեց, թե շուտ հասի էստեղ, զոհ ու վիրավոր ունենք: Էդ վախտ Թաթուլը, Կամոն վիարվորվել էին, Վահեն զոհվել էր: Հասա իր մոտ: Հետո մի պահ զգացինք, որ թուրքերը խուճապի մեջ են, կանգնելը հանցագործություն էր, պիտի չկանգնեինք, ու էդպես սարի լանջով սկսեցինք քշել թուրքերին` ո՞նց ես նապաստակներին քշում, այ էդպես: Հասանք չորրորդ բլինդաժ, Գյուլումյանը 2 հատ սնարյադ տվեց, երևի թե օսմանցի թուրք էր, բլինդաժից պուլեմյոտով կասեցնում էր տղերքի գրոհը, վերցրեցի սնարյադները, գնացինք Հակոբին, Դիկաբրազին՝ Արկադին (մազերը բիզ-բիզ էին, դրա համար էինք Դիկաբրազ ասում), ճարեցինք, Արամը խփեց էդ բլինդաժին: Մենք էդտեղից կախվեցինք, «Վահե-1»-ի մոստը որ կա, հիմա դա երկաթի մոստ է, էն ժամանակ կախովի մոստ էր, СВД-ն (դիպուկահար հրացան- հեղ.) մոտս էր, կախվեցի էդտեղից, սկսեցի որս անել:

    Էդտեղից սաղ փախան Մատաղիս: Հետ գալուց արդեն Արամը հետևիցս բրթեց, թե նայի, թուրքը դեմներս ա կանգնած`2 մետրի վրա: Ես էլ, սովորությանս համաձայն, ավտոմատիս պրեդախրանիտելը փակ էի պահել (ապահովիչի փակ վիճակում զենքը չի կրակում- հեղ.), կանգնել իրեն էի նայում, թուրքն էլ՝ ավտոմատը ձեռը, պրեդախրանիտելը բացած: Տղերքն էնտեղից գոռացին, թե զգույշ եղեք, ոնց որ էլի կան էդ նապաստակներից: Դե հիմի չասի, թե հա, հեն է դեմս կանգնած: Սկսեցի սրա հետ ռուսերեն խոսել, ասացի՝ դե, իմ ախպերը ձեզ մոտ պլեն ա ընկել, արի դու զենքդ գցի, գերիներ փոխանակենք: Արամն էլ չէր կարում ոչ մի ձև կրակեր, նեղ տեղ էր: Վեշմեշոկս գցեցի, ձեռս տարա դեպի ավտոմատս, որ պրեդախրանիտելը բացեմ, դա ավտոմատը պահեց, ասի՝ Արամ, փախի, ու էլ առանց նայելու սկսեցի կրակել, ինձ գցեցի մի մասուրի թփի վրա ու կրակում էի: Արամը եկավ ձեռիցս բռնեց, ասեց՝ արի: Տեսանք թուրք չկա: 4 հատ դոշին էի կպել: Թուրքի ավտոմատը վերցրինք, տեսանք՝ մագազինը լիքն էր, բայց ավտոմատի մեջ պատրոն չկար: Ինքը սեղմելուց ա եղել, բայց պատրոն չկար մեջը: Եթե ինձ չէ, Արամին կհասցներ, մի հատ էլ ինձ կհասցներ»,- մահվանից փրկվելու մասին պատմում է Վանիկը:

    Արամի զոհվելը

    «Արամի զոհվելը վաաբշե ստրաշնի բան էր: Առաջին զախոդ պիտի տուն գնայի, վերջը համոզեցին, որ ես պիտի գնամ: Ֆրոնտն արդեն ընդհանուր ճակատի մեջ էր: Աբովյանցի տղերքն եկան՝ դե, թրաշվեք, որ գնանք: Արամը չէր եկել, հրազդանցի Սևանը զոհվել էր, դիպուկահար հրացանի մասնագետ չկար: Ասի, գնամ Արամին բերեմ: Կարենն ասաց՝ տենց բան մի ասա, գնա, Արամի հետ եկեք: Էդ ճամփեն մի 27-28 կմ էր, կարճ ճանապարհներով եղնիկի պես շվվցնելով մի ժամում հասա:



    Տղերքն ասացին՝ բա Արամը հեսա պոստը պրծնում ա, կգա: Ասեցի՝ արա, բա Արամին ինչի՞ եք պոստ կանգնեցրել: Վազելով գնացի, էրքեջեցի Վանիկը ոտիցս քաշեց, թե ուր ես գնում, չես տեսնում, թրաշում ա գյուլլեքը... Վազեցի, հասա խրամատ, տեսա Արամը խրամատում պպզած ա՝ դեմքով ցած: Արամին շուռ տվի, մեջքը չէր երևում, աչքերը բացեց, ժպտաց... Նոր տեսա՝ ձեռս լրիվ արյուն ա... Պուլյան տվել էր ուսից, խփել, դուրս եկել... Արամին գցեցի ուսիս, ավտոմատները քարշ տալով տարա: Ընենց կրակ էր, որ պատկերացնում ես, թե գրոհում են»,- ասում է նա: Վանիկն ընկերոջը ձիու վրա դրած հասցրել էր Սպիտակ աղբյուր, որտեղից էլ աբովյանցի տղաներն իջել ու վերցրել էին Արամի դին:

    «Սենց բան պիտի չլիներ»

    Երկրի վիճակի մասին խոսելիս ասում է, նոր զարգացող երկիր է, բայց «սենց բան պիտի չլիներ, էլի, ինչ ստեղծել ենք, էն էլ ուտում ենք»: Իրեն գնահատել կամ շքանշաններ տալ պետք չէ, ուղղակի առողջություն է ուզում, որ երեխեքին մեծացնի: Հաղթանակի մասին չի սիրում խոսել: Պատասխանում է, որ շարքային զինվոր է եղել, իսկ հաղթանակների մասին կարող են խոսել գեներալները: «Յուրաքանչյուրս էլ մի մեխ մեխել ենք էս հաղթանակի մեջ»,- նշում է նա:

    Ասում է` շատ է ուզում, որ կառավարությունը մի «կարգին կոմիսիա» կազմի, «սուտի-մուտի ֆիդայիներին սանրի, մաքրի»: «Լրիվ ճակատում 6000 տղուց ավել մարդ չի եղել, էսօրվա դրությամբ 40.000 ֆիդայի կա: Էդ ձա՞գ են բերել, չեմ հասկանում: Մի օպերացիա կազմակերպելու մարդ չէիր ճարում, երկու հոգու մի վաշտի առաջադրանք էիր տալիս, որ ոնց ուզում եք գնացեք արեք, բայց էսօրվա դրությամբ ցելի մի դիվիզիա ֆիդայի ունես, էդ որտեղի՞ց... Շքաննշաններ են ստանում կառավարական, մարտական, ովքեր որ պատերազմի ժամանակ եղել են 8 տարեկան: Չի կարելի: Մեր արածի գինը գցում ես, սարքում ես զիբիլ»,- նշում է նա:

    Հետո նայում է որդուն` Մհերին: Եթե պատերազմը պիտի սկսի, թող հիմա լինի, որպեսզի երեխեքին «փայ չհասնի»: Ասում է` պատերազմը կավարտվեր այն դեպքում, երբ այս 20 տարիներին երկիրը հզոր դառնար, այլ ոչ թե այսօրվա պես կրիայի տեմպերով շարժվեր:

    Ձայնագրիչն անջատում եմ: Վանիկը խորը հոգոց է հանում: Դստեր հետ մեզ ճանապարհում է: Փողոցով քայլում ենք: Ասում է` շատ կուզեր, որ նորից գնար իր կռված տեղերը տեսներ: Հետո զանգեց ընկերոջը, ով տաքսի է վարում: Նրա գնալուց հետո էլ պարզեցինք, որ զինվորական ծառայությունից դուրս գալու 5 տարիներին՝ բուժմանը զուգահեռ, նույնիսկ տաքսի է վարել` ընտանիքը պահելու համար: Իսկ պետությունը ծափահարում է հիմնականում նրանց, ովքեր կռվի դաշտում կամ չեն եղել, կամ էլ հետևել են հեռվից: Այդպիսին են մեր այսօրվա «հերոսները»:

    Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

  • #2
    Re: Հակոբ Պողոսյանի նոթատետրը

    «Եղնիկների» Թոկի Կամոն
    Մարինե Մարտիրոսյան
    Մի անգամ էլ միանանք՝ պետություն ենք սարքելու:


    4 հունիսի, 2014
    Սեփական տան բակում ստվերոտ տեղ ենք փնտրում: Պատուհանների տակ գտնվող նստարանին արևը դեռ չէր ընկել: Արցախյան պատերազմի մասնակից Կամո Հարությունյանը սկզբում նկատելի զգուշավորությամբ է խոսում: Պատերազմի առաջին օրվանից եղել է առաջնային գծում: Ընկերներից մեկն ասում է, որ հումորը չէր կորցրել նույնիսկ կռվի դաշտում: Ասում է՝ կռիվ էր, գնացել կռվել են, իսկ գլուխ գովել չի սիրում: Սա ասելուց հետո լռում է, հայացքը դառնում է անորոշ կետերի ամբողջություն:

    Կիրովաբադի «ավտոշկոլան» ու կարաչինարցի տղան

    Շահումյանի Կարաչինար գյուղից է: 1988թ., երբ դեռ Կիրովաբադի ավտոդպրոցում էր սովորում (16 տարեկան էր), ադրբեջանցիների և հայերի միջև հարաբերություններն արդեն լարված էին՝ իրար ֆերմաներ էին վառում, գերիներ էին վերցնում-փոխանակում:

    1988թ. նոյեմբերի վերջին գյուղ գնալը դժվարացավ. ավտոբուս չէր գնում, ստիպված նստել էր ադրբեջանական մեկ այլ քաղաք տանող ավտոբուս: Ավտոբուսում էլ խոսում էին, թե շուտով Նովրուզ Բայրամն է լինելու, և հայերին տեսեք` ինչ են անելու, որ Անդրանիկի մի ականջի փոխարեն պիտի 2 ականջները կտրեին: Ասում է՝ տեսել է, թե ինչպես են Կիրովաբադի հրապարակում Անդրանիկի նկարը վառել, հայկական եկեղեցու խաչը ջարդել: Քաղաքամերձ մի վայրում իջնելով՝ տաքսիստներին ադրբեջաներենով խնդրում է Շահումյան հասցնել իրեն: Հրաժարվում են, թե այնտեղ օձեր են բնակվում: Մեկը համաձայնում է տանել:



    Կարաչինարցիները խուճապի մեջ էին: Ժողովներ էին անում Շահումյանն ու Գետաշենը միացնելու համար: Ղարաբաղն էլ ինքնավար մարզից փոխարեն հանրապետություն հռչակելու ստորագրահավաք էին սկսել: Ադրբեջանն էլ, տեսնելով, որ ուրիշ ճանապարհ չկա, պատերազմ սկսեց: Սրանում համոզված է զրուցակիցս:

    Սադրանք՝ ռուսների դեմ

    Կամոն պատմում է, որ 1989թ. դեկտեմբերին ռուսական զորքեր բերեցին-կանգնեցրին հայ-արդբեջանական սահմանագծին: Հայկական կողմը դեռ զենք-զինամթերք չուներ: Ռուսներից գինով փամփուշտներ ու նռնակներ էին ձեռք բերում: Ռուսական զորքերի խաղաղության պահպանումը քիչ տևեց: Բուզլուխում, Էրքեջում, Մանաշիդում վիճակը վատացել էր: Ադրբեջանը զորք էր մտցրել այդտեղ, հայկական կողմից զոհեր եղան:

    90 թվականի հունվարին սկսվում են թեժ գործողությունները: Այդ երեք գյուղերի գրավմամբ Ադրբեջանը Գետաշենը կտրելու էր Շահումյանից: 1990թ. ռուսներին ուղղաթիով սահման իջեցնելիս սադրանք եղավ: Մեկը կրակել էր ռուս հրամանատարի վրա, բայց կրակողն անհայտ էր: Քանի որ հայկական կողմը քաղաքացիական շորերով էր, զենք չուներ, ռուսները հասկացել էին, որ կրակողն ադրբեջանական կողմից է: Ազատամարտիկը հիշում է, որ ռուսները լավ ջարդ տվեցին ադրբեջանցիներին դրա պատճառով:

    Շահումյանն ընկավ. շաբաթն ուրբաթից շուտ եկավ



    1992թ. հունիսի 13-ին ենք հասնում: Ծխախոտը վառում է, հայացքը մշուշապատ է դառնում: Շահումյանի գրավման փաստի հետ չի հաշտվում: Ծուխը տարածվում է հորիզոնում, հարցերը կոշտանում են: «Համ գյուղ մտան, համ կոտորեցին, համ գրավեցին»,- կարճ ձևակերպում է նա: Գյուղի վրա հարձակումներ շատ էին եղել մինչ այդ: Իսկ գրավման օրը ադրբեջանական զորքը ռուսականի հետ միասին մտավ գյուղ: Միայն 21 տանկ էր մտել, 15 տարբեր զինտեխնիկա, 10 «Գրադ» էր աշխատում Շահումյանի վրա: 9 թնդանոթ էր աշխատում միայն Կարաչինարի վրա, որոնք մեկ վայրկյան չէին լռում:

    Ծխախոտի մնացորդը տրորելով մոխրամանում՝ հանկարծ սառնություն է իջնում: Հունիսի 12-ին իրենք որոշել էին ազատագրել Գետաշենն ու Մարտունաշենը, նաև` ադրբեջանական մի քանի դիրք գրավել: Դա պետք է լիներ հունիսի 14-ին, բայց, ըստ նրա, շաբաթն ուրբաթից շուտ եկավ: «Մտքիցս դուրս չի գալիս՝ ո՞նց գրավեցին Շահումյանը»,- ասես բարձրաձայն մտածում է: Մեղավորներ չի փնտրում: Ջոկատներ կային, որոնք իրենց խնդիրը չէին կատարել այդ ժամանակ, բայց այսօր տարբեր հարթակներում սկսում են խոսել, թե ոնց են կռվել: Նրա սառնությանը փոխարինում է ջղային նուրբ կծկումը: Բոլոր դիրքերում եղել է, բայց այդ մարդկանց չի տեսել:

