Announcement

Collapse

Forum Rules (Everyone Must Read!!!)

1] What you CAN NOT post.

You agree, through your use of this service, that you will not use this forum to post any material which is:
- abusive
- vulgar
- hateful
- harassing
- personal attacks
- obscene

You also may not:
- post images that are too large (max is 500*500px)
- post any copyrighted material unless the copyright is owned by you or cited properly.
- post in UPPER CASE, which is considered yelling
- post messages which insult the Armenians, Armenian culture, traditions, etc
- post racist or other intentionally insensitive material that insults or attacks another culture (including Turks)

The Ankap thread is excluded from the strict rules because that place is more relaxed and you can vent and engage in light insults and humor. Notice it's not a blank ticket, but just a place to vent. If you go into the Ankap thread, you enter at your own risk of being clowned on.
What you PROBABLY SHOULD NOT post...
Do not post information that you will regret putting out in public. This site comes up on Google, is cached, and all of that, so be aware of that as you post. Do not ask the staff to go through and delete things that you regret making available on the web for all to see because we will not do it. Think before you post!


2] Use descriptive subject lines & research your post. This means use the SEARCH.

This reduces the chances of double-posting and it also makes it easier for people to see what they do/don't want to read. Using the search function will identify existing threads on the topic so we do not have multiple threads on the same topic.

3] Keep the focus.

Each forum has a focus on a certain topic. Questions outside the scope of a certain forum will either be moved to the appropriate forum, closed, or simply be deleted. Please post your topic in the most appropriate forum. Users that keep doing this will be warned, then banned.

4] Behave as you would in a public location.

This forum is no different than a public place. Behave yourself and act like a decent human being (i.e. be respectful). If you're unable to do so, you're not welcome here and will be made to leave.

5] Respect the authority of moderators/admins.

Public discussions of moderator/admin actions are not allowed on the forum. It is also prohibited to protest moderator actions in titles, avatars, and signatures. If you don't like something that a moderator did, PM or email the moderator and try your best to resolve the problem or difference in private.

6] Promotion of sites or products is not permitted.

Advertisements are not allowed in this venue. No blatant advertising or solicitations of or for business is prohibited.
This includes, but not limited to, personal resumes and links to products or
services with which the poster is affiliated, whether or not a fee is charged
for the product or service. Spamming, in which a user posts the same message repeatedly, is also prohibited.

7] We retain the right to remove any posts and/or Members for any reason, without prior notice.


- PLEASE READ -

Members are welcome to read posts and though we encourage your active participation in the forum, it is not required. If you do participate by posting, however, we expect that on the whole you contribute something to the forum. This means that the bulk of your posts should not be in "fun" threads (e.g. Ankap, Keep & Kill, This or That, etc.). Further, while occasionally it is appropriate to simply voice your agreement or approval, not all of your posts should be of this variety: "LOL Member213!" "I agree."
If it is evident that a member is simply posting for the sake of posting, they will be removed.


8] These Rules & Guidelines may be amended at any time. (last update September 17, 2009)

If you believe an individual is repeatedly breaking the rules, please report to admin/moderator.
See more
See less

Հակոբ Պողոսյանի նոթատետրը

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • #11
    Re: Հակոբ Պողոսյանի նոթատետրը

    Պատերազմի Աղավնին. «Պատերազմը մարդու հոգին ավելի է նրբացնում, որովհետև էնքան ցավ ես տեսնում»
    Մարինե Մարտիրոսյան

    5 մարտի, 2015
    Սրճարանում Աղավնի Սահակյանն ու լուսանկարիչ Հակոբ Պողոսյանն արդեն խոսում էին, երբ նրանց միացա: Առաջին հայացքից անակնկալի եկա, երբ տեսա Աղավնուն:

    Հարդարված վարսերով, վարդագույն շրթներկով և մանուշագույն երանգով եղունգներով մի կին է նստել մեր դիմաց: Մազափունջը երբեմն ծածկում է նրա աչքերը: Մտածում եմ. «Այս կինը մասնակցել է պատերազմին»: Հակոբը մեր հարցազրույցներից շատերի ժամանակ լուսանկարներ է նվիրում մեր զրուցակիցներին, այն լուսանկարները, որոնք արվել են պատերազմի և խաղաղության ժամանակ: Աղավնին վերցնում է այդ լուսանկարները: Մենք լռում ենք, նա հատ-հատ նայում է դրանք: Ժամանակը, կարծես, լողում է այդ լուսանկարների վրայով: Փորձում եմ հասկանալ, թե ինչ է զգում այդ նկարները նայելիս: Հետո որոշում եմ հարցնել, թեև նման հարցերը հաճախ անիմաստ են լինում: «Ամեն ինչ զգում ես՝ և՛ ջերմություն, և՛ ցավ, և՛ նույնիսկ հաճույք: Ոչ մի բան հենց այնպես չի անցնում, նույնիսկ չի էլ անցնում: Երբեմն կարող եմ հիշել առանց նկարները նայելու: Պատահում է այնպես, որ մարդկանց հիշում եմ, հետո եմ նկարը նայում, այլ ոչ թե հակառակը»,- ասում է նա: Շարունակում եմ հարցս, թե արդյոք ծանր է հիշողությունների բեռը, թե հարմարվել է: «Ոչ, ցավոք սրտի, ծանր է, նույնիսկ ժամանակը չի օգնում, որ ադապտացվեմ»,- պատասխանում է:

    «Պատերազմ հո արծաթյա զարդերով չէի՞ գնալու»

    Աղավնու հետ մեր զրույցը սպիտակ կտորի վրա ասեղնագործության է նմանվում: Թելերը՝ նրա հիշողություններն են, որոնք ամեն օր նրա հետ են: Երբ հարցս սկսում եմ «հիշո՞ւմ եք» բայով, նա միանգամից ավելացնում է. «Ես ոչ մի բան չեմ մոռացել, որ հիշելու կարիք լինի»: Ես ժպտում եմ:



    Երբ ճակատ մեկնեց հայրն ու մայրն արդեն չկային, բայց, ասում է, եթե ողջ լինեին, իրենք էլ գուցե գային:

    Մասնագիտությամբ լեզվաբան է: Ավարտել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալասրանի ֆրանսերենի բաժինը: Բացի նրանից, որ ինստիտիտում բուժքրոջ գործ էր անցել, Արցախ գնալուց առաջ վիրաբույժի մոտ պրակտիկա էր անցել: Արցախ գնալուց առաջ ժամանակավոր աշխատել էր «Նաիրիտ» գործարանի տեխնիկական գրադարանում, այնուհետ՝ կրթության նախարարության ծրագրամեթոդաբանական բաժնում՝ որպես առաջին կարգի մասնագետ:

    «Ուզում էի թարգմանիչ աշխատել, քանի որ ավելի շատ անգլերեն գրականություն էր, տնօրենը խնդրեց մի որոշ ժամանակ աշխատել գրադարանում: Այդ ժամանակ «Նաիրիտում» շտաբ ձևավորվեց՝ պատերազմական գոտում բնակչությանը օգնելու: Մենք օգնում էինք Բերդաձորին»,- պատմում է Աղավնին: Իրենց օգնությունը տանում էին կառավարության առաջին հարկում գործող շտաբ, որտեղից էլ ուղարկում էին Արցախ: Մի օր էլ երբ օգնություն էին տարել, պատմում է զրուցակիցս, ինքը խնդրել է, որ իրեն էլ ուղարկեն Արցախ: Շտաբի աշխատակիցն ասել է՝ եթե քեզ ուղարկեմ, այդ դեպքում ամբողջ սնունդը չենք կարող ուղարկել: Աղավնին ասել էր, որ կսպասի:

    Այնուհետ դիմել էր «Ղարաբաղ» կոմիտե՝ իրեն Արցախ ուղարկելու համար: «Որոշեցի գնալ, որովհետև անորոշությանը չէի դիմանում: Այսինքն՝ ամեն բան լսում էինք՝ զոհեր, վիրավորներ, և նույնիսկ հաճախ չէինք հավատում այդ ինֆորմացիային»,- պարզաբանում է նա: 1992 թ. ապրիլի 3-ին էլ նա գնաց Արցախ: Իսկ Արցախ գնալուց առաջ արծաթյա բոլոր զարդերը բաժանել էր ընկերուհիներին՝ որպես հիշատակ իրենից, ասելով՝ «չգիտեմ, կգամ թե չեմ գա»: Օդանավակայանում ընկերուհին՝ Նունեն, հայելի էր գնել իր համար: Հայելին ու սանրը հարդարման միակ պարագաներն էին, որ տարել էր իր հետ: «Պատերազմ հո արծաթյա զարդերով չէի՞ գնալու»,- ծիծաղում է:

    Արցախ էին գնացել ուղղաթիռով, որտեղ կային նաև «աշխարհի» բժիշկները: Ուղղաթիռի մեջ դիզելային վառելիքով 2 բաք կար ու նաև Երևանում մահացած մի ստեփանակերտցու դի: Բաքերը ծակվել էին, ու վառելիքը դուրս էր գալիս: Աղավնին պատմում է, որ իր մոտ սպիտակ կտորներ կային, որոնք բարեկամուհին էր դրել իր հետ վիրակապերի համար, հանել էր, դրել բաքերի վրա, որպեսզի վառելիքը ներծծվի: «Ֆրանսիացի բժիշկներից մեկի հետ սկսեցի խոսել ֆրանսերեն: Ասացի՝ ինչ ահավոր է, հիմա ուղղաթիռին մի բան լինի, էս խեղճ մարդը, որ մահացել է, մահացած էլ չի հասնի իր հողին: Միշելն ասաց՝ Աղավնի, էսքանս ողջ մարդիկ ենք, չես մտածում մեր մասին, մտածում ես մահացածի մասի՞ն»,- հիշում է զրուցակիցս:

    Խոջալուի օդանավակայանում էին իջել, հետո բեռնատարով գնացել հոսիպտալ, այդտեղից էլ՝ շտաբ: Կոմանդոսն էր այնտեղ: Նրան ասել էին, որ դիրքեր են ուզում գնալ: «Ուղարկեք «26»: Այսպես ասաց Կոմանդոսը: Չգիտեի էլ, թե ինչ դիրքեր են դրանք: Ասացի՝ լավ, շնորհակալություն: Կոմանդոսն ասաց՝ ի՞նչ շնորհակալություն, գնացեք-գնացեք, վաղը հետ եք գալու: Կարծում էր՝ հետ ենք գալու»,- այս մասին պատմելիս ժպտում է: Նրա ժպիտի ժամանակ ուշադիր նայում եմ աչքերին, իսկ նա հայացքը կախում է սեղանին:

    «Հենց առաջին օրը բարձրացանք դիրքեր: Էդ բնությունը կախարդական էր՝ ցեխ էր, անձրև էր, բայց մի հրաշք անտառ էր, դրախտային էր: «26»-ի դիրքերն էին»,- ասում է «26»-ի բուժքույրը, հետո ավելացնում, որ իրեն ամենադժվար պահերին օգնել է բնությունը:

    «Առաջին կրակոցս դեպի Շուշի էր»

    Մեր զրույցը բազմաճյուղ է: Մենք խոսում ենք պատերազմական դրվագներից, կենցաղային պայմաններից, ճաշ եփելուց: «Պատերազմի դաշտում կարևոր ու երկրորդական գործեր չկան: Եթե պետք է, պիտի ճաշ պատրաստես, եթե պետք է, պիտի էրեխեքի շորերը լվանաս»,- նկատում է բուժքույրը: Նա ազատամարտիկ տղաների մասին խոսելիս երբեմն ասում է «էրեխեքը»: Մանկավարժական սովորություն է, բացի դրանից, տարիքով էլ մեծ էր նրանցից:

    «Բլինդաժի դիմաց նստում էինք, կարտոֆիլ մաքրում: Շուշիից որ կրակում էին, մեր անտառի ծառերն էլ շատ բարձր էին, ճրթճրթյունը, որ փամփուշտները կպնում էին, ճյուղերը կոտրվում էին, լսում էինք: Ու ամենակարևորը չէինք վախենում,- ասում է նա՝ ընդգծելով,- հայրս շատ խորհուրդներ ու կոդեր է տվել ինձ: Ասում էր՝ վախենալ պետք չէ, մարդ ինքը պետք է հանի իր վախը: Որ վախենաս, ավելի վատ կլինի»:

    Աղավնու պատմելով՝ «26»-ի դիրքերը նպաստավոր չէին: «Եթե մի անգամ գլուխներս հանեինք, նրանք կարող էին ամեն մեկի համար մի արկ բաց թողնել: Շատ ունեին, իսկ մենք ամեն ինչին չէ, որ պատասխանում էինք: Զինամթերքը շատ չէր, իրենք կարող է 4-5 հատ կրակեին, նոր մենք մի պատասխան տայինք: Երբ արկերը գալիս էին, մի տղա ունեինք, ասում էր՝ էս մերը չի, ոնց որ զգում էր, որ անցնելու է կամ ընկնելու է... Դրա համար ավելի լավ է ցայտնոտի մեջ չընկնես»,- հիշում է Աղավնին:

    «Ի միջիայլոց, ես ամենառաջին կրակոցս արել եմ դեպի Շուշի: Արայիկն ասաց՝ կուզե՞ս կրակես, ասացի՝ հա: 7 անգամ կրակել եմ, ասացի՝ առաջինը դու կրակիր, հետո՝ ես: Հետո ասացի՝ Արայիկ, բայց հետո չեն խոսա՞, որ իզուր կրակում ենք: Ասաց՝ իզո՞ւր է, բա սովորում ես կրակել»,- սա պատմելիս ժպտում է:



    Աղավնու շարժումներում նրբություն կա: Նրա խնամված մատներին եմ նայում ու մտածում՝ տեսնես, ոնց է զենք բռնել: Հետո հարցնում եմ, թե զենք ուներ արդյոք: Ասում է՝ զենք չի սիրել, բայց հետո Յուրա Հովհաննիսյանը՝ «26»-ի Յուրան, իր ԱԿՍ-ն էր (ծալովի կոթով ինքնաձիգ) նվիրել, չնայած կրկին հրաժարվում էր վերցնել:

    «Ամբողջ Մայիսմեկյան փողոցի ցուցանակները ջարդեցինք»

    «Շուշիի ազատագրման օրը մի մտքի վրա բռնացրի ինձ: «Յո երթասի» մեջ որ նկարագրում է, թե ինչպես Ներոնը վառեց Հռոմն ու հիանում էր դրանով, միշտ մտածում էի, ոնց կարելի է հիանալ դրանով: Իսկ երբ տեսա Շուշիի այրվող հիվանդանոցը, սկսեցի ուրախանալ, որովհետև դա նշանակում էր, որ մերոնք մեջն էին, իրենք են տիրապետում դրությանը: Մեկ էլ հանկարծ ուշքի եկա, թե ինչի վրա եմ ուրախանում: Վազելով գնացի, ասացի՝ էրեխեք դուրս եկեք, տեսեք»,- պատմում է պատերազմի բուժքույրը:



    Մայիսի 13-ին առաջին անգամ են մտել ազատագրված Շուշի: Հիշում է, որ մթնշաղ էր, և առաջին տեղը, որ մտել են, Ղազանչեցոց եկեղեցին էր: «Բարձրացա մինչև երկրորդ հարկ, ապշած էի, շոշափում էի, տեսնեմ, իրոք իրականություն էր, թե երազ էր: Մոմեր ունեինք, վառեցինք: Առավոտյան նորից մտանք, բայց ուրիշ էր առաջին զգացողությունը»,- ասում է զրուցակիցս: Հետո նշում է, որ մի բան կար, որ ճնշում էր իրեն: «Արայիկի հետ քայլում էինք: Ինքն էլ այդ ճնշվածությունը զգում էր: Քայլեցինք, քայլեցինք, ասացի՝ Արայիկ, ես գտա դրա պատճառը, այ, էս ապուշների տառերն են, արի, ի՞նչ կլինի, ջարդենք էդ ցուցանակները: Ամբողջ Մայիսմեկյան փողոցի ցուցանակները ջարդեցինք էլ ավտոմատով, էլ փայտով, էլ քարով»,- ասում է նա:

    Մարտակերտի կարմիր վարդերը

    Աղավնու պատերազմական լուսանկարներից մեկն արվել է 1994-ի մայիսի 12-ին՝ հրադադարի հաստատման օրը: Այդ օրը Մարտակերտում էին: Հրետանու շտաբը գտնվում էր Մարտակերտի «Ջրաբերդ» հյուրանոցում, բուժկետն էլ լյուքս համարներից մեկում էր: Լուսանկարում կանանց ձեռքին կարմիր վարդեր են: Հարցնում եմ՝ որտեղի՞ց էին: Ասում է՝ Մարտակերտից: Հետո միանգամից մազափունջը թեթև հետ է գնում, երևում են նրա խորը աչքերը: Մարտակերտի թավշյա կարմիր վարդերը շատ էր սիրում նաև Կարինեն (Կարինե Գևորգյանը, ում հետ Աղավնին ծանոթ էր դեռ «Նաիրիտում» աշխատելիս: Նա քլորի արտադրամասի պետն էր). «Կարինեի և Յուրայի զոհվելուց հետո ես խոստացա, որ իրենց գործը կշարունակեմ ևս 10 տարի: Ամեն տարի նրանց համար կարմիր վարդեր էի տանում Մարտակերտից»:

    Կարինեն զոհվեց 1993 թ. հունիսի 13-ին, իսկ Յուրա Հովհաննիսյանը՝ նույն թվականի հունիսի 27-ին: Երկուսն էլ զոհվեցին Մաղավուզում:

    Հաղթանակը, որ պահել է պետք

    Պատերազմի ամենամեծ ձեռքբերումը հաղթանակն էր, ասում է Աղավնին. «Այդ հաղթանակը պահելու հարցում թերացել ենք բոլորս՝ ամենալավ կռվողից մինչև ամենավատ ղեկավարը: Դա մեր բոլորի սխալն է: Անգամ այն ձեռքբերվածը, որ ամենասուրբն էր, դա էլ աղավաղվեց»:



    Այսօր պատերազմի մասին բոլոր փաստերը, Աղավնու խոսքով, աղավաղվում են, մինչդեռ ականատեսները լռում են: «Հիմա տեսնո՞ւմ ես՝ ազատամարտիկները քանի շերտի են բաժանվել: Դա մեր ամոթն է: Իրենք բոլորն, առանձին-առանձին վերցրած, կռվել են, ավանդ ունեն՝ ամեն մեկն իր չափով: Իսկ նրանք, ովքեր չգիտեն ձեռք բերածի գինը, բոլորին հանել են իրար դեմ: Էս ի՞նչ վիճակ է: Կանգնած ենք այս շահած հաղթանակը կորցնելու եզրին»,- ասում է Աղավնին:

    Անցյալի մասին երբ խոսում էինք, նրա ձայներանգի պես մեղմություն կար, ներկայի դեպքում՝ հակառակն է:

    «Այս հաղթանակի գինը ո՞նց է հասկանում այն մարդը, որ այդ հաղթանակ կերտողին միտումնավոր բանտում մեկուսացնում է, թե ինչ է՝ չպայքարի: Վոլոդյա Ավետիսյանի պես գնդապետն ի՞նչ գործ ունի բանտում,- հարցնում է նա, շարունակելով,- Ժիրայր Սեֆիլյանի պես հրամանատարը, ազատամարտիկը, ում քաղաքացիություն չեն տալիս, նեղում են ամեն կողմից, բայց քանի որ իր առաքելություն է պայքարելը, դա իր գաղափարը չի փոխում: Ինքը երբեք չի ընկճվում: Տեսնո՞ւմ ես՝ բոլորն իր դեմ են: Բայց ինքը հանուն հայրենիքի է»:

    «Այսօրվա հերոսները չեն փոխվել, ուղղակի մարդիկ են ասպարեզ եկել, ովքեր ներկայանում են՝ որպես հերոս: Հիմա էսքանս որ ողջ ենք մնացել՝ չգիտեմ պատահաբար, թե ոնց, ուրեմն, առաքելություն ունենք անելու, չէ՞: Զոհվածների արյունը հենց այնպես պիտի գնա՞, էդ ո՞նց: Եղավ, որ հիմա իրենց ստրո՞ւկն ենք: Կամ էդ մի քանի թափթփուկների համա՞ր ենք արել, որ իրենք թալանեն, հարստանան, ուռճանան»,- ասում է նա:


    «Նույն խրամատի մարդիկ հիմա դիմացի խրամատից են իրար նայում: Ո՞նց կարելի է: Բայց միևնույնն է՝ արդարությունը միշտ էլ հաղթում է»,- նշում է զրուցակիցս:

    Ազատամարտիկը, ըստ նրա, մարդու տեսակ է, որ ոչ միայն կռվի դաշտում, այլև առօրյա կյանքում ունի իր որակը: Ազատամարտիկը նաև դպրոց է: Օրինակ, նշում է Յուրա Հովհաննիսյանին: Ասում է՝ երբեք թույլ չէր տալիս կռվի ժամանակ բացի սննդից և զենքից այլ բան վերցնել, իր օրինակով առաջինն էր ցույց տալիս դա: Մի անգամ տղաներից մեկը մագնիտոֆոն էր վերցրել հետախույզների «Ուրալի» համար, երբ Յուրան դուռը բացել էր և տեսել դա, առանց հարցնելու, թե ով է վերցրել, ջարդել էր:

    Հարցնում եմ մեդալներից: Ասում է՝ ստացել է «Մայրական երախտագիտություն», «Անբասիր ծառայության համար», «Շուշիի ազատագրման համար», «Արիության համար», «Վազգեն Սարգսյան», բայց իր համար ամենակարևոր մեդալը համարում է հաղթանակը: Իսկ այն ոչ ոք չի կարող հանձնել. այն պետք է կարողանաս պահել:

    Օրագրությունը

    Մեր զրույցի ավարտին եմ իմանում, որ Աղավնին պատերազմական դաշտի օրագրություն է արել, նույնիսկ բանաստեղծություններ է գրել: Ասում է՝ դեռ չի հրապարակել, կհրապարակի, երբ ժամանակը գա: Մենք երկար զրուցում ենք: Աղավնին անուն առ անուն հիշում է պատերազմի մասնակիցներին: Երբեմն հերթով առանձնացնում է, օրինակ, բժիշկ Արցախ Բունիաթյանին, ով, ըստ նրա, ոչ միայն լավ մարդ էր, այլև լավ բժշիկ: Ամեն վիրավորի վիրակապելիս կամ վիրահատելիս գրում էր նրանց մասին, հայտնի է նրա «Արյունոտ Մարտակերտ» շարքը: Բացի դրանից, Ա. Բունիաթյանը Նժդեհի մասունքները բերողներից, պահպանողներից մեկն է եղել:



    «Պատերազմը նաև դաստիարակում է մարդուն: Մեկ-մեկ ինձ ասում են՝ երբ պատերազմում ես լինում, կոշտանում ես, բայց չեմ ընդունում դա: Պատերազմը մարդու հոգին ավելի է նրբացնում, որովհետև դու էնքան ցավ ես տեսնում: Միշտ գթասրտության, օգնելու հետ գործ ունես»,- ասում է զրուցակիցս: Իր համար սովորական չի դարձել վիրավորներ տեսնելը: Այս մասին անշտապ է խոսում: Ասում է՝ երևույթին կարող ես վարժվել, բայց ոչ ապրումներին:

    «Կանայք կան, որ ծխում են, ասում են՝ պատերազմից է, բայց չեմ ընդունում, դա չի օգնում: Բուժքույրերի՝ պատերազմի դաշտում լինելու գրավականներից մեկն իրենց կանացիությունն էր, սաստում էիր դրանով: Ամենավատ պահերին էլ, երբ հայհոյում էին թուրքին, հենց տեսնում էին, որ մենք էլ իրենց կողքին էինք, լռում էին»,- նշում է Աղավնին:



    Մեր զրույցի վերջում նա պայուսակից հանում է կանաչ շապիկով տետրն ու կարդում իր գրած բանաստեղծություններից երկուսը: Մեկն արդարության մասին է, մյուսն այն մասին, երբ երկչոտին «Արիության» մեդալ էին տվել: Բանաստեղծությունների վերջում ամսաթիվն է, որ գրված է Մարտակերտում և «Աղուն» ստորագրությունը: Սրճարանից դուրս ենք գալիս, քայլում ենք, ու այն զգացողությունն է, որ մեր զրույցը, կարծես, կիսատ է մնացել: Ասելիքի խտությունն է պատճառը: Հպանցիկ հարցնում եմ նրան, թե կարոտում է արդյոք Ղարաբաղը: Մի քանի վայրկյան անց է պատասխանում՝ «Այո... Շատ»...

    Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի, Մաքս Սիվասլյանի, Ռուբեն Մանգասարյանի, Զավեն Խաչիկյանի

    «Շուշիի ազատագրման օրը մի մտքի վրա բռնացրի ինձ: «Յո երթասի» մեջ որ նկարագրում է, թե ինչպես Ներոնը վառեց Հռոմն ու հիանում էր դրանով, միշտ...

    Comment


    • #12
      Re: Հակոբ Պողոսյանի նոթատետրը

      «Տղերքից շատերն ասում են` երանի զոհվեինք, բայց էս ձևի երկիր չտեսնեինք»
      Մարինե Մարտիրոսյան

      25 փետրվարի, 2015
      Երևանյան հանրակացարաններից մեկի կաթնագույն միջանցքում, կարծես, հանդարտություն է: Մեր ձայնը մերթընդմերթ արձագանքում է: Մենք գնում ենք ազատամարտիկ Էռնեստ Շեկյանի մոտ: Դուռը բացում է նրա եղբայրը, Էռնեստը շտկվում է տեղում՝ մահճակալին նստած: «Ծերո՞ւկ, ո՞նց ես»,- հարցնում է նրա մարտական ընկերներից Հովսեփը: Էռնեստը ժպտում է, իսկ նրա ժպիտի մեջ բարի բան կա, աչքերում` խիտ տխրություն: «Ես խոսել չեմ սիրում պատերազմի մասին»,- անշտապ ասում է մեզ՝ պատուհանից այն կողմ նայելով, ի՞նչ պիտի ասեմ, ուսերը թոթվելով՝ ավելացնում է: Արևի մի քանի շող կաթում է նրա դեմքին: Հայացքը դարձյալ մեզ է դարձնում: Չգիտեմ էլ ինչ ասեմ, ժպտում եմ: Սենյակում մի քանի վայրկյան այնպիսի լռություն է, որ ոչ թե դատարկ տարածությունից կամ խոսելու նյութ չունենալուց է, այլ՝ հակառակը:

      Քիչ անց ձայնագրիչս միացնում եմ, դնում սեղանին: Հարցնում եմ՝ արմատներով որտեղից է: Ասում է՝ Աշտիշատից է, ծնվել է Ղարաբաղում, մեծացել է Եղվարդում, իսկ ապրում է Հովտաշենում (ԼՂՀ Մարտակերտի շրջան):

      «Ես զոհեր չեմ հաշվում, իրենք զոհված չեն»

      «90 թ. ամառվանից գնացի Մարտակերտի և Շահումյանի շրջան, զենք-զինամթերք էի տեղափոխում գաղտնի ճանապարհով՝ համ հայերից էինք փախնում, համ թուրքերից, համ ռուսներից»,- ասում է Էռնեստը: Մինչ այդ սովորում էր Մոսկվայի լեռնային ինստիտուտում, մասնագիտությամբ ստորգետնյա շինարարության ինժեներ է: Ավարտելուց հետո Մեղրաձորի հանքում էր աշխատում: Հենց այդ ժամանակ էլ սկսեց զենք-զինամթերք տեղափոխվել Ղարաբաղ: Մանրամասներ չի նշում: 90-ականներին, ասում է, իրավիճակը լարված էր սահմաններին: 1992թ.-ին դաշնակցական Վահան Հովհաննիսյանի խորհրդով անցավ Դաշնակցության վաշտ, որն այնուհետ կոչվեց Շուշիի առանձնակի գումարտակ:


      «4 եղբայր էինք, մեկին տունը թողեցինք, բայց նա էլ փախավ-եկավ»,- ասում է Էռնեստը: «Փաստորեն, 4 եղբայրներով մասնակցե՞լ եք պատերազմին»,- հարցնում եմ նրան: «Փաստորեն, այո»: «Ընտանիքում ո՞նց հաշտվեցին այդ լուրի հետ»,- հետաքրքրվում եմ նրանից: Մեղմ ժպտում է: Ասում է՝ մայրը 1981 թ.-ին մահացավ, իսկ հայրը հասկացավ իրենց: «Պապս ժողովրդի թշնամին էր՝ 25 տարի աքսորի մեջ էր, 10 տարի՝ ձայնազուրկ: Հայրը դաշնակցական էր, դրա համար աքսորեցին, ինքն էլ գերի ընկավ պատերազմում ու փախավ, փախավ Շառլ դը Գոլի բանակ»,- բացատրում է նա:

      Իսկ պատերազմի թեժ մարտերն սկսեցին 92-ի փետրվարի 5-ից՝ Մանիքլու, Կարաչինար, Բաշ Գյունեփայա, Ջանյաթաղ... Մարտերը դեմ առ դեմ էին: Հարցնում եմ, թե այդ մարտերին քանի զոհ ունեցանք, անկեղծ ասած, չհասկացա էլ, թե ինչու հարցրեցի այդ մասին: «Ես զոհեր չեմ հաշվում, իրենք զոհված չեն»,- պատասխանում է զրուցակիցս: Էռնեստի հայացքում տխուր աչքերը փոքրանում են, մի քանի նուրբ կճիռներ են փնջվում աչքերի շուրջ. կարծես, հեռու տեղերից ինչ-որ բան է հիշում, ինչ-որ բան է վերապրում:



      «93-ին վերցրել ենք Ղուբաթլուն, Ջաբրայիլը, հետո վերադարձանք Աղդամ, հետո նոյեմբերին գնացինք Զանգելան, որտեղից եկանք Ֆիզուլի: Ամենադաժան մարտեր էին Ֆիզուլիում՝ 93-ի դեկտեմբեր-94-ի հունվար: Էդ ժամանակ էլ վիրավորվեցի, Ֆիզուլիում՝ 94-ի հունվարի 31-ին զույգ ոտքերիցս վիրավորվեցի, եթե ապարանցի Պավլիկը լիներ՝ կասեր 4 ոտքերից»,- ծիծաղում է, ծխախոտի գլանակն է հանում: Ծխելուց հաճախ է նայում պատուհանից այն կողմ, որտեղ չորացած մի ծառ է երևում: Նրան տեղափոխել էին Երևան, ոտքի վիրահատություն էին արել՝ ծնկի մեջ տեղադրելով պլաստմասսա, ինչպես ինքն է ասում, իսկ մյուսում մինչ օրս 2 բեկոր կա, որ չի հանել: Ասում է՝ նեղություն չի տալիս, հանելը կարող է վտանգավոր լինել, քանի որ նյարդի մոտ է:

      Պատերազմից հետո

      1994 թ. մայիսի 14-ի հրադադարից 10 օր անց Էռնեստը վերադարձավ գումարտակ: Ասում է՝ հրադադարի լուրը Երևանում լսեց, բայց եթե հրադադար չլիներ, ու իրենց չխանգարեին, առաջ կգնային: Իսկ դա, ըստ նրա, մեծ պետությունների խաղեր էին: «Պատերազմը դեռ չի վերջացել ինձ համար, հայ ազգի համար պատերազմը երբեք չի վերջանա, որովհետև խաչմերուկում ապրող ազգ ենք»,- ասում է նա:



      Հարցնում եմ, թե կային արդյոք մարտեր, երբ հաղթելը դժվար էր թվում: Ասում է, որ երբեք չի մտածել, թե թշնամին իրենից ուժեղ է: «Թուրքն ինձ համար շարժվող թիրախ էր, որին խփել էր պետք: Բայց, օրինակ, եթե ասեն՝ կենդանի մորթի, չեմ կարող»,- շեշտում է ազատամարտիկը: Պատերազմում կորցրածի, ձեռքբերածի մասին ենք խոսում: «Կորցրեցի լավ մարդկանց»,- սա ասելուն պես, նրան ընդհատում է ընկերը, թե «ձեռք չբերեց կին»: Ծիծաղում ենք, իսկ Էռնեստը լուռ է: «Ֆիդային իրավունք չունի ամուսնանա, Աղբյուր Սերոբի պատմությունը կարդացեք, կիմանաք»,- նկատում է նա:



      Ասում է՝ պատերազմի տարիներին մարդկություն կար, որ այսօր չկա: Հիմա էլ հիմնականում շփվում է իր մարտական ընկերների հետ: «Հողի և ընկերներիս հետ եմ շփվում հիմնականում: Որ հանդիպում եմ, ոնց որ ներվային համակարգս հանգստանա: Միշտ էդ ենք հիշում, ծերացել ենք, անցյալի հուշերով ենք ապրում»,- նշում է նա: «Ասում են՝ հումորը նույնիսկ պատերազմի դաշտում էր, տղերքից շատերը անեկդտոներ են պատմում այդ տարիներից: Ճի՞շտ է»,- մեր խոսակցությունը սոսնձելու համար եմ հարցնում: Սկսում է ծիծաղել, թե էնքա՜ն շատ են եղել էդպիսի դեպքերը: Հովսեփն ավելացնում է, որ ամեն մարտից հետո տղերքի անեկդոտների շարան էր լինում, թե ով ոնց պահեց իրեն կռվի ժամանակ:

