Մեր զրուցակիցն է առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը
Ինչու պատվերներ չկան Պաշտպանության նախարարությունից
- ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
- Հարցազրույց - 30 Օգոստոսի 2017,
Մեր զրուցակիցն է առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր-հրամանատար Վովա Վարդանովը
Պարոն Վարդանով, Իսրայելը որոշել է ժամանակավորապես դադարեցնել Ադրբեջանին անօդաչու սարքերի մատակարարումը։ Ընդհանուր առմամբ, ինչպես եք գնահատում Իսրայելի այս քայլը: Վերջերս նաև պարզ դարձավ, որ Իսրայելը պատրաստակամ է մեզ զենք վաճառել։ Հնարավո՞ր է, այս կասեցումը պայմանավորված է այդ գործընթացով։
Մենք որպես գնորդ հաստատ ավելի թույլ ենք, քան Ադրբեջանը, որն ավելի հարուստ պետություն է։ Հետևաբար, չեմ կարծում, որ դրանով է բացատրվում Իսրայելի քայլը։ Մենք գիտենք, որ տեղեկատվության արտահոսք եղավ, որ ադրբեջանցիները պահանջել էին, որ Իսրայելի փորձագետները կրակեն մեր դիրքերի վրա։ Չեմ կարծում, որ նման բան առաջ չի եղել, բայց հիմա դրա մասին հայտնի դարձավ, լրատվամիջոցները գրեցին, Իսրայելի խորհրդարանում հարց բարձրացվեց։ Դա, իմ կարծիքով, Իսրայելի ներքին ինչ-որ խնդիրներ լուծելու համար է արվել։ Կարծում եմ՝ դա ուղղված է ամենաադրբեջանամետ, Բաքվից աշխատավարձ ստացող Լիբերմանի (Իսրայելի պաշտպանության նախարարը. Խմբ.) դեմ։ Հիմա այդ արշավը շարունակվում է։
Ինչ վերաբերում է Իսրայելից մեր զենք գնելուն, ապա միգուցե արժե նրանցից զենք գնել, բայց ոչ բարձր տեխնոլոգիաների զենք, որովհետև ավելի ճիշտ կլինի նման տեխնոլոգիաները մեզ մոտ զարգացնել։ Մի հատ իսրայելական անօդաչու սարքի գնով այստեղ երևի հազար հատ կսարքվի։ Շատ սխալ կլինի այդ զենքերը գնել դրսից, պետք է ներսում զարգացնել։
Իսկ որքանո՞վ է Հայաստանը փորձել զարգացնել այդ ոլորտը։ Ապրիլյան պատերազմից հետո խոսվում էր այն մասին, որ բավական աշխատանք է իրականացվել այդ բացերը փակելու, շտկելու ուղղությամբ։ Դուք նկատո՞ւմ եք նման բան։
Որոշ բացեր լրացվել են, որոշ բացեր մնում են, որովհետև շատ հաճախ մեր կողմից չի գիտակցվում, որ դա բաց է։ Բացերից մեկն այն է, որ բանակում չունենք մեր արտադրության անօդաչու սարքեր, կապի կամ օպտիկակական սարքեր։ Բայց այդ ամենը մենք ունակ ենք արտադրելու։ Ես համաձայն եմ Կարեն Վարդանյանի հետ, որ որքան էլ լավ զինվորական լինի այդ ոլորտի համար պատասխանատու պաշտպանության փոխնախարարը, հաստատ ինքը գերադասելով գնել կամ թեկուզ անվճար ՌԴ-ից սահմանափակ քանակով ստանալ, մենք դրանով տեխնոլոգիապես հետ ենք ընկնում ոչ միայն աշխարհից, այլև Ադրբեջանից։ Այսօր մեր հակառակորդները միայն ադրբեջանցիները չեն, 100 տարի առաջ օսմանյան թուրքերը ոչ պակաս գազանություններ են ցուցաբերել հայերի նկատմամբ, իսկ իրենց արտադրական հնարավորությունները բերել է նրան, որ նրանք իրենց արտադրության հրթիռներն ունեն, շատ հզոր ու ճշգրիտ անօդաչու սարքեր ունեն։ Ես կարծում եմ, որ մենք այդ հարցում շատ սխալ ճանապարհի վրա ենք։ Մենք պետք է Հայաստանում զարգացնենք այդ ոլորտը, հատկապես, որ ես մի քանի արտադրողից տեղյակ եմ, որոնց հնարավորությունները թույլ տալիս են ներսում արտադրություն կազմակերպել։ Պարզապես հիմա պատվերներ չկան պաշտպանության նախարարությունից։ Այսինքն՝ մշակումները կան, բայց արտադրություն չկա։ Այդ մարդիկ ինչի՞ տեր են, որ դնեն արտադրեն, ու ոչ ոք չգնի դրանք։
Սա պետական մտածողությա՞ն, թե՞ ֆինանսների բացակայության խնդիր է։
Ֆինանսների բացակայության դեպքում կլիներ մի փոքր այլ ձև։ Մենք նույնիսկ չէինք էլ մտածի Իսրայելից տեխնոլոգիաներով հագեցած ինչ-որ սարք կամ տեխնիկա գնելու մասին։ Բայց եթե մենք դրա մասին խոսում ենք, ուրեմն ինչ-որ գումարի հարց լուծված է։ Ավելի լավ չի՞ այդ գումարը ծախսել ներքին ռեսուրսներով արտադրված սարքեր գնելու վրա։ Ենթադրենք իսրայելական անօդաչու սարքը շատ ճշգրիտ է, կարող է խփել ու մոծակի թևերը կտրել, քոնը մի կերպ խփում է ֆուտբոլի դաշտին, բայց եթե հազար հատ արտադրես մեկի գնով, ապա եթե ոչ հազար, գոնե 10 անգամ ավելի շատ վնաս կհասցնես հակառակորդին, քան մեկ հատ իսրայելական զենքով հարվածելով։ Ու կստացվի, որ դու 10 անգամ ավելի մեծ հնարավորություն ունես, քան հակառակորդը, որ կարող է իրեն թույլ տալ բավական թանկարժեք իսրայելական սարքեր գնել։
Մենք պե՞տք է արդյոք անհանգստանանք ռուս-թուրքական վերջին գործարքի հետ կապված։ Խոսքը c-400 համալիրները Թուրքիային վաճառելու մասին է։
Կարծում եմ՝ այո, բայց ոչ թե այն պատճառով, որ թուրքերն իրենց օդային տարածքն ավելի ապահով կպահեն մեզնից։ Ես դեռ չեմ լսել մեկին, որ կասի՝ գրոհենք Թուրքիայի վրա։ Այսինքն իրենց այդ պաշտպանական զենքը մեզ ոչ մի ձևով վնաս չէ, բայց մեզ անհանգստանալ պետք է, որ մեր դոմինանտ դաշնակիցը, ՀԱՊԿ-ի առաջնորդն այն աստիճանի ծայրահեղ վատ վիճակում է կամ այնքան անսկզբունքային է, որ զենք է վաճառում Թուրքիային։ Ու մենք այդպիսի դաշնակցի վրա ենք հենվում։ Մենք պետք է 5 անգամ ավելի շատ մտածենք, թե ով է մեր դոմինանտ, հեգեմոն դաշնակիցը և մաքսիմալ աշխատենք ինքնուրույն։ Հիմա եթե իրենք իրենց սրիկայի պես չպահեն ու իրենց դաշնակցի պարտքը կատարեն, ավելի լավ, բայց մենք պետք է մեր ամեն ինչն այնպես դասավորենք, որ ոչ մի դաշնակից չկա, ամբողջ երկրագունդը մեզ դեմ է, ու մենք պետք է պաշտպանվենք նույնիսկ ասենք Զիմբաբվեից եկած դեսանտից։
Comment