    Ո՞վ է ծախել Շահումյանը

    Ստեփանակերտում շարասյուն էին տվել Հատուկ գունդ հասցնելու համար: Հանձնարարողն Արկադի Տեր-Թադևոսյանն էր: «Ինձ հարցրեց, թե որտեղ ա զենքդ, ասացի, որ Ձեր հրամանով սաղ Շահումյանի ջոկատները զինաթափվել են: Ասաց, որ ինքն էդպիսի հրաման չի տվել: Սամվել Բաբայանն էլ կողքից ասաց, որ հա, իրենք տվել են էդպիսի հրաման»,- նշում է կարաչինարցին:

    Շահումյանի գրավման օրն ադրբեջանցիները կորցրել էին 14 տանկ, կենդանի ուժի մեջ լուրջ կորուստներ էին ունեցել: «Հենց դա է կանգնեցրել նրանց, որ ժողովուրդը կարողացել է դուրս գալ: Վերջապես, հեշտ չէր 13.000-ից 12.500-ին փրկել: Մեզ օգնել են նրանք, ովքեր Շահումյանում էին: Դժվար էր և՛ պաշտպանություն կազմակերպել, և՛ ժողովրդին հանել այդտեղից: Մենք հազիվ փրկեցինք շահումյանցիներին»,- ասում է ազատամարտիկը, հետո շեշտում, որ չի ուզում մեղավորներ փնտրել, թե ովքեր են ծախել Շահումյանը:

    «Չէինք հավատում, որ կորցրել ենք Շահումյանը»,- նկատում է նա: Շահումյանի գրավմանը մասնակցել են նաև ռուսական զորքեր:

    «Եղնիկները»

    Կամոն ասում է, որ «Եղնիկներ» պարտիզանական ջոկատում 35-40 հոգի էին: Հրամանատարը Շահեն Մեղրյանն էր: «Եղնիկներ» անունն էլ նա է կնքել: Զրուցակիցս նշում է, որ եղնիկը խաղաղասեր կենդանի է, և երկրորդ՝ եթե եղնիկին հետապնդում ես, որ սպանես, մեկ է՝ վերադառնալու է այդ վայրը:

    «Եղնիկների» խնդիրը դիվերսիա և հետախուզություն անելն էր: Այդ մասին նախ հրաժարվում է պատմել: Ասում է՝ դրանք կարող են կինո թվալ: Հպանցիկ, հումորով պատմում է երկու դրվագ:



    Շահումյանի գրավումից հետո մի քանի անգամ հետախուզություն են արել Կարաչինարում: Առաջին անգամ 4 հոգով էին գնացել, որից երկուսը կարաչինարցի էին՝ ինքն ու Իշխանը: Գյուղ էին մտել, հաշվել, որ 150 տներն արդեն վերաբնակեցված էին: Հետախուզության տվյալները հավաքելուց հետո գնացել էին, լողացել գետում, հաց կերել, կոնյակ խմել: Հետո սարերից նայել էին կորցրած գյուղին: «Հասկանում էինք, որ նորից կարանք վերցնենք գյուղը: Հավատս ավելի մեծացավ: Մեզ թվում էր, թե ոնց որ առաջ էր, երբ բարձրանում էինք սարերն ու էնտեղից էինք նայում գյուղին, էդպիսի մի բան էր»,- ավելացնում է նա, հետո նորից վառում հաջորդ ծխախոտը:

    Կարաչինարում չհասցրեցին դիվերսիան անել, որովհետև այդ ժամանակ պետք է օգնության գնային Սարսանգի ջրամբար:

    Մեղրյանը՝ Կամոյին. «Սաղին կոտորիր, հելի, եկ»

    1993թ. մարտի վերջին կատարեցին առաջին դիվերսիան Գյուլիստանում: 2 ուղղություններով էր. մեկով հարձակում էր լինելու, մյուսով՝ բնակչությունը պիտի դուրս գար: Մերոնք 20 հոգի էլ նախատեսել էին հնարավոր շրջափակման ժամանակ օգնության հասնելու համար: Եկող մեքենաներին դիվերսանտները խփում էին: Իրենց պլանավորածի պես էլ եղել է. տարածքը մարտադաշտի է վերածվել: Այդ մասին հայտնել է Մեղրյանին, որ կամ խումբ ուղարկի, կամ էլ իրեն թույլ տա ուրիշ ուղղությամբ անցնել, որպեսզի հետքերը Գյուլիստան չտանեն: Մեղրյանը պատասխանել է. «Վեչ մի պյան էլ ղարկում չեմ, քանիսը կաք՝ շատ եք: Սաղին կոտորիր, հելի, եկ»: 50-60 հոգու կոտորել են, դրանից հետո ևս 2 դիվերսիա են կազմակերպել: Երկրորդի ժամանակ 13 հոգով էին: Նորից կապ էին տվել Մեղրյանին, ասել, թե հակառակորդը զինտեխնիկա ունի՝ մեկ տանկ ու մի քանի ՀՄՄ (հետեւակի մարտական մեքենա): Մեղրյանը պատասխանել էր. «Տակդ լցնես վեչ, էդ տանկը տրաքացրու, եկ տեսնանք»: Տանկն ականապատել էին:

    Մեղրյանն ու Թոկի Կամոն



    Կամոյին ճանաչողներն ասում են, որ Շահեն Մեղրյանը մեծ հույսեր էր կապում նրա նման ազատամարտիկների հետ: Նրանց համար պատերազմը տարերքի պես էր:

    Մեղրյանը Կամոյին անվանել էր «թոկի»: Ծիծաղում է այս մասին խոսելիս: Ասում է, թե մի քիչ լկտի էր պահում իրեն: Մեկ-մեկ առանց զգուշացման գնում, մեքենա էին պայթեցնում: «Դե, 21-22 տարեկան ջահել էի, ուրիշ ձև էի էդ ամեն ինչին նայում»,- նշում է նա:

    Հիմա 43 տարեկան է: Նոյեմբերյանի զինկոմն է արդեն երեք տարի: Ամիսներ առաջ սիրտն են վիրահատել:

    Պատմում է, որ թեժ մարտերից մեկը տեղի է ունեցել Մատաղիսի ճանապարհին: Այդտեղ ական դնելիս է եղել, երբ 3 ուղղաթիռներ սկսել են ռմբակոծել: 7 հոգով էին: Արկերի «անձրևի» տակ փախել է, ձորը գլորվել: Այդ ժամանակ էլ Երից Մանկանց վանքին են խփել: Երեկոյան տղերքի մոտ մոմի կտորներ կային: Երից Մանկանց էին բարձրացրել: Տղերքից մեկն ասել էր, որ եկեղեցին հարվածը վերցրել է իր վրա:

    «Հաղթանակը չեն ընտրում»

    Հաղթանակը կամ գալիս է, կամ չի գալիս, բայց թե ոնց է գալիս, ինչ ճանապարհով, կարելի է ասել հենց ինքը՝ հաղթանակն է որոշում: Սա Կամոյի համոզմունք է: Հաղթանակն էլ համարում է բոլորի ձեռքբերումը, իսկ կորուստն իր զոհված ընկերներն են: «Ճիշտ ա՝ մենք կորցրած ունենք, շահումյանցիների, գետաշենցիների մասին է խոսքը, բայց էդ մեծ հաղթանակի մոտ դա չեմ համարում պարտության նշան: Ուղղակի հասկանում եմ, որ ուշ թե շուտ պիտի կատարենք մեր խնդիրը»,- ասում է նա:

    «Այսօր այնքան տղերք կան, ովքեր ոչ մի տեղ չեն երևում, բայց կռվի դաշտում մեծ գործ են արել: Խնդիրը գնահատելն է, հիշել նրանց ոչ թե ինչ-որ բան տալով, այլ նրանց արած գործի մասին նշելով»,- նշում է ազատամարտիկը:

    «Չափալախված» պետության ցանկությունը

    Հայաստանն Ադրբեջանին «լավ չափալախել» է, դրա համար էլ Ադրբեջանը չի կարողանում հանգստանալ, ուզում է պատասխան տալ: Վերջերս Ադրբեջանի դիվերսիոն գործողություններն էլ դրանով է պայմանավորում: Այդ երկիրն ուզում է ցույց տալ, որ ինքը դեռ չի համակերպվել պարտության հետ՝ հիշեցնելով, թե պետք եղած ժամանակ իրենք կարող են ուժով լուծել խնդիրը: «Բայց էստեղ էսպիսի բան կա. եթե դու ուզում ես ուժով խնդիր լուծել, դե լուծի պրծի, էլ պետք չի գնաս-գաս անիմաստ հիշեցնես, մենք շատ լավ հիշում ենք, մենք շատ լավ տեսել ենք»,- վստահեցնում է Կամո Հարությունյանը:



    Ասում է՝ պատերազմի մասին դեռ վաղ է խոսելը, բայց մի օր հաստատ լինելու է: Կարծում է՝ կարճ կտևի, բայց ավելի ուժգին կլինի. 2 կողմերն էլ լավ սպառազինված կլինեն: «Մի անգամ միացել ենք, հայրենասիրությունն ուտում էր բոլորիս, խեղդում էր մեզ, դրա համար կրեցինք, մի անգամ էլ միանանք՝ պետություն ենք սարքելու»,- ասում է նա:

    Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

    Comment


    • #3
      Re: Հակոբ Պողոսյանի նոթատետրը

      Արամո. «քայլող պատերազմը»
      Մարինե Մարտիրոսյան
      Արամ Թորգոմյանին ճանաչում են որպես Արամո՝ «Արամո» ջոկատի հիմնադիր, «Հայոց ազգային բանակի» (ՀԱԲ) անդամ: 90-ականներին նրա գլխագնի համար...


      29 մայիսի, 2014
      Արամ Թորգոմյանին ճանաչում են որպես Արամո՝ «Արամո» ջոկատի հիմնադիր, «Հայոց ազգային բանակի» (ՀԱԲ) անդամ: 90-ականներին նրա գլխագնի համար Ադրբեջանը մեծ գումար էր խոստանում: Շատերը նրան անվանում են «քայլող պատերազմ»: Ասում է, որ ինքը կենդանի ապրում է մահացածների մեջ և մահացած է ապրողների մեջ:

      «Արամոյի» մասին

      Արամոն 8 ամիս առաջ է զորացրվե: Հիմա զբաղված է Հայաստանում հայ-կազակական զորամիավորում ստեղծելու հարցով: Բացի դրանից՝ ղեկավարում է 2005 թ. հիմնած «ՀԱԲ» ՀԿ-ն, որը, ըստ նրա, 80 %-ով ռազմական կառույց է:

      Մինչ 1988 թ. ծրագրում էր ազգային-ազատագրական պայքար: Ուզում էր դիվերսիոն գորոծողություններով պայթեցնել Ադրբեջանի նավթային համակարգը, այդպիսով՝ ծնկի բերել Ադրբեջանին: Սակայն 88 թ. Երևանի Ազատության հրապարակում հայտնվեցին մարդիկ, ովքեր զենքի պայքարը ճիշտ էին ընկալում: Այդ ժամանակ էլ դրվեց բանակի ստեղծման հարցը:



      1989 թ. ապրիլի 25-ին բանակային կառույցը սկսեց համալրվել: Նույն թվականի մայիսի 12-14-ին իր նախաձեռնությամբ ստեղծում է«Արամո» ջոկատը, որտեղ արդեն կար 500-ից ավելի կամավորական:

      Կացինով ու քլունգով՝ մարտի դաշտում

      Հայաստանի բոլոր տեղերում խմբավորումներ ունեին: Ճիշտ է, ասում է, շատերն առանց զենքի էին՝ կացինով կամ հրշեջ ծառայության քլունգով էին, դժվար էր, բայց ներքին գործերից զենք ստանալու հնարավորություն ունեցան: Ոստիկանության ստորաբաժանումների վրա հարձակումներով՝ զենք էին վերցնում: 99 %-ով դա լինում էր ներքին պայմանավորվածությամբ:



      Ոստիկանությունը ցուցադրաբար դիմագրավում էր, հետո զենքը հանձնում էր: Իսկ առաջին մարտական գործողությունը եղել է ինքնապաշտպանության գծում՝ Վայքի Խնձորուտի հատվածում, առաջին բաց պատերազմական գործողությունը՝ 1989 թ. դեկտեմբերի 8-ին, ամենախոշոր հարձակումը՝ 1990 թ. հունվարի 2-ին, երբ ռուսական ուժերը փակել էին Գորիսի Կոռնիձոր գյուղը: Սա համարում է առաջին լուրջ հարվածը, որով ադրբեջանական կողմին ապացուցել էին, որ Հայաստանում կան չկոտրվող ուժեր:

      «Ամենաթանկ» դրվագները

      Ծխախոտի կապույտ ծուխը գալարվելով բարձրանում է վերև, հետո տարրալուծվում սենյակում: Ծխի մեջ միախառնվում են պատերազմի դրվագները: Դրանք վերհիշելիս Արամոյի հայացքը կարծես ընկնում է այդ «հեռուների» մեջ: Հիշում է, որ ամենամեծամասշտաբ կռիվները եղել են 92-93 թթ: 92 թիվը համարում է ամենաբեկումնայինը, երբ ազատագրվեց Կիչան-Սրխավենդ հատվածը:

      «Ամենահիշարժան դե՞պքը... Գիտեք, եթե մտաբերեմ իմ մարտական անցյալը, մի քանի խոշոր հաղթանակներ ենք տարել, որոնք ապացուցում էին, որ ադրբեջանական ուժերը հաստատ տանուլ են տալիս. Կիչան-Սրխավենդ, Ղարադաղլու, որտեղ բացվեց Մարտունի-Ստեփանակերտ ճանապարհը, որի սրտում նստած էին ադրբեջանական ուժերը և 92 թ. փետրվարի 25-26-ին Խոջալուի դեպքերը: Էդ դրվագներն ամենաթանկ դրվագներն են իմ կյանքում, որովհետև էդտեղ ոչ միայն հաղթանակեցինք թշնամուն, այլև ինքներս մեզ: Էն մտավախությունը, որ ժամանակին կար, թե մենք թույլ ենք, քիչ ենք, այդ հաղթանակները բերեցին ապացույցներ, որ հզոր ենք, ուժեղ ենք, հայ ենք»,- պատմում է նա:

      Գիշերային հարձակման 20-25-րդ րոպեն

      1992 թ. փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը Խոջալուում հարձակումից 20-25-րդ րոպեն ընդհատեց Արամոյի ծրագիրը: Ոտքից վիրավորվել էր, բժիշկներն այնուհետ ասել էին, թե ոտքը պետք է հեռացնեն: Հրաժարվել էր: Նույն թվականի հուլիսի 4-ին Ֆրանսիայում վիրահատել են ոտքը:

      Կորստի և ձեռքբերման «խաչմերուկում»

      Իր ամենամեծ կորուստը համարում է Հայաստանի ոչ լիարժեք ազատագրված լինելը: Ինքն ազատագրված Արևելյան Հայաստանն էր ուզում տեսնել՝ Կուր-Արաքսի հանգույցով, Նախիջևանի ազատագրմամբ և Ջավախքով: Իսկ դրա համար ինքը շարունակելու է պայքարել: Իսկ ձեռքբերումը համարում է հայ հզոր հոգիները, այն երիտասարդներին, ովքեր պատրաստ են շարունակել իրենց գործը:

      Ղարաբաղի հարցի մասին

      Արամոյի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հարցը աբսուրդ է, քանի որ Ադրբեջանը երբեք չի ճանաչելու Ղարաբաղը, ինչպես Թուրքիան չի ճանաչում Ցեղասպանությունը:



      «Եթե Ադրբեջանը 5 րոպե վստահության դաշտ ունենա, որ կարող է հաղթել, միանշանակ կհարձակվի, բայց պատերազմական գործողության դեպքում Ադրբեջանը ևս 35-40 տոկոս կորցնելու է: Մենք բավականին հզոր ենք: Պարզ ասեմ. եթե ոչ մի հզոր պետություն չկանգնի, այլ մենք դեմ-դիմաց կանգնենք, Հայաստանը հավասարազոր կարող է թե՛ Ադրբեջանի, թե՛ Վրաստանի հետ միանգամից պատերազմել»,- նշում է ազատամարտիկը՝ միևնույն ժամանակ հիշեցնում, որ թշնամուն թերագնահատել էլ պետք չէ, թեև գիտեն նրանց թե՛ թույլ, թե՛ ուժեղ կետերը:

      Հրամանատարի թաց աչքերը

      Մի քանի տարբեր հարցերի պատասխաններից հետո ավելացնում է, որ ինքը «հավերժ խփելու է» թուրքերին: «Մահ թուրքերին»: Այսպես էր ավարտում իր պատասխանը, որից հետո նկատելի դադար էր լինում:

      Ծխախոտի մնացորդը տրորելով մոխրամանի մեջ՝ հրամանատարի կոպերը հանկարծ թրթռացին: Նայում էի շատ չոր, խիստ հայացքն՝ ասում է, եթե ինքը թեթևակի պատմի ադրբեջանցիների ու թուրքերի արածը, ինքս պատրաստ կլինեմ կռվի դաշտ գնալ: «Տեսե՞լ ես աչքերը հանած, ձեռքերը կտրած, բռանաբարված, մերկ վիճակում 12 տարեկան աղջնակ... Իսկ ես տեսել եմ»,- նրա ձայնը միանգամից խզվում է: Զգուշանում եմ նայել նրա դեմքին: Մի քանի վայրկյան անց հայացքս ընկնում է հրամանատարի թաց աչքերին: «Ես տեսել եմ... Հավերժ խփելու եմ... Ընենց բաներ եմ տեսել: 2 չոբան, որոնք ոչխար արածեցնելուց էին, տարել էին ամեն մեկի ոտքի տակ 40 հատ մեխ էին մեխել, բերեցին-գցեցին... Ժողովուրդ ջան, դուք չեք տեսել էդ բաները… Չունեն ներում: Քանի ապրում եմ, սիրտս բաբախում է, խփելու եմ»,- շարունակում է նա:

      «Կոմանդիր, ինչի՞ են մեզ մոռացել»

      Երկրի վիճակի մասին խոսելիս՝ կարճ ձևակերպում է՝ անկայուն է: Իր գնահատականը ժողովուրդն է տալիս, բայց ասում է, ցավ է զգում, երբ մարտական ընկերներն են նեղվում՝ հարցնելով իրենից, թե «կոմանդիր, ինչի՞ են մեզ մոռացել»:



      Նրա խոսքով՝ այսօր մարդիկ կան, որոնք ասեղի ծակից կռվի դաշտը չեն տեսել, բայց գեներալներ են դարձել: «Էսօր չգնահատել ազատամարտիկին, բա վաղվա կռիվը ո՞նց եք տեսնում դուք… Հա, էլի ինձ նմանները կհավաքվեն, կգան կռվին, բայց կոտրված հոգով կռիվ գնալն ուրիշ է»,- նկատում է, հետո ավելացնում, որ պատերազմ լինելու դեպքում առաջինը կռվի դաշտ են գնալու նույն ազատամարտիկները:

      Իսկ իր նմանները երկրից պետք է չգնան, որովհետև պատերազմը մի օր վերսկսվելու է: Սա նրա համոզմունքն է: «Մեկ է՝ կռիվ է լինելու, պատերազմը պտտվում է չորս կողմը»,- ասում է Արամոն:

      Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

      Comment


      • #4
        Re: Հակոբ Պողոսյանի նոթատետրը

        «Տիրացու» Ջիվանը. պատերազմից 20 տարի անց
        Մարինե Մարտիրոսյան
        «Մենք կալենդարով չենք կռիվ գնացել, որ կարողանամ ասել, թե քանի օր եմ տանը եղել էդ ընթացքում: Մի անգամ, հիշում եմ, էն ցուրտ ու մութ...


        23 մայիսի, 2014
        Երևանի Հարավարևմտյան թաղամասում գտնվող սբ. Երրորդություն եկեղեցու բակում լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի հետ սպասում ենք եկեղեցու ատենապետ, ազատամարտիկ Ջիվան Հակոբյանին: Չնայած եկեղեցական ծառայության անցել է պատերազմից հետո, բայց դեռ կռվի տարիներին նրան «տեր հայր» կամ «վարժապետ» էին անվանում:

        Մի քանի րոպե անց բարձրահասակ, նիհար կազմվածքով ու խոշոր աչքերով տղամարդ է բարևում Հակոբին: Ծանոթանում ենք՝ ազատամարտիկ-տեր հայրն է: Եկեղեցու բակում բարևում է իր ծանոթներին: Աչքից բան չի վրիպում: Եկեղեցու շենքի՝ աստիճանի նմանվող մեծ սալիկին նստած երկու տղաներին խնդրում է չնստել այդտեղ: Խնդրանքի մեջ հոգատարություն կա: Տղաներն անմիջապես իջնում են, նկատելի ժպտում ու քայլում դեպի բակի նստարանները: Զրուցելու համար տեղ ենք փնտրում: Հասնում ենք մանկական սրճարանի մոտ, երեքս էլ ժպտում ենք: Ներս ենք մտնում: Մանկական սրճարանում երեխաների, խաղային սարքերի ձայների ու գույների մեջ սկսում ենք խոսել պատերազմից:

        Պատերազմից 20 տարի անց

        Ջիվան Հակոբյանը ուլունքների շարանի պես հիշողություններն է «թելում»: Սկզբից դժվար է խոսում, ասում է՝ կռվի դաշտ գնացածներից շատերը չգիտեին, թե պատերազմն ինչ է, իսկ դրա գիտակցությունը կռվի դաշտում է գալիս:



        Պատերազմի մասին լսել էր Գյումրիում, որտեղ երկրաշարժից տուժածներին օգնություն էր տարել, Գյումրուց տուն է եկել, վերցրել է ֆինկան (դանակ) ու հրացանը և ճանապարհ ընկել դեպի Վայոց ձորի Խաչիկ գյուղ: Տնեցիներին էլ ասել է, թե Սպիտակ պիտի գնա՝ օգնություն հասցնելու համար: Այդ ժամանակ արդեն կամավորագրվել էր «Հայոց ազգային բանակին» (ՀԱԲ), որտեղից էլ հետագայում տեղափոխվեց «Արաբո» ջոկատ:

        «Այդ կռիվն ավելի շատ հավատքի կռիվ էր: Ես գնացել եմ առաջին հերթին հավատքի համար, հետո նոր հայրենիքի: Կարող ա զարմանալու լինի, բայց էդպես ա»,- ասում է նա: Մարտական ուղին էլ կարճ է ներկայացնում. Հայաստանում՝ բացի Նոյեմբերյանից և Մեղրիից, Արցախում՝ Ջաբրաիլից ու Ֆիզուլուց, եղել է մնացած բոլոր կետերում:

        Պատերազմի մասին ավելի շատ նախընտրում է լռել: Թեև օրագրություն չի արել, դեպքերը չի գրանցել, բայց դրանք իր մտքում են:

        «Մենք կալենդարով չենք կռիվ գնացել, որ կարողանամ ասել, թե քանի օր եմ տանը եղել էդ ընթացքում: Մի անգամ, հիշում եմ, էն ցուրտ ու մութ տարիներն էին, տուն էի եկել, որոշել էի, որ բալկոնի շուշաբանդը սարքեի, հենց ապարատը միացրի, երկու հատ տոչկա տվեցի, զանգին, ասացին՝ շուտ արեք, կռիվը սկսել է: Էդ ձևի թողեցինք, չֆայմեցինք էլ ապարատն անջատեինք, թողեցինք, գնացինք Գետաշեն»,- պատմում է նա:



        «Տիրացու» անվան մասին խոսելիս սկսում է ծիծաղել: Մինչ 1989 թ. աշխատում էր Երևանի թիվ 11 դպրոցում որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ: «Արաբո» ջոկատում էլ տղաներ կային, որոնց դասավանդել էր: Դրա համար նախ «վարժապետ» կնքեցին, հետո՝ «տեր հայր»:

        «Էն ժամանակ շատ քիչ մարդիկ գիտեին «Հայր մերը», ես էլ դա տպած տանում էի գյուղեր, նաև փոքր խաչեր էի տանում: Դրանք տալիս էի և՛ կռվող տղաներին, և՛ գյուղացիներին: Օրինակ, Խաչիկ գյուղում եմ բաժանել: Մի անգամ էլ արճիճե 200 խաչ սարքել տվեցի ու էդ խաչ սարքողին խնդրեցի՝ էլ չսարքի էդ խաչերից, հետո բերեցի էդ խաչերը սաղ արաբոյականներին բաժանեցի»,- ժպտում է: Երկու մականուներից էլ գոհ է:



        Կռվից հետո էլ՝ իրիկունները, մեկ-մեկ Աստվածաշնչից հատվածներ էր կարդում, չնայած ասում է, գիտեր, որ իր ազատամարտիկ ընկերների մեջ աթեիստներ կային:

        «Անընդհատ երազում էի, որ մի օր կարող ա շապիկ էլ հագնեի: Արդեն 6-7 տարի է՝ շապիկ եմ հագնում, դպիր էի, հիմա արդեն ատենապետ եմ: Ինձ համար ամենակարևորը եկեղեցական ծառայությունն է»,- ավելացնում է ազատամարտիկը:



        20 տարիներին եղան նաև տխուր դեպքեր իր կյանքում: Այս մասին հպանցիկ է խոսում: Հետո իմանում եմ, որ տարիներ առաջ նա կորցրել է որդուն ավտովթարի հետևանքով:

        Լռության «գինը»

        Իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը համարում է Հայաստանի անկախությունը: Իսկ կորցրածի մասին ասում է՝ «կորցրած ահագին բան կա՝ հարազատներ, ընկերներ»: Մասամբ է գնահատված զգում իրեն: Ասում է՝ տեղեր կան, որ շատ-շատ են գնահատում կռված տղերքին, տեղեր էլ կան, որ հարցնում են՝ ո՞ւմ համար ենք գնացել կռվելու, ինչի՞ համար, պաշտոն ստանալո՞ւ համար: Այդ տեղերից ուզում է թողնել-փախչել, որովհետև պատասխանելու դեպքում վատ կլինի այդ ասողների համար:

        Մեր զրույցի մի քանի կետերում նա անընդհատ շեշտում է, թե «փառք Աստծո, ազատ, անկախ Հայաստան ունենք, բայց սա էն երկիրը չէ, որն ուզում էինք տեսնել, փախչելու, բողոքելու տեղ ունենք, բայց պետք չէ»: Այն ժամանակ իրենք պատկերացնում էին, որ բարեկեցիկ երկիր կունենան, ինչն այդպես էլ մնաց երևակայության ուղեծրում:

        «Հիշում եմ՝ թոշակիս համար դիմեցի վարչապետին, վարչապետն էլ էկոնոմիկայի նախարարին է ուղարկում դիմումս... Հիմա 60 տարեկան եմ, բայց ոչ մի ձևի թոշակ չեմ ստանում, ասում են՝ աշխատանքային 20 օր չի հերիքում, որ թոշակը ձևակերպենք… Ցավալի է, որովհետև եթե ինքը կռված տղա լիներ, կհասկանար»,- այս ասելուն պես հայացքը թաքցնում է:

        Լռում ենք: Սրահում լսվում է երեխաների ծիծաղ: «Հենց նեղն ենք ընկնում, մարդկային չափանիշները, գաղափարախոսությունը բարձր հիմքի վրա է հասնում: Հենց խաղաղություն է, մեկը պաշտոն է ստանում, մյուսը՝ փող: Հիմա էդ մարդկային չափանիշները, այդ ամեն ինչը սառում են: Դրա համար առիթների ժամանակ ասում եմ՝ ոչ մեկը չի ցանկանա, որ կռիվ լինի՝ բացի իմ նմանից: Եթե ուզում են, որ էս ազգի ոգին միշտ տեղը լինի, ամուր լինի, մի քիչ հայ մնա, ուրեմն 20 տարին մեկ պիտի կռիվ լինի: Գիտեմ, շատ դաժան բան եմ ասում, բայց ազգը փրկելու համար պիտի էդպես անենք»,- առանց կոպերը թարթելու՝ շարունակում է ազատամարտիկը:

        Խոր հոգոց է հանում: Իր զգուշությամբ ասվող խոսքերի տողատակերում երկրի ապագայի մասին մտահոգությունը թաքնվում է, որովհետև գիտի, որ իր պատասխանը բոլոր նրանց համար, որոնցից երբեմն լսում է՝ «ում և ինչի համար են գնացել կռվելու», ավելի վատ կլինի: Դրա համար էլ արդեն 20 տարի է՝ լռում է և միայն մի բանում է վստահ. մարդը, որ մի անգամ կռվի դաշտում է եղել, հանգիստ չի կարող նստել, երբ կռիվ լինի: Ինքն էլ նախկին քաջությունը չունի, բայց մեկ է, ասում է, եթե պատերազմ լինի, կռվի դաշտում է լինելու:

        Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

        Comment


        • #5
          Re: Հակոբ Պողոսյանի նոթատետրը

          «Գնդակը բերանով բռնող հրամանատարը»
          Մարինե Մարտիրոսյան
          «Գնդակը բերանով բռնող հրամանատարը» նույնիսկ չունի պատերազմի մասնակցության վկայական: Իսկ պատերազմը հեռվից նայածներն այսօր ունեն ոչ...


          30 հունիսի, 2014
          Թալիշեցի ազատամարտիկ Անդրանիկ Սարգսյանի տնեցիները սեղանին սկսում են շարել քաղցրավենիքով լի ափսեները: Այդպես էլ պատերազմի մասին նրա հիշողություններն են անշտապ հավաքվում մի գծի վրա, ու այդ տարածքն այնքան է մեծանում, որ կարող է թաքուն կլանել քեզ: Հետո այդ հիշողությունները վերածվում են երբեմն գունավոր, երբեմն սև-սպիտակ էսքիզների:

          Պատերազմի «նախերգանքը»՝ Թալիշում

          Թալիշը Ղարաբաղի սահմանային գյուղերից է: Այն գտնվում է Մարտակերտի շրջանում: Գյուղն ամենամեծ սահմանն ունի Ադրբեջանի հետ՝ 50-60 կմ: 1989 թ. Թալիշում եղավ առաջին զոհը. Սամվել Ապրեսյանին սպանել էին՝ տանելով նրա ոչխարները:

          «Գիտե՞ք ոնց էր, երբ առաջին անգամ Սարգսյան Արարատը (կոլտնտեսության նախագահ- հեղ.) մեզ ասաց՝ ով ինչ հրացան ունի, վերցնի, հանկարծ եթե զգաք այնպիսի շարժում, կկրակեք, մարդ կսպանեք, էդ ժամանակ մտածում էինք, թե ոնց կարելի է մարդ սպանել: Հետո կյանքը կամաց-կամաց բերեց նրան, որ եթե դու չսպանես, քեզ կսպանեն: Պատերազմի միակ սկզբունքը դա է»,- վարագույրի ծալքերին հայացքը հառած՝ ասում է նա: Թվում էր, թե պատմություննը այդ ծալքերից դուրս էր եկել, հասել հյուրասենյակի կենտրոն, ու մենք հեռվից դիտում էինք այն:

          «Զենք վերցրեցինք, հետո ես մտա հայաստանաբնակ թալիշեցիների ջոկատը՝ 91-ին: Այդ ջոկատի առաջին հրամանատարը Մեժլումյան Բորիկն էր: Եթե պատմությունը չաղավաղենք, պիտի ասեմ, որ ինչ-որ կուսակցական ուժեր ուզում էին պառակտել Թալիշը, բաժանել երկու մասի, բայց եկավ մի տղա՝ Վանիկ Օհանյանը, որը վերցրեց հայաստանաբնակ ջոկատն իր հրամանատարության տակ: Ասաց, որ ես պետք է լինեմ իր տեղակալը, և մենք պետք է գնանք Սարգսյան Արարատի մոտ: Ասաց, որ Թալիշը պետք է ունենա մեկ հրամանատար: Եվ մենք շատ համերաշխ միացանք»,- նշում է նա:



          1991 թ. դեկտեմբերի 31-ին առաջին հարձակումն էր գյուղի վրա: Այդ ժամանակ Մաղավուզից Շահեն Մեղրյանը ջոկատ էր ուղարկել թալիշեցիներին օգնության: Զրուցակիցս ասում է, որ Թալիշը հրամանատությամբ ենթարկվում էր Շահեն Մեղրյանին:

          «Ինձ թվում ա՝ մեր գյուղացիները շատ մեծ հավատ ունեին: Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ կարող է գալ մի օր, որ թալիշեցին իր տանը չլինի: Ես իմ պապային թույլ չէի տալիս, որ իմ էրեխեքին հանի տնից: Ապրում էինք հողի մեջ սարքված բլինդաժներում, բայց գյուղից դուրս չէինք գալիս: Շատ քիչ մասսան էր դուրս գալիս գյուղից մինչև 92-ի հունիսի 16-ը: Այդ ժամանակ եղավ Թալիշի անկումը»,- ասում է Անդրանիկ Սարգսյանը:

          Չխորտակված հույսերը

          1992 թ. հունիսի 15-ի գիշերային հերթափոխից հետո գյուղ էր մտել: Այդ ժամանակ արդեն ջոկատի հրամանատար էր: Գյուղացիներին տեղափոխել էին գյուղից: Ասում է՝ չէր հավատում, որ կարող էին կորցնել Թալիշը: Հունիսի 16-ին չորս կողմերից մտան գյուղ, ինքնապաշտպանություն իրականացնելն անհնար էր: Ադրբեջացնիներն առաջին հերթին թալանել էին Թալիշը, հետո վառել այն: «Բայց մեր հույսը չէր կտրում, մենք չէինք հաշտվում էն մտքի հետ, որ Թալիշը մերը չի»,- ասում է թալիշեցին:



          Գյուղի անկումից հետո թալիշեցիները ստեղծեցին մահապարտների ջոկատ: Այնուհետ Շահեն Մեղրյանը Սլավիկ Իսկանդարյանի գլխավորությամբ ստեղծեց Թալիշի վաշտը: «Եղնիկներն» արդեն բաժանվել էր 3 հիմնական մասի. կենտրոնը գտնվում էր Եղակերում, մի բազան՝ Գյուլիստանի մոտ, «Լեռ» էր կոչվում, իսկ երրորդ բազան՝ Թալիշի մոտ, որ կոչվում էր «Օջախ»: Այդպես անվանել էր Մեղրյանը՝ ասելով, որ թալիշեցիները գտնվում էին իրենց օջախում, այսինքն՝ Թալիշում:

          Թալիշի ազատագրումը

          Գյուղի գրավումից հետո թալիշեցիները «ելումուտ» էին անում գյուղում: Դա, իհարկե, հետախուզության տեսքով էր: 1993 թ. մարտի 26-ին գյուղ էին մտել, որտեղից նույնիսկ գինին էին տարել: «Հիշում եմ, որ երբ առաջին երեխաս ծնվել էր, մայրս գինի էր թաղել թզի ծառի տակ, երևի ինչ-որ նպատակներ ուներ: Գյուղը չորս կողմից ականապատելուց հետո մի մեծ սար կար, էնտեղ թուրքի գնդացիր էր դրված, դա պայթեցրինք, մտանք մի չորս շիշ գինին էլ հանեցինք, մտանք անտառ: Ու հաջորդ օրը Շահեն Մեղրյանը հարձակվեց Տոնաշենի վրա»,- նշում է նա:

          1994 թ. ապրիլի 9-ին թալիշիցները հարձակվել էին գյուղի վրա (այդ ժամանակ Անդրանիկ Սարգսյանը հետախուզական դասակի հրամանատարն էր): «Մենք պատուհան էինք փնտրում, միայն թե մտնեինք Թալիշ»,- ասում է թալիշեցի ազատամարտիկը: Այդ «փնտրտուքը» տևեց մինչ ապրիլի 24-ը: «Ցավոք, ես չկարողացա մտնել Թալիշ: Ապրիլի 11-ին լիքը վիրավորներ էինք տվել, ես էլ էի վիրավորվել»,- նկատում է նա: Գնդակը վնասել էր նրա բերանը: Հետո դա կատակի էին վերածել՝ ասելով, թե «հրամանատարը գնդակը բերանով էր բռնել», այնուհետ պատկերը հավաքական էին դարձրել՝ ասելով, թե «թալիշեցիք գյուլլեն բերանով են բռնում»: Այս խոսքերից հետո ծիծաղում է, հետո ծիծաղը սառում է, ժպիտը կորում է: Թալիշի ազատագրումից երկու օր անց՝ ապրիլի 26-ին, հրադադար հայտարարվեց: «Մենք չէինք սպասում հրադադարին: Սպասում էինք, որ վաղը, մյուս օրը Շահումյան կա, Գյուլիստան կա, մեզ համար անհավատալի էր, որ կռիվը կանգնել էր… Խաղաղությունը շատ լավ բան ա, բայց եթե բոլոր հողերը մեր ձեռքում լինեին, հետո հրադադար լիներ, մենք ավելի հանգիստ էինք լինելու»,- նշում է նա:

          «Պատերազմը քաշեց ազգի սերը»

          «Կորցրեցինք մեր շատ լավ ընկերներին: Ոնց որ ազգի սերն այ սենց քաշեին: Կարող ա շատ մարդիկ չնկատեն, բայց ամեն գյուղում էլ տենց ա եղել՝ թե՛ պատահականություն էր, թե՛ դիտմամբ էր, ոնց որ ջոկեին… Չկա լավ ու վատ, կարող ա մեկն ասի՝ ես սաղ եմ մնացել, վա՞տ մարդ եմ, չէ, սաղերի մեջ էլ կան լավ մարդիկ, բայց մահացածների բոլոր կենսագրությունները կարող եմ պատմել, կտեսնեք, որ էդ մարդիկ, իրոք, մարդ են ծնվել, ծնվել էին ապրելու, ընկերության, ընտանիքի համար, բայց, ցավոք սրտի, կորցրեցինք էդ տղաներին»,- ասում է թալիշեցի ազատամարտիկը: Ընկերների կորուստը համարում է իր կյանքի մեծագույն կորուստը, իսկ ամենամեծ ձեռքբերումը ազատագրված Թալիշն է:

          Այս մտքի վրա ժպիտը, կարծես, գլորվում է դեմքին: Ազատագրված Թալիշում առաջին վերաբնակված ընտանիքը Արամ Բայունցինն էր: Նրա տանն էլ 1994 թ. հոկտեմբերի 1-ին պատրաստել են առաջին ձվածեղը: «Տղաներից մեկը դուռս բացում ա, տեսնում ա ձվածեղ ենք ուտում, գնում ա պոստերում ասում՝ հրամանատարը ձվածեղ ա ուտում»,- մեղմ ժպտում է: Դրան հաջորդող տարին ինքնակամ դիմում է գրում զինծառայությունից դուրս գալու համար: Իսկ մինչ այդ մեկ տարի շտաբային աշխատանքներ էր կատարում: Այդ ընթացքում էլ պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հրամանով Մանվել Գրիգորյանը տարավ իր մոտ՝ Թալիշի գումարտակ ստեղծելու համար: 5-րդ բրիգադի կազմում ստեղծեցին Թալիշի գումարտակ նույն գյուղում, որի հրամանատարն ինքն էր: Դրանից հետո նա դուրս եկավ զինծառայությունից: Ասում է՝ պատճառն առողջությունն էր: «Ես զգում էի, որ արդեն ղեկավարել չեմ կարող, երբ մարդ ծառայության ընթացքում դուրս է գալիս իր ֆունկցիաներից: Եկել էր պահ, որ արդեն ձեռք էի ուզում բարձրացնել զինվորի վրա, դա ինձ կանգնեցրեց: Չեմ սիրել, որ հրամանատարը կամ պատասխանատուն բարձր է պահում իրեն ծառայողից»,- նշում է նա:

          1995 թ.-ին էլ ընտանիքով տեղափոխվել են Կրասնոդար, որտեղ ունեն կահույքի փոքր արտադրամաս: Ասում է՝ մեկ է, հոգով-սրտով Հայաստանում է: «Երբ խաղաղություն է լինում պատերազմից հետո, էդ ժամանակ սկսում է պայքար խաղաղ բնակչության և էդ կռվող տղաների միջև: Եկան ոչ արժանի մարդիկ, որոնք հանրապետությունում քեզ տեսնելիս փախնում էին, որովհետև մտածում էին, թե բռնելու տանելու ենք կռիվ: Հետո էդ մարդիկ դարձան սեփականատերեր, պաշտոններ ունեցան»,- նշում է ազատամարտիկը, ով մինչ օրս շարունակում է բուժվել: Առողջությունը, նկատում է նա, թողել է պատերազմի դաշտում, դժվար է քայլում: Երևան գալն էլ պայմանավորված է առողջական խնդիրներով: «Գնդակը բերանով բռնող հրամանատարը» նույնիսկ չունի պատերազմի մասնակցության վկայական: Իսկ պատերազմը հեռվից նայածներն այսօր ունեն ոչ միայն թղթեր պատերազմի մասնակցության մասին, այլև հարստություն՝ խարսխված կռված տղերքի կորցրած առողջության վրա:

          Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

          Comment


          • #6
            Re: Հակոբ Պողոսյանի նոթատետրը

            Սփյուռքահայ ազատամարտիկը որդուն Հայաստան զինծառայության է բերել
            Ֆրանսիա գնալն էլ առիթ էր այնտեղից օգնություն բերելու՝ ռացիայի անտեննաներ, մարտկոցներ: Հարցնում եմ, թե վախ չկար արդյոք Ֆրանսիայից...

            Մարինե Մարտիրոսյան

            3 հուլիսի, 2014

            Ջորջ Պողոսյանը մոտ 30 տարի բնակվում է Ֆրանսիայում: Նա Հայաստան է եկել որդուն՝ 18-ամյա Նարեկին, զինծառայության ուղարկելու համար: Երեկ Նարեկի զորակոչվել է բանակ, ավելի կոնկրետ՝ Մեղրիի զորամաս: Այս մասին խոսելիս Ջորջն ու նրա տիկինը՝ Արմինեն, թաքցնում են հուզմունքը, որովհետև, ըստ նրանց, հպարտությունն ավելի ուժեղ է:

            Մեր զրույցի ընթացքում երկուսն էլ ժպտում են, ընդգծված համեստությամբ են խոսում իրենց քայլի մասին: Ամուսնացել են արցախյան պատերազմից հետո՝ 1994-ին: Արմինեն Երևանից է, իսկ Ջորջը Հայաստան էր եկել 1993 թ.-ին՝ մասնակցելու պատերազմին: «Եկել էի մեկ կտոր պատերազմին մասնակցելու»,- ասում է նա:

            Կյանքը՝ պատերազմից պատերազմ

            Ջորջ Պողոսյանը Ֆրանսիա էր տեղափոխվել 1984 թ. Լիբանանից, երբ դեռ պատերազմ էր այնտեղ: Նշում է, որ մասնակցում էր Բեյրութի հայկական թաղամասերի ինքնապաշտպանությանը, 1978 թ.-ին ոտքից վիրավորվել է: Իսկ Ֆրանսիա գնացել էր աշխատելու նպատակով: Սկզբից աշխատում էր տրիկոտաժի արտադրամասում՝ բանվոր էր, հետո արդեն ինքն էր գործվածք արտադրում: Հայաստան առաջին անգամ եկել է 1993 թ.: Պատմում է, որ, օդանավակայանում իջնելով, տաքսու վարորդը հարցրել էր, թե որտեղ պիտի գնա: Պատասխանել էր. «Ինձ զորամաս տարեք»: Վարորդը զարմացել էր, թե «Ֆրանսիան թողել, եկե՞լ ես»: Ջորջը ժպտացել էր: Զորամաս էին տարել, հետո՝ «Էրեբունի» օդանավակայան, որտեղ 3 օր սպասել էր ուղղաթիռին: Այդտեղից էլ տարել էին «Եղնիկներ» պարտիզանական ջոկատ:



            Այդ ժամանակ արդեն ջոկատի հրամանատար Շահեն Մեղրյանը զոհվել էր, և ջոկատը ղեկավարում էր Սերգեյ Չալյանը: Մինչև պատերազմի վերջը մնացել է «Եղնիկներում», սակայն այդ ընթացքում երեք անգամ Ֆրանսիա է գնացել: Ասում է՝ հարկադրված էր գնալ, քանի որ այդ ժամանակ Ֆրանսիայում կացության վկայագիր ուներ, իսկ ըստ տեղի օրենքի, եթե 3 ամսից ավելի բացակայեր, կկորցներ կարգավիճակը: Սակայն Ֆրանսիա գնալն էլ առիթ էր այնտեղից օգնություն բերելու՝ ռացիայի անտեննաներ, մարտկոցներ: Հարցնում եմ, թե վախ չկար արդյոք Ֆրանսիայից հասնել Արցախ՝ պատերազմին մասնակցելու համար, պատասխանում է. «Բեյրութում արդեն սովորել էի պատերազմին, չէի վախենում»:



            Ինչո՞ւ Նարեկը պետք է ծառայեր

            Ջորջ Պողոսյանը երկու զավակ ունի՝ Նարեկն ու Մարոն: Նարեկն ավագն է: «Ես միշտ ուզում էի, որ Նարեկը ծառայի Հայաստանում»,- ասում է Ջ. Պողոսյանը՝ հայացքը հառելով դեպի պատուհանը: Ընտանիքից միայն նա չունի ՀՀ քաղաքացիություն, ինչի համար փաստաթղթերը կարգավորում է: Տարիներ առաջ է որոշել, որ երբ Նարեկի 18 տարին լրանա, կհաստատվի Հայաստանում: Դա պայմանավորված էր մի քանի գործոններով: Դրանք թվարկելիս Ջորջ Պողոսյանի դեմքին կորում է ժպիտը: Ասում է՝ իր պապը Ցեղասպանությունից փրկվել էր, 8 տարեկանում Ադանայից Սիրիա էր հասել, այնուհետ՝ Լիբանան:


            «Մեծ հայրս շատ տառապեց: Նա ինձ պատմել էր, որ երկու գործ էր անում՝ կոշիկ էր ներկում փոքր տարիքում և գնում էր ատամնաբույժ էր սովորում: Դա 1920-30-ական թթ. էին: Մեծ հայրս դարձավ ատամնաբույժ, ստացավ դոկտորի դիպլոմ: Ինձ պատմել էր, թե ինչ տանջանքներ էր տեսել, իր հորը մորթել էին... Փոքր տարիքում այս պատմությունը շատ ազդեց ինձ վրա: Երբ պատերազմն սկսեց, ես համոզված էի, որ միայն հայն է, որ իր սահմանները կարող է պահել, ուրիշը չի կարող պահել: Եվ եթե մենք երկիր չունենանք, ուրեմն, ազգ չենք, ոչինչ ենք»,- ասում է նա:



            Ֆրանիսայում ապրելով՝ տեսնում էր տասնյակ հազարավոր հայերի ձուլումը: Նշում է, որ ծանր է տանում այդ փաստը: Ֆրանսիայում այսօր քիչ հայ ընտանիքներ են մնացել, որոնք հայերեն են խոսում: Իրենից էլ ջանքեր են պահանջվել՝ իր երեխաներին հայ պահելու համար: «Գիտեք, եթե ես ասեմ՝ թող իմ երեխան չծառայի, ուրիշի երեխան ծառայի, դա խաբեություն է, ինքս ինձ խաբում եմ: Ինչո՞ւ ուրիշի երեխան պիտի ծառայի, իմ երեխան պիտի չծառայի: Էդ դեպքում ես կեղծ հայասեր կլինեմ»,- ասում է Ջ. Պողոսյանը: Որպես հայր՝ մտահոգություններ ունի: «Վստահ եմ, որ մի քիչ տխուր օրեր կանցկացնի, բայց անուշ օրեր էլ է տեսնելու: Այդ անուշ օրերը քաղաքում չի կարող տեսնել: Մեկը մյուսին լրացնում են», -նշում է զրուցակիցս:



            Ինչո՞ւ Հայաստանը երազանքի հայրենիքը չէ

            2009-ից հետո ամեն տարի հինգ անգամ Հայաստան էր գալիս-գնում: Երկիրն, ըստ նրա, զարգացել է, բայց սա իր երազանքի հայրենիքը չէ, որովհետև դեռևս կան սխալներ: Դրանք ղեկավարության սխալներն են, որոնք հույս ունի, կշտկվեն:


            «Օրինակ, ես ցանկացա գործս դնել այստեղ, հաստոցները բերել: Գնացի մաքսատուն: Ասացի իմ ցանկությունը, որ գործարանս վաճառելու փոխարեն ուզում եմ բերել այստեղ աշխատեցնել: Հարցրեցի, թե ինչքան գումար է անհրաժեշտ, և թուղթ տան, որպեսզի իմանամ, թե քանի հաստոց պիտի բերեմ և ինչքան գումար պիտի վճարեմ: Ես ուրիշ բաների հանդիպեցի այդ հարցը տալուց: Այնպիսի օրենքներ կան, որոնք պիտի շտկվեն, նայվեն, երկիրն առաջ գնա, զարգանա: Թող պետությունն այս ասածս նայի՝ ճի՞շտ եմ ասում թե՞ ոչ: Պետությունը քեզ թիվ ասելու փոխարեն սկսում է խաբել: Ասում են՝ բեր, մենք հետո կնայենք, կասենք: Միշտ փորձում են շրջանցել օրենքը»,- ասում է Ջորջ Պողոսյանը:


            Նա առայժմ որևէ աշխատանք չունի Հայաստանում: Ասում է՝ կսպասի որդու վերադարձին, այնուհետ միասին կորոշեն հետագա անելիքները: Չնայած այդ ամենին՝ նշում է, որ շատ ուրախ է, որ Հայաստանում է, հատկապես հիմա, երբ որդին արդեն զինվոր է: «Մի փոքրիկ հուզմունք կա, հայրական զգացում է, բայց շատ ուրախ և հպարտ եմ»,- ասում է նա:

            Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

            Comment


            • #7
              Re: Հակոբ Պողոսյանի նոթատետրը

              Արմինա. Արցախյան պատերազմի բժշկուհին
              Մարինե Մարտիրոսյան

              9 հուլիսի, 2014
              Պատերազմը դրամատիկ, իսկ գուցե հետո արդեն սովորական դարձած պատմության «հեղինակ» դարձավ բժշկուհի Արմինա Նալբանդյանի կյանքում: Նա Արցախյան պատերազմի բժշկուհիներից է: Ինքնակամ է գնացել՝ օգնելու համար:

              Այս մասին փոքր-ինչ կոշտ է խոսում, արագ-արագ, երբեմն նույնիսկ չորության հասնող, երբեմն թույլ ժպիտով:

              Սակայն պատմության կեսից միայն հասկանում ես, որ այդ ժպիտի մեջ թաքնվում է կսկիծը, որ այդ կոշտության մեջ փափկություն կա՝ այնքա~ն շատ:



              Կյանքն՝ առանց «եթե»-ների

              Արմինայի հետ հանդիպել ենք Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի իր ամառանոցում՝ երեկոյան: Մեր զրույցը, կարծես, շատ դժվար էր հյուսվում: Արմինան քչախոս է, պատերազմում իր արածի մասին չի սիրում խոսել, փոխարենը՝ սիրում է հյուրասիրել հյուրերին: Մեր այցելության օրը 5 վիրահատություն էր արել: Զրույցը երբեմն ընդմիջվում էր. նա զանգահարում էր հիվանդանոց, հիվանդներից հարցուփորձ անում:



              Աշխատում է «Արմենիա» բժշկական կենտրոնում որպես վիրաբույժ: Ասում է՝ եթե բժշկուհի չդառնար, փաստաբանի մասնագիտությունը կընտրեր, բայց մայրը, որ խորհրդային տարիներին հայտնի փաստաբան էր՝ Էմմա Նալբանդյանը, թույլ չտվեց: Վերջինս դստերն ասել էր, թե ժամանակները փոխվել են, և մինչև փաստաբան դառնար, իր ձեռքերով այնքան կեղտոտ գործեր էին անցնելու: Բժշկի մասնագիտությունն էլ մանկուց սիրել է, իսկ ընտրությունն անվարան էր:



              Բժշկական համալսարանում սովորելու տարիներին էլ սկսեց պատերազմը: «Իսկ ինչո՞ւ որոշեցիք գնալ պատերազմի դաշտ»: Այս հարցին անմիջապես պատասխանում է. «Պատերազմ սխալմամբ գնացի»: Հետո պատասխանը դառնում է տարողունակ մի տարածք, որտեղ տեղավորվում է շատ կարճ, բայց նրա կյանքը հիմնովին փոխած մի պատմություն:



              Արմինան և նրա լուսահոգի ամուսինը՝ Արտակ Խաչատրյանը, սովորում էին բժշակական համալսարանում, նույն խմբում էին: 6-րդ կուրսում էին, երբ տեղի ունեցան Սումգայիթի ջարդերը: Ինտերնատուրան ավարտելուց հետո շարունակեց ուսումն ասպիրանտուրայում, իսկ ամուսինն ու էլի մի քանի ընկերներ գնացին Հայաստանի մարզեր որպես շտապօգնության բժշիկներ: Նա Սպիտակի փրկարարական ջոկատից էր, պատրաստվում էր դիմել միկրովիրաբուժության բաժին: Այս մասին նշում է Արմինան: Ասպիրանտուրա ընդունվելուց հետո՝ 1992 թ. դեկտեմբերի վերջին, ամուսնացել են: Այնուհետ՝ 1993 թ. մարտին, Սպիտակի ջոկատի հետ Արտակը մեկնել էր Վլադիկավկազ՝ ձնակույտի տակ մնացած մարդկանց փրկելու:

              Այդտեղից վերադառնալուց հետո կնոջն ասել էր, թե քաղաքում պատահաբար հանդիպել է Սերգեյ Չալյանին: Վերջինս էլ ասել էր, թե պատրաստվում են հարձակում գործել Շահումյանի վրա, և բժշիկ է պետք իրենց:



              Արմինան կարծում է, որ դա պատահական հանդիպում չէր քաղաքում, և ենթադրում է, որ ամուսինը Չալյանի հետ հանդիպել էր օդանավակայանում: «Երբ Արտակն ինձ ասաց, որ պետք է գնա Շահումյան, ես պատասխանեցի, որ այդ դեպքում ես էլ կգամ քեզ հետ, որովհետև տրամաբանական չէր մի բժշկով էնտեղ լինելը: Ես մտածում էի, որ երբ ասեմ՝ ես էլ եմ գալիս, հնարավոր է, որ ինքը հրաժարվեր այդ որոշումից, որովհետև մինչև մեր ամուսնությունը ինքը գնում-գալիս էր Շահումյան, իսկ ամուսնությունից հետո՝ ոչ, այսինքն՝ ստացվում էր, որ ես իրեն թույլ չէի տալիս»,- ասում է Արմինան: Նրա հայացքը կարծես սահում է սեղանի սպիտակ մոմլաթի վրա:

              «Եթե այսպես լիներ»-ի պատասխան այլևս չի փնտրում: Ասում է՝ ինչպես կյանքում, այնպես էլ բժշկության մեջ «եթե»-ով ստորադասություն չի լինում:

              1993 թ. ապրիլին ամուսնու հետո ուղղաթիռով գնացել են Մարտակերտ, Եղակերի անտառները: Այդտեղ էլ հանդիպել են Շահեն Մեղրյանին, խոսել նրա հետ: Մեղրյանն էլ ասել է, թե բուժական սարքավորումներ են անհրաժեշտ: Արմինան պատմում է, որ այնուհետ ինքը վերադարձել է Երևան՝ այդ սարքավորումները գտնելու և այնտեղ ուղարկելու համար: Առողջապահության նախարարության օգնությամբ Եղակերում պետք է հիմներ դաշտային հոսպիտալ, ևս մեկ պահուստային հոսպիտալ՝ Արտատափում: Երևանում գտնվելիս իմացել էր, որ Արտակը պետք է վերադառնա: 1993 թ. ապրիլի 17-ն էր: Այս օրը հիշելիս մի պահ լռում է, աչքերը խոնարհում է սեղանին:

              «Զանգեցի, հարցրեցի, թե արդեն եկել են, ասացին՝ դեռ ոչ, չեն եկել: Անհասկանալի աժիոտաժ էր էնտեղ, ինձ հիմարացրել էին, թե ուղղաթիռը Ստեփանակերտում է վայրէջք կատարել, փոխարենն ասելու, որ ուղղաթիռը խփել են: Այդ օրը երեկոյան Շուշիի բաժանմունքի բժիշկ Նորիկը եկավ, որին լավ գիտեի, Արտակի հետ Շահումյանում էին լինում, ասաց, որ ուղղաթիռը խփել են, և անհրաժեշտ է գնալ մարմինները ճանաչել»,- պատմում է բժշկուհին: Իսկ պատմում է հանդարտ, առանց կանանց բնորոշ զգացմունքայնության: «Իհարկե, իրենք չէին ուզում ասել ինձ, որովհետև պատկերացնում էին, որ իգական սեռի ներկայացուցիչ եմ, հիստերիա կդնեմ և այլն, բայց չէին պատկերացնում, որ ես վիրաբույժ եմ: Ես բարկացել էի նրանց վրա, որովհետև այդքան ժամ մարդուն պահել անտեղյակ, և գիշերը գալ ասել, երբ ես չգիտեի, թե ում զանգեմ ասեմ էդ մասին»,- հիշում է նա: Այդ օրը ուղղաթռիում 11 հոգի կար: Ամուսնու մահվան 40 օրը լրանալուց հետո Արմինան որոշել է վերադառնալ Եղակեր:

              Վերադարձ Ղարաբաղ

              1993 թ. հուլիսին բժշկուհի Արմինա Նալբանդյանը դաշտային հոսպիտալ էր տարել Եղակեր: Ասում է՝ բավական երկար ժամանակ Եղակեր ուղղաթիռ չէր գնում: Բացի դրանից՝ բժիշկներն էին խուսափում գործուղվել այդ տարածք, վախենում էին, հատկապես, երբ Արտակի զոհվելուց հետո ևս մեկ բժիշկ վիրավորվել էր: «Մեկին խփեցին, մյուսը վիրավորվեց, ի՞նչ եք կարծում, երրորդը կգնա՞ այնտեղ»,- նշում է նա:



              Այդ ժամանակ արդեն աշխատում էր նախկին Հանրապետական հիվանդանոցում: Այդտեղ էլ՝ վիրաբուժության բաժանմունքում, ասում է նա, միայն ինքն էր կին բժիշկ, և երբ իր գործընկեր տղամարդիկ իմացել էին, որ պատրաստվում է նորից գնալ Ղարաբաղ, խորհուրդ էին տվել հրաժարվել այդ մտքից: «Երբ պատասխանեցի, թե եթե դուք գնում եք, ես չեմ գնա, էդ պահից արդեն բոլոր հարցերը սառեցին»,- ասում է Արմինան:



              Երբ հարցնում եմ, թե վախ չկա նորից հայտնվել պատերազմական գոտում, պատասխանում է. «Դե, հո հիմար չեմ, որ չվախենամ: Երբ դուք փողոցն անցնում եք, չե՞ք վախենում: Նույնն էլ պատերազմի դեպքում է: Իհարկե, պահեր են լինում, որ մտածում ես՝ ի՞նչ գրողս եմ էստեղ գտնվում, բայց հիմա ի՞նչ արած»:

              Նեխած ալյուրով հացն ու մուրաբան

              Մի անգամ, հիշում է, երբ ուտելու բան չունեին, ստիպված սկսել էր սունկ հավաքել, մարինադ պատրաստել: Բացի սնկից՝ մուրաբա, ջեմ էր պատրաստում: Եղել են դեպքեր, երբ ձվի և կարտոֆիլի փոշիով խյուս էին պատրաստում, հացի փոխարեն ուտում: Մի անգամ էլ ստիպված են եղել նեխած ալյուրը բացել ջրի մեջ, որդերը դուրս են եկել: Հետո տաքացրել են, հաց թխել: «Ի՞նչ արած…դրանք սարսափելի բաներ են»,- ասում է Արմինան:



              Հեշտ չէր կրակել մարդու վրա

              Արմինային ճանաչում էին իր շնով՝ Վեստոչկայով: Շների հանդեպ առանձնակի սեր ունի: Ասում է՝ որտեղ ինքը, այնտեղ էլ իր շները: Դրանք հսկա հովվաշներ են: Բժշկուհին պատմում է, որ եղել են դեպքեր, երբ շունն է իրեն փրկել: Զենք ունեցել է, բայց չի օգտագործել:



              «Ուզում եք սպանեք ինձ, բայց ես չեմ կարող կրակել ոչ մարդու, ոչ կենդանու վրա: Մարդու վրա կրակելը հեշտ չէ, նույնիսկ մարտական գործողություններում հոգեբանություն է փոխում»,- նշում է բժշկուհին: Նա հատկապես հիշում է եռամյսա հավաքներին իրենց մոտ տարված մարդկանց, որոնց զգալի մասը ֆիզիկապես անկարողունակ էր կռվի դաշտ գնալու: Այդ մարդկանց հակրադրաբար էին բերել, իսկ «զոռով» կռիվ տանելը, ըստ նրա, արդյունք ունենալ չի կարող:



              Ներկան՝ «լցոնված» հիշողություններով

              1994 թ. օգոստոսին Արմինան այլևս վերադարձավ Արցախից: Մինչս օրս չի եղել այն տեղերում, որտեղ աշխատում էր պատերազմի ժամանակ: «Լավ հիշողությունները քիչ են»,- նկատում է նա: Հետո ավելացնում է, որ տղերքը կռվեցին, բայց ոչ 5-6 մարդկանց համար, որովհետև այսօր Հայաստանում հենց այդքան մարդ է լավ ապրում:

              «Հայաստանի կեսը չկա: Մեր հիվանդանոց ունևորները հիմնականում չեն գալիս, և կարող եմ ասել, որ մարդկանց վիճակը շատ ծանր է, 1990-ականներին վախենալու էր, հետո այդ սերնդի մի մասը մեծացավ, սկսեց աշխատել դրսում, էստեղ մի քիչ գումար ուղարկեցին, մարդիկ ծերը ծերին հասցրեցին, իսկ հիմա, ինչքան գիտեմ, խոպան չեն էլ գնում՝ գնում են, հաստատվում են, հետո իրենց ընտանիքն են տանում: Դրա համար Հայաստանը դատարկվում է»,- ասում է զրուցակիցս:

              Իսկ ես ձեռքբերում ունե՞մ

              Այսօր կռված տղերքից շատերը հիասթափված են, որովհետև տեսան, թե ինչպես են իրենց վերաբերվում: Այս կարծիքին է զրուցակիցս, բայց մտածում է, որ նաև կան մարդիկ, ովքեր «ֆանատիկի պես նվիրված են»: Երբ հասանք կյանքի ամենամեծ ձեռքբերման հարցին, Արմինան հարցական նայեց ինձ՝ ասելով. «Իսկ ես ձեռքբերում ունե՞մ... Ես ձեռքբերում, վայ թե, չունեմ.... Ընկերներս, երևի էդքանը»: Պատասխանից հետո հասկանում ես, որ պատերազմը խլել է նրանից ամենակարևորը: Դրսից լսվում է շան՝ Ցերիի ձայնը: Արմինան ժպտում է:

              Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

              Comment


              • #8
                Re: Հակոբ Պողոսյանի նոթատետրը

                Originally posted by Vrej1915 View Post
                Սփյուռքահայ ազատամարտիկը որդուն Հայաստան զինծառայության է բերել
                Ֆրանսիա գնալն էլ առիթ էր այնտեղից օգնություն բերելու՝ ռացիայի անտեննաներ, մարտկոցներ: Հարցնում եմ, թե վախ չկար արդյոք Ֆրանսիայից...

                Մարինե Մարտիրոսյան

                Comment


                • #9
                  Re: Հակոբ Պողոսյանի նոթատետրը

                  «Եթե գոնե մի հայ զինվորի կյանք փրկել ես, ուրեմն քո գնալն արդարացված էր»
                  Մարինե Մարտիրոսյան

                  25 մարտի, 2015


                  Այգում բողոբոջած ծառի տակ դրված սեղանին ենք մոտենում: Արևի փունջն ընկնում է սեղանին: Սեղանից քիչ հեռու շունն է, որ, կարծես, ուշադիր հետևում է բակի անցուդարձին: Մենք տեղավորվում ենք ցածր աթոռներին, հետո մեզ է միանում Գայանե Առստամյանը` ստեփանակերտցի կապավորը: Նկարներով կապոցը դնում է սեղանին, սկսում է անշտապ նայել: Պատերազմի տարիների լուսանկարներն են, որոնցից մի քանիսն աղոտ են, ֆոկուսից ընկած: «Ափսոս, բայց լավ լուսանկարներ են»,- ասում է նա: Ձայնի մեջ հանգստություն կա, իսկ բառերը հնչում են առանց ծռմռվելու: Հնչերանգից միանգամից մտածում եմ, որ հայոց լեզվի մասնագետ է: Հետո պարզվում է, որ 1984-ին ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական համալսարանը: Մասնագիտությամբ մեկ տարի է աշխատել Շահումյանի շրջանում: Իսկ դրանից որոշ ժամանակ անց աշխատանքի է տեղավորվել Ստեփանակերտի կապի հանգույցում:

                  «Ո՞նց ստացվեց, որ մասնակցեցիք պատերազմին»,- հարցնում եմ նրան: Նկարներից դանդաղ բարձրացնում է հայացքը, հետո նկարները դասավորելով, մի կողմ դնում:

                  «Ինքն իրեն ստացվեց, չեմ կարող ասել, թե կոնկրետ ոնց ստացվեց, բայց 89-ին ակտիվ մասնակցեցի շարժման առաջին փուլին, հետո սկսվեց շարժման հաջորդ` պատերազմական փուլը, էդ ժամանակ ինձ ուղարկեցին Բերդաձոր, որտեղ կապավոր էր անհրաժեշտ»,- ասում է Գայանեն:

                  Բերդաձորում

                  1989 թ.-ին դեկտեմբերին Գայանեն գնացել էր Շուշիի Բերդաձորի ենթաշրջանի Մեծշեն գյուղ: Դա այն փուլն էր, երբ ադրբեջանցիները պարբերաբար հարձակվում էին ֆերմաների, հովիվների վրա, հովիվ էին պատանդ տանում, անասուններ էին փախցնում: Բերձորի (նախկին Լաչին) մոտ գտնվող Տասը վերստ գյուղում մի ծեր կնոջ էին սպանել, տուն էին վառել: «Ամեն ինչ խոսում էր այն մասին, որ ընդհարումներ լինելու են, մասշտաբները չէինք կարող կանխատեսել»,- նկատում է Գայանեն:

                  Իրենց խնդիրը միջադեպերի մասին հաղորդելն էր, հեռախոսակապ էին ապահովում գյուղերի միջև: Իսկ Ստեփանակերտին հաղորդագրություն ուղարկում էին Գորիս-Երևան-Ստեփանակերտ հեռախոսաշղթայի միջոցով: Բերդաձորի Մեծշեն գյուղի փոստային շենքում էլ տեղադրված էր հեռախոսակապ ապահովող սարքը: Դրա մոտ շուրջօրյա հերթապահություն էին անում:

                  «Կոլցոյի» ականատեսը

                  ««Կոլցո» գործողության ժամանակ գյուղում էի: Նախապես զանգել զգուշացրել էին, որ նման ինչ-որ բան է լինելու: 1991 թ.-ին մայիսի 15-ի առավոտյան շուտ Բերդաձոր էին մտել սովետական զորքերը: Ի՞նչ եմ ես տեսել… Շատ բան կատարվեց, ինչին ես ականատես եղա»,- ասում է զրուցակիցս: Մինչ մեր զրույցի այս կետը Գայանեի խոսքերում մի տեսակ սառնություն կար, մտածում էի, թե ինչքան ուժեղ պիտի լինի կինը, որ կարողանա խոսել պատերազմի մասին առանց էմոցիոնալ որևէ դրևսորման: «Կոլցո» օպերացիայի մասին պատմելիս նրա աչքերըայգու հեռավոր կետերին են նայում: «Իրենք մտան գյուղ, բոլոր տղամարդկանց հավաքեցին, ով խոսքով մի փոքր դիմադրություն էր ցուցաբերում, սպանում էին: Անուշավանը խոսեց, դիմադրեց, իրեն սպանեցին, հետո որոշ տներ վառեցին, բոլոր տղամարդկանց հավաքեցին, անգամ, ոչ հաճելի բան է, բայց բռնաբարություն եղավ: Այնուհետև սկսեցին խուզարկել: Ցավոք սրտի, Մկրտչյան Առնոն ու մի քանի տղաներ դուրս չեկան գյուղից, որպեսզի բնակչությանը չթողնեին: Նրանց համար մահապատիժ սահմանվեց, երկու Գագոները, Արվիդը, Պետրոսյան Հրաչը և Առնոն: Առնոյին սպանեցին Բաքվի բանտում, Պետրոսյան Հրաչն էլ մահացավ բանտում, իսկ մյուս երեքը ետ եկան»,- ասում է նա:



                  Ես փորձում եմ հարցեր չտալ, մի անզգույշ հարցը կարող է փլուզել այն մթնոլորտը, որի մեջ մենք արդեն հարմարավետ տեղավորվել ենք: Գայանեի դուստրը սև սուրճ է բերում բոլորիս համար: Մենք սկսում ենք խմել, Գայանեն` ոչ: Ասում է` գյուղում այդ ժամանակ դիմադրություն ցուցաբերելն անհնար էր: ԲՏՌ (ՀՄՄ- հետևակի մարտական մեքենա) էր մտել գյուղ, որի դեմ ոչինչ չէին կարող անել: Գյուղում ամենաշատը երեք ավտոմատ կարող էիր գտնել, իսկ ի՞նչ պետք է անեին դրանցով կանոնավոր բանակի դեմ: «Ինձ թվում է, որ ավելի շատ կլինեին զոհերը, եթե դիմադրություն ցուցաբերեին, քանի որ ուժերն անհավասար էին: Ճիշտ է, Քարինտակը եղավ, երբ հարյուրավոր թուրք ոչնչացրեցին, բայց Մեծշենում ուժերի բաշխումն անհամեմատ մեծ էր… Հետո սկսեցին խուզարկել տները, մեր տուն էլ մտան: Մեր սարքավորումը չէին ճանաչել, քանի որ ԱՏՍ-ում կախած էր, իսկ մենք խոսում էինք սովորական հեռախոսով: Ստեփանակերտին հայտնեցինք, որ էսպիսի բան է սկսվել, ասացինք, թե կին է ծննդաբերում, ուղղաթիռ ուղարկեցին, և թուրքերը գլխի ընկան, որ մենք կապ ունենք, ու մտան ավտոմատով ԱՏՍ-ը մաղեցին: Այդքան բան»,- մեղմ ժպտալով` ասում է նա: Իսկ մեղմ ժպիտն ավելի խոսուն է: Ես նույնպես ժպտում եմ: Սեղանի կողքով կատուն անընդհատ անցուդարձ է անում, հետո նստում լուսանկարիչ Հակոբի կողքին: «Ձեր սուրճը սառեց»,- ասում եմ Գայանեին: «Ոչինչ»,-պատասխանում է:

                  Անսպասելի հանդիպում

                  Գայանեն հիշում է պատերազմի յուրաքանչյուր դրվագը, որտեղ ինքը եղել է: «Կոլցոյից» մի քանի ամիս առաջ կատարված մի դեպք է պատմում: Ասում է` Երևան էր գնացել նոր սարքավորում բերելու, իսկ սարքը մոտ 1 մետր 80 սմ էր: Որպեսզի որևէ մեկի հետաքրքրությունը չառաջացներ, սարքի արկղին մանկական հագուստ ու խաղալիքներ էր դրել: Խոջալուի օդանավակայանում սարքը տանելիս մի ադրբեջանցի էր մոտեցել, առաջարկել էր օգնել արկղը տանել: Գայանեն մերժել էր` ասելով, որ ադրբեջանցիներից օգնություն չի ընդունում: «Ու մեկ էլ Բերդաձորում այդ օրը` 1991-ի մայիսի 15-ին, երբ խուզարկում էին մեր տունը, դեմ-դիմաց դուրս է գալիս այդ թուրքը, ասաց` ախ, դու օգնություն չէ՞իր ուզում, ու «պրիկլադով» խփեց ինձ: Խուզարկեցին, տղամարդկանց հավաքեցին, տարան, գյուղում մնացին կանայք: Մենք հերթապահություն արեցինք, որ քնած գյուղի վրա թուրքերը չօգտվեն առիթից, չգան թալանելու, բայց, ըստ երևույթին, իրենք գիտեին, որ մեկ է` բնակչությունը դուրս է գալու, իրերն իրենց են մնալու: Այդ գիշերը չեկան, հաջորդ գիշերն էլ, երբ օգնություն կանչեցինք, թե իբր կին է ծննդաբերում, այդ ուղղաթիռով դուրս եկա: Բնակիչներից թուղթ էին պահանջում, որ չեն ուզում գյուղում ապրել, իբր կամավոր են դուրս գալիս: Իրենք ինձ ասում էին, թե Լաչինի ԿԳԲ կտանեն, կպարզեն` ով եմ, ես էլ չխորացա: Հաջորդ օրը գյուղացիներին տարան Գորիս թափեցին, իսկ գյուղը ազատագրվեց 92-ի մայիսի 13-ին»,- պամում է Գայանեն:



                  Նա Բերդաձորից ուղղաթիռով գնացել էր Ստեփանակերտ: Մի քանի ամիս չէր աշխատում: Այդ ժամանակ, ասում է, կանոնավոր բանակ ստեղծելու ուղղությամբ քայլեր էին արվում: «Էրեխեքն ինձ կանչեցին շտաբում այդտեղ աշխատելու: 1991-ի հոկտեմբերին ընդունվեցի աշխատանքի: Սկզբնական փուլում մեզ սովորեցրին աշխատել ռացիայի վրա. միացնել, անջատել, հաղորդագրություն ընդունել, ուղարկել, մի քանի շաբաթ սովորելուց հետո, Բաղմանյան Մաքսիմն էր ու մենք` երեք աղջիկներով (մյուս երկուսը քույրեր էին` Գայանեն ու Արեգան), ստեղծեցինք Ղարաբաղի բանակի շտաբի առաջին կապը»,- ավելացնում է նա: Մեկ տարի անց արդեն Շուշիիում` «Սպիտակ» բուժքույրական փրկարարական ջոկատում, 4-5-ամսյա դասընթացներ է անցել, թեև, ասում է, ինստիտուտում սովորեցրել էին առաջին բուժօգնություն մարտի դաշտում, պահեստազորի բուժքրոջ դիպլոմ ուներ: «Սպիտակ» ջոկատում, ասում է, 25 հոգի էր սովորում:

                  «Զուգահեռ և սովորում էի, և աշխատում: Հետո ստեղծվեց բուքույրական մի միավորում, և այն կցվեց Շուշիի գնդին: Ես մի օպերացիայի մասնակցեցի իրենց հետ որպես բուժքույր: Շուշին վերցնելուց հետո էր` դեպի Քելբաջարի մի քանի բարձրադիր գյուղեր` կիսաազատված, չեզոք գոտիի նման, մերոնք պիտի ամրապնդվեին այդտեղ: Վիրավոր հանեցինք, հետո մի քանի ամսից դուրս եկա կապից, մտա այդ բուժմիավորման մեջ,- ասում է նա:- Առաջին գործողությունը Մարտակերտի ազատագրումն էր, մեր ուղղությունը Աղդամն էր: Մարտակերտը ազատագրվեց (1993-ի հունիսի 27-ին- հեղ.), հետո մասնակցեցի Ղուբաթլուի ազատագրման օպերացիային: Այդտեղ զոհվեց դիպուկահար Մարգարիտան: Իսկ հետո մասնակցեցի պաշտպանական մարտերին` Կարմիրավան, Մարտակերտ ուղղություններով, մոտ մեկ տարի` 93-94 թթ.-ին, մենք պաշտպանում էինք այդ դիրքերը»:



                  Դժվարությունների մասին

                  «Նախ սկսենք այն բանից, որ կապի տարիներն այն տարիներին էին, երբ Շուշին դեռ ազատագրված չէր, և Ստեփանակերտը ռմբակոծվում էր ամենաաննկարագրելի, դաժան կերպով: Ռմբակոծվում էր թե´ ինքնաթիռներով, թե´ գրադներով, թե´ մեծ տրամաչափի հրանոթներով և այլն: Ես գնում էի աշխատանքի: Բնակչությունն ապաստաններում էր, երբեմն մեր կապն ապահովում էինք հենց այդտեղից, երբեմն` մեր սենյակներից, նայած ոնց էր իրավիճակը»,- պատմում է Գայանեն: Ասում է` եթե այսօրվա փորձառությունն ունենար այն ժամանակ, գուցե շատ ավելի մեծ օգնություն կցուցաբերեր:



                  Խոսում ենք կանանց` պատերազմի դաշտում ունեցած դերի մասին: Ասում է` Քելբաջարի օպերացիային մասնակցելիս բարակ «բատինկաներով» էին, ձյուն էր գալիս, իսկ իրենք սարերից վիրավորներ էին իջեցնում: «Դրա համար և´ ֆիզիկապես, և´ հոգեպես պետք է բեռ չդառնաս մյուսներին: Բայց ես միշտ ասել եմ` եթե գնացել ես ու գոնե մի հայ զինվորի կյանք փրկել ես, ուրեմն քո գնալն արդարացված էր, իսկ այն, որ մեկը կամ երկուսը չէր, դա հաստատ էր: Այդ մարդուն տալիս ես հնարավորություն` ապրել մինչև հաջորդ քայլը»,- նկատում է նա:

                  «Փոքր քարը»

                  Գայանեն 1997 թ.-ին տեղափոխվել է Երևան, հիմա բնակվում է Արարատի մարզի Հովտաշատ գյուղում, բայց, ասում է, շուտով կվերադառնա Արցախ: Այնտեղ են բնակվում ծնողները, ովքեր իր կարիքն ունեն: Նշում է, որ պատերազմի հիշողություններին ընդհանրապես շատ չի անդրադառնում: Պատերազմը համարում է անցած փուլ, և այնպես չէ, որ ինքը մնացել է այդտեղ: Այն փակված էջ է իր համար: Իսկ պատերազմին իր մասնակցությունը համեմատում է կառուցվող շենքի պատի փոքր քարի հետ: «Երբ շենքը կառուցում են, արանքում փոքր քարեր են դնում, որպեսզի հավասարակշռությունը պահվի, պատը չփլվի: Ամեն մեկս այդ պուճուր քարը դրել ենք»,- ասում է նա:

                  Զրույցից հետո Գայանեն մեզ ուղեկցում է դեպի կանգառ: Այս անգամ բոլորիս ուշադրությունը գրավում է արագիլի թռիչքը, որից այն կողմ Մասիսն է: Գայանեն ասում է` հիշողությունները պատերազմի դաշտից շատ-շատ են, իսկ ես մտածում եմ, որ դրանք գրի առնելու համար առնվազն մի քանի հանդիպում է անհրաժեշտ: Գայանեն այն կանանցից է, ով գիտի բառի կշիռը: Գուցե դրան նպաստել է նաև պատերազմի ժամանակ կապավոր լինելը, երբ յուրաքանչյուր բառից մարդկանց կյանք է կախված եղել:

                  Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի և Գայանե Առստամյանի անձնական արխիվից

                  Խոսում ենք կանանց` պատերազմի դաշտում ունեցած դերի մասին: Ասում է` Քելբաջարի օպերացիային մասնակցելիս բարակ «բատինկաներով» էին, ձյուն...

                  Comment


                  • #10
                    Re: Հակոբ Պողոսյանի նոթատետրը

                    «Կարող է խնդալիք լինի, բայց խրամատի մեջ իրար հետ կերած չոր հացով տուշոնկեն եմ կարոտում»
                    Մարինե Մարտիրոսյան

                    13 մարտի, 2015
                    Հարմիկ Հովսեփյանն Արցախյան պատերազմի մասնակիցներից է: Պատերազմի մասին նրա հուշերը մի տեսակ կոկիկություն ունեն: Նա պատմում է անշտապ հերթականությամբ, դեմքին մեղմություն կա: Հյուրասենյակի դեղին լույսի տակ մենք սկսում ենք խոսել պատերազմից:

                    Իրանից՝ Գյուլիստան

                    Հարմիկը ծնվել և մեծացել է Իրանում: Արցախյան շարժման ժամանակ՝ 88-ին, ծառայում էր պարսկական զորքերում: Այդտեղ էլ մարտական ուսումնառություն ու գիտելիքներ էր ձեռք բերել: Սա հատկապես է շեշտում, որովհետև դրանից 2 տարի անց այդ գիտելիքները նա պետք է փոխնացեր Արցախյան պատերազմի մասնակից խմբերին: 1990 թ. Շահումյանի շրջանում սահմանային իրավիճակն սկսել էր լարվել: Շահումյանի ինքնապաշտպանական ուժերի հրամանատարը՝ Շահեն Մեղրյանը, դա զգալով, օգնության դիմել էր մի քանի ուժերի, որոնցից, սակայն, մերժում էր ստացել: Այս մասին պատմում է Հարմիկը: Այնուհետ Մեղրյանը դիմել էր Դաշնակցությանը, որն էլ երկու խումբ էր ուղարկել, որոնք հետո բազավորվել էին Գյուլիստանում: Այդ խմբերից երկրորդում էր նաև զրուցակիցս:



                    1990-ի սեպտեմբերի երկրորդ կեսին Երևանից ուղղաթիռով գնացին Շահումյան: Ուղղաթիռի պատասխանատուն Թաթուլ Կրպեյանն էր: Հարմիկն ասում է, որ իրենք երկու նպատակ ունեին՝ մասնակցել գյուղերի ինքնապաշտպանությանը, և երկրորդ՝ տեղի ժողովրդին մարզել: Մարտական մարզումներն անում էին Գյուլիստանի անտառներում, և մասնակիցներին զենք էին տալիս երդվյալ դաշնակցական դառնալուց հետո: Իսկ այդպես վարվում էին, որպեսզի զենք կրողները պատասխանատու լինեին զենքի համար: Այսպես է բացատրում դաշնակցական զրուցակիցս, ով ՀՅԴ անդամ է 1982 թ.-ից:

                    Գյուլիստանի դպրոցում

                    «Մենք մնում էինք անտառների մեջ, քիչ շփում ունեինք գյուղացիների հետ, բայց երբ ձմեռը եկավ, Շահենի առաջարկով տեղափոխվեցինք գյուղ, քանի որ անտառում գտնվելը օդից նշմարելի էր, և երկրորդ՝ Շահենն ասաց, որ ժողովուրդը թող տեսնի մեզ, հասկանա, որ երկնքից իջած մարդիկ չենք, նույնը բանը, որ մենք ենք անում, իրենք էլ կարող են անել»,- ասում է Հարմիկը: Հետո շարունակում է, որ ամենալավ տեղը, որ կարող էին աշխատել, դպրոցն էր: Տղերքից երկուսը, որ թատերականի ուսանողներ էին, երեխաներին սկսեցին պարապել, ինքը՝ զինավարժություն էր դասավանդում, Սամվել Երանյանը՝ Սմբուլը, երգ-երաժշտություն: «Այդ փոքր երեխաները շատ մեծ դեր խաղացին հենց իրենց ներկայությամբ»,- նկատում է նա:



                    Այնուհետև՝ 1991-ի մարտին, վերադարձավ Իրան, քանի որ 6-ամսյա ժամկետը լրացել էր: Դրանից մոտ 10 ամիս անց Հարմիկը կնոջ հետ վերադարձավ Հայաստան, որտեղից էլ գնաց Արցախ: «Այդ ժամանակ որակական փոփոխություն կար պատերազմական գործողությունների, տղերքի գիտալիքների մեջ: Տղերքը երիտասարդ մանուկներից կերպարանափոխվել, տղամարդ էին դարձել, արդեն մարտական փորձառություն էին ձեռք բերել, վառոդի համն ու հոտը զգում էին»,- ասում է նա: Սկզբից Դաշնակցության վաշտ էր մտել, այնուհետև գնացել էր Մարտակերտի շրջան՝ դաշնակ Ռադիկի ջոկատ:

                    1992-ի ապրիլին մասնակցել է Կրկժանի բարձունքի՝ «Սատանի եղունգի» ազատագրմանը: «Բեկոր Աշոտի ուղղակի միջամտությամբ և մեր տղերքի հետ կարողացանք այդ բարձունքը հետ վերցնել: Եթե այն մնար ադրբեջանցիների ձեռքում, ապա շատ հանգիստ կարող էին իջնել Ստեփանակերտ: Ադրբեջանցիներին չհաջողվեց երկար պահել դա իրենց ձեռքում՝ առավելագույնը 20 րոպե, հետո մերոնք շատ արագ հետ վերցրեցին»,- հիշում է ազատամարտիկը: Դրանից հետո գնացել էր Մարտակերտի շրջան՝ Կարմիրավան, Քաջավան, Կուսապատ, Ծաղկաշեն, Ներքին Հոռաթաղ գյուղերում զբաղվում էր խմբերի մարզմամբ:



                    1992-ի մայիսին Մարտակերտն արդեն լուրջ վտանգի տակ էր: Իր գլխավոր գործը ոչ թե մարզչությունն էր, ասում է զրուցակիցս, այլ պատերազմին մասնակցելը: 92-ին հուլիսի 4-ին-ին Մարտակերտն ընկավ: Հայկական ուժերն այդ ընթացքում նահանջում էին: «Առաջաձոր չհասած՝ Ռադիկի տղերքից եկան, ասացին, որ քեզ փնտրող կա: Տեսա մեր Մակիչն էլ էր՝ Մկրտիչ Մկրտչյանը, ասացին՝ իրենց Ժիրար Սեֆիլյանն է ուղարկել, որ ինձ տանեն Դաշնակցության վաշտ: Այդ ժամանակ քանի որ կապ չկար, մտածում էին, թե կորած եմ»,- ասում է ազատամարտիկը: 92-ի հոկտեմբերին ոչ պաշտոնապես ձևավորվեց Շուշիի առանձնակի գումարտակը: «Անունը գումարտակ էր, բայց թվաքանակը քիչ էր: Գումարտակը պիտի լինի 300 հոգի, բայց պահ է եղել, որ 60 հոգի ենք եղել, երկու դիրք ենք պահել»,- նկատում է նա: Գումարտակում մի քանի բանակումների մարզիչ է եղել, բայց հիմնականում եղել է վաշտի հրամանատար, գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ:



                    «Մոնթեին ընդունեցին որպես հրաշք»

                    «Մենք լինեինք-չլինեինք, արցախցին հաղթելու էր, բայց ինչ-որ չափով մենք օժանդակել ենք նրանց: Մեր ներկայությունն էր գոտեպնդում ժողովրդին, արցախցին տեսնում էր, որ ինքը մենակ չէ, սփյուռքի այսինչ կամ այնինչ շրջանից եկել և կանգնել են իր կողքին»,- նշում է Հարմիկը: Քիչ անց անմիջապես ավելացնում է, որ եղել են սփյուռքահայեր, որոնց ներկայությունը ճակատագրական է եղել Արցախի համար, ինչպես Մոնթե Մելքոնյանի դեպքում: Նրան հաջողվել էր իր գիտելիքներով մի ամբողջ շրջան անվնաս պահել: Իհարկե, ասում է զրուցակիցս, այդ գիտելիքները համալրվեցին նաև տղերքի ներկայությամբ, որոնք, անկախ կուսակցական պատկանելիությունից, համախմբեցին Մոնթեի շուրջ: Սա պատմելիս ժպտում է, մի քանի վայրկյան դադարից հետո ավելացնում է. «Նրան ընդունեցին որպես հրաշք»:

                    Շուշիի առանձնակի գումարտակի հաջողությունների գաղտնիքը

                    Շուշիի առանձնակի գումարտակը ձևավորվել է ոչ թե անձի, այլ գաղափարի շուրջ. զրուցակիցս համարում է, որ դա հաջողությունների առաջին գաղտնիքն է: Իսկ երկրորդ գաղտնիքն այն է, որ հրամանատարական կազմը սեղանի հետևից չէր ղեկավարում մարտը, միշտ լինում էր առաջնագծում՝ զինվորի կողքին: Զինվորի բանիմացությանն էին ուշադրություն դարձնում, մարտերին մեծամասնության մեջ փորձառուները ոչ թե 2-3 հոգի էին, այլ հակառակը՝ փորձառուներն էին մեծ մաս կազմում:



                    Հարմիկի ասելով՝ գուրմարտակը մի քանի ճակատագրական դեր է ունեցել Արցախյան պատերազմում: Դրանցից ամենակարևորը Կիչան-Սրխավենդի կռիվներն են եղել, երբ ադրբեջանցիներն արդեն իջնում էին Խաչենի հովիտ: Չնայած տղերքը 3 անգամ շրջափակման մեջ են ընկել, բայց թշնամու առաջխաղացումը կանխվել է Պետոյի՝ Պետրոս Ղևոնդյանի գլխավորությամբ: «Առաջին անգամ, երբ շրջափակման մեջ էին ընկել, Պետոն չթողեց դուրս գալ, ասաց, որ լավ են զգում, կարող են դիմակայել թշնամու հարձակումներին: Սամվել Բաբայանն էլ «սովեշանիի» ժամանակ ասաց՝ կամ կգնաք Պետոյին համոզեք, որ դուրս գա էդտեղից, կամ նոր դիրքեր կվերցնեք: Պետոյին չկարողացան համոզել, բայց կարողացան դիրքերը հետ վերցնել»,- ասում է Հարմիկը: Հետո նշում է, որ գումարտակը մեծ դեր է ունեցել Ֆիզուլիի, Քարվաճառի գործողություններին՝ 1994 թ.-ին:


                    «Սամվել Բաբայանն ասաց, որ Ֆիզուլիից գոնե փոքր թվաքանակով խումբ ուղարկենք Քարվաճառ, որ իրենց ներկայությամբ գետեպնդեն: 11 հոգի էինք ուղարկել: Գնալու առաջին օրը երեք հարձակում էր եղել, և երեքն էլ հետ էին շպրտվել: Պատկերացրեք՝ 11 հոգին մնացել են խրամատում: Մամիկոնն էր պատմում: Առաջին օրը ինքն ու Դավիթը Մանուկյանը հետախուզության էին գնացել, իջել էին ձորակը, ձախ թևի վրա տեսել շարք կանգնած ադրբեջանցիներին, որոնց հրամանատարն ինչ-որ բան էր բացատրում: Նրանք հարձակման էին պատրաստվում մեր դիրքերի վրա, և երկու հոգով ուղղակիորեն մարտի էին բռնվել: Ադրբեջանցիներն ավելի բարձր դիրքում էին, բայց մերոնք իրենց ներկայությամբ այնպես էին արել, որ խուճապ էր առաջացել նրանց մեջ: Տեխնիկակական հետախուզության տվյալներով՝ իրենց հրամանատարը ձեռքից վիրավորվել էր, և այդ գործողությունը ձախողվել էր»,- պատմում է զրուցակիցս:



                    Այնուհետև Պետոն Սամվել Բաբայանին էր դիմել՝ իրենց Ֆիզուլիից Քարվաճառ տեղափոխելու համար, ասել էր՝ ուզում ենք լուրջ գործ անել: «Այդպես էլ եղավ: Պետոն շատ լավ կողմնորոշվեց այդ ժամանակ: Ճակատի հրամանատարին՝ Վիտալի Բալասանյանին, համոզեց, որ Չիչաքլիի բարձունքի վրա, որ իշխող բարձունք էր և արդբեջանցիների ձեռքին էր, ուղղակի հարձակման չգնան, այլ շրջանցեն այն՝ դեպի թիկունք խորանալով, ապա թիկունքի գյուղերը ազատագրելով, բարձունքը գցեն շրջափակման մեջ: Քանի որ ցուրտ ձմեռ էր, ադրբեջանցիները կամ պիտի մնային սատկեին այնտեղ, կամ պիտի նահանջեին: Մինիմալ զոհերով, չնայած դա էլ մեծ թիվ էր մեզ համար, կարողացանք հետ վերցնել այդ շրջանը»,- նշում է Հարմիկը:

                    Իսկ 1994 թ. փետրվարի 14-ին Քարվաճառի գործողության ժամանակ մի զոհ ունեցան՝ Պետոն: Սա ասելուն պես նա լռում է: Հետո հիշում է, որ հունվարի 31-ին Պետոյի ծննդյան օրն էր, իրենք էլ Ֆիզուլիում էին այդ ժամանակ: Նույն օրը 3 զոհ ունեցանք: Ինքն ու տղերքից մեկը՝ Էդոն, ման էին եկել, շամպայն ու շոկոլադ գտել, որ ծնունդը նշեին: Պետոն հրաժարվել էր՝ ասելով, տղերք, 3 զոհ ունենք, ձեռս չի գնա:


                    «94-ի փետրվարին մեր գումարտակի հիմնական ուղնուծուծից ենք զոհեր տվել՝ Հրաչը, Մուրադը, Պետոն…»,- ասում է զրուցակիցս: Հետո խոսում ենք Պետոյի զոհվելու մասին: Պետոն շտապօգնության մեքենա էր կանչել, որ ականապատ դաշտում ընկած վիրավոր զինվորին օգնեն, բայց մեքենայի վարորդը չէր համաձայնել ականապատ տարածք մտնել: Պետոն ինքն էր նստել ղեկին: «Ասաց՝ մի անգամ պայթել եմ «մինայի» վրա, բան չեմ եղել: Նույնիսկ փորձում էին համոզել, որ մեծ մեքենա վերցնի, «զադնի» տալով գնա, որ պայթելիս «կուզովը» պայթի, բայց ասել էր՝ ժամանակ չունենք, էն տղեն արյունաքամ է լինում: Մեքենան նստելուց հետո պայթեց «մինայի» վրա»,- պատմում է Հարմիկը: Իսկ վիրավոր տղային հաջողվեց փրկվել, հետագայում նա իր որդուն անվանեց Պետո՝ ի հիշատակ Պետրոս Ղևոնդյանի:

                    Կյանքը՝ պատերազմից 21 տարի անց

                    «Ես հիշում եմ՝ 91 թվին արցախցու ձեռքին կար ժանգոտած ավտոմատ, գոտի չուներ, թոկով էր հարմարեցրել, ճղրտված կոշիկներով, մարզական հագուստով դուրս էր գալիս մինչև ատամները զինված հառակորդի դեմ: Եթե որակը չխոսեր, առյուծի սիրտը, հաղթանակի բերկրանքը չխոսեր, չէր հաղթի»,- ասում է զրուցակիցս: Հարմիկը հրադադարի մասին լուրը լսել է Մարտակերտում: Այդ ժամանակ իրենց թվում էր, թե հրադադարը կարճ կլինի, ու չնայած այն շարունակվում է մինչ օրս, այն, ինչ հիմա կատարվում է սահմանին, վկայում է խաղաղության բացակայության մասին: «Եթե մեր 18-19 տարեկան երիտասարդները կարողանում են Թուրքիայի մարզված վարձկանների ու զինվորականների դիմաց կանգնել, նշանակում է, որ մենք որակը պահում ենք: Եվ ես չեմ կասկածում մեր հաղթանակին»,- ասում է նա:

                    Հարմիկը հիմա զբաղվում է թարգմանչական աշխատանքով, դրան զուգահեռ, ինչպես ինքն է ասում, նախկին փեշակն է պահել՝ մարզչությամբ է զբաղվում: Երբ հարցնում եմ, թե պատերազմից 21 տարի անց պատերազմի մասին խոսելիս ինչ է զգում, պատասխանում է. «Կարոտ… Կարոտ: Տղերքի հետ երբ նստում ենք, միշտ հիշում ենք այդ ժամանակաշրջանը, թեկուզ շատ դժվար պահեր էին, բայց տղերքի մեջ կար միահամուռություն, որովհետև պարզ էր՝ թշնամիդ ով է, իսկ հիմա ամեն ինչ խառնվել է»: «Ու ի՞նչն եք ամենաշատը կարոտում»,- նորից հարց եմ տալիս:



                    «Կարող է խնդալիք լինի, բայց խրամատի մեջ իրար հետ կերած չոր հացով տուշոնկեն եմ կարոտում, մանավանդ որ մեկ-մեկ գնդակ էր պայթում կամ գնդակ էր ֆսֆսում, կարծես, աղն էր այդ ամենի ինչի»,- ժպտում է ազատամարտիկը: Քիչ անց վերցնում է սեղանին դրված թխվածքաբլիթներից մեկը: Հպանցիկ փորձում եմ նայել նրա դեմքին: Աչքերում նուրբ կարմիր բծեր են հավաքվել, որոնք ժպիտից, կարծես, ձգվում են: Թխվածքաբլիթ վերցնելու կտրուկ շարժումն էլ պատահական չէր: Հարմիկը փորձում էր թաքցնել հուզմունքը:

                    Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի եւ ազատամարտիկների անձնական արխիվներից

                    «Կարոտ… Կարոտ: Տղերքի հետ երբ նստում ենք, միշտ հիշում ենք այդ ժամանակաշրջանը, թեկուզ շատ դժվար պահեր էին, բայց տղերքի մեջ կար...

                    Comment

                    Working...
                    X