2017-ին Հայաստանից փայլաթիթեղի արտահանումը կգերազանցի 30 հազար տոննան. EAFA
17.04.2017
https://news.am/arm/news/385025.html

2016-ին Հայաստանից փայլաթիթեղի արտահանման ցուցաբերած աճը Եվրոպայի միջինից բարձր էր։ Այս մասին ասվում է «Alcircle» պարբերականում, որը վկայակոչում է Ալյումինե փայլաթիթեղի արտադրողների եվրոպական ասոցացիայի տվյալներին (EAFA)։

Միջինում ԵՄ արտադրողները արտահանումը մեծացրել են 1,3 տոկոսով՝ 1-ին եւ 3-րդ եռամսյակներում վաճառքների շնորհիվ։ Եվրոպայի քարտեզին Հայաստանը դարձել է առաջատարներից մեկը՝ նրա արտահանումը կազմում է 2 տոկոս, նշում է պարբերականը։

Նշենք, որ EAFA-ի տվյալները մի փոքր տարբերվում են Հայաստանի մաքսային վիճակագրությունից։ Եվրոպացիների տվյալներով՝ 2016-ին Հայաստանն արտահանել է 29826 տոննա փայլաթիթեղ՝ 88,1 մլն դոլարի։ Բնական արտահայտմամբ արտահանումն աճել է 1,1 տոկոսով, սակայն գումարային առումով նվազել է 5,3 տոկոսով։ Իսկ Հայաստանի կառավարական կոմիտեի մաքսային ծառայության տվյալներով՝ 2016-ին արտահանումը կազմել է 29003 տոննա։ 2017-ին EAFA-ն Հայաստանից արտահանման կտրուկ աճ է նախատեսել՝ մինչեւ 31792 տոննա՝ 108,1 մլն դոլարի։ EAFA-ի տվյալներով՝ Հայաստանից փայլաթիթեղի հիմնական գնորդներն են Բելգիան (6759,5 տոննա), Լեհաստանը (6698,4 տոննա), ԱՄՆ-ը (5737,7 տոննա), Գերմանիան (3837,6 տոննա), Նիդերլանդները (4305,3 տոննա)։

Հայկական կողմի տվյալներով՝ փայլթիթեղի հիմնական գնորդն է Գերմանիան (10837,1 տոննա), ապա ԱՄՆ-ը (6843,6 տոննա), Լեհաստանը (6450,5 տոննա) եւ Նիդերլանդները (6450,5 տոննա)։ Այս տարբերության պատճառը կարող է լինել փայլթիթեղի՝ վերջնական հաճախորդներին վաճառելը։