      «Մի բուռ» հումոր՝ մարտի դաշտից

      «93-ի գարնանն էր, Քյուրդլարը Աղդամի շրջանում էր, որ գրավեցինք, տղերքից մեկը մի թուրքի գերեզման էր գրկել, թե՝ մամ ջան, մամ ջան: Խմած էր: Սաքոն թե՝ այ գյադա, էդ թուրք ա, մերդ չի: Գիտեր, թե իր մոր գերեզմանն էր:

      Մեկ էլ հիշում եմ՝ 93-ի վերջերն էին, Սպիտակից մի Նորիկ ունեինք՝ Ռեմբո էինք ասում, ծանր զենքերը մերն էր դե, հակատանկային ֆագոտի օպտիկան շրջել էր մեր ԴՇԿ-ի կողմը, թե՝ թուրքի ԴՇԿ եմ ճարել: Հրազդանցի Գուգոն էլ գնաց-կանգնեց, ասաց՝ կարո՞ղ ա ես էլ թուրք եմ, հըլը նայիր: Գառնիկն էլ ասաց՝ լավ ա տանկը չի տեսել, թե չէ նաղդ կտար-կսպաներ մեր տանկը»,- պատմում է Էռնեստը: Փոքր սենյակը լցվում է մեր ծիծաղի ձայներով, բոլորս ծիծաղում են: Հերթով սկսում են պատմել մարտի դաշտից անեկդոտները, երբեմն իրար լրացնում են, երբեմն ուղղում տարեթիվը կամ վայրը:

      «Երևանից տղերք էին եկել բանակումներ անցկացնելու, մեր ընկերներից մեկը՝ պարսկահայ Հարմիկը, լավ սպորտսմեն էր, թաեքվոնդոյի չեմպիոն: Բացատրում է, որ ցանկացած արկի պայթյունից բեկորները 30 աստիճանով են թռնում, որ եթե մի քանի մետր հեռու պառկած լինես, հնարավոր է՝ վանսվածք չունենաս: Գրանատը մոտն էր, ասում է՝ եթե հիմա քաշեմ... Էս էրեխեքը սկսում են ծիծաղել, քաշում է, թե՝ պիտի պաշտպանվեք, ինքը պառկում է, մնացածն սկսում են ծիծաղել... Մարտակերտից մի օր գալիս եմ Շուշի, տեսնում եմ էրեխեքը ձեռքները փաթաթած (նռնակի պայթյունից են վիրավորվել- հեղ.), նստել են, ասացին՝ Հարմիկը բանակումներ է անցկացրել: Էդքան ժամանակ մենք էնքան վիրավոր չտվեցինք մարտական գործողություններում, պատերազմական լինիայից 100-քանի կմ հեռու էդքան վիրավոր տվեցինք»,- Հովսեփի պատմելուց հետո Էռնեստն ավելացնում է. «Վերջում հայհոյում է [Հարմիկը], ասում է՝ լավ եմ արել: Հաջորդ օրն էլ տեսա՝ հակատանկային ականները դրել էր, ասացի՝ էսօր քանի՞ զոհ ես ունենալու, ասաց՝ երեկ զոհ չի եղել, վիրավոր է եղել, բաբամ»:

      «Ծերուկ, դու ինձ հիշեցնում ես Էռնեստ Հեմինգուեյին»

      1994-ից մինչ 2003 թ. Էռնեստը ծառայել է ԼՂՀ պաշտպանության բանակում: 1995 թ.-ին Եղվարդից տեղափոխվել է Հովտաշեն, մեկ տարի՝ 95-96 թթ. եղել է Հովտաշենի ութամյա դպրոցի տնօրեն: Ասում է՝ 27 աշակերտ ունեին, մանկավարժները բարձր կրթությամբ էին:

      Իսկ ծառայությունից դուրս է եկել 2003 թ.-ից՝ առողջական խնդիրների պատճառով: Ասում եմ՝ Ձեր առողջությունը թողել եք մարտի դաշտում: Հովսեփը լրացնում է խոսքս, թե փոխարենը հայրենիք է ձեռք բերել: «Հայրենիք դեռ ձեռք չեմ բերել»,- ասում է Էռնեստը:



      Ծառայությունից դուրս գալուց հետո հաշմանդամության երկրորդ կարգը դարձրել են երրորդ: «Փող չտվեցի, երևի դրա համար»,- պարզաբանում է զրուցակիցս: Ասում է՝ էնքան տղերք գիտի, որ փող են տվել հաշմանդամության կարգ վերցրել, բայց երբեք չեն եղել պատերազմում: Պատմում է մի դեպք, երբ ոտքը կտրած ազամարտիկին մի քանի անգամ տարել-բերել է հանձնաժողովը, մարդն այնքան է զզվել, որ ասել է՝ կարո՞ղ է գիտեք՝ ոտքս ծառ է, ջրեմ, աճելու է:

      Չորս եղբայրներից մեկը մահացավ 2005 թ.-ին՝ սրտի կաթվածից: «Սրտին ամեն ինչ մոտ էր ընդունում, չդիմացավ»,- նշում է Էռնեստը: Եղբայրներից միայն մեկն է մինչ օրս ծառայում բանակում: Երկրի ներկայից եմ ուզում հարցեր տալ, բայց հրաժարվում է, ասում է՝ ոչինչ էլ չի մտածում երկրի մասին, իր համար կարևորը Հայ դատն է: «Դառնանո՞ւմ եք ինչ-որ բանից»,- շարունակում եմ հարցս:

      «Կարող ա վատ զգամ, բայց չարտահայտվեմ: Մենք մեզ ենք մեղադրում, որովհետև մենք էս ձևի երկիր չէինք ուզում ունենալ, տղերքից շատերն ասում են, էլի, երանի զոհվեինք, բայց էս ձևի երկիր չտեսնեինք,- սա բաց նյարդ էր, որը միանգամից փոխեց սենյակում քիչ առաջ զվարթ մթնոլորտը:- Կռվի տարիներին մարդկություն կար, կռվողի համար կուսակցություն նշանակություն չուներ»: Իսկ հիմա… Հիմայի մասին խոսել չի լինում, որովհետև այս մարդկանց հիման լցված է անցյալով:

      «Մարդու ճակատին ինչ գրված է, էն էլ կլինի»,- ասում է զրուցակիցս: «Ծերուկ, դու էս պահին ինձ հիշեցնում ես Էռնեստ Հեմինգուեյին»,- վրա է բերում Հովսեփը՝ շարունակելով. «Նման էլ ա, չէ՞»: «Բայց ես սամալյոտից չեմ ընկնելու»: «Չէ, դու գնալու ես ծով՝ ձուկ բռնելու»:

      Ձայնագրիչն անջատելուց հետո դեռ խոսում ենք: Նրանք մեզ խնդրում են սպասել, որ սուրճ հյուրասիրեն: Հրաժարվում ենք: Էռնեստը հասնում է հանրակացարանի դռան մոտ, ժպտում է, իսկ ժպիտի մեջ բարի մի բան կա:

      Հ.Գ. Էռնեստ Շեկյանը Երևանում է բուժման նպատակով:

      Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի և Հակոբ Բերբերյանի

      Երևանյան հանրակացարաններից մեկի կաթնագույն միջանցքում, կարծես, հանդարտություն է: Մեր ձայնը մերթընդմերթ արձագանքում է: Մենք գնում ենք...

      Comment


      • #13
        Re: Հակոբ Պողոսյանի նոթատետրը

        «Պատերազմն էլ նույն անձրևն է՝ ազգն է մաքրում»
        Մարինե Մարտիրոսյան

        20 փետրվարի, 2015

        Լուսանկարիչ Հակոբ Պողոսյանի հետ սպասում ենք երգիչ Մակիչին: Հակոբը պատմում է, որ Մակիչը՝ Մկրտիչ Մկրտչյանը, Արցախյան պատերազմի մասնակիցներից է, եղել է Շուշիի առանձնակի գումարտակում: Քիչ հետո մեզ է միանում երգիչ-ազատամարտիկը: Հակոբը նրան պատերազմի տարիներին արված գունավոր լուսանկարներ է տալիս: Մակիչը վերցնում է դրանք, ուշադիր նայում, հետո սկսում են խոսել լուսանկարում պատկերված տղերքից: «Էն ժամանակվա ու էսօրվա Մակիչը շա՞տ է փոխվել»,- հարցնում եմ նրան: Լուսանկարները մի կողմ դնելով՝ մի քանի վայրկյան լռում է: «Պատկերացրու որ նույնն է, ուղղակի իրավիճակն է փոխվել: Հիմա կռիվ չկա, մենք նույնն ենք: Տեսակը չի փոխվում»,- ասում է նա:

        Ցաքուցրիվ մտքերը ներկայի մասին քիչ-քիչ խմբվում են: Եթե նորից պատերազմ սկսի, իրենց տեսակը կհայտնվի նույն կյանքի մեջ: Սա միանգամից է ասում, ձայնի մեջ վճռական տոն կա: Հետո նշում է, թե ճիշտ է, իրենք 20 տարի առաջվա երիտասարդները չեն, բայց հո դա չի խանգարի, իրենք դեռ պատերազմի ժամանակ 60 տարեկան ընկեր ունեին, որ հավասար կռվում էր իրենց հետ:

        Կրպեյանի հետ հանդիպումը

        Մակիչն արմատներով Սասունից է: Ծնվել է Թալինի Սասնաշեն գյուղում, իսկ մեծացել է Աշտարակի Սասունիկ գյուղում: Երբ պատերազմն սկսեց, սովորում էր Կոմիտասի անվան կոնսերվատորիայի 3-րդ կուրսում: Համերգներից մեկի ժամանակ Մակիչի մորաքրոջ տղայի հետ գնացել էր նաև Թաթուլ Կրպեյանը: Այդ ժամանակ Կրպեյանին չէր ճանաչում: Հիշում է, որ իր երգելուց հետո Կրպեյանը, որ աչքի էր ընկնում թավ մորուքով, սկսեց ծափահարել: Հետո ծանթացան: Թաթուլն ասել էր, որ «Մարաթուկ» խմբի ղեկավարին էր դիմել՝ Գետաշենում համերգ տալու համար, որ տեղացիների ոգին բարձրացնեն: Խումբը, սակայն, պատասխանել էր, որ այդ օրերին Ամերիկա պիտի գնան:



        «Թաթուլը գնացել էր հանրակացարան, տխուր նստել, ես էլ ասացի՝ ի՞նչ ես մտածում, ես կգամ-կերգեմ: Վերջը համոզեցի, գնացի: Համերգը տվեցի, մի երկու օր անցավ, ասացի՝ էլ ո՞ւր եմ ուզում գնալ, դրախտ եմ եկել, գնամ կանգնեմ դաշնամուրի մոտ երգե՞մ, անիմաստ էր: Վերջը Թաթուլին ասացի, որ չեմ ուզում գնալ, չհամաձասյնեց, թե՝ դու աշխարհին պիտի ասես հայ ազգն ով ա»,- պատմում է երգիչը:

        Այնուհետ Մարտունաշենում երգելու էր գնացել, որից հետո պիտի վերադառնար Երևան: Մակիչին ճանապարհելիս եկել էր «Արաբոյի» հրամանատարներից Բագրատը, ով տեղյակ չէր նրա՝ Երևան գնալու մասին: «Հարցրեց, թե Մկո, էս ի՞նչ ես անում, ուղեղս աշխատեց, ասացի՝ հեչ, եկել եմ մարդ ճանապարհեմ, հետո ասաց՝ ի՞նչ գործ ունես գետաշենցիների հետ, արի գնանք մեզ մոտ: Ասի՝ գնանք, նստեցինք հին «Վիլիսն» ու գնացինք»,- նշում է Մակիչը, հետո մեղմ ժպտում է, աչքերի անկյուններում նուրբ բծերը ձգվում են:



        5-6 օր անց Կրպեյանը գնացել էր Մարտունաշենի գյուղամեջ՝ լուր ուղարկելով Մակիչին, որ իրեն սպասում է: Այդ օրերին Մարտունաշենում արդեն սկսել էին դիրքային կռիվները: «Ասացի՝ գնացեք ասեք, որ չեմ գա, որովհետև գիտեի, որ ինձ Երևան պիտի ուղարկի: Հետո նորից եկան, թե Թաթուլն ասում ա, որ գամ կծեծեմ (ծիծաղում է- հեղ): Մտածեցի՝ լավ, գնամ: Ասաց՝ նստիր մեքենա, ասացի՝ չեմ գնալու, Թաթուլ, ես էստեղ եմ մնալու, նայեց, ասաց՝ լավ, եթե որոշել ես մնալ, նստիր մեքենան, գնանք: Ու էդ օրվանից մնացինք Թաթուլի հետ»,- նշում է զրուցակիցս՝ ծխախոտի գլանակը վառելով:

        Մոխրագույն, կապույտ երիզներով ծուխը տարածվում է սրճարանում, կարծես, ինչ-որ պատկերներ գծելով: Ազատամարտիկն անշտապ խոսում է, ասում է՝ մեր տղերքի համար ի՞նչ մեդալ, ի՞նչ բան, հետո թե՝ եթե իրեն ասեն ո՞վ է հերոսը, կասի՝ Թաթուլը Կրպեյան:

        1991 թ.-ի ապրիլին՝ Գետաշենի գրավումից 5 օր առաջ Թաթուլը Մակիչին Երևան էր ուղարկել՝ փամփուշտներ բերելու: Ապրիլի 30-ին էլ լսել է Կրպեյանի զոհվելու և Գետաշենի գրավման մասին:

        Տղա, մկա դու եկել ես մեզ տանելու սպանե՞ս

        Գետաշենի գրավումից հետո մի քանի ամիս Մակիչը մնացել է Երևանում՝ ճանապարհները փակ էին, հետո սպասում էր, որ պիտի ուղարկեին Ղարաբաղ: «Մտածեցի, որ ճանապարհը գիտեմ, գնամ տեսնեմ, հո էնպես չէր, որ էնտեղ զորք չկա: Գնացի Գյուլիստան՝ Շահենենց (նկատի ունի Շահեն Մեղրյանին- հեղ.) տանը մնացի: Գյուլիստանից Շահումյան գնացի ոտքով, արդեն իրիկունվա կողմն էր: Մի 10-15 կմ կլիներ: Մտա շտաբ, երկու Շահեններն էլ էնտեղ էին, նստեցինք խոսեցինք»,- հիշում է Մակիչը: Մարտական գործողություններից եմ փորձում հարցեր տալ, բայց չի պատասխանում: Այդ խոսակցության տարածքը խիստ փակ է, հիշողություններն ապրում են իր ներսում: Ասում է՝ այդ հիշողությունները բոլորն էլ հավասար են, չկա տպավորիչ մարտական գործողություն՝ կռիվ էր: Հակոբն ասում է՝ դու վիրավորվեցիր էլ, Մակիչը ժպտում է, թե՝ «վիրավորվել եմ, յանի դա ի՞նչ է որ: Ես ավելի շատ գիտե՞ս ինչի վրա եմ հակված. երբ դասը սերտում ես, ի՞նչ քաղեցիր»: Հետո Հակոբից ճշտեցի. 1993 թ. փետրվարին Բաշ Գյունեփայայի մարտի ժամանակ Մակիչը ոտքից վիրավորվել էր:

        «Շատ էին ասո՞ւմ, որ երգեք կռվի տարիներին»,- հարցնում եմ: Այս հարցից հետո զրույցի մթնոլորտը փոխվում է, ջերմություն է զգացվում հուշերում:



        «Հա~, Աստըված հոգին լուսավորի, Հրազդանի մեր Ֆրունզը… Մի առավոտ պիտի արթնանայինք, որ բարձրանանք սարը գրավելու, Բեկորի տղերքի հետ էինք, ողորմածիկ Աբոն եկավ, ասաց՝ Մկո, տենց չի լինի, երգի, թող հելնեն: Երգեցի, կամաց-կամաց հելան նստեցին, մի քիչ հետո Ֆրունզն ասաց՝ երգիչների սաղի հերն եմ անիծել, նման խորոտ-խորոտ երգերով բերին գցեցին կրակը: Տղա, մկա դու եկել ես մեզ տանես սպանես»,- պատմում է երգիչը:

        Պատերազմն անձրևի պես է՝ մաքրում է

        Ներկայի մասին մտքերն ամենափշոտն են մեր զրույցում: «Մենք 4 տարի ենք ապրել, հիմա քարշ ենք գալիս»,- նշում է զրուցակիցս: Ասում է՝ այդ 4 տարիներին կարող էիր տեսնել ընկերասիրությունը, երբ կողքից մարդն իր արյունը կարող էր թափել, որ քեզ բան չլինի:



        «Անձրևը մաքրում է, չէ՞, երկինքը, հողը, երկրագունդը, պատերազմն էլ նույն անձրևն է՝ ազգն է մաքրում: Մաքրում է մարդուն, ոչնչացնում է այն, ինչը բացասականն է նրա մեջ: Եթե մարդուն ասում ես՝ քո կյանքը ոչինչ է, նպատակը հզոր է, այդ մարդը լրիվ ներդաշնակ է դառնում իր ազգի և բնության հետ: Մենք պիտի կարողանանք ոչնչացնել մեր «ես»-ը, որ հասկանանք ապրելն ինչ է»,- ասում է ազատամարտիկը: Հետո ներողություն է խնդրում զինվորների մայրերից իր խոսքերի համար, բայց, ըստ նրա, իրականությունն այն է, որ մեր ազգի ուժը միասնականության և հարատև կռվի մեջ է: «Տես՝ ինչ եղանք մենք սովորական կռվի ժամանակ, այն, որ մենք ապրում ենք ոչ թե մեր հայրենիքի, այլ մեր ընտանիքի համար»,- ասում է նա: Ներկայի մասին խոսելիս նրա աչքերում բարկություն է կուտակվում, իրենք կռվի 4 տարիներին երևի ռոմանտիկ էին, այլ Հայաստանի մասին էին երազում: «Ի՞նչ ասես, երբ պետական պաշտոնյան պետական գանձարանը գողանում է, տանում լցնում մկան ծակուռը, որ ինչ ա՝ իր էրեխեն յոթը պորտ ուտի, ո՞նց կարելի է: Կռիվը զրոյացնում է դա: Մարդուն մարդ է դարձնում»,- ավելացնում է Մակիչը:



        Պատերազմից 20 տարի անց իրենք նույնը մնացին, իսկ երկրի իշխանությունների «գրպանները հարստացան, վզները հաստացան»:

        «Պետությունը կարևոր բան է, պիտի ապրեցնի քեզ: Դա էլ մի փոքրիկ «բատալյոն» (գումարտակ- հեղ.) է՝ հրամանատարի ազնիվ ձայնի կարոտ»,- նշում է զրուցակիցս: Ներկայի մասին մտորումներն այն ջղային գիծն են, որոնք հանգիստ չեն տալիս նրան: Ամենաշատը վախենում է երկիրը կորցնելու մտքից, իսկ չի հաշտվում հայրենիքի համար չապրելու մտքի հետ: «Գնում էիր մի տեղ, որտեղ մարդիկ իրար կողքի նստած կարոտում էին իրար, սիրով էին իրար հետ, էլ կգնա՞ս էդտեղից: Այդ ժամանակ կյանքը դառնում է երկրորդական, ապրելն է կարևորը ու այդպես ապրելը: Ու հիմա ի՞նչ՝ ապրում ենք, էլի, սովորական մարդկանց պես, գողություն չենք անում, վատություն չենք անում»:



        Ձայնագրիչն անջատելուց հետո մենք դեռ խոսում են երկրի ներկայից: Մակիչն ասում է՝ պատերազմում կան այնպիսի բաներ, որոնց մասին չի ցանկանա բարձրաձայնել: Ասում է, որ չի երգել ու երբեք չի երգի «Գետաշեն» երգը: Ձեռքով արագ մաքրում է աչքերը, չգիտեմ՝ ծխից են լցվել դրանք, բայց, համենայն դեպս, խոնավացել են, նկատելի կարմրել: Ես հասկացա, որ իրական ազատամարտիկները պատերազմի մասին չեն կարողանում խոսել առանց նուրբ զգացմունքների, որ պատերազմում արած-չարածը մնում է փակ տարածքում: Ու այդ դեպքում հարց տալն ամենադժվար բանն է դառնում:

        Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի
        Ասում է, որ չի երգել ու երբեք չի երգի «Գետաշեն» երգը: Ձեռքով արագ մաքրում է աչքերը, չգիտեմ՝ ծխից են լցվել դրանք, բայց, համենայն դեպս,...

        Comment


        • #14
          Re: Հակոբ Պողոսյանի նոթատետրը

          «Ես չեմ սպասում պետության կողմից գնահատականի»
          Մարինե Մարտիրոսյան

          18 դեկտեմբերի, 2014

          Ղարաբաղի Ակնաբերդ գյուղի կաթնագույն, ավազի նմանվող ճանապարհով քայլում ենք: «Եղնիկների» Զարզանդ Մարտիրոսյանի տուն ենք գնում: Մեզ ուղեկցում է նրա կինը՝ Վիոլետա Հակոբյանը: Նա գյուղի մանկապարտեզի տնօրենն է: Ճանապարհին հարցուփորձ է անում մեզ, նախապես ասում, որ եթե մնալու տեղ չունենք, իրենց տանը մնանք: Խոսակցությունը կրճատում է դեպի նրանց տուն տանող ճանապարհը: Մենք հասնում ենք այն տան մոտ, որը նախկինում եղել է «Եղնիկներ» պարտիզանական ջոկատի շտաբը: Դարպասի դուռն առանց ճռռոցի բացվում է: Բակում հավերը գույնզգույն կետերի պես ցիրուցան են եղել: Լուսանկարիչ Հակոբին տեսնելով՝ ազատամարտիկի դեմքի գծերը ձգվում են, աչքերի մոտ հավաքվում է մանր կնճիռների փունջ: Ժպտում է:

          Բակում դրված սեղանի շուրջ էլ սկսում ենք զրուցել: Հակոբն ասում է, որ դիմանկարների շարք ենք անում ազատամարտիկների մասին, թե 20 տարի անց ինչ է փոխվել իրենց կյանքում: Զարզանդը չի պատասխանում, կնոջը խնդրում է սեղանը բացել, մի կոտր հաց դնել: «Ես խոսող չեմ, Հակոբ»,- քիչ անց պատասխանում է նա: Հակոբը շարունակում է, թե գիտի, որ իրենք խոսել չեն սիրում: Ու ես մտածում եմ, թե նա որերորդ ազատամարտիկն է, որ նույն պատասխանն է տալիս, ինչո՞ւ են կռված տղերքն այդքան քչախոս: Դա` լավագույն դեպքում:



          Մինչ մեր զրույցը տիկին Վիոլետան սուրճ է պատրաստում, աստիճաններով բարձրանում եմ տուն՝ մի բաժակ ջուր խմելու: Հյուրասենյակի պատին Մռավ լեռան նկարն է և «Եղնիկների» հրամանատար Շահեն Մեղրյանի լուսանկարը: «Զարզանդն է դրել»,- խոհանոցից ավելացնում է նրա կինը:

          Երբ փողը կարևոր չէ

          Մեր խոսակցությունը կամաց-կամաց սկսվում է հավաքվել մի թելի վրա: Հարցնում եմ՝ ո՞նց է ստացվել, որ մասնակցել է պատերազմին: «Ո՞նց կարելի է բացատրել դա: Մարդու մեջ բնականություն պիտի լինի»,- ասում է «Եղնիկների» նախկին զինվորը: Ես լռում եմ, որովհետև նրա սակավախոսության մեջ ասելիքը գնալով խտանում է: «Էն ժամանակ վիճակը վատ էր, եկա, ուղարկեցին կուրսերի «ԲՄ-21»-ի վրա՝ «Գրադ» կոչվող կայանի: Ուղարկեցին Լաչինի միջանցք, 1992 թիվն էր, հետո երբ հետ եկա տուն (Վայոց ձորի մարզի Հերհեր գյուղից է- հեղ.), տեսա ընտանիքս շատ վատ վիճակում է, վերցրեցի, 93-ին 3 ամսով գնացինք Մոսկվա: Փողի համը տեսա: Ընենց միջավայրում էի, որտեղ սաղ շահումյանցիներ էին»,- պատմում է նա:



          Ասում է՝ լավ փող էր աշխատում, բայց խեղդվում էր ներսում՝ իմանալով, որ պատերազմը շարունակվում է: 1993 թ.-ի ապրիլին գնում է «Եղնիկներ»: Սերգեյ Չալյանը նրան ծանոթացնում է Զինավորիչի հետ (այդպես էին դիմում Շահեն Մեղրյանին): Վերջինս էլ նրան ասել էր, որ «Գրադը» պիտի օգտագործի ինքը: Այդ ժամանակ էլ ծրագրում էին Գյուլիստանը հետ վերցնելու գործողությունը: Սակայն ապրիլի 17-ին ուղղաթիռի խոցվելու արդյունքում Շահեն Մեղրյանը զոհվեց:

          «Եղնիկների» վրեժը

          «Եղնիկների» հիմնական գործը դիվերսիաներ անելն էր: Հետախուզութունը միշտ շրջանաձև էին անում, որպեսզի շփոթության մեջ գցեին հակառակորդին: Զարզանդ Մարտիրոսյանի համար լայնամասշտաբ մարտական գործողություններից ամենահիշվողը Ադրբեջանում հայտնի Գերանբոյի գումարտակի ոչնչացումն էր: Զրուցակիցս ասում է, որ այդ գումարտակի շտաբը գրավելուց հետո են իմացել, որ Գերանբոյի գումարտակն է եղել: Դա արել են Շահումյանի անկումից ուղիղ մեկ տարի անց՝ 1993-ին հունիսի 12-ի գիշերը:



          Ազատամարտիկը պատմում է, որ ադրբեջանցիներն օրեցօր հենակետեր էին ավելացնում, խրամուղիներ, կրակակետեր («դզօտ»՝ деревоземляная огневая точка) պատրաստում Դաստագիրում:

          «Մենք գրոհայիններով 24 հոգի էինք, որ պիտի մի գումարտակի դեմ դուրս գայինք: Երբ գործի մեջ մտանք, շատ ծանր էր: «Դզօտ»-ները չէինք կարողանում վերցնել, գնդացիրներով կրակում էին մեզ վրա: Եթե մի վայրկյան կանգնեինք, իրենք հասկանալու էին, որ շատ քիչ էինք թվով: Վերջն ի՞նչ ասեմ՝ սկսեցինք կրակ տալ, Վահեն (ազատամարտիկ Վահե Բաղդասարյանը- հեղ.) էդ ընթացքում մոտեցավ առաջին բլինդաժին, պուլեմյոտչիկին խփեց, պուլեմյոտչիկը լռեց, որ լռեց, մենք սկսեցինք հարձակվել»,- հիշում է Զարզանդը՝ ավելացնելով, որ Դաստագիրում ադրբեջանցիները մի խրամատ էին սարքել, որի վրա գնդացիրները տարբեր ուղղություններով էին դրել՝ շրջանաձև: Ասում է՝ իրենք այն եզրակացության եկան, որ հակառակորդն ամեն կողմից վտանգ էր սպասում:

          «Այդ օրը մենք տվել ենք 3 վիրավոր և մեկ զոհ՝ Վահեն: Իսկ թուրքերը… Չգիտեմ, 40-քանի դիակ եմ հաշվել, բայց հնարավոր չէր հաշվել, հետո մենք չէինք կարող մեր տեղափոխած զինամթերքով գործ անել իրենց վրա, ստիպված պիտի վերցնեինք իրենց զենքերը»,- նշում է զրուցակիցս, հետո ասում, որ հետագայում է իմացել է, որ Գերանբոյի գումարտակից մոտ 20 հոգու հերոսի կոչում են տվել:

          Ադրբեջանցիները մինչև Մատաղիս էին նահանջել: Զարզանդն ասում է, որ իրենք ստիպված էին խփել այդ ուղղությամբ: 93 թ. հունիսի 16-ին հարձակվել են Մատաղիսի վրա՝ ընկնելով օղակի մեջ. «Ամեն տեղից խփում էին, բայց չէինք նահանջում մինչև երկու ամիս, երբ Ղարաբաղի բանակը հասավ մեզ, իրենց տվեցինք մեր դիրքերն ու անցանք ուրիշ գործողությունների»:

          1994-ի մայիսի 12-ի հրադադարի մասին Զ. Մարտիրոսյանն իմացել է Չայլուի դիրքերում: Նրա խոսքով՝ պատերազմի վտանգ միշտ էլ լինելու է, քանի դեռ ապրում է թուրքը: Հետո շեշտում է, որ եթե ինքն ուրիշ բան սպասի թուրքից, սխալ կլինի:

          Մարդ, ում նմանին այլևս չի հանդիպի

          Մեր զրույցի ընթացքում նշում եմ, որ իր տան հյուրասենյակում տեսա Մռավ սարի և «Եղնիկների» հրամանատարի լուսանկարը: Հարց չեմ փորձում տալ, ուղիղ նայում եմ նրան: Մեղմ ժպտում է: Ասում՝ Մեղրյանի պես մարդ դժվար թե հանդիպի էլի: Եթե իրենց հրամանատարը ողջ մնար, ոչ միայն Շահումյանը, այլև Գանձակը (Գյանջան) հետ կվերցնեին: «Նա լայնամասշտաբ էր մտածում, ոնց որ հետևին էլ աչքեր ունենար: Նա իմ հոգեբանությունից դուրս չի գա... Երբեք»,- ասում է «Եղնիկների» նշանառուն: Թեև 10 օր է տեսել Զինավորիչին, բայց դա էլ բավական էր նրա պես հրամանատարին գնահատելու համար:

          Պատերազմից 20 տարի անց

          Թե ինչ է փոխվել պատերազմից այսքան տարի անց, ասում է՝ 20 տարի անց իրար հետ նստել-զրուցում ենք: Հրադադարից հետո՝ մայիսի 27-ին, ընտանիքի հետ տեղափոխվել է Ղարաբաղ: Այդ ժամանակ երեխաները փոքր էին՝ 3 և 7 տարեկան: Գյուղում դպրոց են գնացել, հիմա բնակվում են Երևանում, արդեն ամուսնացել են: «Հիմա թոշակառու եմ, խաղող եմ աճեցնում, մուսկատ գինի եմ պատրաստում, հոկտեմբերին կլինի»,- նշում է նա:



          Ղարաբաղ գալուց առաջ Զարզանդը Երևանում էր ապրում, որտեղ տեղափոխվել էր Հերհերից. «Չէի պատկերացնում, որ պատերազմը վերջանալուց հետո էլի պիտի գնայի քաղաք: Ես քաղաքի տեղ չեմ տվել, հեր չեմ ունեցել, ստիպված եմ տեղափոխվել Երևան, հիմա էստեղ ավելի լավ եմ զգում ինձ, քան Երևանի իմ բնակարանում»:

          Զարզանդի մեջ մի տեսակ դառնություն կա, որ միայն մեր զրույցի վերջում հասկացա: Երբ հարցնում եմ, թե այսօր ինչ առավելություններ է տալիս պատերազմին մասնակցելը, նեղանում է և ասում. «Ես փող աշխատելուց եմ եղել, որ եկա, ո՞նց կարող է առավելություն սպասեի: Ցավալի է, որ էդպիսի հարց եք տալիս ինձ: Ես չեմ սպասում պետության կողմից գնահատականի: Այդ գնահատականները ոչ մի տեղ պետք չեն»: Նա մինչ օրս էլ չի հասկանում, թե իր գործի նույնիսկ կեսի չափը չարած մարդիկ ինչպես են գնահատվում, շքանշաններ ստանում: Երբեմն չի հաշտվում այդ իրողության հետ: «Հակոբ, իսկ ինչո՞ւ էին տվել կենտրոնական բազան ինձ: Որովհետև ամենավտանգավոր տեղն էր»,- սա լուսանկարիչ Հակոբ Պողոսյանին ուղղված հարցն էր:

          Խնդիրն այստեղ նույնիսկ շքանշանները չեն: Զարզանդի պես կռված տղաները մնում են ստվերում, որովհետև հիմա ինքնահռչակ հերոսների ժամանակն է, որոնց անցյալի մասին առայժմ լռում են իրական հերոսները:

          Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

          Զարզանդի պես կռված տղաները մնում են ստվերում, որովհետև հիմա ինքնահռչակ հերոսների ժամանակն է, որոնց անցյալի մասին առայժմ լռում են...

          Comment


          • #15
            Re: Հակոբ Պողոսյանի նոթատետրը

            Լուրեր, հոդվածներ, հետաքննություններ. Հայաստան, Արցախ, Ջավախք


            full list of articles

            Comment


            • #16
              Re: Հակոբ Պողոսյանի նոթատետրը

              «Հաղթանակած երկրում մարդիկ մնացին խաղից դուրս»
              Մարինե Մարտիրոսյան

              7 ապրիլի, 2015
              «Ափսոսում եմ գիտե՞ս ինչի համար…»,- նրա ձայնը խզվում է: Ես լռում եմ: Աչքերը խոնարհում է սեղանի մոմլաթին ու շարունակում. «Եթե իրավիճակը...



              Երկար պատշգամբի անկյունում թափանցիկ ապակիներով ցուցափեղկն է: Այդտեղ դրված են 88-ի շարժման ժամանակ, պատերազմի տարիներին արված լուսանկարներ: Դրանց շարքում աչքդ միանգամից ընկնում է մեծ տրամաչափի փամփուշտին: Հետո նկատում ես ցուցափեղկի վերնամասում դրված լուսանկարը. թավ բեղ-մորուքով, փամփուշտների ժապավանները խաչաձև փաթաթած կրծքին` խստահայաց նայում է քեզ: Լուսանկարի կողքին Նոր կտակարանն է դրված:

              Սա ազատամարտիկ Սամսոն Աթոյանի հիշողությունների անկյունն է: Կանգնել ենք այդ ցուցափեղկի առաջ, միասին դիտում ենք նկարները: Ասում է` իր մտահղացմամբ է ստեղծել ցուցափեղկը. «Էդպես բոլոր ընկերներս միշտ կողքիս են` և´ զոհվածները, և´ ողջերը»:



              Տարիների հեռավորությունը զգացվում է Սամսոնի արդեն ճերմակած մազերից ու հոնքերից: Տարեթվերը, վայրերի անվանումները երբեմն չի հիշում, բայց հանգամանալից կարող է ներկայացնել մարտական գործողությունը:



              Երթուղայինի վարորդից դեպի պատերազմի դաշտ

              1988-ին Սամսոնն աշխատում էր երթուղայինների պարկում որպես վարորդ: Մի քանի անգամ կողքից էր հետևել օպերայի բակում հավաքված ցուցարարներին, հետո որոշեց ինքն էլ մասնակցել ցույցերին: Աշխատանքը թողեց ու միացավ միտինգավորներին: Այդ ժամանակ նա 48 տարեկան էր: «Էդ մարդկանց համար սկզբանական շրջանում մարոժնի, պերաշկի էի տանում»,- ժպտում է: Այնուհետ նշում է, որ հաջորդեցին հացադուլները, տղաների հետ 88-ի հոկտեմբերին Գերագույն խորհրդի շենքի դիմաց 14 օր հացադուլ արեցին: «Մենք էլ իր հետ էինք հացադուլ անում»,- խոհանոցից պատշգամբ մտնելով` ասում է նրա կինը: Ծիծաղում ենք, իսկ Սամսոնը շարունակում է պատմությունը:





              «Օպերայի բակում տղերքն արդեն քննարկում էին ջոկատներին միանալու հարցը, մենք էլ որոշեցինք գնալ Կոռնիձոր: Էդտեղ 2 ամիս մնալուց հետո մոտ 30 տղաներով տեղափոխվել ենք Մեղրի` Շվանիձոր: Մի շարք անգամ հարձակումներ ենք կատարել Նյուվադիի վրա (այժմ` Նռնաձոր, նախկին ադրբեջանաբնակ գյուղ Մեղրու շրջանում- հեղ.): Այդ ժամանակաշրջանում 2 զոհ ունեցանք` աֆղանցինների Կարենն ու Վարդան Հովակիմյանը: Վարդանը մեր ջոկատից էր, իսկ Կարենը` Սմբատ Հակոբյանի խմբից: Նրանց տեղափոխեցին Երևան, հուղարկավորությունն այստեղ էր, էդ ժամանակ դեռ Եռաբլուրը չկար: Կարենն ու Վարդանն առաջին զոհերից էին մարտական դաշտում»,- պատմում է ազատամարտիկը:



              Իրենց ջոկատը անվանեցին ի հիշատակ զոհված ընկերոջ` Վարդան Հովակիմյանի: Ջոկատը մոտ 9 ամիս մնաց Շվանիձորում:

              Սամսոնը պատմում է, որ իր «ՌԱՖ» մեքենայով էին զինամթերքը տեղափոխում: Այնուհետ գնացին Սիսիանի գյուղերը: Այդտեղ էլ երկու ադրբեջանցու էին գերեվարել:

              «Տարա Երևան` ՀՀՇ, որ տեղավորեին, որովհետև մտածում էինք, որ հետագայում կարող է գերիների փոխանակության հարց լինել»,- նկատում է զրուցակիցս:

              Թվարկում է` մի քանի անգամ եղել են Գորիսում, Լաչինում, որտեղ և´ կրակոցներ եղան, և´ հարձակում, Նոյեմբերյանի Ոսկևան, Շամշադինի Մովսես, Պառավաքար գյուղերում:

              «Էդտեղից գնացինք Շահումյան, որտեղ մի շարք անգամ եղել ենք Վերինշենում, Կարաչինարում, Հայ Պարիսում: Էդտեղ էլ ծանոթացել ենք Մեղրյան Շահենի հետ, Չալյան Սերգեյի, Մոնթեի հետ, Գզողլյան Ֆելիքսի հետ…

              Մարտական գործողություններ են եղել մի շարք, էնպես է եղել, որ հարձակվել ենք Շահումյանի հեռուստաաշտարակի վրա... Մենք չունեինք հեռահար զենք, երկու կարաբին էր, մեկն ինձ մոտ էր: Երկու կարաբինով աշխատել ենք, մինչև ճանապարհ է բացվել: Էդտեղ մեծ քանակությամբ զենք-զինամթերք ենք վերցրել»,- ասում է նա:

              Ես չեմ ընդհատում նրան, երբեմն ինչ-որ դրվագներ պատմելիս դեմքը միանգամից կնճռոտվում է, ասում` պատմեմ, հետո ոնց կուզեք` շարադրեք:



              Պատմում է նաև, որ ադրբեջանցիների հարձակման ժամանակ Վերինշենում մոտ 300 հոգով շրջապատման մեջ էին ընկել: Հարձակումը թե´ օդից էր, թե´ ցամաքից` հրետանու ուժգին հարվածներով: «Էնպիսի հարձակում էր, որ պառկել էինք հողին, մոտ երկու ժամ չէինք կարողանում նույնիսկ կողք նայել, տեսնել կողքինը կենդանի է, թե չէ: Էդտեղ ոտքից վիրավորվեցի, բերեցին Երևան, բուժվեցի ու նորից վերադարձա խումբ»,- նշում է ազատամարտիկը:



              Վազգեն Սարգսյանի հրամանով ջոկատը միացվել էր նախարարությանը, ու ստացել էին հրահանգ` զենք-զինամթերք, սնունդ, վառելիք տեղափոխել ճակատ: Այդ ամենը տանում էին ուղղաթիռներով և ինքնաթիռներով: Սամսոնը պատմում է, որ ուղղաթիռների լուսամուտներին գնդացիրներ էին հարմարեցրել, որոնցով ապահովում էին թռիչքի անվտանգությունը գետնից կամ օդից հավանական հարձակումների դեպքում:



              Շուշիի ազատագրման մասին Ստեփանակերտում էին իմացել: Այդ ժամանակ 27 մեքենա բենզին ու դիզվառելիք էին տեղափոխել Արցախի շրջանների համար: «Ստեփանակերտում բաժանում եղավ, թե քանի մեքենա որ հատվածը պիտի գնար` Մարտակերտ, Մարտունի, Շահումյան… 4 մեքենա վերցրել եմ երրորդմասցի Ալիկի հետ, Շահումյան գնացել: Այն ժամանակ ադրբեջանական կողմից խփում էին Թալիշից Շահումյան գնացող ճանապարհի վրա: Այդ 4 մեքենան հասցրել ենք Վերինշեն, էնտեղ էին փոքր Շահենը, Զինևիչը, տարել-հանձնել ենք էդ ամենը` վառելիքով, ամեն ինչով: Գետաշենի վրա հարձակում պիտի լիներ: Բայց մեր գնալուց 2 օր անց Երևանում լսեցինք, որ Շահումյանը հանձնվել է ադրբեջանցիներին ռուսների օգնությամբ»,- պատմում է զրուցակիցս:



              Նա հստակեցնում է, որ իրենք քաղաքացիական ուղղաթիռներով էին տեղափոխումն անում: Ամեն ուղղաթիռի մեջ 8 գնդացրորդ կար: Ասում է` առանց իրենց ուղեկցության օդաչուները հրաժարվում էին թռիչք կատարել:

              Ամենաբարդ առաջադրանքը

              Սամսոն Աթոյանն իրեն տրված ամենաբարդ առաջադրանքը համարում է հակառակորդի դիրքերի ռմբակոծումը օդից: Ասում է, որ երկուական ուղղաթիռներով օդից գրոհում էին ադրբեջանցիների վրա: Նման գործողություններ կատարել են Իջեւանի հատվածում` Ջողազի ջրամբարի հարակից ադրբեջանական գյուղերի, Երասխավանի դեմ-հանդիման գտնվող Սադարակ գյուղի վրա: Երբ հարցնում եմ` չէին վախենում արդյոք հակաօդային պաշտպանությունից, միանգամից պատասխանում է. «Ուզում է գետնին լիներ, ուզում է օդում լիներ, երբ նստում էիր ուղղաթիռ, ոչ մի բան մտքովդ չէր անցնում, միակ բանը, որ մտածում էիր` հանձնարարությունը մաքուր կատարելն էր»:


              Հրադադարից 6 տարի հետո է միայն դուրս եկել զինծառայությունից: «Իսկ ի՞նչ մեդալներ եք ստացել»,- հարցնում եմ նրան: «Մեդալներ կան, բայց չեմ հիշում»,- սա ասելուն պես փնտրում է մարտական ուղու մասին վկայող փաստաթուղթը: Բայց հետո չի բացում այն, ասում է` այսօր բաց ճակատով է նայում մարդկանց, որովհետև իր արածի մասին կարող են վկայել միայն էն տղերքը, ովքեր իր հետ միասին պայքարել են:



              Ափսոսանքը

              Պատերազմից 21 տարի անց, ըստ 75-ամյա Սամսոն Աթոյանի, թերի մնաց իրենց երազանքը: «Հաղթանակած երկրում մարդիկ մնացին խաղից դուրս: Էսօր ոչ աշխատանք ունեն, ոչ մի բան: Դա է հարցը»,- ասում է նա: Երազանքներից մեկը երկրի տարածքները մեծացելն էր: Իսկ այսօր երկրում շատ բան է փոխվել: Շեշտում է, որ երբ ելան պայքարելու, իրենց ապրելակերպը վատ չէր, բայց հրադադարից հետո այն սկսեց վատանալ:



              «Ափսոսում եմ գիտե՞ս ինչի համար…»,- նրա ձայնը խզվում է: Ես լռում եմ: Աչքերը խոնարհում է սեղանի մոմլաթին ու շարունակում. «Եթե իրավիճակը նորմալ լիներ, իմ տղան կլիներ ինձ մոտ, չէր գնա դուրս և չէր մահանա այնտեղ… Ափսոսում եմ իմ տղուն կորցնելու համար, մահացավ Ռուսաստանում 13 տարի առաջ: Եթե էստեղ ունենար իր աշխատանքը, չէր թողնի-գնա էստեղից: Եվ ափսոսում եմ, որ էսօր մեր երիտասարդությունը դուրս է գալիս երկրից… Վաղը մյուս օրը չենք ունենա էն քանակի երիտասարդություն, որ գնա սահման, մեր հողն ու ժողովրդին պաշտպանի: Իմ ափսոսանքը դա է»:

              Լուսանկարները` Հակոբ Պողոսյանի և Սամսոն Աթոյանի անձնական արխիվից

              Comment


              • #17
                Re: Հակոբ Պողոսյանի նոթատետրը

                Դևը (պատմվածք)

                Այս գործողությունն առանձնահատուկ նշված է ՀՀ ԳԱԱ-ի «Հայաստանի պատմություն» ֆունդամենտալ աշխատության մեջ, որտեղ Դավթի մեծադիր լուսանկարի տակ գրված է. «1991թ. Հոկտեմբերի 30 – ին ազատագրվեց ռազմական մեծ նշանակություն ունեցող Տող գյուղը: ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԻՈՒԹՅԱՄԲ ԱՉՔԻ ԸՆԿԱՎ ԴԱՎԻԹ ՍԱՐԱՊՅԱՆԸ՝ Դևը»:

                Մեղմ անձրև է տեղում։

                Հողը փափուկ է ու մի քիչ խոնավ։ Փոքրիկ մի շիվ վախեցած հանել է իր գլուխը ծեր կաղնու հողի վրա սողացող հաստ արմատների արանքից ու զարմացած շուրջն է նայում։ Հոգատար ծառը իր ճյուղերը տարածել է նրա վրայով՝ փորձելով իր խիտ սաղարթով պաշտպանել նրան շուրջն ընթացող պատերազմից։ Դավիթը հակառակորդի տեղաշարժման և դիրքերի հետախուզման համար բավականին հարմար տեղ էր ընտրել․ փոքրիկ բլրակի մոտ գտնվող հաստաբուն կաղնու կողքին փոս էր փորել այն դարձնելով դիտակետ։ Նա լավ գիտեր Հադրութի շրջանի այս գյուղը:

                – Տողը մորս հարազատ գյուղն է, ամառները դպրոցական արձակուրդներին հաճախ եմ եղել այստեղ։ Գյուղի տղաների հետ գառնարած էի։ Այ, այն տունը, կարմիր կղմինդրով բարձր տանիքովը, պապիս տունն է։ Մի օր է հետևում եմ, այնտեղ անընդհատ զինվորականներ են ելումուտ անում, տան առաջ էլ միշտ մի քանիսը մշտական կանգնած են։ Հաստատ այնտեղ շտաբ են հիմնել: Մխո, հեռադիտակը վերցրու, շարունակիր հետևել, գնամ հրամանատարի մոտ, խոսելու բան կա։ Առավոտյան լույսը բացվելուն պես իրեն փոխարինման եկած Մխոն վերցրեց հեռադիտակը, զննեց գյուղը, գտավ նշված տունը։

                – Տես է՜, տան մուտքի մոտ իրենց դրոշն են ամրացնում։ Ինչքան են իրենց ինքնավստահ զգում, մտածում են մշտական են, – հեռադիտակը կրկին փոխանցեց Դավիթին։

                – Հաստատ իրենց շտաբն է, ավելի վատ իրենց համար։ Դու ամբողջ օրը հսկի իրավիճակը, ես գիշերը կվերադառնամ։ Միայն․․․, – մտախոհ նայեց Մխոյին։

                – Ի՞նչ։

                – Քիթդ փոսից դուրս չհանես, նշանառուն կնկատի՝ կվնասի, արվեստի գործ է։ Մխոն չնեղացավ լավ գիտենալով մարտական ավագ ընկերոջ բնավորությունը։ Ո՞նց կարող էր նա առանց կատակելու իրեն վտանգավոր հատվածում մենակ թողնելով հեռանալ։

                Դիտակետի և հակառակորդի միջև կիսահնձված ցորենի արտ է։ Քանի որ դիմացը գտնվող գյուղը զառիթափի վրա է՝ համեմատած ավելի բարձր դիրքում, ծառի կանաչ սաղարթը դիրքավորվողի համար պաշտպանիչ ծածկոցի դեր էր կատարում։ Կողքը ձորակ է, որով դեպի յուրայինների դիրքեր անվտանգ տեղաշարժման հնարավորություն էր ապահովում։

                Դավիթը բլրակը շրջանցեց, մտավ ձորակ։ Ձորակից դուրս գալիս պայմանական սուլեց, լսեց պատասխանը, առաջ շարժվեց։ Խումբը դիրքավորված էր հարթավայրի պռնկին, իսկ նրանց թիկունքում կիրճն էր։ Հրամանատարն անհանգիստ էր անհարմար դիրքավորումից։ Պատերազմում ըստ իրավիճակի կա և դիրքային առաջխաղացում, և տակտիկական նահանջ։

                Այս դիրքից նահանջելը կարող է իրենց համար կործանարար լինել։ Շարունակական արագ գործողությունների համար հակառակորդի դիրքերը հետախուզել էր պետք։ Սկզբից ուզում էր երեք հոգի ուղարկել։ Դավիթը պնդեց տարածքին իր քաջատեղյակ լինելը և մեծ խմբի նկատվելու վտանգը, դրանով հիմնավորելով իր մենակ հետախուզման գնալը։

                Խնդրեց իր գնալուց հետո նշած տեղը մեկ օր հետո փոխարինող ուղարկել, դեռ փոխարինման եկողին էլ նախօրոք մանրամասն բացատրեց իր դիրքավորվելիք վայրը։ Մեկօրյա հետախուզական առաջադրանքի արդյունքները Դավիթը ներկայացրեց եզրափակվելով հետագա գործողությունների իր առաջարկով։ Հետո հրամանատարի հետ ճակատ ճակատի երկար քննարկեցին գործողությունների պլանը․

                – Ռիսկային է, բայց կաշխատի, – հրամանատարի այս կարծիքը գործողության առաջարկված պլանին փաստացի համաձայնություն էր։ Հետո նա կատարվելիք գործողությունների ընթացքը մանրամասն ծանոթացրեց մարտական խմբին, նախօրոք հայտարարելով․

                – Այսպիսին է Դևի դիվական առաջարկը իր պապի գյուղի ազատագրման պահով, – Դևը Դավիթի մարտական անունն էր։ Խումբը բաժանվելու է երեք մասի, գործելու ենք գիշերով առանձին-առանձին, բայց միաժամանակ։ Դա թվային գերազանցություն ունեցող թշնամու մոտ բազմաքանակ զորքի հարձակման տպավորություն կստեղծի և կստիպի խուճապահար նահանջել:

                Այս պահին նրանք ուժերի կենտրոնացմամբ են զբաղված, մեր կողմից հարձակման ուշացումը մեզ համար ճակատագրական կարող է լինել։ Մթնեց։ Մարտական ջոկատները շարժվեցին նախանշված ուղղություններով։ Դավիթը գնաց Մխոյի մոտ, ծանոթացրեց անելիքին։ Եթե գործողության ընթացքում իր հետ որևէ բան պատահեր, Մխոն պետք է այն շարունակեր։ Երկուսով շարժվեցին առաջ։ Հետո, երբ մոտեցան գյուղին, Դավիթը մենակ զգուշորեն մոտեցավ ժամապահին։ Ամեն ինչ կատարվեց արագ և անաղմուկ։ Հեռվից դիտարկման ընթացքում իրեն հայտնի էր երկրորդ ժամապահի տեղը։ Մոտեցավ, դիրքավորվեց։

                Շրջիկ ժամապահը քայլելով ուզում էր անցնել իր մոտով։ Այն պահին, երբ նա պատրաստվում էր հարձակվել ժամապահի վրա, պապի տնից ազերի սպա դուրս եկավ, ձայնեց ժամապահին, սա պատասխանեց՝ տալով սպայի անունը։ Սպան ծիծաղեց, մտավ տուն։ Պահը հարմար էր։ Այս մի խոչընդոտն էլ անաղմուկ վերացրեց ու քայլեց դեպի ազերիների կողմից շտաբ դարձված պապի օջախը: Նրանք այնտեղ սպայակազմով աղմկոտ խնջույք էին սարքել։ Դավիթը մոտեցավ պատուհանին, թակեց, անունով բարձրաձայն կանչեց քիչ առաջ խոսող սպային։ Վերջինս մոտեցավ պատուհանին ու բացեց։ Դավիթը «բռնեք դևին» գոռալով ներս նետեց նռնակների կապուկը և արագ պառկեց պատի տակ։ Հետևեց ուժեղ պայթյուն, տան առաստաղը փլվեց ներսում գտնվողների վրա, փոշու ամպ բարձրացավ։ Այդ պահին պայթյունը հարձակման ազդանշան ընդունելով գյուղի տարբեր ծայրերից կրակահերթեր հնչեցին։ Սկսվեց երեք մասի բաժանված մարտական ջոկատների միաժամանակյա գրոհը։ Երբ պայթյունից առաջացած փոշին մի քիչ մաքրվեց, փորի վրա պառկած ձեռքերով գլուխը գրկած Դավիթը զգաց, որ իրեն շոշափում են։ Միթե՞․․․․ Կտրուկ շրջվեց՝ պատրաստ հակահարվածի։

                – Ես եմ, հո չես վնասվել – Մխոն էր, – մեր բաժին տարածքի մաքրումն ավարտել եմ։ Ստացվեց, թշնամին զենք-զինամթերքը թողած խուճապահար փախչում է։

                Մարտական ընկերները գրկախառնվեցին։

                – Դև։

                – Հա, Մխո;

                – Պապական օջախն ես պայթեցրել, որ տուն գնաս պապին ի՞նչ պատասխան ես տալու։

                Գագիկ ՇՈԼԻՆՅԱՆ

                Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/10/30/623945/

                © 1998 - 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

                Comment


                • #18
                  22 / 01 / 2018Արցախյան ազատամարտ. Պատմում է Գենադի Մնացականյանը



                  Voskanapat.info լրատվական֊վերլուծական կայքն ու Times.am գործակալությունը ընթերցողների ուշադրությանն են ներկայացնում Արցախյան ազատամարտին վերաբերող պատմությունների և հարցազրույցների շարք։ Նոր խորագրի հիմնական նպատակն ընթերցողների լայն շրջանակին մեր հերոսների հետ ծանոթացնելն է։ Կփորձենք բացահայտել հետաքրքիր և ձեր ուշադրությանը ներկայացնել հերոսամարտի ամենահետաքրքիր պատմություններն ու դիպվածները։

                  Եվ այսպես, պատմում է Գենադի Մնացականյանը.

                  Մենք Կոմանդոսի պահուստային խումբն էինք` ռեզերվը: Մեզ մարտադաշտ էր ուղարկում միայն ամենավերջին, ամենածանր րոպեին, երբ ռազմագործողությունը տապալման եզրին էր լինում: Երբ ասում էինք` Արկադի Իվանըչ, մեզ ինչի չեք ուղարկում, մենք էլ ենք ուզում կռվի գնալ, ասում էր` «Вы будете обороняться у Деды-Бабы» :

                  Պատերազմի սկզբում հետևակային հետախուզույթունում էի, բայց հետո, երբ Արմենն ինձ իր մոտ կանչեց, տեսա, որ հրետանային հետախուզույթունն ավելի հետաքրքիր է: Գնացի, միացա Արմենին, այդուհետ մեր մարտական ուղին միասին անցանք:

                  Այնպես որ, Արմենը չի չափազանցնում, մեր ընկերությունը, որ հաղթահարել է պատերազմի ու խաղաղության բոլոր փորձությունները, մեր հարստությունն է, մեր ամեն ինչը: Դա կհասկանան միայն նրանք, ովքեր մեզ նման ճանապարհ են անցել: Միայն Արմենը չէ: Ես էլի ունեմ մարտական ընկերներ: Ես ձեզ այսպես կասեմ. թեպետ պատերազմը, որի միջով անցել ենք եղել է դաժան, եղել անիծված, բայց այն մեզ իսկական ընկերներ է պարգևել: Մարդիկ, առանց որոնց դու քո կյանքը չես պատկերացնում ու միայն այն մտքից, թե ընկերոջդ կարող էր մի բան պատահել, ուզում էիր ինքդ առաջ ընկնեիր, ինքդ զոհաբերվեիր:



                  Ես հիշում եմ Կիչան-Սրխավանդի ազատագրման ճակատամարտը: Թշմանու զորքին թիվ ու քանակ չկար: Հինգ տանկ էին դուրս բերել, ԳԱԶ-66, ու տարբեր տիպի այլ զրահատեխնիկա: Դե, հետևակի մասին էլ չեմ խոսում: Կարևոր ճակատամարտ էր, շատ ջոկատներ էին մասնակցում` Հարությունագոմերի, Կիչանի, Առաջաձորի, և այլն: Կիչանի ջոկատի հրամանատարը Կարենն էր, նա Կիչանի կողմից էր գալիս, իսկ մենք Սրխավանդի: Իրար ընդառաջ էինք դուրս եկել ու մարտը պիտի ավարտվեր մեր հանդիպումով: Մենք, որ հրետանու հետախուզությունն էինք, առաջ էինք ընկել, ու թշնամու թիկունքում դարան մտել: Մեր կողքով թշնամու չորս տանկ եկավ, անցավ: Մերոնք չորս տանկն էլ խփեցին: Երբ մոտենում էր հինգերորդը, ես ու մեր շենքի Վարդանը որոշեցինք վերցնել այն: Մենք նռնականետով խփեցինք տանկը: Այդ ժամանակ մեզ նկատեցին ու թշնամու հրետանին սկսեց աշխատել մեզ վրա։ Այն, որ մենք այդ մեծ ճակատամարտից առանց զոհերի դուրս եկանք, ուղակի հրաշք էր։ Պարզապես, խիտ անտառն ու թաց գետինը մեր դաշնակիցն էին։ Մեր փոխարեն, կարծես հայրենի հողն ինքն էր կլանում թափվող արկերը։





                  Որոշ ժամանակ տևած երկկողմ կրակահերթից հետո տղաներին ասացի, որ պառկեն, իսկ ես մոտենամ տանկին, տեսնեմ ինչ վիճակում է: Վարդանն առաջ ընկավ, թե ես քեզ հետ եմ գալիս: Ինձնից 7-8 տարով ջահել է: Չէի ուզում հետս տանել, որովհետև չգիտեի, թե ինչ է սպասվում առջևում՝ տանկի մոտ: Մենք միայն այնքանն էինք տեսնում, որ տանկը կանգ է առել, բայց անձնակազմի մասին տեղեկություն չունեինք: Տեսադաշտը փակ էր: Բայց Վարդանը շատ համառեց, ու ես չկարողացա նրան հետ պահել: Միասին գնացինք: Պարզվեց, անձնակազմում մի ղազախ էր ու մի թուրք: Երկուսն էլ սպանվել էին: Վարդանը մտավ տանկն ու հպարտ-հպարտ հայտարարեց. «Ես եմ հրամանատարը»: Բարեխատաբար, տանկը չէր վնասվել, մաքրեցինք թուրք-ղազախական արյունը, որ ողողել էր ամբողջ խուցը, նստեցինք ու գնացինք: Տղաներ ուղարկեցինք մերոնց զգուշացնելու, որ տանկով ենք գալիս, չխփեն: Թե չէ՝ մինչ այդ մենք տանկ չունեինք, մերոնք հաստատ խփող էին:

                  Ծանր մարտը հաղթանակով պսակվեց, գյուղերն ազատագրելուց բացի, ահագին ռազմավար ձեռք բերեցինք: Վարդանի արարքը ես հետո ծանր ու թեթև արեցի: Մենք չգիտեինք, թե տանկի մոտ մեզ ինչ է սպասվում: Հնարավոր էր, որ ականապատած լինեին ու փախած, չգիտեմ, հազար բան կարող էր պատահել։ Եվ ամեն դեպքում՝ նա ուզում էր հետս գալ։ Որքան համեստ էր նա իր անձնազոհության մեջ։ Վարդանն ինձ էր ուզում խնայել, ես իրեն: Դա իմ գրաված առաջին տանկն էր: Երկրորդը մեկ ամիս անց հաջողվեց:



                  Արմեն Գրիգորյան: Երբ բառերն այնքան են մաշվում, որ կարծես արժեզրկվում են, կորցնում իրենց իմաստը, այլևս չես ուզում դրանք օգտագործես, ասենք, ընկերոջդ բնութագրելիս։ Մեր ժամանակներում, ցավոք, այդ երևույթը շատ է տարածված։ Դրա համար էլ ես կխուսափեմ Գենոյին նվիրյալ, հայրենասեր, և նման կարգի ածականներ շնորհելուց։ Ես միայն մի դեպք պատմեմ, որով դուք կճանաչեք նրան։

                  Դեպքը տեղի է ունեցել Մարտունիում: Գենոն արդեն մարտկոցի հրամանատար էր դարձել։ Ընդհանրապես անձնակազմի հետ նրա հարաբերությունները հեռու էին կանոնադրական լինելուց։ Ես միշտ հանդիմանում էի նրան։ Ասում էի քեզ հրամանատարի նման պահիր։ Բայց դե, իր էությունն էր։ Շատ էր մարդամոտ։ Զինվորների հետ նստում-վեր էր կենում, ուտում-խմում։ Կողքից նայես՝ չես ասի, թե հրամանատար է։ Հասարակ զինվոր։ Ուրեմն, մի օր Գենոն մենակ էր դիտակետ գնացել: Ուսումնասիրում էր, հաշվումներ անում, մի խոսքով, իր գործերով էր զբաղված, երբ թշնամին հանկարծակի հարձակման անցավ։ Դիտակետը առաջնագծի ու կրակային դիրքի արանքում է։ Մարտի սկզբում հաջողությունը թշնամու կողմն էր, նրանք առաջ էին գալիս գրեթե առանց դիմադրության հանդիպելու։ Առաջնագիծը նահանջել էր, Գենոն մնացել էր ծուղակի մեջ։ Թշնամին ուր որ է, պիտի ներխուժեր մեր դիտակետը։ Երբ նա զգաց, որ միայնակ է ու շրջապատված, կապվեց կրակային դիրք ու իր կոորդինատորները տալով՝ կրակելու հրաման տվեց։ Հրետանավորները հաշվեցին կոորդինատներն ու տարակուսանքի մեջ ընկան։ Նորից կապվեցին Գենոյի հետ։

                  - Սխալմունք է երևի, հրամանտա՛ր, նորի՛ց թելադրիր կոորդինատները,- ասում էին տղաները։

                  - Ոչ, ամեն ինչ ճիշտ է, կրակե՛ք:

                  - Բայց սա մեր դիտակետն է: Դու ինչ է, քեզ վրա՞ ես կրակ պահանջում։

                  - Այդպես է պետք։ Ես միայնակ եմ ու շրջապատված։ Նրանք ուր որ է դիրքս կլցվեն։ Կրակե՛ք։ Ինձ վրա կրակեք, - Գենոյի ձայնը վստահ էր ու առանց վախի նշույլի։

                  Հրետանին կրակ բացեց։ Մեր հրետանավորները տակնուվրա արին տեղանքը։ Շախմատի տախտակի պես քառակուսիների բաժանած կրակ էին թափում։ Երկիրը դղրդում էր կարծես։ Պատերազմի աստվածներն էին գործում։ Միայն մի փոքրիկ հատված էր, որ անվնաս էին թողել՝ կրակային դիրքը: Հրետանին, իհարկե, ոսկերչական նրբությամբ էր աշխատել․․․

                  Չնայած Գենոն իմ հարյուր տարվա ընկերն է, չնայած որ մինչ այդ էլ հազար ու մի փորձություն ենք անցել, բայց ինձ թվում է, հենց այդ օրը ես բացահայտեցի նրան։ Մի համեստ ու հասարակ մարդու մեջ այդքան քաջություն, այդքան լուռ հերոսություն։
                  Որքանով ես եմ տեղյակ, դա եզակի երևույթ էր Արցախյան պատերազմի ժամանակ։ Նման տեսարան ես միայն ֆիլմում էի տեսել։ Կարծեմ Ստալինինգրադի պաշտպանության մասին ֆիլմում էր, երբ հերոսն ինքն իր վրա կրակ էր պահանջում։

                  Ժամանակ անց, երբ Սամվել Բաբայանն ինձ կանչեց ու ասաց, որ երկու մարդ ներկայացնեմ պարգևատրման, առանց վարանելու առաջարկեցի Գենոյին պարգևատրել։ Մարտական խաչ երկրորդ աստիճանի ասպետ է։ Ձեզ, իհարկե, դրա մասին ոչինչ չի պատմի, բնածին համեստությունը չի փոխել ոչ պատերազմը, ոչ էլ հետպատերազմյան իրականության փորձությունները։

                  Խնդիրների տակ կքած, բայց հպարտությունը չկորցրած մարդ։ Հպարտ, որովհետև ազնիվ է, որովհետև արժանապատվորեն կատարել է իր գործն ու այսօր էլ հավատարիմ է իր արժեքներին ու գաղափարներին։ Երջանկություն է նման մարդկանց հետ ապրելը, նման ընկեր ունենալը։

                  Պատմությունը գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

                  Comment


                  • #19
                    3 / 03 / 2018Արցախյան ազատամարտ. Պատմում է Յաշա Խաչիյանը


                    Voskanapat.info լրատվական֊վերլուծական կայքն ու Times.am գործակալությունը ընթերցողների ուշադրությանն են ներկայացնում Արցախյան ազատամարտին վերաբերող պատմությունների և հարցազրույցների շարք։ Նոր խորագրի հիմնական նպատակն ընթերցողների լայն շրջանակին մեր հերոսների հետ ծանոթացնելն է։ Կփորձենք բացահայտել հետաքրքիր և ձեր ուշադրությանը ներկայացնել հերոսամարտի ամենահետաքրքիր պատմություններն ու դիպվածները։

                    Եվ այսպես, պատմում է Յաշա Խաչիյանը։

                    «Առաջին վաշտի» հեղինակությունը կարճ ժամանակում այնքան բարձրացավ, որ շուտով մենք ստպված էինք մերժել զինվորագրվել ցանկացող տղաներին։ 170 մարդ էինք։ Այլևս տեղ չկար։

                    Այդ 170 տղաներից յուրաքանչյուրն էլ կարծես հատուկ էր ընտրված։ Ամեն մեկը մի աշխարհ էր։ Հիմա էլ, երբ հավաքվում ենք, իսկ մենք տարին երեք անգամ՝ Ասկոլկայի ծննդյան ու մահվան օրերին, ինչպես նաև մայիսի 9-ին պարտադիր հավաքվում ենք, նույն մտերիմ մարդիկն ենք, իրար հետ պարզ ու հարազատ։ Որպես մարդու, Ասկոլկայի մաքրությանը ոչ ոք չէր հասնի։ Գուցե այդ է պատճառը, որ իր շուրջը հավաքվել էին իր պես մաքուր մարդիկ, գուցե պատահականությամբ է այդպես ստացվել կամ գուցե նախախնամությամբ, չգիտեմ։ Բայց մինչև հիմա էլ մեր վաշտի տղաների համերաշխությունը շատերին է զարմանք պատճառում։ Երկու գեներալ ենք տվել, մի քանի գնդապետեր, շատերս էլ՝ առողջության պատճառով դուրս ենք եկել բանակից, թե չէ՝ ավելի շատ գեներալներ, գնդապետեր կտայինք։

                    Գենոն՝ Հենրիխ Հակոբյանը, որ փաստորեն Ասկոլկայից առաջ ու հետո, ինչպես նաև նրա բացակայության ժամանակ հրամանատարություն էր անում, նրա պես մաքուր-մաքուր տղա էր։ Հիշում եմ, երբ Ջաբրայիլից մեծ թվով անասուն էինք քշել-բերել, Գենոն կազմակերպեց, տարան Հայաստան ծախեցին ու երեք մեշոկ փող բերեցին։ Երեք մեշոկ փող ու երեք բլոկ «Camel» սիգարետ։ Էն հին փողն էր դեռ։ Ուղիղ երեք մեշոկ։ Մինչև հաշվեցին-պրծան, հոգիները դուրս էր եկել։ Գումարը հավասարապես բաժանվեց վաշտի մեջ, բոլոր զոհվածների ընտանիքներին, վիրավորներին, բոլոր-բոլորին։ Երբ մտա իր մոտ ու տեսա ծխախոտը, մի ամբողջ բլոկ ինձ վերցրի։ Դուրս էր եկել, գոռում էր հետևիցս, ասում էր՝ տարավ ծխախոտը, տարավ․․․ Ես էլ ասում եմ՝ էդպես էլ գրիր՝ երկու տուփը բաժանեցինք վաշտի մեջ, մեկն էլ՝ Յաշան տարավ․․․

                    Հաճախ էինք իրար հետ կատակում, իրար վրա, ինքներս մեզ վրա ծիծաղում։ Մի անգամ, երբ Ասկոլկան իմացավ, որ ես վարսավիր եմ, ասաց․ «Յաշա, էս անգամ մազերս դու պիտի կտրես, բայց հենց սկզբից եմ ասում, քեզ խելոք ես պահում, առանց քո խենթությունների»։
                    Այնքան կոլորիտով մարդ էր, որ նրա հետ ամեն մի գործողություն իրադարձություն էր դառնում։ Տղաները շրջան կազմած մեզ էին հետևում։ Անընդհատ էն էր ասում, որ խելոք մնամ։ Դե բայց, Յաշան Յաշա չէր լինի, եթե մի քյալագ չանեի։ Մազերը առջևից սիրուն, կոկիկ կտրեցի, բայց հետևի կողմից մի մազափունջ թողեցի։ Տղաները նայում, ծիծաղում էին։ Ինքն էլ բարկանում էր։ Բայց գլխի չէր ընկնում, ինչ եմ անում։ Ասում էր․ Յաշա, որ իմանամ գլխիս քյալագ ես եկել, ձեռքիցս չես պրծնի։

                    Երբ արդեն վերջացրի, ձեռքը գլխովը տարավ ու․․․ մի բարկանալ բարկացավ, մի հարձակվել հարձակվեց վրաս, որ հազիվ հասցրեցի մկրատս թողնել-փախչել։ Երեխեքի պես վազում էինք իրար հետևից։ Տղաները ձեռքից ընկել էին, այնքան էին ծիծաղել մեզ վրա։ Երանի էն օրերին․․․

                    Հետո, երբ արդեն հանգիստ զրուցում էինք, ասաց Յաշա, օրինակ, ինչո՞ւ էդպես արեցիր։ Ասում եմ, էդպես եմ արել, որ տղերքը մի քիչ ծիծաղեն։ Ինչքան ժամանակ է՝ ամբողջ օրը տխուր-տխուր ենք։



                    ․․․Շուշիի ազատագրումից հետո էր, Կամո անունով մի երիտասարդ եկավ ու միացավ մեր վաշտին։ Ինձ վրա էր եկել։ Այսօրվա պես հիշում եմ, Շուշիիում էինք։ Նրա հայրը ձին նստած եկավ, գտավ մեզ։ Հպարտություն, անհանգստություն, խնդրանք ու հորդոր պարունակող մի ձայնով ասաց ինձ․ «Յաշա՛, մատա՛ղ, որդուս քեզ եմ հանձնում, տիրություն արա»։

                    Օրերն անցնում-գլորվում էին։ Կամոն մեզ հետ, մեզ հավասար կռվում էր։ Նրա հոր խոսքն ու իմ տված խոստումը մոռացվել էր իրար հաջորդող ճակատամարտերի խառնարանում։
                    Մի անգամ սակայն, ես դժբախտություն ունեցա հիշելու նրա խոսքը։

                    1992թ աշունն էր։ Լևոնարխում 15 հոգով շրջափակման մեջ ընկանք։ Կամոն էլ էր մեզ հետ։ Հարթավայրը, որն իր թակարդի մեջ առավ մեզ ընկած էր երկու բլուրների արանքում։ Չորս կողմից աշխատում էին մեզ վրա, կրակե օղակը գնալով սեղմվում էր մեր շուրջը։ Չորս կրակակետերից միայն մեկն էր հնարավոր թվում ճեղքել։ Մեր դասակի հրամանատարը Միշիկն էր՝ գեներալ Միքայել Արզումանյանը։ Բայց նա ծանր վիրավորվեց, ու այլևս չէր կարող առաջնորդել մեզ, չնայած, առանձնապես առաջնորդելու տեղ էլ չկար։ Ուղակի հրաշքով էր կենդանի մնացել, գնդակը ողնաշարից միլիմետրերի հեռավորությամբ էր անցել։ Հրամանատարությունը ինձ հանձնեց։ Ասաց, չեմ կարող, դու տես ինչ եք անում։ Որոշեցի մեր ջլատված ուժերով մի վերջին անգամ գրոհել չորս կրակակետերից համեմատաբար թույլ թվացող կրակակետն ու վիրավորներին վերցնելով՝ դուրս պրծնել։ Իսկ վիրավորները վեցն էին։ 15 հոգուց վեցը զոհվել, վեցը վիրավորվել էինք։ Կրակի հերթական տարափից հետո թշնամին երևի մեզ ոչնչացրած էր համարում, որովհետև մի մեքենա շարժվեց դեպի մեզ։ Մեքենայի վրա գնդացիր էր տեղադրված։ Երբ մեքենան բավականաչափ մոտեցավ, մի կրակոցով վերացրի գնդացրորդին։ Հանկարծակիի գալով՝ մեքենան պտույտ կատարեց ու հետ վերադարձավ։ Այդ ընթացքում տղաները դուրս եկան։ Բոլորը գնացին, մնացինք ես ու Միշիկը։ Նրան տանողը ես էի, ամենածանր վիրավորն ինքն էր։ Այլևս չէր կարող, չէր ուզում գալ։ Ասում էր՝ թող ինձ ու գնա․․․ Ցավից բացի մեզ նաև անտանելի ծարավն էր տանջում։ Դա դժոխային մի մղձավանջ էր, որի ավարտը չէր երևում։ Գժվելու բան է, թե մարդ ինչեր կարող է հաղթահարել, ինչերի դիմանալ։ Միշիկին կյանքի հետ կապող թելերը գնալով կտրվում էին։ Նրան չկորցնելու կենսական պահանջը, որը շատ շոշափելի էի զգում, ինձ ուժ էր տալիս, անընդհատ առաջ մղում։ Աչքերիս առաջ հայտնվում էին մերթ մայրս ու հայրս, մերթ էլ Ասկոլկան՝ իր այն ցավատանջ հայացքով, որին մենք ականատես էինք լինում մեզնից որևէ մեկին կորցնելու դեպքում։ Ժամանակի ու տարածության ծավալն ու արժեքը կախված են այն հանգամանքներից, որում դու հայտնվել ես։ Մենք մեր մարմնով, մեր արյամբ, մեր բոլոր նյարդերով չափել ենք այն տարածությունը, որ բաժանում էր մեզ մերոնցից։ Գերմարդկային ճիգերի գործադրումով՝ մենք դուրս եկանք շրջափակումից ու ողջ-ողջ տուն հասանք․․․

                    Դա աներևակայելի մի հաջողություն էր։

                    Վեց զոհ, վեց վիրավոր ունեցանք։ Կամոն զոհվածների շարքումն էր, ես՝ վիրավորների։ Օղակից դուրս գալն այնքան վտանգավոր ու անիրական մտահղացում էր, որ մենք չէինք կարող զոհերին վերցնել մեզ հետ։ Դա ֆիզիկապես էլ էր անհնար։ 15 հոգուց վեցին կորցրել էինք, վեցն էլ վիրավոր էինք, ընդամենը երեք հոգի էին անվնաս մնացել։ Վիրավորներից միայն ես էի ոտքի վրա, մյուս հինգի վիճակը ծանր էր։ Մենք ուրիշ ելք չունեինք, չէինք կարող վերցնել, հանել զոհերին։ Բացի այդ, ոչ մի երաշխիք չկար, որ մենք տեղ կհասնենք, կփրկվենք։ Սստիպված էինք մեր զոհերին թողնել մարտադաշտում, որ հետո, նոր ուժերով վերադառնանք նրանց հետևից։ Դա ծանր, բայց այլընտրանք չունեցող որոշում էր։

                    Այն օրը, երբ Ասկոլկան մեզ մոտ եկավ, ես առաջին անգամ նրա աչքերում արտասուք տեսա։ Ճիշտ է, ուրախ էր, որ մեզ ողջ էր գտնում, բայց իրեն մեղավոր էր զգում։ Ասում էր․ «Յաշա, շատ ուժեղ էր օղակը, չկարողացա մոտենալ, չկարողացա օգնության հասնել»։ Նա Մեծ Հրամանատար էր առաջին հերթին նրանով, որ ամենավտանգավոր տեղերն անձամբ էր առաջնորդում իր տղաներին։ Երբեք մենակ չէր թողնում։ Ահա թե ինչու մեր անհաջողության, մեր կորուստների համար իրեն էր մեղավոր զգում։

                    Հաջորդ երեք օրը աչքս ոչ մի րոպե չփակվեց։ Ուժերի գերլարումից առաջացած հոգնությունն ու մարմինս մաշող ցավը դեռ կարելի էր տանել, բայց Կամոյի հոր խոսքերն անընդհատ հնչում, կտոր-կտոր էր անում սիրտս։ Այդ երեք օրերի ընթացքում անիծյալ հարթավայրի ու այն վերահսկող բարձունքների համար համառ պայքար էր գնում։ Մի օր մեր ձեռքումն էր, մի օր թշնամու։ Բայց տղաների մարմինները հանել էր պետք և ես անընդհատ դրա վրա էի մտածում, հաշվումներ անում։ Բացվող ամեն նոր օրը ծանրացնում էր մեր գործը։ Պետք էր շտապել, որովհետև ամառ էր, որովհետև անտառ էր․․․

                    Վեց զոհը հանելու համար մեզ 20 մարդ էր պետք։ Բայց մենք գործը պիտի 15 հոգով գլուխ բերեինք։ Երրորդ օրն էր արդեն, երբ որոշեցի այլևս չսպասել։ Ինչ գնով էլ լինի, պետք էր մտնել հարթավայրը։

                    Արդեն պիտի շարժվեինք, երբ Կամոյի հայրը, հորեղբայրն ու քեռին եկան մեզ մոտ ու ստիպեցին իրենց էլ տանել մեզ հետ։ Մեր ոչ մի փաստարկը համոզիչ չեղավ ու մենք ստիպված էինք մեր մարդկանցից երեքին թողնել ու իրենց վերցնել։ Բայց երբ տեղ հասանք, երեքի աչքերում էլ վախ տեսա։ Հասկացա, որ մեզ ոչնչով չեն օգնելու։ Ճիշտն ասած, նեղանալու էլ չի, չկռված մարդու համար պիտի որ ծանր լիներ միանգամից մարտադաշտ մտնելը, այն էլ՝ այդքան ծանր հանգամանքներում։ Մի կողմից հասկանում էի նրանց, մյուս կողմից էլ կատաղությունից պայթում էի։ Չգիտեի, ինչ անել։ Չէ որ 15-ից 12-ն էինք մնացել, մինչդեռ այդ գործի համար, ինչպես ասացի, 20 մարդ էր պետք։

                    Հրետանավորներին խնդրել էի՝ լուսաբացին մեկ-երկու արկ գցել բարձունքը, հուսալով, որ թշնամին մի առ ժամանակ գլուխը չի բարձրացնի դեպի ձորակը, որով բարձրանում էինք, ինչպես կենդանաի նշանակետ։ Բայց որքան մեծ էր մեր զարմանքը, երբ տեղ հասնելով նրանց դիրքը դատարկ գտանք։ Հրետանու կրակից հետո դիրքը թողել, փախել էին։ Ես այդ մասին նույնիսկ երազել չէի կարող։ Մեզ դա է փրկել, որովհետև մենք կույրի պես էինք բարձրանում։ Մի հոգի էլ լիներ այնտեղ, կարող էր մեր հարցերը շատ հանգիստ լուծել։ Բայց Աստված պահեց մեզ․․․

                    ․․․Երբ քաղաք եկանք, Կամոյի հայրը չգիտեր ինչ անել մեզ համար։ Գրկել էր ինձ, բաց չէր թողնում։ Այնքան շնորհակալ էր մեզնից։

                    ...Նրա որդու մարմինը ձեռքի դաջվածքից ճանաչեցինք․․․ Գլուխը կտրել-տարել էին ․․․

                    Ինչքան երկար պատմեցի․․․ Չեմ սիրում խոսել պատերազմի մասին։ Ոչ մեկի հետ։ Ոչ ընտանիքում, ոչ ընկերներիս հետ այդ մասին չեմ խոսում։ Ով գիտի՝ արդեն գիտի, ի՞նչ պատմեմ, ով չգիտի՝ չգիտի, ի՞նչի պատմեմ։ Դա մե՛ր կյանքն էր, դա, իսկապես, մի ողջ կյանք էր․․․

                    Պատմությունը գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

                    Comment


                    • #20
                      19 / 03 / 2018Արցախյան ազատամարտ. Պատմում է Ալվարո Շեկյանը




                      Voskanapat.info լրատվական֊վերլուծական կայքն ու Times.am գործակալությունը ընթերցողների ուշադրությանն են ներկայացնում Արցախյան ազատամարտին վերաբերող պատմությունների և հարցազրույցների շարք։ Նոր խորագրի հիմնական նպատակն ընթերցողների լայն շրջանակին մեր հերոսների հետ ծանոթացնելն է։ Կփորձենք բացահայտել հետաքրքիր և ձեր ուշադրությանը ներկայացնել հերոսամարտի ամենահետաքրքիր պատմություններն ու դիպվածները։

                      Եվ այսպես, պատմում է Ալվարո Շեկյանը։

                      Միտինգների երբևէ չեմ մասնակցել, ես միշտ էլ գիտեի, որ այդ միտինգները ոչինչ չեն տա մեր պայքարին։ Փոխարենը 1988-ին տանս պատերն էի շարում։ Մի անգամ քիչ էր մնում տանս մոտով միտինգ գնացողներից մեկի կոկորդը պատռեի, որովհետև համարձակվել էր հանդիմանել ինձ, թե՝ ազգը հրապարակում արդարություն է պահանջում, դու էլ էստեղ կուբիկ ես կրում։ Ես կուբիկ չէի կրում, ես տու՛ն էի կառուցում։ Տու՛ն։

                      Ցերեկները աշխատանքի էի գնում, երեկոները ցեխ ու սվաղ անում, գիշերներն էլ մեր գյուղի ինքնապաշտպանական ջոկատի կազմավորման, զինման հարցերով զբաղվում։ Եվ ինչպես էր ամեն ինչի համար ժամանակ և ուժ գտնվում։ Զարմանալու բան է։
                      Մեր քաղաքում ինձ, եթե բոլորը չէ, ապա շատերն են ճանաչում։ Մի անգամ եկան, խնդրեցին, որ գնամ միտինգի ու մի-երկու խոսք էլ ես ասեմ։ Դա մի կարճ կոչ էր, կոչ՝ ի զեն։ Մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում։ Պետք է զենք վերցնել։ Պայքարել։ Պատրաստվել պատերազմի, զրկանքների ու․․․ զոհերի․․․

                      Ղարաբաղում միակ գյուղը, որն ամբողջովին կտրված էր հայկական բնակավայրերից, շրջապատված ադրբեջանական գյուղերով մեր գյուղն էր՝ Ղազանչին։ 14 ադրբեջանական գյուղեր ընկած էին մեր շուրջը և, ամենանեղ արահետներով իսկ, հնարավոր չէր ադրբեջանցիներից աննկատ դուրս գալ գյուղից։ Խոջալուի ազատագրումից հետո մեզ համար՝ մեր գյուղի ջոկատի համար, պարզ էր, որ իրենց պարտության ողջ մաղձն ադրբեջանցիները մեր գյուղի վրա են թափելու։ Մենք չէինք սխալում։ Խոջալուից մեկ շաբաթ անց՝ մարտի 4-5-ը տեղի ունեցավ մի ճակատամարտ, որն իմ իամցածներից ամենածանրն էր: Ճակատամարտ ընդունեցին 27 հոգով։ 27 ՝ ընդդեմ 1500-ի։ Պատմության դասագրքերում այդ մասին մի տողով գուցե նշվի կամ ընդհանրապես չնշվի: Բայց դա եղելություն է: Ղազանչի գյուղի համար տեղի ունեցավ արյունալի ճակատամարտ: Ադրբեջանի Ազգային ճակատը հարձակվել էր 1500 հոգով, գյուղը պաշտպանում էին 27 զինյալ կամավորականներ: Չնայած մեր տղաների անօրինակ սխրանքին, գյուղը պահել չհաջողվեց: Հայրենիքի փրկության զոհասեղանի կրակը բորբոքուն էր ամբողջ երկու օր։ Անհավասար մարտում Մուսա քեռուս որդիներից մեկը՝ Վազգենը, նույնպես զոհվեց։ Բայց նա թշնամու գնդակից չէր ընկել։ Իր համար պահած վերջին գնդակով ազատել էր իրեն գերի ընկնելու դժբախտությունից։ Նախ շանն էր սպանել, հետո իրեն։ Այդ պահին ես նրա մոտ չէի, իսկ տղաների վիճակն այնքան նեղ էր, որ չկարողացան մարմինը հանել...



                      Օրերն անցնում էին, իսկ մենք չէինք կարողանում մոտենալ ու հանել Վազգենին։ Եվ դա այն դեպքում, երբ նրա հարազատ եղբոր՝ Վարդանի շիրմաթումբը դեռևս թարմ էր։ Նա էլ Սաֆոնովյան հրոսակախմբի դավադրության զոհն էր դարձել: Մուսա քեռիս իր անվանն արժանի վեհությամբ էր ընդունել որդիների սև թուղթը։ Բայց նրա անխոս հայացքը որդու համար մի բուռ հող, մի սուրբ ուխտատեղի էր պահանջում։ Ու այդ հողը բերողը ես պիտի լինեի։ Նրա մարմինն ազատելու շատ փորձեր եմ արել, բայց ոչինչ չէր ստացվում:

                      Մարտի 12–ին Ասկոլկայի ու Վլադիմիր Բալայանի ջոկատների հետ միասին մեկ օրում ազատագրեցինք միանգամից 8 գյուղ՝ Սրխավանդը, Գյունափան, Բաշ Գյունափան և այլն: Այդ ընթացքում գերիներ ու դիակներ էինք հավաքում, որպեսզի փոխանակենք Վազգենի հետ:

                      Մարտի 25-ն էր արդեն: Վիտալի Բալասանյանը բանակցությունների դուրս եկավ Ադրբեջանի Ազգային ճակատի հրամանատար Ալավերդիի հետ: Պայմանավորվածության համաձայն Վազգենին փոխանակելու էինք 4 գերու և 4 դիակի հետ: Երբ ճանապարհ էինք ընկնում, Բալասանյանը եկավ, թե՝ Ալվարո, դու՞ ինչու ես գնում: Քեզ, ախր, բոլորը ճանաչում են: Ասեցի՝ ինչ անեմ, որ չգնամ, գնում եմ եղբորս մարմինը բերեմ: Մինչև հիմա շատ եմ փորձել, չի ստացվել:

                      Չորս հոգով էինք, քեռիս էլ էր մեզ հետ:

                      Երբ հասանք հանդիպման վայրը՝ Ալաղալու գյուղը, Ալավերդին զգուշացրեց, որ մեզնից և ոչ մեկի մազն իսկ, չպիտի ծռվի: Համոզված էինք, որ չեն դիպչելու մեզ: Առաջինը քեռիս դուրս եկավ, մոտեցավ փոխանակման եկած ադրբեջանցիներին: Ես դեռ սպասում էի մեքենայի մեջ:

                      Քեռիս դիմեց հանդիպման եկած գումարտակի հրամանատարին, թե՝ եկել ենք Վազգենի մարմինը տանենք, մեր տալիքն էլ, ահա, տվել ենք:

                      -Վազգենի դիակն այստեղ չէ: Գյուղում այդպիսի դիակ չկա,- հետևեց պատասխանը։

                      -Իբաթ մալլում, կա,- քեռիս հարգանքով էր խոսում, մանավանդ, որ դիմացինն էլ հարյուր տարվա «ընկեր» էր...

                      ...Նա իմ մանկության ընկերն էր: Ես և նա՝ ադրբեջանական գումարտակի հրամանատար Իբաթը, հարևան գյուղերում մեծացած տղաներ ենք, իրար հետ հազար անգամ հաց կտրած, հազար անգամ ճամփա գնացած: Մեր մանկությունը միասին, մեր գյուղի անտառներում ենք անցկացրել։ Միասին դպրոց հաճախել, միասին սովորել Շուշիի մանկավարժական ուսամնարանում։ 4 տարի շարունակ ամեն շաբաթ, կամ ամեն անգամ, երբ տուն էինք գալիս, ես գնում, իրենց տնից ձի էի վերցնում, ձիով անցնում այն 4 կմ ճանապարհը, որ բաժանում էր Ղազանչին հարևան Ալաղալուից, որովհետև ավտոբուսը մինչև իրենց գյուղն էր գալիս: Իմ հարսանիքի մսացուի հոգսը ինքն ու Վազգենն էին հոգացել: Եվ ահա, այդքան տարիների ընկերությունից հետո հայտնվել էինք սահմանագծի հակառակ կողմերում: Եկեք բաց թողնենք այդ պահին իմ հոգեվիճակի նկարագրությունը, որովհետև ավելորդ է ասել, թե ինչպես էր արյունս երակներիս մեջ փոթորկվում իսկ կուրծքս պայթեր պիտի սրտիս տրոփյունից...

                      Նրա պատասխանի վրա ես չդիմացա, ասացի՝ կա, ո՞նց թե՝ չկա:

                      Ձայնս անմիջապես ճանաչեց:

                      - Ալվարո՞ն է մեքենայում:

                      Դուրս եկա: Առանց դրան էլ պիտի դուրս գայի: Նրա հետ եկած տղաները, իր տեղակալները, բոլորը եկան, պատվով-հարգանքով բարևեցին, գրկեցին-համբուրեցին ինձ, ինքը մնաց անշարժ: Ձեռքս մեկնեցի՝ օդում մնաց, բարևս չառավ: Դեռ ավելին, համարձակություն ունեցավ հետս այսպես խոսել.

                      -Աղվե՛ս ես դառել, Ալվարո՛, քեզ աղվեսի պես ես պահում:

                      -Թիկնազորդ ուժեղ է, հա՞, համարձակվում ես հետս այդ տոնով խոսել: Դու՛, որ ամբողջ կյանքում վախենում էիր ինձնից: Դու՛, որ ամբողջ կյանքդ հետևիցս շարշ էիր գալիս: Քո կյանքում երբևէ այդպես խոսած կա՞ս ինձ հետ: Հիմա, երբ շրջապատված ես թիկնապահներով, իհարկե, կարող ես քեզ թույլ տալ,- նյարդերի խաղ էր։ Ես գիտեմ նրանց սովորությունները, այդ ազգի բնավորությունը։ Փոքր-ինչ հապաղես, փոքր-ինչ նվաղես, կհարձակվեն, կուտեն քեզ:

                      -ՉԷ: Ես արդեն 20 օր է, փնտրում եմ Վազգենի դին, չեմ գտնում:

                      -Փնտրու՞մ էիր, որ ի՞նչ անես:

                      -Որ բերեմ, Մուսա դայուն հանձնեմ,- գուցե նույնիսկ ճիշտ էր ասում:

                      -Սիրտդ այդպես ցավում է, հա՞, Մուսա դայու համար:

                      -Մոռացել ես երևի: Չես հիշում, որ հարսանիքիդ մսացուն ես ու Վազգենն ենք բերել:

                      -Բայց ի՞նչ գիտես, որ Վազգենն այնտեղ՝ գյուղում զոհվել է:

                      -Գիտեմ: Սկզբում շանն է սպանել, հետո իրեն: Իսկ դու՞ ինչ ես արել, Ալվարո՛:

                      -Ե՞ս։ Ես ոչ մի բան էլ չեմ արել:

                      -Սրխավանդից խաղաղ բնակչությունը հեռանում էր: Դու մի բարձունքի նստած սպանում էիր բոլորին: Հատ-հատ: Դու իմ եղբորն էլ ես սպանել, նրա տղային էլ: Մոռացել ես, հա՞, թե քանի-քանի անգամ ենք կողքի գյուղը մարդ ուղարկել նրա հետևից, որ գար մեր տուն, քեզ հետ օղի խմեր: Գիշեր լիներ, թե ցերեկ, գալիս էր:

                      Նա չէր սխալվում: Ես եմ սպանել: Բայց չգիտեի, որ իրենք են: Չէի ճանաչել։ Եթե ճանաչեի, չէի խփի։ Ընդհանրապես մենք խաղաղ բնակչությանը չէինք վնասում: Ուղղակի անթաղ, անգերեզման եղբորս վշտից գլուխս կորցրել, խելագարվել էի:

                      -Ես չեմ սպանել, ինֆորմացիադ սխալ է- ժխտեցի ես:

                      -Ուզու՞մ ես ասեմ, ինչ հագուտով էիր,- նա մանրամասն ու անսխալ նկարագրեց ինձ: Ուրեմն տեսել, ճանաչել են ինձ:

                      -Չէ, Իբաթ, ես չէի։ Ես ոչ մեկին, առավել ևս եղբորդ չեմ սպանել,- չգիտեմ՝ հավատաց, թե չէ։

                      -Եթե գիտես դիակի տեղը, գնա վերցրու,- ասաց նա, վեց հոգի դնելով մեզ հետ՝ որպես ուղեկցորդ:

                      Ձյուն էր: ՈւԱԶ-ը մի կերպ էր բարձրանում նեղ ու ցեխոտ ճանապարհով: Գնացինք, գտանք Վազգենին: Երբ արդեն վերադառնում էինք, ասացի՝ թե գնում եմ մեր տունը տեսնեմ: Գնացի: Տունը չկար: Հող էին դարձել: Նյարդերի ջղաձգությունից անզուսպ ծիծաղով բռնկվեցի։ Ծիծաղում էի, բարձրաձայն ծիծաղում: Ինձ ուղեկցող ադրբեջանցիները կարծեցին, թե ցնորվել եմ, խելագարվել: Ես ադրբեջաներեն հասկանում, մաքուր խոսում էի:

                      -Չեմ խելագարվել,- ասացի: Ուղակի ես ձեզնից ավելի շատ տներ եմ այրել, ավելի շատ եմ քանդել ու ավիրել,- ստեցի ես, որովհետև մենք երբեք տներ չէինք այրում: Ես ինքս էի արգելում ավերումները:

                      Եկա, որ հետ վերադառնանք: Իբաթը մոտեցավ, թե՝ չես գնում: Մեր տուն պիտի մտնենք:
                      Անմիջապես մտքովս անցավ, թե ուզում են թունավորել ինձ: Որովհետև միայն ինձ տարան, քեռուս ու բարեկամներիս չթողեցին գալ մեզ հետ: Իր թիկնազորի ուղեկցությամբ տուն մտանք: Մայրը՝ Մալեքա խալան դուրս եկավ, գրկեց, համբուրեց ինձ: Ասաց՝ բոլորն ասում են, թե դու ես սպանել եղբորս որդուն ու թոռանը, բայց ես չեմ հավատում: Դու չէիր սպանի նրանց:

                      Իբաթը միջամտեց՝ Աղ ու հաց բերեք:

                      Աղուհացը օրվա ու ողջ կյանքիս ամենամեծ փորձությունն էր: Աղուհացը սրբություն է շատ ազգերի համար, այդ թվում մեզ ու ադրբեջանցիների համար։ Աղուհացը կոխկրտելը նույնիսկ Աստված չի ներում: Իմ առջև ծանր ընտրություն էր կանգնած: Կամ ես ընդունում եմ աղուհացը՝ այդպիսով խոստովանում մեղքս ու ներողություն խնդրում, կամ էլ մերժում եմ՝ այդպիսով ժխտում մեղքս ու արհամարում նրանց բարեկամությունը: Ես երկրորդ տարբերակն ընտրեցի: Մերժեցի, կոխ տվեցի աղուհացը:



                      Դա կյանքիս միակ որոշումն է, որը մինչև էսօր ինձ չեմ ներում: Պետք է խոսովանեի, որ ես եմ սպանել: Նույնիսկ քեռիս հանդիմանեց ինձ․ Խոստովանելն ավելի մեծ տղամարդկություն կլիներ: Բայց եթե ես էդ պահին թուլություն ցուցաբերեի, համոզմունքների, մարդկային արժեքների հետևից ընկնեի, ապա պատերազմը տանուլ կտայի: Դեռ 92 թվականն էր, մարտ ամիսը: Պատերազմը դեռ առջևում էր: Ես թուլանալու իրավունք չունեի: Եվ բացի այդ, ինչ կանեին իրենք ինձ հետ, եթե խոսովանեի, որ ես եմ սպանել նրանց։ Ինչպես ասում են, երբեմն փախչելն ու փրկվելը նույնպես տղամարդկություն է։ Ու բացի այդ, միթե ես պետք է արդարանամ իմ ազգի թշնամուն խաբելու համար։ Ես գործեցի իբրև երդվյալ զինվոր։ Բայց և խղճիս առաջ մեղանչումս մինչև հիմա ծանրացած է սրտիս…

                      Գուցե, որովհետև իրենք ինձ հավատացին, իսկ ես՝ ոչ։ Իսկ իրենք, իսկապես հավատացին ինձ։ Դա գրված էր նրանց աչքերում։

                      Ես միշտ չէ, որ այսպես սառն ու քարսիրտ էի։ Մի անգամ, օրինակ, երկու տղայի կյանքերը խնայեցի միայն նրա համար, որ նրանցից մեկի քայլվածքը որդուս քայլվածքին էր նման։ Այդ երկուսին այդպես էլ ասացի, որ զինվոր տղայիս նմանության պատճառով կյանքերն իրենց եմ բախշում։ Զինաթափեցի ու գերի վերցրի։ Երբ հետս բերեցի, ջոկատի տղաները ապշել էին։ Հաց չկար, թե մենք ուտեինք, իսկ ես գերիներ էի բերել ու հրահանգել, որ լավ նայեն։ Պահեցի նրանց այնքան, մինչև որ փոխանակեցինք մեր տղաներից մեկի հետ։ Որդիս 15 տարեկանից զենք վերցրեց, մտավ պատերազմի հորձանուտը։ Չնայած ինձ մոտ չէր ծառայում, բայց գիտեի, որ անհրաժեշտության դեպքում ինքը ինձ օգնության կգա, ես՝ իրեն։ Այդպես հեշտ է կռվելը․․․

                      Մենք չափազանց թանկ գին վճարեցինք մեր ազատության համար։ Սա սոսկ բառեր չեն, այլ հարյուրավոր երիտասարդ կյանքեր։ Այդ գինը Վազգենի կյանքն է, Նորայրի, Ավոյի, Ասկոլկայի, Վարդանի ու շատ-շատերի։ Բայց, ինչ արած, մեծ գործերը մեծ զոհեր են պահանջում։ Փոխարենը մենք վաստակեցինք հարգանք ինքներս մեր նկատմամբ։ Մեր ազգի՝ դարեր շարունակ կորացած մեջքն ուղղվեց և մենք ոչ թե ողորմություն խնդրեցինք աշխարհից, այլ զենքով տեր կանգնեցինք արևի տակ ազատ ապրելու մեր իրավունքին։

                      Գրապահարանիս մի ամբողջ դարակը զբաղեցնում են այն գրքերը, որտեղ գրված է իմ մասին։ Վազգենի ու Վարդանի հիշատակին Գուրգեն Գաբրիելյանը պոեմ է գրել՝ «Մուսա լեռան․․․ երկու որդին», մի մեծ տոպրակ մեդալներ ունեմ, երևի ծոռներս մի օր կխաղան դրանցով։ Դա հպարտության իմ անձնական, շատ քիչ մասն է միայն։ Հպարտությունն ու երջանկությունն ինձ համար մնում են մեր երկրի անառիկ սահմանները, ուսյալ զինվորականներն ու կանոնավոր, հզոր բանակը, խաղաղ երկնքի տակ անհոգ մեծացող փոքրիկները։

                      Պատմությունը գրի առավ Յուլիա ՎԱՆՅԱՆԸ

                      Comment

                      Working...
                      X