
Վլադիմիր Մարտիրոսյան
09/06/2020

Հունիսի 4-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսի տեղանունների հանձնաժողովի նախագահ Իսա Գաբիբեյլին հայտնեց, որ Շամախիի շրջանի Սաղիան գյուղն անվանափոխելու առաջարկ է ստացվել։ Հատկանշական է, որ Շամախիի շրջանի իշխանությունները նմանատիպ առաջարկով են դիմել այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը Թարթառում Պետական խորհրդանիշների թանգարանի բացման ժամանակ նկատողություն էր արել շրջանի գործադիր իշխանության ղեկավար Մուստագիմ Մամեդովին՝ քարտեզի վրա տեղ գտած «անճշտությունների» պատճառով:
«Այստեղ պետք է արտացոլված լինեն մեր պատմական տեղանունները: Սիսիանի իսկական անունը Ղարաքիլիսա է: Հետագայում հայերն այն վերանվանել են Սիսիան: Դրա համար էլ ջնջեք դա եւ գրեք Ղարաքիլիսա», - ասել էր Ալիեւը:
Նմանատիպ միջադեպ էր տեղի ունեցել նաեւ մարտի սկզբին, երբ Ալիեւը Թովուզում մասնակցում էր պատմաերկրագիտական թանգարանի բացմանը: Այդ ժամանակ նրան մասնավորապես վրդովեցրել էր, որ քարտեզների վրա չկան ադրբեջանական «հին քաղաքները», բայց «փոխարենը տեսնում ենք Ուրարտուն»:
Թարթառում ելույթ ունենալով օլիմպիական մարզահամալիրի բացմանը՝ Ալիեւը հայտարարել էր նաեւ, որ ներկայիս ՀՀ-ն «ստեղծվել է հնագույն ադրբեջանական հողերի վրա»՝ որպես ապացույց առաջարկելով «հայացք նետել Ռուսաստանի կայսրության կողմից քսաներորդ դարի սկզբներին հրատարակված քարտեզին»: Այդպես, ըստ Ալիեւի, «բոլորը կհամոզվեն, որ ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքում առկա տեղանունների բացարձակ մեծամասնությունն ունի ադրբեջանական ծագում»: Ցավոք, նա «մոռանում է» նշել, որ թանգարաններում ներկայացված քարտեզների զգալի հատվածը վերցված է հենց ռուսական քարտեզագրական աղբյուրներից: Նա նաեւ խնդրել էր «գիտնականներին հրապարակել դա, որ յուրաքանչյուրը տեսնի»՝ հորդորելով «փոքրիկ բրոշյուր հրատարակել»: Մի քիչ զարմանալի է, իհարկե, որ «փոքրիկ բրոշյուրն», ըստ Ալիեւի, բավարար կլինի ներկայացնելու համար «հայերի կողմից գողացված տեղանունների ամբողջ ծավալը»:
Ալիեւի հայտարարությունները բարդ է դիտարկել տեղեկատվական պատերազմի շրջանակներում, եթե իհարկե խոսքը չի գնում սեփական ժողովրդի դեմ տարվող պատերազմի մասին: Քննադատության չի ենթարկվում նաեւ այն «թեզը», որ «Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը հռչակումից մեկ օր անց՝ 1918 թ. մայիսի 29-ին Իրեւանը Հայաստանին նվիրելու որոշում է ընդունել»: Իրականում կոնկրետ այս «թեզն» ավելի շատ ներքաղաքական երանգավորում ունի, քանի որ սեփական պատմության նկատմամբ ռեւիզիոնիստական վերաբերմունք է սկսել ցուցաբերվել Մուսավաթ կուսակցության դեմ պայքարի շրջանակներում: Այս իրավիճակում հասկանալի են Ալիեւի կողմից թույլ տրված որոշ բացթողումներ, մասնավորապես այն, որ Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետությունը, որի անվանման «ժողովրդավարական»-ը հայտնվել է հռչակումից տարիներ անց, հռչակվել է Թիֆլիսում, գործնականում գոյություն է ունեցել միայն թղթի վրա եւ եղել է ոչ թե իր հավակնությունների տարածքում բնակվող ժողովուրդների ներկայացուցիչը, այլ Օսմանյան Թուրքիայի կամակատարը: Պատահական չէ, որ 1918թ. օգոստոսի 28-ին Պարսկաստանը բողոքի նոտա է հղել հենց Թուրքիային, որում իր վրդովմունքն է հայտնում «ռուս-օսմանյան հաշտության պայմանագրի արդյունքում Կովկասում կյանքի կոչվող «Ադրբեջան» անունով պետության կազմավորման» կապակցությամբ եւ նշում՝ «հաշվի առնելով այն, որ Պարսկաստանի պետության սահմաններում գոյություն ունի այդպիսի անվանում ունեցող տարածք եւ այն, որ պատմության մեջ երբեք գոյություն չի ունեցել նման անվանում ունեցող պետություն՝ Պարսկաստանը զարմացած է եւ այդ որոշման վերանայման անհրաժեշտություն է տեսնում»:
Թանգարանների ստեղծման գաղափարը, որն ըստ փորձագետների պատկանում է անձամբ Ալիեւին եւ «երիտասարդության շրջանում հայրենասիրական տրամադրությունների ձեւավորման եւ զարգացման» նպատակ է հետապնդում, լավագույնս ցուցադրում է, թե ինչպես կարող է ընդհանուր առմամբ դրական գաղափարը ծառայեցվել բացասական եւ կործանարար երեւույթներին՝ տվյալ դեպքում՝ թշնամության եւ անհանդուրժողականության տարածմանը:
Ինչ վերաբերվում է Շամախիի շրջանի Սաղիան գյուղն անվանափոխելու առաջարկին, ապա դա Ալիեւի առաջ քաշած «թեզերի» տրամաբանական շարունակությունն է: Անվանափոխման անհրաժեշտությունը հիմնավորվել է նրանով, որ «տեղանվան ծագումը հայտնի չէ, այն դժվար է որոշել»: Իրոք, ինչպե՞ս է հնարավոր որոշել բնակավայրի անվանման ծագումը, եթե դրա մասին առաջին գրավոր հիշատակումը եղել է հեռավոր 1636թ.՝ Ադրբեջան անունով պետության ստեղծումից 282 տարի առաջ: Ընդհանրապես, Ադրբեջանում առկա է յուրահատուկ պատկերացում պատմության վերաբերյալ, համաձայն որի հնարավոր է փոխել անցյալը՝ փոխելով ներկան:
Leave a comment: