- Lragir.am
- Քաղաքականություն - 19 Ապրիլի 2018,
Ռուսաստանում հայտնի պրոֆեսոր եւ այլախոհ Անդրեյ Զուբովը Ֆեյսբուքում հետեւյալ գրառումն է արել.
«Հայաստանում հեղափոխություն է: Սերժ Սարգսյանը հայերին հոգնեցրել է իր ստերով ու հավերժ կառավարմամբ, քրեական հեղինակությունների հետ իր կապերով: Հայերը չեն հավատում ոչ իշխանական կուսակցությանը, ոչ էլ նրան: Նրանք ցանկանում են վերականգնել ժողովրդավարությունը եւ իշխանությունում կուսակցությունների նորմալ ռոտացիան: Նրանք առաջին անգամ չէ, որ փողոց են դուրս գալիս եւ այս անգամ, կարծես թե, ժողովուրդը միասնական է, իսկ բողոքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը չի վախենում հեղափոխությունը «գունավոր» եւ «թավշյա» անվանել:
Պատկերացնում եմ, թե Կրեմլում ինչ սարսափով են հետեւում Հայաստանին: Չէ՞ որ այս զանգը նաեւ նրանց համար է հնչում: Հայաստանում ռուսական զորքեր կան: Սարգսյանի մեկ խնդրանք, եւ նրանք Երեւանի փողոցներում կլինեն: Կրեմլյան իմաստունների խելքը կհերիքի, ինչպես հերիքեց գրավել Ղրիմը չորս տարի առաջ եւ արգելել Տելեգրամը:
Այդ դեպքում Ռուսաստանի հանդեպ ավանդաբար բարեկամաբար տրամադրված հայ ժողովուրդն այնպես կատի «Իվանին», ինչպես երբեք: Հայաստանը երկար ժամանակով կդադարի բարեկամ երկիր լինելուց: Ռուսական զորքն էլ խայտառակությամբ կհեռանա: Հայաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կբացառի վտանգը Թուրքիայի կողմից եւ Իրանից էլ պաշտպանված կլինի: Հայաստանը չլուծված տարածքային խնդիրներ չունի, Ղարաբաղը ֆորմալ առումով այլ պետություն է:
Որքան կցանկանայի, որ Սարգսյանն օրինակ ծառայի կրեմլյան ղեկավարներին ու հրաժարական տա, այլ ոչ թե ռուս զինվորներին կանչի: Դա հնարավոր է: Իսկ եթե կանչի, Պուտինը հավանաբար կուղարկի զինվորներին:
Հույս ունեմ, որ մենք ՝ ռուսներս, չենք օգտվի նոր հնարավորությունից եւ ընկերոջ փոխարեն եւս մեկ թշնամի ձեռք չենք բերի:

Leave a comment: