• 09.10.17

Ակնհայտ է մեկ բան՝ Ադրբեջանի ներկայիս իշխանությունը տրամադրված չէ խաղաղության, երկարաժամկետ առումով այնպիսի մեծ ատելություն և հայատյացություն է քարոզվել հասարակության ներսում, որ շրջադարձ անելը ջանքեր է պահանջելու և քաղաքական կամք: «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ անդրադառնալով Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի նիստին մասնակցելու նպատակով իր Բաքու այցին։
«Մենք կարողացանք ճիշտ տեղեկատվական քաղաքականություն ապահովել, որ մեր լրատվամիջոցները և տեղեկատվությունը չմնա Ադրբեջանի մամուլի հույսին, որը հաճախ խեղաթյուրում և աղավաղում է փաստերը: Մեր այնտեղ լինելը շարունակությունն էր խորհրդարանական դիվանագիտության, որովհետև բազմաթիվ հայկական պատվիրակություններ եղել էին Բաքվում, անգամ գնալուց առաջ մենք խորհրդակցում էինք, հարցուփորձ էինք անում այնտեղ աշխատած մեր պատգամավորներից»,-պատմել է Արմեն Աշոտյանը:
Նրա խոսքով՝ այն կեցվածքը, այն ասելիքը, այն խոսելիքը, այն շարժուձևը, այն արժանապատվությունը, որ հայկական պատվիրակությունն ուներ, նախ և առաջ հայկական բանակի և հայ զինվորի շնորհիվ է:
«Մենք շահեկան տարբերություն ունենք Ադրբեջանի համեմատ, որովհետև մեր հասարակության ներսում չկա այլատյացության, ադրբեջանական էթնոսի հանդեպ ատելության այնպիսի մակարդակ, որ կար Ադրբեջանում: Չեմ կարող ասել, որ դա համատարած էր, որովհետև մեզ շատ ինտենսիվ հսկում էին: Ադրբեջանցիները նաև հյուրընկալ էին, սա էլ պետք է փաստել, սակայն միաժամանակ պետք է շեշտել, որ կար պետական մակարդակով տարվող հայատյացության քաղաքականություն»,-տեղեկացրել է ՀՀԿ փոխնախագահը:
Նա կենցաղային օրինակներով փաստել է, որ եթե անգամ ոմանց մեջ չկար ատելություն, ապա կար վախ հայերի հետ շփվելուց:
«Խնդրում էինք մեզ նկարել, շատերը, որ մեզ ուղեկցում էին, վախենում էին, խուսափում էին, շատ հաճախ ասում էին՝ կներեք, չենք կարող կամ, օրինակ՝ Մանեն, մեզնից մի պահ առաջ է անցել, տղամարդիկ դուռ չէին բացում, տարրական բան է, էթնոսի հետ կապ չունի, բայց ակնհայտորեն վախ կար: Լինում էր նաև, որ վարորդներ էին փոխվում, այն վարորդը, որ մեզ առավոտյան բարևում էր, կեսօրից հետո չէր աշխատում, մեզ չէր սպասարկում: Տարրական, պրիմիտիվ բաներ են, որ ցույց են տալիս, որ գոնե վախ կա մեզ հետ շփվելուց»:
Արմեն Աշոտյանի դիտարկմամբ՝ այդ հասարակության տրամադրությունները ձևավորվել են 15-16 տարի շարունակ, «հակահայկական պետական կրոնով»: Ըստ նրա՝ ամենակարևոր բանը, որ ինքն իր համար հետևություն է արել՝ որպես քաղաքական գործիչ և քաղաքացի, այն է, որ մեր խաղաղասիրական հռետորաբանությունը պետք է անպայման զուգակցված լինի մարտունակության բարձրացմամբ, սա ակնհայտ է:
«Մեր խաղաղասիրությունը, հասարակության մեջ այդ ատելության բացակայությունը, ճիշտ է, նորմալ է, որովհետև չի կարելի թունավորել քո հասարակությանը։ Բայց միաժամանակ մենք պետք է մոբիլիզացված ազգ լինենք գիտակցության մակարդակով, ոչ միայն պրոպագանդայի, որ բոլորի գլխում դրված լինի: Մենք գիտակցված, արժանապատիվ քաղաքացիական կեցվածք պետք է ունենանք ոչ թե հոտային, այլ անհատական մակարդակով»,-ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:
Նրա գնահատմամբ՝ կոնֆլիկտի երկարաժամկետ լինելը մեզնից չէ կախված, գերտերությունների շահերից չի կախված, կախված է նրանից, որ Ադրբեջանի գործող ղեկավարությունը ցանկություն չունի, տարբեր պատճառներով, գնալ խաղաղության, գնալ համակեցության: Սա ակնհայտ, հերթական անգամ ապացուցված ճշմարտություն է:
Զանի Հարոյան
Leave a comment: