Հայտարարություն Գարդմանքի հայաթափման 30-րդ տարելիցի կապակցությամբ
Lragir.am,
26.11.2019
ԳԱՐԴՄԱՆԱՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Հ/Կ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ-ԻՑ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԱՐԴՄԱՆՔԻ` ՆԵՐԿԱՅԻՍ ԳԱՆՁԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅԱԹԱՓՄԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
30 տարի առաջ` 1989թ.-ի այս օրերին, Ադրբեջանի իշխանությունների ծավալած էթնիկ զտումների ու պետական տեռորի քաղաքականության արդյունքում, վերջին հայերը բռնագաղթեցին հայաբնակ Շամխորի, Դաշքեսանի, Գետաբեկի, Թովուզի, Ղազախի շրջաններից և Գանձակ ու Ելենդորֆ /Խանլար/ քաղաքներից: Հայաստանի հյուսիս-արևելյան այս տարածքները դեռևս անցյալ դարի 20-ական թթ-ից քեմալ-բոլշևիկյան դաշինքի արդյունքում ապօրինաբար բռնակցվել էին Ադրբեջանի նորաստեղծ հանրապետությանը:
Այսօր` 30 տարի անց, ստիպված ենք արձանագրել, որ
- Մեր հայրենիքի հյուսիս-արևելյան մի ստվար հատվածը` Գարդման-Գանձակի տարածաշրջանը, շարունակում է բռնազավթված մնալ ներկայիս Ադրբեջանի ցեղասպան պետության կողմից:
- Ադրբեջանն այսօր էլ, որպես ագրեսոր պետություն, շարունակում է սպառնալիք հանդիսանալ հայության համար և ապակայունացնող դեր խաղալ Այսրկովկասի տարածաշրջանում:
- Հայ փախստականները` որպես Բաքվի ռեժիմի ցեղասպանական գործողություններից տուժած ինքնուրույն համայնք, որևէ կերպ ներկայացված չեն միջազգային փաստաթղթերում և Արցախյան բանակցային ձևաչափում:
30 տարի շարունակ և այսօր էլ ՀՀ իշխանությունները անհրաժեշտ և բավարար ջանքեր չեն գործադրել միջազգային հանրությանը, միջնորդ և դաշնակից պետություններին ներկայացնելու Արցախյան հիմնախնդրի բուն էությունը, ինչի պատճառով մինչ օրս
ա/ Հարցականի տակ է դրվում Ադրբեջանի ցեղասպան ռեժիմի դեմ նշված տարածքների հայության ինքնապաշտպանական, ապա` ազգային-ազատագրական պայքարի գլխավոր ձեռքբերումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորումը և նրա լիակատար փաստացի ու դե յուրե անկախությունը Ադրբեջանի հանրապետությունից:
բ/ Շրջանցվում է 1987-1992թթ. Ադրբեջանի հայաբնակ շրջաններում` Չարդախլուում, Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում հայ բնակչության դեմ իրականացված պետական տեռորի ու ցեղասպանության փաստը, և այն հանգամանքը, որ Արցախյան ազատամարտը Բաքվի ցեղասպան ռեժիմի լայն ճակատով առաջխաղացումը դեպի ԼՂՀ կասեցնելու և հայությանը մասշտաբային ցեղասպանությունից ռազմական ճանապարհով պաշտպանելու միակ հնարավոր միջոցն էր:
գ/ Անտեսվում են հայ փախստականների` միջազգային իրավունքի դաշտում ազատագրված տարածքների իրավատիրոջ, գոյությունն ու իրավունքները:
Ելնելով վերոհիշյալից` պահանջում ենք ՀՀ և ԼՂՀ իշխանություններից`
- Իրավական և քաղաքական գնահատական տալ Ադրբեջանում 1987-1992թթ. տեղաբնիկ հայության հետ կատարված ոճրագործություններին` որակելով դրանք որպես ցեղասպանություն:
- Միջազգային և հայրենական բոլոր պաշտոնական ու ոչ պաշտոնական ամբիոններից բարձրաձայնել հայոց հայրենիքի առանձին հատվածների` Հյուսիսային Արցախի /Շահումյան-Գետաշեն, Գանձակ, Գարդման/ ու Նախիջևանի` Ադրբեջանի հանրապետության կողմից բռնազավթված լինելու փաստը:
- Ճանաչել ազատագրված տարածքների կարգավիճակը` իբրև ցեղասպան ռեժիմից ազատագրված, և վերականգնել այդ տարածքների միակ իրավատիրոջ` հայ փախստականների քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային ու մարդկային բոլոր իրավունքները` պատասխանող պետությունից պահանջելով փոխհատուցում:
Comment