
ԷկոԼուր
«Սևանից ջուր վերցնելու չափերի մասին չեմ կարող ոչինչ ասել: Այս պահի դրությամբ եղանակը խոստումնալից չէ, եթե այսպես շարունակվի, անխուսափելի կլինի Սևանից հավելյալ ջուր բաց թողնելը: Բայց մենք հույս ունենք, որ եղանակը բարենպաստ կլինի, «Հիդրոմետ» ծառայությունը խոստանում է, որ փետրվարի երկրորդ կեսը, մարտը լինելու են բավականին անձրևաշատ, որոնց միջոցով հնարավոր կլինի լրացնել ջրային բացը»,- այս մասին այսօր լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ ասել էՋրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:
Արսեն Հարությունյանի համաձայն` նախորդ տարվա համեմատ այս տարի ջրամբարներում 75 միլիոն խորանարդ մետրով պակաս ջուր կա: Միայն Ախուրյանի ջրամբարում ջրային ռեսուրսի պակասը հասնում է 56 միլիոն խորանարդ մետրի:
Հիշեցնենք, որ 2017 թ-ին Սևանա լճից բաց թողնվեց 270 մլն խմ ջուր, որը 100 մլն խմ ավելի է օրենքով սահմանված ծավալից: Չնայած պաշտոնական հավաստիացումներին, որ լրացուցիչ ջրբացթողումները չեն հանգեցնի բացասական հաշվեկշռի, Սևանա լիճն ունեցավ բացասական հաշվեկշիռ: Մասնագետների խոսքերով, եթե Սևանա լճի մակարդակի իջեցումը շարունակական բնույթ կրի, ապա մի քանի տարի անց Սևանա լիճ չենք ունենա: «Եթե լճի մակարդակը 1 տարվա ընթացքում մի քանի սմ իջնում է, դա միանգամից չի անդրադառնա լճի վրա, բայց եթե իջեցումը շարունակվի, մենք կունենանք ավելի վատ վիճակ, քան նախկինում ենք ունեցել: ... Եթե մի քանի տարի այդպես կրկնվի, մենք կունենանք և ջրի որակի վատացում, և ձկան պաշարների նվազում: Հիմա ափերի լվացում է գնացել, ավելացել են ափերից լվացված օրգանական, կենսածին նյութերը: Եթե ջրի ծավալի մեծացում չլինի, մենք այդ նույն ծավալում կունենանք ավելի շատ կոնցենտրացիա», - ԷկոԼուրին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիային գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը:
2018 թ-ի փետրվարի 6-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.42 սմ, ինչը 3 սմ-ով ցածր է նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշից:
Լուսանկարը՝ armenpress.am
Փետրվար 06, 2018
Leave a comment: