- Lragir.am
- Հասարակություն - 17 Սեպտեմբերի 2017,
Անցած դարի 60-70-ականների ապրողները պատմում են, որ այդ թվերին խորհրդային միլիցիայում կասկածյալից ցուցմունք կորզելու առավել արդյունավետ միջոցը եղել է կասկածյալին մեղմ ասած շշի վրա նստեցնելը: Կախված գործի ծանրությունից, կասկածյալի համառությունից և քննողի մարդասիրական մոտեցման աստիճանից, որպես խոստովանական ցուցմունք ապահովող գործիքներ, շշերը եղել են տարբեր տեսակի և չափի. շամպայնի շիշ, ժավելի շիշ, լիմոնադի շիշ: Տարբեր «կոլաների» շշեր չեն օգտագործվել նախ այն պատճառով որ դրանք պարզապես Սովետում այն օրերին չեն եղել, իսկ եթե նույնիսկ լինեին էլ` նրանց տված օգուտը կլիներ զրոյական: Քննվողը կարող է դիմանար և «չծակվեր»:
Եվ ահա այդ օրերին մի միամիտ գյուղացի գալիս է քաղաք մի ինչ-որ ապրանք գնելու մտադրությամբ և ընկնում է այն օրերի լեզվով ասած «սպեկուլյանտ» վերավաճառողների ճանկը: Ապրանքը նայելու պահին միլիցիան շուրջկալ է սկսում, սպեկուլյանտները փախչում են, էս արգելված ապրանքը մնում է գյուղացու ձեռքին: Մնացածը պարզ է՝ բռնում են ու տանում քաղմաս: Սկսում են հարցաքննել, սա պնդում է որ ինքը այդ ապրանքի հետ կապ չունի: Քննողի համբերությունը հատում է և հրահանգում է. «բուտիլկեն բերեք»: «Բուտիլկի» միջոցով կատարում են անհրաժեշտ քննչական գործողություններ, սա էլ, բնականաբար, ասում է ինչ որ պետք է:
Բայց մի էական դրվագ` շիշ բերողներից ու դրա վրա նստեցնողներից մեկը լինում է այդ կասկածյալի համագյուղացին: Էս գյուղացուն դատում են «սպեկուլյացիայի հոդվածով», մի երկու տարի նստում ու հետ է գալիս: Հենց վերադառնալու օրը գյուղում հարսանիք է լինում, որտեղ հարսանքավորների մեջ լինում են և դատապարտված-ազատվածը, և իր համագյուղացի այն միլիցիոները, որը մասնակից էր եղել «բուտիլկին նստեցնելու» գործողությանը:
Հենց որ նա տեսնում է էս միլիցիոներին, սկսում է գոռգոռալ, դիմել համագյուղացիներին, թե սրան պետք է «լարել ստեղից», սա անպետք մարդ է, մասնակից է եղել իր համագուղացուն խոշտանգումների ենթարկելուն, հիմա էլ չի ամաչում եկել է գյուղ ու իր հետ մասնակցում է հարսանիքի:
Ժողովուրդը որ լսում է էս ամենը, սկսում է հու~..հու~ տալ սրան, ոնց որ ասենք էլեկտրիկ Երևանի ժամանակ Արմեն Աշոտյանին, վիճակը սկսում է բարդանալ, բայց միլիցիոներն իրեն չի կորցնում:
- Այ ժողովուրդ, դիմում է նա համագյողացիներին, էս մարդը ոչ լավություն է հասկանում, ոչ վերաբերմունք, ոչ էլ ընկերություն ու հարազատություն: Էսի ուրացողի մեկն է, անշնորհակալ ու ապերախտ մի արարած:
Գյուղացիք մի պահ լռում են, հետո մեկն ասում է, թե հիմա էլ էս մարդուն լսենք, տեսնենք ինչ է ասում: Ու միլիցիոները դիմում է տուժածին.
- Այ տղա, ստեղ էկել գոռգոռում ես, բա հլա մի հատ ասա թող բոլորը իմանան, թե մյուսներին ինչ շշի վրա էինք նստացնում, քեզ ինչ շշի վրա նստացրինք: Թե ազնվություն ունես, ճիշտն ասա:
Էս գյուղացին էլ թե՝ մյուսներին շամպայնի շշի վրա էիք նստացնում, իսկ ինձ,- ինչը որ ճիշտ է, ճիշտ է,- լիմոնադի շշի վրա:
- Ու էդ գիտես թե հենց ընենց էր, հա՞: Պետին խաբել եմ, թե շամպանսկու շշերը պրծել են, մնացել են մենակ լիմոնադի շշերը, ասում է միլիցիոները:
Ժողովուրդը բացականչում է. Տեսար դու, մարդը ձեռից եկած լավությունն արել ա, էլի:
- Հետո, ասում է միլիցիոները, դու կարող է չզգացիր, որ շշի բերանը ահագին օճառած էր:
- Ճիշտ է, պատասխանում է դատվածը:
- Բա էտ հենց ըտենց, իրեն-իրեն էր քսվե՞լ: Վերջի մոմենտին վազել լվացարանից եմ բերել էդ սապոնը քսել, որ քիչ տանջվես: Դե դուք ասեք, ժողովուրդ, էդ էլ իմ լավությունը:
Բոլորը նորից սեղան են նստում: Թամադան վերցնում է բաժակը ու դիմում բանտից վերադարձածին:
- Ճիշտն ասած մենք շատ էինք ափսոսում, որ քեզ նստացրել են: Բայց հիմա որ իմացանք, որ էս մարդու արած լավությունը դու չես գնահատել ու ջուրն ես գցել, կասեմ, որ տեղին են նստացրել, դեռ մի բան էլ քիչ: Ու քո պես անշնորհակալ մարդը մեր հարկ ու հարսանիքում տեղ չունի…
Ինչու հիշեցինք այս պատմությունը: Վերջին օրերին տարբեր մաստի գործիչներ` պատգամավոր, պատմաբան, հաղորդավար և այլոք, սկսել են անել «բարի ու արդար» հայ բոլշևիկների գովքը: Այն քաղաքական հոսանքի ներկայացուցիչների, որը եղել է հայկական անկախ պետականության անհաշտ հակառակորդն ու թշնամին: Որն ամեն ինչ արել է կործանելու հայկական անկախ պետությունը 1920 թվին, իսկ դրա հոգևոր և գաղափարական հետնորդներն էլ այսօր են շարունակում պատմության մեջ նմանը չունեցող իրենց պապերի պետականակործան գիծը:
Իսկ ժողովուրդը… Հուսանք, որ այս անգամ չի հետևի 60-ականների թամադայի կոչին:
ԱՆԱՍՏԱՍ ԱԹԱՐԲԵԿՅԱՆ
Leave a comment: