Announcement

Collapse
No announcement yet.

Մեծ հակամարտություն և վաղանցիկ արքաներ...

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Մեծ հակամարտություն և վաղանցիկ արքաներ...

    Բարև Ձեզ!

    Բարեկամներ! Ուրախ եմ հայտնել Ձեզ, որ հաջողությամբ շարունակվում է <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք>> մատենաշարի լույս ընծայումը: Արդեն տպագրվել են հերթական հատորները` Գիրք Ութերորդը և Գիրք Իններորդը:

    Գիրք Ութերորդ
    Գրքում տրված է Տիգրանյան Հայաստանի ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է Հայպարթևա-Հռոմեական I պատերազմի (մ.թ.ա 54 - մ.թ. 64) սկզբնական փուլի, ինչպես նաև Կիլիկիա նահանգում Հռոմի դեմ բռնկված պայքարի՝ Կիլիկիայի I (մ.թ.ա. 50) և II (մ.թ.ա. 43) ապստամբությունների, տարեգրությունը: Գրքում արտացոլված է նաև Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության վրա ազդեցությունը պահպանելու, ինչպես նաև Ալանական թագավորության սարմատների կողմից սկսված ներխուժումները կասեցնելու ուղղությամբ: Անդրադարձ է կատարվել նաև Հռոմում քաղաքացիական պատերազմ վարող ուժերի կազմում Հայկական բանակի մղած դաշնակցային մարտերին: Վերլուծվել են Ֆարսալի, Ֆիլիպպեի, Ակցիումի ճակատամարտեր և այլ իրադարձությունները և ցույց է տրվել հայկական բանակի խաղացած դերը դրանցում:
    Այս իրադարձությունները վերլուծված և ներկայացված են սթափ, կանխակալ կարծիքներից զերծ, հայկական աղբյուրների հայտնած տեղեկատվությունը համաշխարհային պատմական աղբյուրների հետ համադրելու, դրանք համակարգված ու քննադատաբար դիտարկելու, վերջիններիս հայտնած տվյալները սինթեզելու և այդ ճանապարհով ճշմարտությունը վեր հանելու, ինչպես նաև տրամաբանական հնարքները կիրառելու մեթոդով: Մասնավորապես իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում տրվել է վերոհիշյալ իրադարձությունների ամբողջական համայնապատկերը, քանի որ արտասահմանյան հեղինակներին հիմնականում խորթ են եղել հայկական աղբյուրները այդ իրադարձությունների վերաբերյալ և վերջիններս դրանք չեն օգտագործել իրենց աշխատությունների մեջ:

    Գիրք Իններորդ

    Գրքում տրված է Վաղանցիկ արքաների ժամանակաշրջանի Հայ ժողովրդի ռազմական տարեգրությունը: Մանրամասն ներկայացված է Հայպարթևա-Հռոմեական I պատերազմի (մ.թ.ա 54 - մ.թ. 64) վերջնական փուլի, ինչպես նաև Կիլիկիա նահանգում Հռոմի դեմ բռնկված պայքարի՝ Կիլիկիայի III (36) և IV (52) ապստամբությունների տարեգրությունը: Աշխատությունում արտացոլված է նաև Մեծ Հայքի թագավորության պայքարը Իբերիայի թագավորության վրա ազդեցությունը պահպանելու համար, պայքարը սարմատների ալան ցեղի գլխավորած սարմատների ներխուժումների դեմ, ինչպես նաև Հայկական բանակի դաշնակցային մասնակցությամբ իրականացված մարտական գործողությունները Նաբատայի թագավորության և Հռոմի բանակի կազմում:
    Այս իրադարձությունները վերլուծված և ներկայացված են սթափ, կանխակալ կարծիքներից զերծ, հայկական աղբյուրների հայտնած տեղեկատվությունը համաշխարհային պատմական աղբյուրների հետ համադրելու, դրանք համակարգված ու քննադատաբար դիտարկելու, վերջիններիս հայտնած տվյալները սինթեզելու և այդ ճանապարհով ճշմարտությունը վեր հանելու, ինչպես նաև տրամաբանական հնարքները կիրառելու մեթոդով: Մասնավորապես իրականացված վերլուծության և համաշխարհային պատմական սկզբնաղբյուրների հայտնած տվյալների համադրման արդյունքում ռազմական պատմության ընդհանուր ֆոնի վրա վեր է հանվել այս ժամանակաշրջանում Հայոց Միջագետքի թագավորության և նրա տաղանդավոր արքա Աբգար V Մեծի հայրենանվեր գործունեության իրական պատկերը, մի գործունեություն, մեծապես շնորհիվ որի պահպանվեց Մեծ Հայքի թագավորությունը: Համակարգված տեսքով շարադրված է նաև Մեծ Հայքի դեմ պատերազմող հռոմեական բանակների արշավանքների երթուղին, վերջիններիս թիվը, կազմը և այլն: Մասնավորապես առկա տվյալների ընդհանրացման արդյունքում վերլուծության են ենթարկվել Կորբուլոնի և Պետոսի բանակների կազմերը ըստ լեգեոնների, ինչպես նաև ցույց է տրված, թե Հռոմի □դաշնակից և բարեկամ□-ների բանակները ինչ աստիճանի մասնակցություն են բերել Մեծ Հայքի տարածքում մղվող մարտական գործողություններին, մի մասնակցություն, որի մասին հռոմեական հեղինակները խոսում են խիստ իմիջայլոց:
    Գրքում անդրադարձ է կատարվել նաև վաղանցիկ արքաների կենսագրական տվյալների վերլուծությանը և ցույց է տրվել, թե վերջիններիցս յուրաքանչյուրը ինչ կարգի ազգակցական կապերի մեջ էր գտնվում Հայ Արշակունիների հետ և ինչով էր հիմնավորում Մեծ Հայքի գահի նկատմամբ իր հավակնությունները:

    Գիտե՞ք, երբ ես դեռ նոր էի սկսել հրատարակել սույն մատենաշարը, բազում հարցերի մեջ ինձ հուզում էր նաև այն, թե արդյո՞ք պետքական գործ եմ անում և արդյո՞ք այս աշխատանքը կհետաքրքրի հայ ընթերցողին: Այժմ այդ հարցի պատասխանը ես գտել եմ, քանզի Տարեգրքի նախորդ հատորներին ծանոթացած իմ բազում ընթերցողների կողմից ես ստանում եմ խիստ դրական արձագանքներ: Կարծես ստեղծվում է մի տպավորություն, որ ես հագեցնում եմ վաղուց ի վեր մարդկանց տանջող մի ծարավ, ծարավ` իմանալ սեփական ժողովրդի ռազմական պատմությունը: Այժմ ես զգում եմ, որ վաղուց էր հասունացել պահանջը ունենալ հայ ժողովրդի անցած ռազմական ուղու ընդգրկուն և միաժամանակ սպառիչ մի տեղեկատու, որի բացակայությունը շատ զգալի էր: Սույն աշխատանքը կոչված է լրացնելու հենց այդ բացը...
    Ընթերցողներիս դրական արձագանքը ինձ շատ է ուրախացնում: Ավելին, այն ինձ հսկայական լիցք և ոգևորություն է հաղորդում, որը չափազանց անհրաժեշտ է Տարեգրքի հրատարակությունը շարունակելու համար: Բացի այդ ուրախացնում է նաև այն հանգամանքը, որ եթե այս թեման դեռևս շարունակում է հուզել հայ հասարակությանը, նշանակում է դեռ ամեն ինչ չէ, որ ծածկվել է գլոբալիզացված և կոսմոպոլիտիզմի շնչով հագեցած կեղծ-առաջադիմական գաղափարախոսության թանձր շերտով:

    Մի խոսքով, ժողովուրդ, գրքերում շատ հետաքրքիր բաներ կգտնեք: Ես, թեև և հեղինակ եմ, սակայն Ձեզ խոսք եմ տալիս. Դուք չեք ափսոսա գրքի վրա ծախսած Ձեր ժամանակը և միջոցները...

    Բարեկամներ! Գիրքը կարող եք գտնել

    1. Հրապարակի վրայի երկու գրախանութներում,
    2. Մաշտոցի պողոտայի վրայի գրախանութում (նախկին Բուկինիստ),
    3. ԵՊՀ գրախանութում (կենտրոնական մուտքի մոտ),
    4. Հարավ-արևմտյան թաղամասի (<<Բանգլադեշ>>) գրախանութում, Նոր եկեղեցու դիմաց:

    Գիրքը հասանելի է նաև սփյուռքահայ ընթերցողին: Դրա համար պետք է ընդամենը 7 եվրո, կամ 350 ռուբլի կամ 10 դոլար փոխանցել ինձ ցանկացած եղանակով և տեղեկացնել ինձ [email protected] էլեկտրոնային հասցեով, որից հետո ես անմիջապես, ըստ ընթերցողի ցանկության, կուղարկեմ գրքի կամ էլեկտրոնային տարբերակը, կամ էլ բնօրինակը` վերջին դեպքում բնականաբար հեղինակի ստորագրությամբ:

    Ի դեպ, ինչպես արդեն ասել եմ առաջ, երևանցիները կարող են Գրքերը ձեռք բերել նաև ինձանից, բնականաբար հեղինակային ստորագրությամբ: Դրա համար կարող եք ուղղակի տեղեկացնել ինձ մաիլիս վրա...

    Հաջողություն Ձեզ!

  • #2
    Re: Մեծ հակամարտություն և վաղանցիկ արքաներ...

    Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 8>>-ից

    Ինչ գիտեք հայպարթևա-հռոմեական պատերազմների մասին: Ահագին բան? Իսկ այս ճակատամարտի մասին լսել էիք??

    47 գարուն – Ապամեայի ճ-մ (Ասորիք, Հալեպից մոտ 98 կմ հարավ-արևմուտք)

    Քաղաքում տեղակայված հռոմեական բանակի (մոտ 10.000) շարքերում խիստ սրվեցին քաղաքական երկու տարբեր խմբավորումների միջև եղած հակասությունները:
    I փուլ – Սկսված ընդհարումների պայմաններում հռոմեական բանակի մի մասը պաշարեց մյուսին:
    Ii փուլ – Օգտվելով դրանից` Ասորիք ներխուժած միացյալ պարթևական (մոտ 20.000), ինչպես նաև Մեծ Հայքի (մոտ 10.000) և Հայոց Միջագետքի (մոտ 1.000) հեծելազորը` Բակուր արքայազնի գլխավորությամբ, անակնկալ հարձակումով ջախջախեց պաշարողներին ու, ազատելով պաշարյալներին, նրանց հետ միասին նահանջեց` թողնելով քաղաքը թշնամուն:
    Հայերը կորցրին մոտ 500, դաշնակիցը` մոտ 1.000, թշնամին` մոտ 3.000 զինվոր:

    Հատված <<Հայ ժողովրդի ռազմական Տարեգիրք, Գիրք 9>>-ից

    Հռոմեական <<ասպետներ>>-ի ևս մի ջախջախում: Ինչը չէր ցանկանում վերհիշել Տակիտոսը կամ ինչու Դիմաքսյան նահապետը չէր սիրում հռոմեացիներին...

    58 գարուն – Կարին գավառի ճ-մ

    <<... բարբարոսները իրենց պահում էին չափազանց
    անփույթ և կարծես հնարավորություն կար հաջող
    մարտական գործողությունների համար...:
    Եվ այն բանից հետո, երբ Պակցիուսին մոտեցան
    մի քանի հեծյալ ջոկատներ և, լինելով անփորձ,
    պահանջեցին մարտ տալ, վերջինս խախտեց
    հրամանը, ճակատեց հակառակորդի դեմ և
    պարտություն կրեց: Իր հերթին Պակցիուսին
    օգնության շտապող օժանդակ ուժերը
    ահաբեկվեցին նրա ջախջախումից և իրենք էլ
    դիմեցին փախուստի...
    >>

    Տակիտոս

    Մեծ Հայքի թագավորության գահին Տրդատ I-ի հաստատվելը խորը անհանգստություն առաջացրեց Հռոմում, որը, չկարողանալով իրավիճակը փոխել □դաշնակից և բարեկամ□-ների ուժերով, դիմեց ավելի լուրջ միջոցների:
    Արդյունքում հռոմեական բանակը (95.000)՝ Կորբուլոնի գլխավորությամբ, Մելիտե-Եփրատի հունով Դաստարակ բերդ-Նիկոպոլիս-Սատաղ-Դերջան երթուղով ներխուժեց Մեծ Հայքի թագավորության տարածք և, ենթարկվելով նահանջող Հայկական բանակի (մոտ 30.000, այդ թվում Մարդպետական գունդը) պարտիզանական հարվածներին, ճամբարեց Կարինի սարահարթում:
    Արդեն այստեղ ուժերը միավորած Մեծ Հայքի բանակի հեծելազորը (մոտ 30.000)՝ Տրդատ I-ի գլխավորությամբ, մոտեցավ թշնամու ճամբարին:
    I փուլ – Հայկական թեթև հեծելազորը հարձակվեց ճամբարում տեղակայված հակառակորդի հետևակի վրա և սկսեց նետահարել՝ կորուստներ պատճառելով վերջինիս:
    Ii փուլ – Իրավիճակը փրկելու համար հռոմեական հետևակը և հեծելազորը դուրս եկան սեփական ճամբարից և հարձակվեցին հայկական թեթև հեծելազորի վրա, որը չմտնելով լուրջ մարտի մեջ ու իբր չդիմանալով թշնամու հետևակի և հեծելազորի համակցված հարվածին, ճակատից աջ ու ձախ ուղղությամբ ցրվելով, սկսեց կանխամտածված փախուստ իրականացնել՝ իր հետևից հրապուրելով թշնամու հեծելազորին և միաժամանակ բացելով ճակատային հանդիպակացը: Խանդավառված իր այս կեղծ հաջողությունից՝ հռոմեական հեծելազորը սկսեց հետապնդել նահանջողներին և շուտով հեռացավ ու կտրվեց իր հիմնական բանակից:
    Iii փուլ – Հաղթականորեն արշավող թշնամու հեծելազորի դեմ-դիմաց՝ ազատված տարածության վրա, Տրդատ I-ի անձնական ղեկավարությամբ, հայտնվեց Հայկական ծանր հեծելազորը, որը սեպաձև-խոյընթաց հատու հարվածով ջախջախեց թշնամուն և լիովին ոչնչացրեց նրան:
    Iv փուլ – Հռոմեական լեգեոնները, զգուշանալով առաջ շարժվել և օգնության հասնել սեփական հեծելազորին, արագորեն վերադարձան սեփական ճամբար:
    Հայերը կորցրին մոտ 1.000, թշնամին՝ մոտ 5.000 զինվոր:

    Comment

    Working...
    X