25.07.17

Հայաստանի կառավարությունը ոչ մի գիտնականի, մասնագետի, փորձագետի ու բնապահպանի չի լսում և անում է այն, ինչ ցանկանում է կամ ինչ հետապնդում է իր շրջանակների շահերը. Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց բնապահպան Լևոն Գալստյանը՝ անդրադառնալով ուսումնասիրությանը, որ ընդամենը 26 օրում Սևանա լիճը 8 սմ-ով նվազել է:
«Այստեղ շատ լուրջ մեթոդաբանական հարց է առաջանում, թե ով է ի վերջո իրականում գնահատելու, թե Սևանի մակարդակը ինչքան է պետք բարձրացնել, ո՞վ է ընդհանրապես որոշել, որ պետք է բարձրացնել 1903 մետր, ոչ թե ավելի շատ: Ես բազմաթիվ գիտնակաների կարծիք եմ լսել, որ պետք է ամենաքիչը 11-12 սմ բարձրացել մակարդակը, քան նախատեսված է 2001թ-ի որոշմամբ»,-ասաց Գալստյանը:
Ըստ նրա, եթե այդ գնահատումը նորից պետք է ինչ-որ մարդկանց ճաշակով արվի, ինչպես հիմա է, ապա կհիմնավորեն, որ ոչ մի խնդիր չի առաջանա: «Կասեն ոչինչ, ինչ կլինի, մի 60 սմ բարձրացել է, թող 20 սմ է իջնի, կամ չգիտեմ ինչ, այդ հիմնավորումներն իրենց մեջ ոչ մի գիտական միտք չեն պարունակում. այս ամենը, ինչպես ամեն հարց, հիմնավորում է, թե իբր թե ժողովրդին փրկելու, գյուղացիներին հողը ոռոգման ջուր ապահովելու, մեկ այլ դեպքում աշխատատեղեր ստեղծելու համար է»,-ասաց նա:
Բնապահպանը նշեց, թե Սովետական միության ժամանակ նախ դատարկեցինք Սևանը, հետո որոշեցինք կառուցել թունել, որ ջրեր տեղափոխվեն մակարդակը բարձրացնենք, հետո ինչ-որ մարդիկ որոշեցին, որ պետք է բարձրացնել 6 մետր, և առանց գիտական հիմնավորման, թե ինչու 6 մետր, և ոչ թե 16, կամ 3:
«Այդ թունելները կառուցեցին՝ նախ Արփա-Սևան, հետո կառուցեցին Որոտան –Արփա թունելը և ինչ ստացվեց, որ վերջին 7 -8 տարվա ընթացքում Արփա-Սևանը աշխատում է իր հզորության 30-40 տոկոսով ընդամենը: Այսինքն՝ քիչ քանակությամբ ջուր է տեղափոխում Սևան, քան կարող էր տեղափոխեր, սա կազմում է մոտավոր 1 մլրդ խմ մետր ջուր, որ պակաս է տեղափոխում, իբր թե վերանորոգման պատճառով: Հետո 2004թ-ին Սպանդարյանի ջրամբարը Կեչուտի ջրամբարին միացնող թունելը կառուցեցին, որը պետք է տարեկան 165 մլն խմ ջուր տեղափոխեր: 2004թ-ին բացեցին, անցել է 13 տարի, որը եթե ջուր տեղափոխեր, ստացվում էր մոտ 2 մլրդ խմ ջուր, բայց ոչ մի գրամ ջուր չի տեղափոխվել և դրա համար ոչ ոք պատասխանատվություն չի կրում»,-ասաց նա:
Ըստ նրա, նույն վիճակն էլ ջրամբարներում է: «Ամեն տարի մեկ էլ հոպ ջուր չկա ջրամբարներում, մենք էլ մտածում ենք, որ հատուկ է բաց թողնում»,-ասաց նա:
Թե ինչ պատճառներից ելնելով են որոշում, որ Սևանի մակարդակը չպետք է բավականաչափ բարձրանա, բնապահպանը նշեց, որ պատճառները մի քանիսն են և երկու պատճառ բերեց:
«Հստակ է, որ հանցավոր անգործության արդյունքում ափամերձ տարածքները պատրաստված չեն բարձրացմանը, իրենք էլ են նշում, որ եթե բարձրացնենք, հսկայական աշխատանք պետք է արվի, չի արվել, անցել է 15 տարի ոչ մի բան չեն արել, Սևանն էլ այդ վիճակում լավ էր, բարձրանում էր՝ անկախ իրենից: Բացի այդ՝ նաև այն է պատճառը, որ իրենց շրջապատի օբյեկտներ կան, բարձրաստիճան անձանց կամ օլիգարխիկ մաս կազմող անձանց, որոնք ևս վտանգի տակ կլինեն բարձրացան պատճառով: Հիմնականում այս պատճառներով կասեցվում է վերջին 7-8 տարի Սևանա լճի մակարդակի բարձրացումը, էլ չեմ ասում հարակից պատճառները, որ ջուր թողնեն էլեկտրաէներգիա արտադրեն ու էլի պատասխանատվություն չեն կրում»,-ասաց նա:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
Leave a comment: