- ՀԱՅԿԱԶՆ ՂԱՀՐԻՅԱՆ, Գլխավոր խմբագիր
- Մեկնաբանություն - 20 Սեպտեմբերի 2017,
Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում կարող է նշանավորել Հայաստանի արտաքին քաղաքականության նոր մակարդակ ու երկրի նոր դերակատարում, ավելի ճիշտ՝ պոտենցիալ դերակատարման հստակեցում, որը հնարավոր է դարձել հատկապես վերջին երկու տարիների զարգացումների հետեւանքով:
Սերժ Սարգսյանն իր ելույթում նախ հստակեցրեց Հայաստանի հետապրիլյան դիրքորոշումը Ղարաբաղի խնդրում, որը հանգում է ինքնորոշման, կարգավիճակի ու անվտանգության ամուր երաշխիքների խնդրի առաջնային լուծմանը, մնացած խնդիրները համարելով ածանցյալ:
Ղարաբաղի խնդրից նա անցում կատարեց հայ-թուրքական արձանագրությունների ճակատագրին: Սերժ Սարգսյանը փաստացի վերջնագիր ներկայացրեց Թուրքիային, տալով 5 ամիս ժամանակ, որից հետո Հայաստանը հետ է վերցնելու իր ստորագրությունը:
Ցյուրիխում 2009 թ. հոկտեմբերին ստորագրելով արձանագրությունները, Թուրքիան Ադրբեջանի պահանջով հետագայում Ղարաբաղի խնդրով նախապայմաններ առաջադրեց Հայաստանին, արձանագրությունների վավերացումը սառեցնելով: Թուրքիան այդպիսով դարձավ Ադրբեջանի խնդիրների «պատանդը» եւ ձեռքից բաց թողեց այնպիսի հնարավորություններ, որոնց կարիքը հիմա արդեն զգում է ամենայն սրությամբ:
Այս երկու տարում շատ բան է փոխվել, Թուրքիան թեեւ հռչակել էր զրո խնդիր հարեւանների հետ սկզբունքը, իրականում խնդիրներ ունի բոլոր հարեւանների հետ: Թուրքիան խրվել է Սիրիայում, որտեղ զրկվել է ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների աջակցությունից եւ մենակ մնացել իր խնդիրների հետ: Սիրիայի ու ընդհանրապես Մերձավոր Արեւելքի զարգացումները լուրջ սպառնալիք են Թուրքիայի համար, նկատի առնելով Իրաքի Քրդստանում սպասվող հանրաքվեն եւ անկախ պետության հռչակումը:
Փորձագետները նշում են, որ այս իրադարձությունը, չնայած Թուրքիայի ջանքերին, չի կարող իր ազդեցությունը չունենալ Թուրքիայի ներքին զարգացումների վրա, եւ լավագույն ելքը, որ սպասվում է Թուրքիային, երկրի ֆեդերալացումն է:
Այս իրադարձությունների, ու նաեւ Թուրքիայի միջազգային մեկուսացման քաղաքականության համատեքստում օբյեկտիվորեն աճում է հայկական գործոնը թե հայկական խնդիրների համալիրի, թե նաեւ տարածաշրջանի երկրների՝ արաբական աշխարհի, Իրանի հետ հայերի ավանդական կապերի համատեքստում: Դրանք ընդլայնման մեծ պոտենցիալ ունեն, ինչն անկասկած ուժեղացնում է Հայաստանի դիրքերը տարածաշրջանում:
Թերեւս հենց այս հանգամանքները նկատի առնելով էլ Սերժ Սարգսյանը աշխարհի թիվ մեկ ամբիոնից Թուրքիայի հետ խոսել է վերջնագրի դիրքից: Մինչ այդ, Հայաստան-Սփյուռք համաժողովում նա քննադատել էր Թուրքիայի քաղաքականությունը, Սփյուռքի ներկայացուցիչներին փաստացի կոչ անելով աշխատել սեփական երկրների կառույցների հետ պահանջատիրության դիրքերից:
Կարելի՞ է արձանագրել, որ Հայաստանն ընդլայնում է իր քաղաքականության «համահայկական» ու միջազգային արեալը նոր իրողությունների համատեքստում, ներկայացնելով որոշակի դերակատարության հայտ, ինչն անկասկած համահունչ է գլոբալ բավական լուրջ շահերի ու խնդիրների հետ: Այս առումով, հայկական խնդիրները, այդ թվում Ղարաբաղի հարցը, անցնում են այլ հարթություն, որտեղ փոխվում են այդ խնդիրների դրվածքն ու դրանց կարգավորման տրամաբանությունն ու մեխանիզմները:
Ղարաբաղյան պատերազմում հաղթանակը, ինչպես նշում է մոսկվաբնակ մեր հայրենակից քաղաքագետը, հանգեցրեց Ցյուրիխին, իսկ ապրիլյան պատերազմը բերել է «նոր Ցյուրիխին»՝ տարածաշրջանի հարյուրամյա ստատուս քվոյի վախճանի արձանագրմանը: Թուրքիայի այս կամ այն հնարավոր պատասխանը իրավիճակը չեն փոխելու:
Խաղը բարդ է ու բազմաշերտ, մեծ հնարավորություններով ու ռիսկերով, ներկայում անիրական թվացող արդյունքներով: Կա՞ համարժեք քաղաքականության հնարավորություն՝ անցյալ դարասկզբի սխեմաներից խուսափելու համար:
Leave a comment: