Lragir.am
23.08.2018

Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանն ասաց, որ նախորդ տարի Սևանից հավելյալ 100 մլն խմ ջուր էր բաց թողնվել, գոյացել էր 1 մլրդ 645 մլն դրամ: Այս գումարը չի ծախսվել, գտնվում է արտաբյուջեում: Այդ գումարները ծախսելու համար կառավարության որոշում պետք է լինի: «Քննարկման արդյունքում մենք եկանք այն եզրահանգման, որ այդ գումարները ծախսվեն Սևանի բնապահպանական խնդիրները լուծելու համար: Եթե 40 մլն լրացուցիչ ջրառ իրականացվի, այդ գումարները ևս պետք է ծախսվեն Սևանի խնդիրները լուծելու համար: Ինչ վերաբերում է Սևանի այսօրվա իրավիճակին, բնապահպանության նախարարությունը ևս ասում է, որ նիշի հետ կապված տատանումը չնչին է լինելու: Բայց կա Սևանի կեղտոտվածության խնդիր, մաքրման կայանները, որոնք պետք է փորձեն աշխատել, որպեսզի լճի ջուրն ավելի մաքուր լինի, այդտեղ խնդիր կա: Հիմնականում այդ կայանների վրա պետք է գումարներ ծախսել, որպեսզի լճի ջրի որակը բարձրանա»,- ասաց նախարարը: Ջրի կորուստների հարցում, ըստ նախարարի, կա մտահոգություն, վարչապետի կողմից կա հանձնարարություն, ձևավորվել է աշխատանքային խումբ, որը մոնիթորինգ է իրականացրել կորուստների մասով:
Leave a comment: