
Լեռնային Ղարաբաղ. Այսպես կարող է սկսվել հաջորդ պատերազմը Կովկասում (The National Interest, ԱՄՆ)
- 2020-12-13
Զենքերը լռեցին, ռուս խաղաղապահները բաժանեցին հայերին ու ադրբեջանցիներին և սկսեցին հսկել հին հայկական վանքերը, որպեսզի դրանք չոչնչացվեն ադրբեջանցի զինվորների և սիրիացի վարձկանների կողմից: Հրադադարի ռեժիմի պահպանման թուրք-ռուսական համատեղ կենտրոնը շուտով կսկսի աշխատել Ադրբեջանի կողմից վերահսկվող Լեռնային Ղարաբաղի հատվածում:
Միևնույն ժամանակ, Մինսկի խմբի ներքո գտնվող ամերիկացի և ֆրանսիացի դիվանագետները փորձում են վերսկսել դիվանագիտական գործընթացը, որն ընդհատվեց, երբ Թուրքիայի աջակցությամբ ադրբեջանական ուժերը հանկարծակի հարձակվեցին Արցախի վրա (ինչպես հայերն են անվանում, Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ անկախ միավոր):
Կարող է թվալ, թե պատերազմն ավարտված է, բայց արևմտյան դիվանագետները պետք է զգոն մնան։ Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքով Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հայկական հատվածների հետ կապող ցամաքային երթուղու՝ Լաչինի միջանցքի աշխատանքային պայմանները լիովին սահմանված չեն: Երթուղին շարունակում է մնալ վտանգավոր. չնայած ռուս խաղաղապահների առկայությանը՝ դիպուկահարների կողմից գնդակոծվում և առևանգվում են խաղաղ բնակիչներ:
Լաչինը կարող է գրգռիչ լինել, բայց ոչ հիմնական խնդիր: Նոյեմբերի 10-ի զինադադարը հապճեպորեն կազմված պարզ փաստաթուղթ է: Վերջին դրույթը կարող է սերմանել նոր պատերազմ. «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային կապերի անվտանգությունը Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև` երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու համար»:
Կա երկու խնդիր. առաջինը՝ Հայաստանի կողմից բաժանված Ադրբեջանի երկու մասերի հաղորդակցության ձևակերպումները: Ենթադրվում է, որ գործը չի սահմանափակվի ճանապարհով կամ երկաթուղով, և Հայաստանի տարածքը հետագայում մասնատվելու է: Սա ոչնչացնում է այն հույսերը, որ հրադադարին արագ կհետևի խաղաղությունը, բայց ինքնին դժվար թե պատերազմի պատրվակ դառնա:
Երկրորդ խնդիրը կլինի թուրքական բեռնատարների տեղաշարժը, որոնք անցնելու են նոր երթուղով՝ ինչպես Ադրբեջանի ազդեցությունն ուժեղացնելու համար, այնպես էլ ընդլայնելու Թուրքիայի տնտեսական և մշակութային կապերը Կենտրոնական Ասիայի հետ: Եթե ամեն ինչ սովորական հունով ընթանա, ամեն ինչ հարթ կլինի: Բայց եթե, օրինակ, թուրք վարորդը դիպուկահարի կողմից գնդակահարվի, ապա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմեղադրի Հայաստանին և կպահանջի ստեղծել բուֆերային գոտի՝ անվտանգ անցումն ապահովելու համար: Այս սցենարը ոչ մի կերպ հեռու չէ. բավական է հիշել կեղծ դրոշի ներքո տխրահռչակ «Ռայխստագի այրումը» կամ ահաբեկչական գործողությունները: Թեև Թուրքիայի ներսում շատ հաճախ տարրերը ճգնաժամ են հարուցում, որից հետո Անկարան փորձում է օգտվել:
Էրդողանն արդեն ձեռք է բերել նոր տարածքներ՝ պահանջելով բուֆերային գոտիներ ստեղծել «ահաբեկչության դեմ պայքարի համար», և նա անշուշտ կցանկանա օգտագործել նույն մարտավարությունը: Թուրքական ուժերը արմատավորված են Սիրիայի հյուսիս-արևելքում՝ տալով թուրքական ինքնության քարտեր, պարտադրելով թուրքական կրթություն և կառուցելով թուրքական փոստային բաժանմունքներ:
Եվ եթե Հյուսիսային Սիրիայում Էրդողանի քայլերը թելադրված էին քրդերի նկատմամբ էթնիկական շովինիզմով, ապա նրա ներկայիս գործողությունները հայերի և քրիստոնեության հանդեպ լի է արհամարհանքով: Դժվար թե պատահականություն լինի, որ նա հարմարեցրեց թուրք-ադրբեջանական հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, որպեսզի այն համընկնի 1920թ. Թուրքիայի ներխուժման 100-ամյակի հետ:
Հայաստանում ո՛չ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ոչ էլ ընդդիմադիր որևէ գործիչ համաձայն չեն լինի Թուրքիայի վերջնագրի հետ և չեն հանձնի իրենց երկրի հսկայական տարածքների վերահսկողությունը: Բուֆերային գոտու ցանկացած պահանջարկ ըստ էության կբաժանի Հայաստանը: Բայց հայ զինվորականները չեն կարող համեմատվել Թուրքիայի հետ՝ ո՛չ ռազմական տեխնիկայի առումով, ոչ էլ քանակով: Այս սցենարի միակ անկանխատեսելի գործոնը Ռուսաստանն է, բայց անցած ամսվա իրադարձությունները ցույց են տալիս, որ Էրդողանի ինքնավստահությունը գերազանցում է Ռուսաստանի հանդեպ ունեցած վախին:
Պարզ ասած, ԱՄՆ-ը շատ հաճախ շաշկի է խաղում, երբ այլ երկրներ շախմատ են խաղում:
Ժամանակն է, որ Վաշինգտոնը, Փարիզը և միջազգային հանրության այլ ներկայացուցիչներ մտածեն մի քանի քայլ առաջ, կանխատեսեն Կովկասում հաջորդ պատերազմը կամ նույնիսկ կանխեն դա:
Դիվանագետները կարող են գնահատել տիրող լռությունը, բայց պետք է զգույշ լինել, քանի որ նախորդ նախադեպերն ու ներկա զեկույցները ենթադրում են, որ դա ոչ թե տևական խաղաղության հիմք է, այլ հանդարտություն էլ ավելի մեծ փոթորկից առաջ:
Պատրաստեց՝ Սոնա Աբրահամյանը
Comment