Ադրբեջանի նախարարի տխուր խոստովանությունը. հայերը զրկել են խաղաքարտից
- 2020-06-22
- ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ
- Հեղինակ՝ Արամ Ամատունի
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, խոսելով հայ-ադրբեջանական սահմանին ռազմական իրադրության մասին, արել է բավականին հատկանշական հայտարարություն: Ըստ նրա, հայերը իրենց աջակցող ԱՄՆ օգնությամբ կարողացել են ապահովել առաջնագիծը խորքային հետախուզության դիտարկման սարքավորումներով, որոնք էլ, ըստ էության, խնդիրներ են առաջացրել Ադրբեջանի համար առաջնագծի, այսպես ասած, թիրախավորման տեսանկյունից: Զաքիր Հասանովի հայտարարությունը արտացոլում է ոչ միայն ռազմական իրադրության գնահատական կամ խոստովանություն, այլ, մեծ հաշվով, ռազմա-քաղաքական ընդգրկուն մի իրողություն: Ինչի՞ մասին է խոսում Հասանովը: Նա խոսում է այն մասին, որ ամերիկյան օժանդակությամբ տեղակայված սարքավորումները Ադրբեջանին զրկել են առաջնագիծը հաճախակի և «արդյունավետ» թիրախավորելու հնարավորությունից: Իսկ դա այլ բան չէ, քան ռազմական շանտաժի հնարավորություն, որից փաստորեն զրկվել է Բաքուն: Իսկ ռազմական շանտաժը, առաջնագծում մարդասպանությունը եղել է Բաքվի դիվանագիտության ոչ թե առանցքային, այլ, թերևս, միակ խաղաքարտը, որ, շատ թե քիչ, կարող էր աշխատել կարգավորման կոչվող գործընթացում: Ադրբեջանը զրկվել է այդ խաղաքարտից:
Իհարկե, պետք է նկատել, որ խոսքը լոկ հետհեղափոխական շրջանի մասին չէ, և ամերիկյան տեսադիտարկման խորքային հետախուզության սարքավորումները հայկական առաջնագծում հայտնվել են դեռևս 2016-ի վերջում, 2017-ին: Ավելին, 2017 թվականի փետրվարի 25-ին հայկական ուժերի այդ տեխնոլոգիական կարողությունը թույլ տվեց դեռևս չեզոք գոտում հայտնաբերել ադրբեջանական դիվերսիոն էլիտար խումբը և ոչնչացնել, հինգ դի թողնելով չեզոք գոտում: Դրանից հետո Ադրբեջանը ըստ էության դադարեցրել է դիվերսիոն ներթափանցման փորձերը: Դրանք փորձ արվեց կրկնել անցնող ամիսներին, մեկ-երկու անգամ, սակայն Ադրբեջանը ընդամենը համոզվեց, որ դիվերսիոն շանտաժի ժամանակը այլևս վաղուց անցած է: Մյուս հանգամանքն այն է, որ Ադրբեջանը փաստորեն հայտարարում է Հայաստանի և ԱՄՆ գործակցության մասին՝ ազդարարելով, որ Նահանգները հովանավորում է Հայաստանին: Բաքուն առաջին անգամը չէ, որ Հայաստանին աջակցելու համար մեղադրում է Միացյալ Նահանգներին: Մյուս կողմից, առնվազն տարօրինակ կլիներ, եթե Միացյալ Նահանգները հովանավորեր ոչ թե ռեգիոնալ կայունության երաշխավոր Հայաստանին, այլ ռեգիոնալ և միջազգային անվտանգության սպառնալիք Ադրբեջանին, որը պետական մակարդակով հովանավորում է էթնիկ հողի վրա կատարվող մարդասպանությունը:
Ամբողջ հարցն այն է, սակայն, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարն ըստ էության ազդարարում է ոչ միայն Բաքվի, այլևս Անկարայի և Մոսկվայի դժգոհությունը: Դժգոհություն այն իմաստով, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին ու Թուրքիային այս անգամ թույլ չի տալիս բաժանել ռեգիոնը այնպես, ինչպես դա արեցին հարյուր տարի առաջ՝ հայկական հողերի և կյանքերի հաշվին: 100 տարի առաջ ինչ-ինչ հանգամանքներ, այդ թվում՝ օբյեկտիվ կոմունիկացիոն բնույթի, թույլ չտվեցին իրագործել Վիլսոնյան արբիտրաժը: 100 տարի անց աշխարհը բոլորովին այլ է, ինչի վկայությունն էլ այն տեխնոլոգիաներն են, որ տեղակայված են հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում և զրկել են Բաքվին շանտաժի հնարավորությունից: Ի դեպ, այդօրինակ վիճակներում հայտնվող «պրագմատիկների» համար ավելորդ չհամարենք ընդգծել, որ, անկասկած, որևէ մեկը հեռու է մտքից, թե Նահանգները հայերին օգնում է մարդասիրությունից ելնելով: ԱՄՆ-ն, օգնելով հայերին, օգնում է իրեն, որովհետև հայկական սուբյեկտությունն է, որ այս անգամ թույլ չի տալու Թուրքիային ու Ռուսաստանին բաժանել Կովկասը այնպես, ինչպես արեցին 100 տարի առաջ: ԱՄՆ-ն աջակցում է այդ սուբյեկտությանը՝ Կովկասը ևս մեկ անգամ ռուս-թուրքական ծվեն-ծվենի չհանձնելու համար:
Comment