- Հայաստանը պետք է զարգացնի իր հարաբերությունները Քուրդիստանի հետ՝ գործելով անաղմուկ, բայց հետևողական. Հովսեփ Խուրշուդյան
02.09.17
Tert.am-ը «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար, փորձագետ Հովսեփ Խուրշուդյանի հետ խոսել է Իրաքում այս տարվա սեպտեմբերի 25-ի ընտրությունների արդյունքում Քուրդիստանի անկախության հռչակման հնարավորությունների և Հայաստանի կողմից այդ երկրի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին:
- Պարո՛ն Խուրշուդյան, սպասվում է, որ Իրաքի քրդերը հանրաքվեի միջոցով կհռչակեն իրենց անկախությունը, և դա հիմք կդառնա նրանց անկախ պետությունը ձևավորելու համար: Ֆեյսբուքյան Ձեր գրառումներից մեկում նշել եք, որ Քուրդիստան պետությունը կձևավորվի ԱՄՆ-ի հովանավորչության շնորհիվ: Պետք է նկատենք, որ չնայած ԱՄՆ-ը մշտապես աջակցել է քրդերին, այնուամենայնիվ, հանրաքվեի և Քուրդիստանի անկախացումը հռչակելու հետ կապված դեռևս իր վճռական դիրքորոշումը չի հայտնում: Հնարավո՞ր է, որ ԱՄՆ-ը և միջազգային հանրությունը վերջին պահին չկանգնեն իրաքյան քրդերի կողքին:
- Տեսե՛ք, ԱՄՆ-ը այժմ տարածաշրջանային «վերադասի» դերում է հանդես գալիս, և միարժեքորեն որևէ մեկի կողմը բռնել, այն էլ այն կողմի, որը մարտահրավեր է նետում ԱՄՆ-ի իսկ ստեղծած ստատուս-քվոյին, չի կարող: ԱՄՆ-ը պետք է նաև իր լավ հարաբերությունները պահպանի Բաղդադի հետ ու նաև շատ չխրտնեցնի Թուրքիային: Այս իմաստով ԱՄՆ-ը առաջիկայում բացահայտ չի աջակցի այս հանրաքվեին: Բայց խնդիրն այն է, որ քրդերի համար այդ աջակցությունն այնքան կարևոր չէ, որքան ԱՄՆ-ի կողմից հնարավոր երաշխիքներն առ այն, որ անկախ հանրաքվեի կայացման փաստից ո՛չ Բաղդադը, ոչ էլ Անկարան ռազմական գործողություններ չեն սկսի իրաքյան Քրդստանի դեմ: Այսինքն՝ ԱՄՆ-ը մի կողմից ասում է, որ համակարծիք է Բաղդադի և Անկարայի հետ, բայց մյուս կողմից՝ զսպելու է այս վերջին երկուսին՝ թույլ չտալով ճնշել Քուրդիստանը: Իսկ Քուրդիստանը կկայանա և փաստի առաջ կկանգնեցնի Բաղդադին էլ, Անկարային էլ, Իրանին էլ:
- Դուք նշել եք, որ մեր շահերից է բխում նոր կազմավորվող, նավթով հարուստ, մարտունակ բանակ ունեցող երկրի հետ հարաբերությունների հաստատումը: Ի՞նչ է ակնկալվում հայկական կողմից, որո՞նք պետք է լինեն մեր առաջին քայլերը դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ճանապարհին: Հայաստանը Էրբիլ քաղաքում հյուպատոսարան ունի. ի՞նչ եք կարծում, սա արդեն դիվանագիտական ժեստ չէ՞ Հայաստանի կողմից Քուրդիստանի հետ հարաբերություններ հաստատելու ուղղությամբ: Նաև դուք ինքներդ եք նկատել, որ Քուրդիստանի հետ հարաբերությունները զարգացնելիս Հայաստանը խնդիրներ կունենա բարեկամ Իրանի հետ: Խնդիրներ կարող են առաջանալ նաև արաբական երկրների հետ: Ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է այս իրավիճակում Հայաստանը վարվի:
- Հենց այդ պատճառով էլ ես նշել եմ, որ Հայաստանը պետք է գործի անաղմուկ, բայց հետևողական: Օրինակ, Իրանը չեմ կարծում շատ նեղվի, եթե մենք հյուպատոսարան բացենք նաև Քիրքուկում և եզդիաբնակ Սինջար-Շանհալում կամ ասորաբնակ շրջաններում: Մենք դրա համար ունենք բոլոր քաղաքական հիմքերը և հիմնավոր շահերը: Այն, ինչ կատարվում է եզդիների հետ այդ շրջանում, անմիջականորեն անդրադառնում է Հայաստանի վրա հենց թեկուզ մեր եզդի քաղաքացիների միջոցով և պաշտոնական Երևանը չի կարող անմասն մնալ դրանից: Վերջապես, Քիրքուկում ապրում են հայեր: Կամ, օրինակ, եթե մենք մեր առաջատար բուհերին ֆինանսավորենք՝ Քուրդիստանից քուրդ, եզդի, արաբ և հայ ուսանողների հրավիրելու անվճար ուսուցման համար պետական/հանրային կառավարման, քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, դիվանագիտության և իրավաբանության մասնագիտությունների գծով: Բժշկական մասնագիտությունների գծով հայկական որոշ մասնավոր բուհեր արդեն մի քանի տասնյակ ուսանողներ են ներգրավել Քուրդիստանից, որոնք վճարունակ են և հետաքրքրված են Հայաստանում ուսմամբ: Բացի դրանից՝ պաշտոնական Էրբիլը շահագրգռված է նվազեցնել իր կախվածությունը թուրքական աշխատուժից և ապրանքներից: Ճանապարհաշինությունից մինչև ծառայությունների ոլորտ, այդ թվում՝ առողջապահություն․ այս երկու ոլորտում էլ Հայաստանը որոշ սեգմենտներում կարող է լուրջ և մեր երկրի համար խիստ շահավետ մասնակցություն ունենալ: Վերջապես, մենք կարող ենք տարբեր մակարդակների ուսումնական հաստատություններ հիմնել Քուրդիստանում՝ համագործակցելով տեղի հայերի, ասորիների և եզդիների հետ, քրդական քաղաքականությանը նվիրված միջազգային կոնֆերանսներ կազմակերպել՝ եվրոպական և ամերիկյան առավել ադեկվատ գիտնականների ներգրավմամբ, այս ամենով մասնակցելով քրդական քաղաքականության, ու հատկապես՝ նոր վերնախավի ձևավորմանը, որը կարող է համալիր միջոցառումների շնորհիվ դառնալ հայամետ: Այս ամենից ինչո՞ւ պետք է դժգոհ լինի Իրանը: Սրանք հումանիտար ոլորտներ են, որոնք ոչ պակաս կարևոր են ռազմավարական տեսանկյունից, քան ռազմական համագործակցությունը, որի կոչը ես, գոնե առայժմ, չեմ անում:
Ինչ վերաբերում է արաբական երկրներին, ապա այստեղ ևս ամեն բան այդքան միանշանակ չէ: Օրինակ՝ Սաուդյան Արաբիան և Պարսից Ծոցի նրա սատելիտները լռելյայն աջակցում են Քուրդիստանի ստեղծմանը: Այստեղ խոսում է ոչ միայն նման քաղաքականության խրախուսումը ԱՄՆ-ի կողմից, այլև Իրանին դեմ նոր ախոյան ստեղծելու նրանց նկրտումները: Սակայն, կարծում եմ, Իրանը հեռատես կգտնվի և կփորձի ոչ թե առճակատվել այս նոր պետության հետ՝ ստանալով համաքրդական դիմադրություն և ատելություն, այլ համագործակցել դրա հետ՝ փորձելով դառնալ միջնորդ Էրբիլի և շիական Բաղդադի միջև՝ հետագայում ներքաշելով Քուրդիստանը տարածաշրջանի շիական աշխարհաքաղաքական աղեղի՝ Իրան-Իրաք (առանց սուննիական և քրդական շրջանների) –Դամասկ (առանց սուննիական շրջանների) -Լիբանան ներքո, որի հետ մեր շահերը համընկնում են և որի տարածքում մենք դեռ ունենք ավելի քան 200.000 հայրենակիցներ, այսինքն՝ նաև կենսական շահեր:
-Դուք Ձեր գրառման մեջ վկայակոչել եք ԱՄՆ Ազգային ռազմական ակադեմիայում աշխատող պաշտոնաթող փոխգնդապետ Ռալֆ Պետերսի հոդվածը, որտեղ նկարագրված են Նոր Մերձավոր Արևելքի հնարավոր ապագա սահմանները, որն անվանել եք «իրատես կանխատեսում»: Նկատել եք, որ, ըստ այդ կանխատեսման, Թուրքիայի ազդեցությունը տարածաշրջանում նվազելու է: Ըստ Ձեզ՝ սա ի՞նչ հնարավորություններ է տալու Հայաստանին: Նաև գրել եք, որ փոխգնդապետ Ռալֆ Պետերսի ներկայացրած քարտեզը ճշգրտվելու է, և այն ճշգրտելու են տարածաշրջանի ուժեղ ազգերն ու պետությունները՝ թույլերի հաշվին: Նշել եք, որ, ցավոք, Հայաստանի այսօրվա «թույլ, ժողովրդի վրա չհենվող իշխանության վախվորած տարածաշրջանային քաղաքականության» պայմաններում մեր պետությունը չի կարող գործոն լինել: Ձեր կարծիքով՝ ի՞նչ է մեզանից պահանջվում գործոն լինելու համար:
- Ընդգրկուն հարց եք տալիս և ստիպված եմ լինելու մի փոքր երկար պատասխան տալ: Սկսեմ փոխգնդապետ Պետերսի քարտեզից: Այն ներկայացվեց 2007-ին Armed Forces Journal ամսագրում հրապարակված «Արյունոտ սահմաններ» հոդվածով, որտեղ նկարագրվեցին Նոր Մերձավոր Արևելքի հնարավոր ապագա սահմանները: Պետերսի վերջին պաշտոնը` ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի Շտաբի պետի տեղակալի գրասենյակում էր: Ու թեև այս քարտեզը չի արտացոլում ԱՄՆ պաշտոնական դիրքորոշումը, սակայն 2007-ին հաջորդող տարիներին տեղի ունեցած իրադարձությունները այս տարածաշրջանում ցույց են տալիս, որ սա գոյություն ունեցող մի ընդգրկուն տարածաշրջանային ծրագրի արտահոսք էր:
ԱՄՆ-ը, կարծես, քանդում է տարածաշրջանի մինի-կայսրությունները՝ նոր, ավելի կայուն ազգային պետություններ ձևավորելու, ինչպես նաև՝ տարածաշրջանը ավելի կառավարելի դարձնելու նպատակով: Իրաքն ու Սիրիան արդեն, ըստ էության, փլուզվել են, Սաուդյան Արաբիան ծանր պատերազմ է տանում Յեմենի հետ: Այդ մինի-կայսրությունների թվում հաջորդը Թուրքիան է լինելու: Քուրդիստանի պետականության ձևավորումը ամիսների հարց է և այն միտում է ունենալու ընդլայնվել դեպի Սիրիա և Թուրքիա:
Կասկած չունեմ, որ Քուրդիստանում մոտ ապագայում կտեղակայվի ԱՄՆ տարածաշրջանի խոշորագույն ռազմակայաններից մեկը՝ էապես նվազեցնելով Թուրքիայի կողմից ԱՄՆ-ին տրամադրվող Ինջիրլիք ռազմակայանի նշանակությունը: Համաձայն այդ քարտեզի՝ Քուրդիստանի տարածքից դուրս են թողնված և Հայաստանին միացված Ղարսը, Արդահանը, Սուրմալուն ու Արարատ լեռը: Չեմ կարծում, որ սա տուրք է ինչ-որ «պատմական արդարության վերականգման»: Պարզապես Նոր Մերձավոր Արևելքի ճարտարապետները տեսնում են Հայաստանը այս նոր ճարտարապետության շահառուների թվում: Այստեղ իր դերը խաղում է ոչ միայն հայկական սփյուռքի առկայությունը ԱՄՆ-ում, այլ նաև այն պարզ ռազմավարական մոտեցումը, ըստ որի՝ պետք է թուլացնել և փոքրացնել տարածաշրջանի ուժեղներին և մեծացնել ու հզորացնել փոքրերին՝ որպես հակակշիռ այդ «կամակոր» մեծերին:
Այդ նույն սկզբունքով նաև Ադրբեջանն է փորձ արվելու մեծացնել՝ որպես հակակշիռ Իրանի, ու մեր և Իրանի գործն է լինելու համատեղ ջանքերով դա թույլ չտալը: Ըստ այդ քարտեզի՝ անգամ Պակիստանն է մասնատվելու: Սակայն փոխգնդապետ Ռալֆ Պետերսի ներկայացրած քարտեզը, իհարկե, ճշգրտվելու է: Ոչ ոք դեռ չի վերացրել «թղթե» և «երկաթե» շերեփները: Իսկ այդ շերեփները, հավաստիացնում եմ ձեզ, նախևառաջ ոգեղեն-հոգեբանական, քաղաքական ու դիվանագիտական ոլորտներում են գտնվում, անգամ առավել քան սպառազինության աստիճանն է:
Տեսե՛ք, Իսլամական պետությունը թե՛ որակական, թե՛ քանակական տեսանկյունից չեն տիրապետում այն արսենալի անգամ փոքր մասին, որն ունի պաշտոնական Դամասկոսը, կամ հակաահաբեկչական կոալիցիան: Բայց տեսեք թե ինչ արդյունավետությամբ է դիմադրում բոլորին միասին վերցված: Պատճառը մեկն է՝ այդ պետությունում ղեկավարությունն ու ժողովուրդը մեկ բռունցք են՝ անկախ այն բանից, որ համախմբված են հետադիմական և մարդատյաց գաղափարախոսության շուրջ: Մյուս կողմից՝ միակ տարրը, որը արդյունավետ հակահարձակում իրականացրեց այդ պետության դեմ տարածաշրջանում՝ քրդերն էին: Անգամ Բաղդադի շիա արաբական զորամիավորումները չկարողացան պայքարել ԴԱԻՇ-ի դեմ՝ ասպարեզը թողնելով քրդերին, որոնք էլ դուրս մղեցին ծայրահեղականներին Քիրքուկից՝ սեփական վերահսկողությունը սահմանելով նավթով հարուստ այդ շրջանի հանդեպ: Քուրդիստանում, ինչպես Իսլամական պետության դեպքում, ժողովուրդն ու իշխանությունը մեկ բռունցք են՝ համախմբված մեկ գաղափարի՝ անկախ պետականության ստեղծման շուրջ: Իսկ երբ ժողովուրդն ու իշխանությունը միասնական են և ունեն հստակ տեսլական ու նպատակ՝ նրանք դառնում են անպարտելի: Մենք էլ էինք այդպիսին 1988-1994-ին, որի շնորհիվ հաղթեցինք թվով և սպառազինությամբ մեզ գերազանցող հակառակորդին:
Ցավոք, Հայաստանի այսօրվա թույլ, ժողովրդի վրա չհենվող իշխանությունը, որին սեփական գրպանային շահերից բացի ոչ մի այլ բան չի հետաքրքրում, համապատասխանաբար վարում է վախվորած տարածաշրջանային ու ընդհանրապես արտաքին քաղաքականություն: Նման պայմաններում մեր պետությունը չի կարող գործոն լինել: Կաշառքով ու կեղծիքով ընտրված իշխանությունը ինչպե՞ս կարող է մրցունակ լինել միջազգային ասպարեզում: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ արդյունքներ կունենայինք, օրինակ, ըմբշամարտի ասպարեզում, եթե նույն Արթուր Ալեքսանյանի փոխարեն միջազգային մրցումներում Հայաստանը ներկայացներ այստեղ մրցավարներին կաշառած ու խարդախությամբ «Հայաստանի չեմպիոն» դարձած ինչ-որ մարզիկ: Տարածաշրջանում ծանրակշիռ գործոն դառնալու առաջին ու նվազագույն պայմանը Հայաստանի համար այս իշխանություններից ազատվելն է ու ժողովրդի կամքը արտահայտող ուժեղ, ժողովրդավարական իշխանության ձևավորումն է: Թալանի գաղափարը չի կարող համախմբել թալանողին և թալանվողին:
Բայց մյուս քայլը՝ երկրի առաջադեմ ուժերինն է, որոնք արդեն այսօր պետք է տասնապատկեն իրենց ջանքերը մեր ժողովրդի մի ստվար հատվածի մեջ նախ տարածական մտածողության գերակշռությանը հասնելուն՝ պատմական մտածողության հանդեպ, ինչպես նաև այլավախությունը (քսենոֆոբիան) հանելու, «վախերը բռնելու» ուղղությամբ: Հատկապես վերջինի պատճառով մենք կորցնում ենք հսկայական ռեսուրսներ և հնարավորություններ տարածաշրջանում:
Այսօրվա Թուրքիայի տարածքում մենք ունենք առնվազն հարյուր հազարավոր մահմեդական հայեր, այդ թվում՝ համշենահայեր, որոնք այսօր արհեստականորեն օտարվում են հայկական էթնոսից առաքելական կղերական ծայրահեղականության և պետական գործերին հոգևորականների միջամտության պատճառով: Շատ հայերի մոտ ազգայնականությունը գավառականությամբ է պարուրված, ինչը խանգարում է մեզանում վերէթնիկ Հայ ազգի ձևավորմանը, որը կներառի իր մեջ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին: Իրականում հայերի մեծ մասը կայսերական մտածողություն ունի, որը պետք է վերարթնացնել:
21-րդ դարը ազգային պետությունների՝ պոզիտիվ, մարդասիրության և ժողովրդավարության հիմունքներով կառուցված կայսրություններով փոխարինելու դարաշրջանն է: Մեր տարածաշրջանում հին տիպի կայսրությունների կազմաքանդումը և ազգային/կոնֆեսիոնալ պետությունների ձևավորումը ընդամենը միջանկյալ փուլ են լինելու նոր տիպի կայսրությունների ձևավորման համար: Եվ այստեղ փակ սահմանների ետևում առանձնանալը, փակվելը, «կոլբայի» մեջ պատսպարվելը ոչ մեկի մոտ չի ստացվելու:
Հայաստանում իրավահավասար քաղաքացիություն ունեցող հայ եզդիները կդառնան կամուրջ դեպի տարածաշրջանի և աշխարհի եզդիական համայնքները, ասորիները՝ ասորական, հրեաները՝ կամուրջ դեպի Իսրայելը: Կամ, երբ խոսում ենք Ղարսի ու Սուրմալուի՝ Հայաստանին միացնելուց, շատերը պատկերացնում են, որ այնտեղի ամբողջ բնակչությունը պետք է հրաշալի կերպով անհետանա, կամ ավելի վատ՝ արտաքսվի: Նման մոտեցմամբ մենք երբեք չենք ստանա ո՛չ Ղարսը, ո՛ր Արդահանը և ոչ էլ Սուրմալուն, այլ ընդամենը նոր թշնամիներ ձեռք կբերենք տարածաշրջանում՝ ի դեմս քրդերի և այլ ազգերի: Մինչդեռ, իմ պատկերացմամբ, այնտեղի քրդական, լազական և շիա թյուրքական բնակչության այն հատվածը, որը համաձայն կլինի ընդունել ղարսեցի, արդահանցի և սուրմալեցի հայերի վերադարձի և ունեցվածքային իրավունքները, կամ ինքնակամ չեն արտագաղթի ռազմական գործողություններից խուսափելու նպատակով, ինչպես նաև պատրաստ կլինեն ընդունել ՀՀ քաղաքացիությունը՝ կարող են ժամանակի ընթացքում դառնալ Հայաստանի օրինապաշտ քաղաքացիներ ու քաղաքակրթական ազդեցության լծակներ և հրաշալի կամուրջներ Հայաստանի համար դեպի Քրդստան և Թուրքիա:
Ես վստահ եմ հայկական մշակույթի և քաղաքակրթության ներուժի մեջ, որը դրսևորել է իր մրցունակությունը թե՛ Բյուզանդական, թե՛ Օսմանյան, թե՛ Պարսկական, և թե՛ Ռուսական/Սովետական կայսրություններում: Ժամանակն է նրան հնարավորություն տալ դրսևորվելու սեփական պետության ներսում: Հայաստանը արժանի է նոր վերնախավի և որ այն ղեկավարեն ուսյալ և լայնախոհ, բարձր վարձատրվող, բայց արծաթամերժ, գաղափարական, քաղաքական գործիչներ, այդ թվում՝ լավագույն արտասահմանյան բուհերում կրթություն ստացած:
Leave a comment: