Announcement

Collapse
No announcement yet.

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied
    Որքան խորանում ենք մարտի 1-ի գործում, տեսնում ենք, թե դրա հետևանքների նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ունի Ռուսաստանը

    ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

    27.04.2019


    Մեր զրուցակիցն է փաստաբան, Մարտի 1-ի գործով Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը

    Տիկին Սաֆարյան, ինչպե՞ս եք գնահատում Տեր-Պետրոսյանի դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ի կայացրած վճիռը։

    Այդ վճռով ընդամենը ազատ տեղաշարժի հետ կապված խնդիրների մասն է, որ կարող է Լևոն Տեր-Պետրոսյանին կամ նրա փաստաբաններին դուր չգալ։ Մնացած հարցերում ՄԻԵԴ-ը վերահաստատել է Մուշեղ Սաղաթելյանի գործով հաստատված իրավական դիրքորոշումը։ Իսկ դա նշանակում է, որ իրավական պաշտպանությունն արդյունավետ չի եղել, դա նշանակում է, որ արդար դատաքննություններ չեն եղել։ Մարտի 1-ի առավոտվա գործողությունների վերաբերյալ գնահատականները նույնանման են, այդ թվում բիրտ ուժ կիրառելու առումով։ Ուզում եմ ասել, որ ոմանք սկսել են ՄԻԵԴ-ի որոշումները սխալ մեկնաբանել, իսկ թե դրա նպատակը որն է, հասկանալի չէ։ Ճիշտն ասած, ես խնդրել եմ, որ ամբողջական վճիռն անգլերենից թարգմանեն, երբ ամբողջական տեքստին ծանոթանամ, ավելի մանրամասն կարծիք կասեմ։

    ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը ՌԴ իշխանություններից քաղաքական ապաստան է խնդրել, մյուս կողմից Հայաստանը դիմել է Ռուսաստանին Միհրան Պողոսյանին արտահանձնելու խնդրով։ Դա իրավական ինչպիսի՞ գործընթաց է ենթադրում, և եթե արտահանձնումը տեղի չունենա, դա քաղաքակա՞ն որոշում կլինի։

    Արտահանձնման գործընթաց կարող է իրականացվել, քանի որ միջազգային կոնվենցիաներով միմյանց հանդեպ պարտավորություններ ունենք։ Իհարկե, քաղաքական կլինի այնքանով, որքանով կպարզվի, որ մեզ մոտ ինչքան կասկածվող անձ կա, Ռուսաստանը մեր պետության շահերին հակառակ իր մոտ ապաստան է տալիս։ Դա վտանգավոր միտում է և անհարգալից վերաբերմունք մեր պետության հանդեպ։ Դա նաև իրենց կողմից ուժի գործադրումն է մեր հանդեպ, փոքր երկրների հանդեպ։ Ես կարծում եմ, որ շատ վատ նախադեպ է սկսվել, և դրա հետ կապված պետք է մոտեցումը պետական լինի, որովհետև քրեական դատավարությունն ունի համապատասխան հոդվածներ արտահանձնման առումով։ Դա կարգավորված ոլորտ է, բայց ես տեսնում եմ, որ սկսած Միքայել Հարությունյանից վերջացրած Միհրան Պողոսյանով, կա այդպիսի վտանգ՝ ամեն ինչ անել, որ նրանք չդատապարտվեն։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանի Դաշնությունը դրանից կշահի, որովհետև Միհան Պողոսյանի անունը կոնկրետ շատ այլ հարցերում էր շոշափվում, իսկ դա նշանակում է, որ եթե չեն արտահանձնում, այդ ամենն իրենց վրա են վերցնում։

    Այսինքն՝ չհանձնելու դեպքում որոշումը քաղաքակա՞ն կլինի։

    Իհարկե, եթե միջազգային պայմանագրերը և քրեական դատավարությունը չեն գործում, այլ գործում է կամայականության սկզբունքը, և կայացվում է քաղաքական որոշում, որ պիտի չհանձնեն, իհարկե, դա իրավական դաշտից դուրս է, քաղաքական որոշում է։

    Միքայել Հարությունյանի դեպքում էլ նշում են, որ Ռուսաստանի քաղաքացի է, իսկ Ռուսաստանն իր քաղաքացիներին չի հանձնում։

    Դա այնքան էլ այդպես չէ։ Հանցագործությունը կատարվել է մեր երկրում, մեր երկրի օրենսդրությամբ նախատեսված է դատապարտման հնարավորություն, ու բացարձակապես կապ չունի, որ նա ՌԴ քաղաքացի է։ Օրինակ, Պերմյակովը ՌԴ քաղաքացի էր և Հայաստանում հանցանք կատարեց, չդատապարտվե՞ց Հայաստանում, դատապարտվեց։ Բառախաղ են անում և օրենսդրության բացերն էլ փորձում են օգտագործել ի վնաս հանձնման։ Հետո էլ տպավորություն է, թե գիտեք, օրենքով չկա հանձնման ինստիտուտ։ Իրականում կա այդ ինստիտուտը, պարզապես չի կիրառվում որոշակի մարդկանց դեպքում։

    Գիտեք, մենք ցանկանում ենք «մարտի 1»-ի գործում չտեսնել քաղաքական ենթատեքստ, բայց որքան խորանում ենք, տեսնում ենք, թե դրա հետևանքների նկատմամբ ինչպիսի վերաբերմունք ունի Ռուսաստանի Դաշնությունը: Այն ժամանակ էլ, երբ Ռոբերտ Քոչարյանը վարչական քայլեր է արել, վստահ է եղել, որ մեր դաշնակից Ռուսաստանը և նրա իշխանությունները համապատասխան վարքագիծ չեն դրսևորելու: Ես միշտ մտածել եմ, որ եթե մի երկրում ողբերգական դեպքեր են զարգացել կամ եղեռն են իրականացրել մեր ազգի նկատմամբ, միջազգային հանրության լուռ անտարբերությամբ է դա տեղի ունեցել, և դա շատ բացասաբար է ազդել ժողովրդավարության զարգացման վրա: Այդ տեսանկյունից ինձ համար ընդունելի չէ այն վարքագիծը, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի հանդեպ դրսևորում է մեր ժողովրդի համար շատ կարևոր, պատասխանատվության ենթակա անձանց հարցը օրինականության դաշտում լուծելու առումով: Իրականում, եթե այսպես շարունակվի, կարծում եմ՝ քաղաքական գործիչները պետք է քաղաքական հայտարարություններով հանդես գան, Ռուսաստանն էլ պետք է իրեն հաշիվ տա, որ թեև մենք փոքր պետություն ենք, բայց հպարտ երկիր ենք և ամեն անգամ չէ, որ կարող ենք համբերատար մոտենալ այս ամենին:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հայերը վերադարձել են. «կեղծամը» ռուսական եթերում

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

    25.04.2019


    Հանրության շրջանում բավականին մեծ արձագանք է առաջացրել ռուսաստանցի հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի խոսքը հայերի ցեղասպանության ճանաչման մասին: Սոլովյովը ռուսական հեռուստաեթերում խոսել է այն մասին, որ հայերի ցեղասպանությունը 20-րդ դարի մարդկության դեմ գործված ամենավայրագ ոճրագործություններից էր՝ Եվրոպայում: Սոլովյովը միաժամանակ ասել է, որ Ռուսաստանն առաջիններից մեկն է ճանաչել ցեղասպանությունը, իսկ ԱՄՆ-ն մինչ օրս չի ճանաչել:

    Սոլովյովի այդ հայտարարությունների բուն նպատակը հենց դա էր՝ Ռուսաստանը ճանաչել է, իսկ ԱՄՆ-ն՝ ոչ: Նաեւ թերեւս ակնարկը, որ դա Եվրոպայում կատարված ցեղասպանություն էր:

    Եվրոպան անկասկած այդ ցեղասպանությանը մոտ էր, շատ մոտ, հատկապես Գերմանիան, որը Օսմանյան կայսրության աջակիցներից էր: Բայց Ռուսաստանը հայերի ցեղասպանության «վայրից» ամենեւին ավելի հեռու չէր, քան Եվրոպան: Իսկ արդեն բոլշեւիկյան Ռուսաստանն էլ ավելի մոտ եկավ եւ իր սահմանները գծեց հենց ցեղասպանության վայրի վրա կնքված բարեկամական պայմանագրով՝ ցեղասպանությունն իրականացրած պետության հետ:

    Սոլովյովն իհարկե այդ մասին լռում է, որովհետեւ նրա իրական նպատակը հայերի դեմ ոճրագործության ամբողջական բարոյական գնահատական տալը չէ, այլ ոճրագործության բարոյական շահարկումը՝ Արեւմուտքի հետ քաղաքական հաշիվներ մաքրելու պրոպագանդիստական ծառայության շրջանակում:

    Ավելին ասելու համար Սոլովյովին չեն վճարում եւ կարող են նույնիսկ դուրս անել եթերից, եթե նա զբաղվի ինքնագործունեությամբ: Եթերում նրան ոչ ոք չի պատվիրել խոսել ռուս-թուրքական պայմանագրի, դրանից առաջ եղած Սեւրի պայմանագրի, դրանում ԱՄՆ դերի, հետո դրա դեմ բոլշեւիկյան Ռուսաստանի դերի մասին: Եթերում նրան ոչ ոք չի պատվիրում խոսել ռուս-թուրքական պայմանագրի հակահայկական բնույթի մասին, այն մասին, որ դա պայմանագիր է ցեղասպանության ենթարկված ժողովրդին մշտապես մամլիչի տակ պահելու եւ պետական սուբյեկտության գրեթե ոչ մի շանս չթողնելու մասին: Սոլովյովը եթերում հազիվ թե քննարկումների շարք ծավալի, որոնք կընդգրկեն այդ պայմանագրերը, կտան դրանց իրավա-քաղաքական գնահատականն ու կդիտարկեն հանգամանքը, թե ինչու՞ է Ռուսաստանը մինչ այժմ հավատարմություն հայտնում այդ պայմանագրերին, ընդ որում ոչ միայն պետական պաշտոնական, այլ նաեւ փորձագիտական մակարդակում՝ դրանց քննարկումը դարձնելով տաբու:

    Սոլովյովն անշուշտ իր գործն է անում, ինչպես օրինակ երբ ռադիոեթերում պախարակում է Հայաստանում կատարված թավշյա հեղափոխությունը:

    Կամ, երբ օրինակ լռում է, երբ հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցին Թուրքիայի իշխանության կազմակերպած Գալիպոլիի տոնախմբությանը Ռուսաստանն է ամենաբարձրաստիճան պաշտոնական պատվիրակությամբ մասնակցում:

    Նրան իջեցվող պրոպագանդիստական պատվերներն անշուշտ Ռուսաստանի քաղաքական առաջնահերթությունների եւ շահերի տիրույթում են: Սոլովյովը կատարող է:

    Տվյալ դեպքում հարցն այն է, որ հայաստանյան կամ ընդհանրապես հայ հանրությունը դուրս գա այդօրինակ կատարումներից ուշագնաց լինելու «տարիքից», աշխարհի որ կողմից էլ հնչեն այդ կատարումները: Պետք է գնահատել խոսքերի քաղաքական համատեքստը՝ քաղաքական իրողությունների շրջանակում: Հայկական հարցը անկասկած շատ վաղուց է դարձել միջազգային դերակատարների գործիքակազմի կամ խաղաքարտերի տրցակի մաս: Նրանք դա օգտագործելու են այնպես, ինչպես նպատակահարմար կգտնեն իրենց շահի տեսանկյունից: Իսկ այդ հանգամանքը ենթադրում է, որ երբեմն դա համարժեք եւ ներդաշնակ կլինի Հայաստանի շահին, երբեմն՝ ոչ: Այստեղ հարաբերակցությունը կախված է նրանից, թե Հայաստանը եւ հայությունը այդ իրողությունների գնահատման հարցում որքանով կառաջնորդվեն պետական շահով եւ ոչ թե զգացմունքներով:

    Հայաստանն ու հայությունը այդ հարցում ունեն նոր նշաձողերի եւ չափանիշների սահմանման կարիք: Բանն այն է, որ իբրեւ պետություն ունեցող ժողովուրդ միանալով հայկական հարցի համաշխարհային «շրջագայությանը» տասնամյակներ անց, հայությունն այդուհանդերձ շարունակում է իր նոր կարգավիճակում իրողությունների ընկալման առումով մնալ նախկինի՝ պետականություն չունեցող ազգի հոգեվիճակում ու տրամաբանության մեջ, իսկ պետականության առկայությունն էլ դիտարկել ինքնախարազանման տրամաբանությամբ՝ մենք փոքր ենք, մեզանից չենք ներկայացնում ոչինչ, մեզ ոչ ոք բանի տեղ չի դնի, եւ այլն:

    Այն դեպքում, երբ ակնհայտ է, որ չնայած գուցե ամենամեծ ցանկությանը, մենք այդուհանդերձ մեզանից ներկայացնում ենք այնքան, որ մեզ բանի տեղ չդնելն ուղղակի անհնար է: Ավելին, անհնար է զբաղվել աշխարհաքաղաքական էական հարցերով, առանց հաշվի առնելու քաղաքակրթական հանգուցային, օջախային իրողությունները, որտեղ մենք ոչ միայն կանք, այլ ունենք «հիմնադիր» կարգավիճակ:

    Մենք ունենք պարզապես այդ կարգավիճակը խորապես գիտակցելու անհրաժեշտություն՝ իհարկե թերարժեքության բարդույթից սնապարծության գրկում չհայտնվելու զգուշավորությամբ եւ ուշադրությամբ: Բայց հայությունը կարիք ունի դուրս գալ պատճառահետեւանքային «ազատ անկումից»: Այո, մեր շահերն աշխարհում առաջ մղելու եւ մեզ հետ հաշվի նստեցնելու համար մենք ունենք ավելի ու ավելի ուժեղ լինելու կարիք, բայց ավելի ուժեղ լինելու կարիքը չի նշանակում, որ մենք անպայմանորեն թույլ ենք ու անզոր այնքան, որ չենք կարող բարձրացնել մեր խնդիրների նկատմամբ միջազգային վերաբերմունքի եւ գնահատականների, պահանջմունքների եւ ակնկալիքների նշաձողերը, համարժեք դարձնելով այն պետականություն ունեցող ազգի կարգավիճակին:

    Որովհետեւ այդ խնդիրներն ունեն այնպիսի համամարդկային խորություն, որ ինքնին մեզանից սպասարկման ուժ պահանջելով, նաեւ ուժի աղբյուր են եւ հենց դրանք են մեզ տվել գրեթե անհնար թվացող պատմական իրողություններում ոչ միայն գոյատեւելու, այլ արցախյան պատմությամբ ընդհուպ հաղթող ազգերի եւ ժողովուրդների շարք վերադառնալու համար:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ամեն ինչ կարգի՞ն է հայ-ռուսական հարաբերություններում. Երեւանի պատասխանն «անպատշաճ» առաջարկին

    ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան



    26.04.2019


    Ռուսաստանի հետ հարաբերություններում ոչինչ տեղի չի ունեցել: Եթե ինչ-որ բան էլ փոխվել է, ապա միայն դրական ուղղությամբ: Այս մասին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում:

    Երեւանը հեղափոխությունից մեկ տարի անց գործնականում ապացուցել է, որ հայ-ռուսական հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Հարցն այն է, որ այդ հարաբերություններին այդպես էլ քաղաքական գնահատական չի տրվել, հետեւաբար, դժվար է ասել` լավ է արդյոք, որ այդ հարաբերություններում ոչինչ չի փոխվել: Թե՞ ժամանակն է, որ Երեւանը ներկայացնի իր տեսլականը:

    Հայ-ռուսական հարաբերություններին ամենատարբեր գնահատականներ են տրվում՝ սկսած ֆորպոստից, վասալությունից ու գաղութային ենթակայությունից, վերջացրած ռազմավարական դաշնակցությամբ՝ անհասկանալի է ում դեմ: Հայ-ռուսական հարաբերությունները պաշտոնապես որակվում են իրավահավասար ու ինքնիշխան:

    2018 թվականի սեպտեմբերին Պուտինի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը նկատել էր, որ երբ նրա հետ զրույցում խոսում է ինքնիշխանության ու անկախության մասին, դա առանձնահատուկ արձագանքի է արժանանում:

    «Եվ ուզում եմ ընդգծել, որ հենց մեր առաջին հանդիպումից հենց այս հիմքի վրա են կառուցվել մեր հարաբերությունները և, ընդ որում, այդ թեման առաջինը բացել է ՌԴ նախագահը: Վլադիմիր Պուտինը նախկինում ասել է, որ գիտի, թե տեսակետներ կան, որ Ռուսաստանը կամ Եվրասիական միության երկրները, կամ Ռուսաստանը՝ որպես ԵԱՏՄ երկիր, այսպես ասած, բավարար հարգանքով չի վերաբերվում իր գործընկեր երկրների ինքնիշխանությանը, անկախությանը։ Սակայն Պուտինը հավաստիացրել է, որ ինքը լիարժեք հարգանքով է վերաբերվում և ընդհակառակը, ընդգծում է երկու երկրների հետ հարաբերություններում ինքնիշխանության հարգման սկզբունքի կարևորությունը», – ասել է Փաշինյանը։

    Բայց եթե մի կողմ թողնենք զգայական գնահատականները եւ փորձենք հայ-ռուսական հարաբերությունները նկարագրել մի քանի շտրիխներով, պատկերն այնքան էլ ուրախալի չի լինի:

    Առաջին, Հայաստանի ներկայիս սահմանները գծված են Ռուսաստանի ու Թուրքիայի պայմանագրերով, որի տակ չկա Հայաստանի ստորագրությունը: Ընդ որում, Ռուսաստանը Թուրքիայի առաջ պարտավորություն ունի այդ պայմանագրով, եւ հայ-թուրքական սահմանի ցանկացած խախտում Հայաստանի կողմից դիտարկվելու է որպես թուրք-ռուսական պայմանագրի խախտում:

    Երկրորդ, 100 տարի առաջ Ղարաբաղի ու Նախիջեւանի փոխանցումն Ադրբեջանին ու դրանից բխած հակամարտությունը, պատերազմը, անպտուղ բանակցությունները նույնպես խորհրդային ղեկավարության ձեռքով են արվել: Ներկայիս Ռուսաստանն իրեն հռչակել է ԽՍՀՄ իրավահաջորդ, ինչը նշանակում է, որ Մոսկվան մինչ օրս Ղարաբաղն Ադրբեջանին փոխանցելու Կավբյուրոյի որոշման երաշխավորն է: Հակամարտության կարգավորումը հնարավոր է, եթե Մոսկվան հրաժարվի այդ որոշումից:

    Երրորդ, Հայաստանին մեկ գիշերում ԵՏՄ անդամակցության հարկադրումն անհաղթահարելի խոչընդոտ են Հայաստանի միջազգային ինտեգրացիայի, տնտեսության ու ենթակառուցվածքների զարգացմանը:

    Կարելի է մի շարք գործոններ էլ թվարկել՝ ռազմաբազա, Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ զորքեր, համատեղ ՀՕՊ, միացյալ զորախումբ, Գազպրոմի, Ռոսնեֆտի, Ռուսական երկաթուղիների մենաշնորհներ, որոնք ամենեւին էլ երկու երկրների սուվերեն հարաբերությունների մասին չեն խոսում:

    Եթե Հայաստանը հայտարարում է, որ այդ հարաբերություններն ինքնիշխան են, եւ ոչինչ փոխելու կարիք չկա, դա նշանակու՞մ է, որ Հայաստանի նոր կառավարությանը ձեռնտու են այս հարաբերությունները: Եթե ոչ, ապա Երեւանն ինչպե՞ս է պատկերացնում Հայաստանի ու Ռուսաստանի սուվերեն ու իրավահավասար հարաբերությունները:

    Հատկանշական է, որ այս ամենը տեղի է ունենում Բելառուսին Մոսկվայի առաջարկած «ինտեգրացիայի» ֆոնին: Փորձագետները նշում են, որ Բելառուսը կարող է համաձայնվել դառնալու Ռուսաստանի մաս: Այսպիսի «անպատշաճ» առաջարկներ արվե՞լ են Հայաստանին: Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հայ-ռուսական հարաբերություններում ոչինչ պետք չէ փոխել, պատասխա՞ն է «անպատշաճ» առաջարկներին:
    Last edited by Vrej1915; 04-25-2019, 03:25 PM.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Փաշինյանի գործողությունները հիմա կենտրոնացած են նրա վրա, որ թելադրի իր պայմանները հայ-ռուսական համագործակցության բոլոր ուղղություններով․ Տրոֆիմչուկ

    25.04.19

    ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
    Միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն Ուկրաինայի նախագահ ընտրված Վլադիմիր Զելենսկիին խորհուրդ է տվել ինչպես դեմոկրատը դեմոկրատի, և անգամ որպես «դեմոկրատ ավագ եղբայր», որը, ինչպես թվում է, անցել է ավելի դժվար փորձություններ իշխանության գալիս: Նա Tert.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց՝ խոսելով ՀՀ վարչապետի՝ Ուկրաինայի նախագահին ուղղված խորհրդի մասին:

    «Սակայն ակնհայտ է, որ այդպես չէ, քանի որ Զելենսկիի դիմաց Ուկրաինայի իշխանություններում ոչ թե «Ստալինը» կամ «Բրեժնևն» էին, այլ դեմոկրատ ներկայացվող Պորոշենկոն: Ես նաև կցանկանայի նշել, որ Հայաստանի առաջնորդի՝ ուկրաինացի իր գործընկերոջն ուղղված խորհրդի հետևում նկատվում է թաքնված հայտարարություն, որ օրինակ՝ Փաշինյանի մոտ ստացվել է այնպես իրեն ներկայացնել, որ Մոսկվան դա ընդունի: Եվ հիմա այդ փորձով Երևանը կիսվում է եղբայրական Կիևի հետ»,- ասաց նա:

    Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, թե ինչպես պետք է Ուկրաինայի նախագահական ընտրություններում հաղթած Վլադիմիր Զելենսկին հարաբերություններ կառուցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

    «Չեմ կարծում, թե նրա համար բարդ կլինի (Պուտինի հետ շփվելիս): Այստեղ մի պայման կա. եթե լինի ուղիղ, ազնիվ, առանց որոգայթների, դժվար չի լինի: Պարզապես պետք է ուղիղ և ազնիվ շփվել», - ասել էր Փաշինյանը:

    Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին իրական հարաբերություններին, ապա ռուս փորձագետի խոսքով, դրանք հեռու են իդեալական և իսկապես գործընկերային լինելուց, քանի որ Կրեմլը դեռ վերջնականապես չի հասկացել Հայաստանի վարչապետի գործողությունների ռազմավարությունը։

    «Իսկ Փաշինյանի գործողությունները հիմա կենտրոնացած են նրա վրա, որ աստիճանաբար սկսի թելադրել իր պայմանները հայ-ռուսական համագործակցության բոլոր ուղղություններով: Կասեմ կոպիտ, բայց հասկանալի ձևով․ նման ձգտումը՝ «Մոսկվային ծնկի բերել», ստիպել նրան ընդունել «նոր Երևանի» գործողությունների ոճը ողջունվում է Փաշինյանի կողմնակիցների կողմից տարբեր մակարդակի ինֆորմացիոն սեգմենտներում, այդ թվում՝ սոցցանցերում»,- ասաց նա:

    Ըստ Գրիգորի Տրոֆիմչուկի՝ դա ևս ցույց է տալիս, որ այս հարցում էլ Երևանը ձգտում է ուժեղացնել իր համագործակցությունը Կիևի հետ, հատկապես երբ հաշվի է առնվում, որ Զելենսկին անմիջապես սկսել է խոսել «տեղեկատվական պատերազմի» մասին: «Առայժմ միայն Դոնբասը նկատի ունի, բայց այդտեղից արդեն հեռու չէ հենց Ռուսաստանին նմանատիպ պատերազմ հայտարարելուց»,- ասաց նա:

    Դիտարկման հետ, թե Նիկոլ Փաշինյանը հաճախ է հայտարարում, որ Ռուսաստանի հետ Հայաստանի և իր հարաբերությունները լավ են, Գրիգորի Տրոֆիմչուկը համաձայնեց:

    «Այո՛, Նիկոլ Վովայևիչը մշտապես հայտարարում է Մոսկվայի հետ լավ հարաբերություններ ունենալու մասին, բայց իրականության մեջ դրանք այլ տեսք ունեն: Օրինակ՝ Մոսկվան տեսնում է, թե ինչ է իրենից ներկայացնում Նիկոլ Փաշինյանի շրջապատը: Ես նկատի ունեմ ոչ պետական, հասարակական կազմակերպություններին, որոնք արևմտյան ծրագրերում աշխատելու մեծ փորձ ունեն: Բայց ինքը՝ Փաշինյանը, կարծում է, որ այդ փաստը Մոսկվան սիպված է ընդունել: Եվ դա միայն մեկ օրինակ է»,- ասաց նա՝ հույս հայտնելով, որ ռուսաց լեզվի նկատմամբ Հայաստանում նույն քաղաքականությունը չի վարվի, ինչպիսին վարվում է Ուկրաինայում:

    «Դրա համար սպասում ենք առաջին արդեն պաշտոնական խոսքերը Վլադիմիր Զելենսկիից՝ ուղղված Ռուսաստանի ղեկավարությանը: Եվ այդ ժամանակ միանգամից պարզ կլինի՝ ում հատկապես կլսի Ուկրաինայի նոր նախագահը՝ Փաշինյանի՞ն, Մեյի՞ն, Թրամփի՞ն, թե՞ ուրիշ մեկին»,- ասաց նա:


    Միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն Ուկրաինայի նախագահ ընտրված ...



    Հեղինակ Հռիփսիմե Հովհաննիսյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Նիկոլ Փաշինյանը ռուսական բազայում. Մոսկվան չի սիրում, երբ կասկածում են

    ՆԱԻՐԱ ՀԱՅՐՈՒՄՅԱՆ, Մեկնաբան

    08.04.2019

    Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազա:

    «Վարչապետի գլխավորած պատվիրակությունը ռազմական ավանում ծանոթացել է «Մեծ ամրոց» զինվորական ճամբարում զինծառայողների կյանքին և կենցաղին, նաև այցելել է «Պատվո բլուր» և «Զինվորական փառքի» հուշահամալիր, զորամասի թանգարան և Սուրբ Ալեքսանդրայի տաճար», – նշված է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի հաղորդագրությունում:

    Ըստ տարբեր տվյալների՝ Պատվո բլուրում հանգչում են ռուսական բանակի մի քանի հարյուր սպաներ, որոնք զոհվել են 1853-56 և 1877-78 թթ. ռուս-թուրքական պատերազմների ժամանակ: Մոսկվայի Պատրիարք Կիրիլն ասում էր, որ «Գյումրիում Պատվո բլուրը եւ այլ հիշատակի վայրեր ձեր երկրում վկայում են ռուս ուղղափառ եղբայրների հանդեպ հայ ժողովրդի երախտագիտությունը»:

    Մոսկվան բաց չի թողնում հնարավորությունը հիշեցնելու, որ Հայստանն ու հայ ժողովուրդը գոյություն ունեն միայն ռուս զինվորի ու քաղաքական գործչի շնորհիվ: Դրանից էլ «հետեւում է», որ Հայաստանն առանց Ռուսաստանի չի կարող գոյություն ունենալ:

    Ռուսաստանի համար դա առանձնահատուկ քաղաքականություն չէ, այն այդպես է վարվում բոլոր հետգաղութային ժողովուրդների հետ: Վերջերս Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը Մոսկվայում էր: Վլադիմիր Պուտինի հետ համատեղ հայտարարությունում, մասնավորապես, նշվում է, որ Ղազախստանն ու Ռուսաստանը «չեն ընդունում մեր ընդհանուր պատմության՝ մասնավորապես Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմության կեղծման, վերախմբագրման, «սեւացման» փորձերը»:

    Մի քանի խոսք էլ Բայկոնուրի եւ համատեղ նախագծերի մասին կար, բայց առանցքայինն այն էր, որ «պատմությունը չի վերախմբագրվելու»: Մոսնվան չի սիրում, երբ կասկածում են իր փրկչի դերի մեջ եւ իր քաղաքականությունը գաղութատիրական ու նվաճողական են անվանում:

    Գյումրիում Պատվո բլրի կառուցումը դարձել է տարածաշրջանում ռուսական քաղաքականության հաջորդականության խորհրդանիշը՝ բազայում ժամանակակից սպառազինության կողքին տեղակայված է զինվորական գերեզմանոց: Ռուսները հիշեցնում են, որ այս հողում իրենք զոհվել են դեռ նախանցած դարում: 2013 թվականին ուղիղ Գյումրի եկած Վլադիմիր Պուտինը, լուսանկարվեով հրթիռների ֆոնին, հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հեռանա Կովկասից:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ավանդույթի համաձայն. Հրազդանի ՋԷԿ-ն էլ տվեցին

    07/04/2019

    http://www.armtimes.com/hy/article/158444


    Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2006 թվականի ապրիլի 7-ի համարում

    Կառավարության երեկվա նիստը սովորականից ավելի երկար տեւեց: Կառավարության անդամները երկար, շատ երկար մտածում էին` ինչպե՞ս թեթեւացնել իրենց կողմից այդքան «սիրված» ժողովրդի սոցիալական վիճակը. չէ՞ որ այդ ժողովրդի ձայները այդքան անհրաժեշտ են լինելու ընդամենը մեկ տարի հետո կայանալիք ընտրություններում: Իսկ թե ինչպիսին կլիներ իշխանությունների նկատմամբ ընտրողների վերաբերմունքը, եթե Հայաստանին մատակարարվող ռուսական գազի դիմաց սպառողները վճարեին այն սակագներով, որոնք հաստատել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, դժվար չէ պատկերացնել: Սակայն նախօրեին Ռոբերտ Քոչարյանն այցելեց «Հայռուսգազարդ» եւ հենց այնտեղ էլ հայտարարեց, որ սպառողների համար գազի գնի թանկացումը կլինի 10-15 տոկոսի շրջանակներում:

    Եւ երեկ կառավարությունը ընդունել է «Բնական գազի սակագների մեղմացման միջոցառումները» անունով մի որոշում, ըստ որի առաջիկա երեք տարիներին ՀՀ կառավարությունը սուբսիդավորելու է «Հայռուսգազարդ» ընկերությանը` գազի սակագները մեղմացնելու նպատակով: Դրա համար կառավարությունը երեկ որոշում է կայացրել Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը վաճառել ռուսական «Գազպրոմ» ընկերությանը: Երեկ կառավարության նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսում էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանն այնպիսի բարձր տրամադրությամբ էր ներկայացնում այս որոշումը, կարծես դրանով ոչ թե Հայաստանն է Ռուսաստանին գույք տրամադրում, այլ հակառակը:

    Իսկ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը, կառավարության երեկվա որոշման համաձայն, վաճառվելու է 248,8 մլն դոլարով, որից ընդամենը 60 մլն դոլարն է վճարվելու պետական բյուջե: Մնացած 188,8 մլն դոլարը կառավարությունը որպես սուբսիդիա երեք տարիների ընթացքում վճարելու է «Հայռուսգազարդ» ընկերությանը: Այսինքն` կառավարությունը վճարելու է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած գնի մի մասը` բնակչության սպառած 1000 խ/մ-ի համար 90 հազարից 25 հազար դրամը, իսկ արդյունաբերական սպառողների համար` 146,5 դոլարից 52 դոլարը: Արդյունքում այս տարվա ապրիլի մեկից բնակչությունը մեկ խ/մ գազի դիմաց ներկայիս 59 դրամի փոխարեն կվճարի 65 դրամ, իսկ արդյունաբերական սպառողները՝ ներկայիս 79,1 դոլարի փոխարեն` 94.5 դոլար:

    Արդյոք սա կարելի՞ է գազի սակագների մեղմացման հաջողված տարբերակ համարել: Էներգետիկայի նախարարը այս հարցին ուղղակի չի պատասխանում: «Բնակչությունը եւ տնտեսվարող սուբյեկտները սրա գնահատականը կտան»,- ասում է Արմեն Մովսիսյանը: Այս նախադասությունը, ըստ էության, բացահայտում է այն տրամաբանությունը, որով իշխանություններն առաջնորդվել են այս որոշումն ընդունելիս. բնակչության համար էականն այն է, որ գազի դիմաց հնարավորինս քիչ վճարի, թե ինչի հաշվին` մարդկանց համար այնքան էլ կարեւոր չէ: Ինչ վերաբերում է Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը «Գազպրոմին» վաճառելու պայմաններին, ապա ըստ Արմեն Մովսիսյանի, դրանք Հայաստանի համար շատ ձեռնտու են:

    Ռուսները պարտավորվել են երկու տարվա ընթացքում ավարտել էներգաբլոկի շինարարությունը, տեղադրել 140 մեգավատ հզորությամբ գազատուրբին, ինչը, Արմեն Մովսիսյանի ասելով, կիրականացվի լրացուցիչ 150-160 միլիոն դոլարի ներդրմամբ: Իսկ արդյոք կարելի՞ է վստահ լինել, որ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը չի արժանա «Գույք` պարտքի դիմաց» ծրագրով Ռուսաստանին հանձնված ձեռնարկությունների ճակատագրին: «Պայմանագրում բավական կոշտ միջոցներ կան, եւ եթե ռուսական կողմը չկատարի պարտավորությունները, դրանք կկիրառվեն»,- ասում է Արմեն Մովսիսյանը` չմանրամասնելով, սակայն, պայմանագրի այդ կոշտ կետերը: Իհարկե, դա արդեն այնքան էլ կարեւոր չէ:

    Կարեւորն այն է, որ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը այլեւս ռուսների սեփականությունն է: Ինչ վերաբերում է վերջին օրերին հայ-ռուսական բանակցություններում քննարկվող մյուս հարցին` կապված Իրան-Հայաստան գազամուղի հայկական հատվածը նույնպես Ռուսաստանին տրամադրելու հետ, ապա էներգետիկայի նախարարն ասում է, որ նման հարց չէր էլ կարող քննարկվել, քանի որ այդ գազամուղի շինարարության աշխատանքները դեռ չեն սկսվել: «Իրան-Հայաստան գազամուղը դեռեւս կառուցված չէ, բաժնետոմսեր չունի, եւ դրանք չեն կարող որեւէ մեկին հանձնվել»,- ասում է Արմեն Մովսիսյանը: Մենք, իհարկե, մեր էներգետիկայի նախարարին չհավատալու հիմքեր չունենք:

    Սակայն հավատալով Արմեն Մովսիսյանին՝ ցանկանում ենք տեղեկացնել, որ «Գազպրոմ» ընկերության երեկ տարածած հաղորդագրության մեջ նշված է, որ մինչեւ ապրիլի 14-ը ՀՀ կառավարության եւ «Գազպրոմի» միջեւ պետք է կնքվեն նախնական պայմանագրեր Իրան-Հայաստան գազատարի 40 կիլոմետրանոց հատվածը եւ Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկը «Հայռուսգազարդ» ընկերությանը վաճառելու մասին: Նույն հաղորդագրության մեջ ասվում է նաեւ, որ այս գործարքի ավարտից հետո «Հայռուսգազարդի» հիմնադիր կապիտալում «Գազպրոմի» չափաբաժինը կկազմի որակյալ մեծամասնություն: Մի խոսքով, բացառված չէ, որ գազի սակագների մեղմացման «միջոցառումները» Հրազդանի ՋԷԿ-ի հինգերորդ էներգաբլոկով չեն ավարտվել: Պարզապես, էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը այդ մասին գերադասում է դեռեւս չխոսել:

    Գառնիկ Գեւորգյան

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Կարսի ու Իգդիրի վերամիավորման խնդիրը. Վճռական խոսքը Երեւանինն է

    Lragir.am,

    01.04.2019


    Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Էրդողանի իշխող կուսակցությունն ու նրա արբանյակ կուսակցությունները նշանակալի պարտություններ են կրել Թուրքիայի առանցքային քաղաքներում, այդ թվում Կոստանդնուպոլսում ու Անկարայում:

    Նշանակալի են եղել նաեւ Կարսի ու Իգդիրի քաղաքապետերի ընտրությունները: Այստեղ ընտրվել են քրդական ուժերի ներկայացուցիչները:

    Կարսն ու Իգդիրը Թուրքիան «հանձնել է» իր մերձկասպյան եղբայրներին, Բաքվի հետ համաձայնությամբ: Փորձ է արվում տնտեսապես կապել Նախիջեւանն ու այս նահանգները, ժողովրդագրական իրավիճակը փոխելու, ինչպես նաեւ Հայաստանի շրջափակումը խորացնելու նպատակով: Կարսն ու Իգդիրը ակտիվորեն բնակեցվում են մերձկասպյան թուրքերով, որոնց նաեւ տնտեսական որոշակի արտոնություններ են տրվում:

    ՏԻՄ ընտրություններից առաջ տեղեկություն եղավ, որ Ալիեւի պահանջով Էրդողանը որոշել է չառաջադրել իր կուսակցության թեկնածուներին, նախընտրելով արբանյակ ազգայնական կուսակցությունների թեկնածուներին, որոնք, ըստ մտահղացման, հաղթելու ավելի մեծ հնարավորություններ կունենային: Սակայն այս տարբերակն էլ չաշխատեց:

    Կարսի ու Իգդիրի քրդական բնակչությունը թերեւս հասկացել է, թե ինչ է իրեն սպասվում առաջիկայում: Թուրքիան ներկայում քրդերի դեմ լայնածավալ արշավ է իրականացնում Սիրիայում, գրավելով քրդաբնակ շրջանները եւ տեղահանելով քուրդ բնակչությանը: Միեւնույն ժամանակ, Կարսում եւ Իգդիրում բնակեցնելով մերձկասպյան թուրքերին, Անկարան անկասկած փորձելու է նույն քաղաքականությունը շարունակել նաեւ այստեղ, այս պարագայում նաեւ Բաքվի միջոցով:

    Կարսն ու Իգդիրը Թուրքիայի կազմում են Մոսկվայի 1921 թ. ռուս-թուրքական անօրինական պայմանագրով: Թուրքիան Մերձավոր Արեւելքում քրդերի դեմ իր գործողություններն իրականացնում է Մոսկվայի հետ սերտ համագործակցությամբ եւ աջակցությամբ: Կարելի է ասել, որ ներկայում ռուս-թուրքական տանդեմը քրդերի պարագայում իրականացնում է խոշոր հաշվով նույն քաղաքականությունը, ինչ հայերի դեմ անցյալ դարասկզբին: Քուրդ քաղաքական գործիչներն ու քաղաքագետները նշում են, որ Թուրքիան նախապատրաստում է քրդերի ցեղասպանությունը:

    Կարսի ու Իգդիրի վերամիավորումը Հայաստանին քուրդ ժողովրդին ցեղասպանությունից փրկելու ուղիղ ճանապարհն է:

    Մոսկվան ունի՞ 1921 թ. պայմանագիրը վերանայելու բավարար շահագրգռություն: Վճռական խոսքը Երեւանինը պետք է լինի՝ վերանայում կամ Կովկասում ՆԱՏՕ-ի եւ թուրքերի հետ դեմ առ դեմ մնալու հեռանկար բանաձեւով: Բնականաբար, միայնակ եւ առանց Հայաստանի:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հայ կոմունիստները խայտառակվեցին ՀՀ-ում ՌԴ դեսպանության առջեւ անցկացվող պրոհայկական ակցիային

    Lragir.am,

    16.03.2019


    Մարտի 16-ին Հայաստանի կոմունիստական կուսակցության ակտիվիստները, որոնք վերջին շրջանում ակտիվացել են ՌԴ դեսպանատան կամ այլ հաստատությունների դիմաց ցույցերին մասնակցելու հարցում, այսօր էլ հավաքվել են խանգարելու ցույցը, որի մասնակիցները պահանջում էին չեղյալ հայտարարել 1921 թվականի մարտի 16-ի Ռուս-թուրքական պայմանագիրը:

    Հիշեցնենք, որ այդ պայմանագրով Հայաստանի տարածքները՝ Կարսը, Սուրմալուն Արարատ լեռով, Նախիջեւանը Ռուսաստանը նվիրել է Թուրքիային ու Ադրբեջանին:

    100 տարի առաջ հայ կոմունիստները ակտիվորեն լծվել էին ռուս-թուրքական ծրագրերի իրականացմանը, այդ թվում տարածքների նվիրաբերմանը եւ 1921-1923 թթ. Հայաստանի տարածքում Արեւմտյան Հայաստանից գաղթած 300 հազար հայերի ոչնչացմանը եւ հարյուր հազարների արտաքսմանը: Ավելորդ է ասել, թե համանման իրավիճակներում ինչ կանեին նմանների հետ այլ երկրներում. առնվազն կարգելեին, եւ տեղի կունենար դատավարություն: Նման հակաակցիա անելով՝ նրանք կրում են այդ հանցագործությունների ուղիղ պատասխանատվություն:

    Բայց Հայաստանում նման բան չկա, եւ ավելին, հայ կոմունիստները շարունակում են իրենց այդ գործունեությունը ռուսական հռչակված նեոգաղութատիրության ներկայիս փուլում, որի նպատակներից մեկը կրկին Հայաստանի հայազրկումն ու Ղարաբաղն Ադրբեջանին նվիրելն է:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Այսօր այդ օրն է. ռուս-թուրքական դարը հայկական արյան վրա

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան

    16.03.2019


    1921 թվականի մարտի 16-ին Մոսկվայում ստորագրվեց ռուս-թուրքական պայմանագիրը, որը փաստացի հայկական արյունով եւ հայկական տարածքների հաշվին գրված փաստաթուղթ էր: Այն կանխորոշում էր հայերի հետագա ճակատագիրը, կամ այլ կերպ ասած հայկական սուբյեկտությունն ու հայկական ապագա պետականությունը կանխարգելող փաստաթուղթ էր, որի կնքումից անցել է 98 տարի:

    Ռուսաստանն ու Թուրքիան այսօր էլ հարգում ու պատվում են պայմանագիրը, նշում դրա հոբելյանները, պատրաստվում 100-ամյակին, մեզ՝ հայերիս համար 100-րդ տարելիցին:

    Ինչպե՞ս են նշելու Ռուսաստանն ու Թուրքիան իրենց համար այդ հոբելյանը: Ռուս-թուրքական պայմանագիրը 98 տարի առաջ ձեւավորեց Կովկասի ստատուս-քվոն, հայկական կյանքերի, հայկական պետականության ապագայի, Հայաստանի շահի եւ անվտանգության հաշվին:



    Մեդվեդեւն Էրդողանին է նվիրում Մոսկվայի պայմանագրի նկարը՝ ի հավատարմություն ռուսական կողմի



    Այդ ստատուս-քվոն այժմ գոյություն չունի: Արցախյան շարժմամբ եւ պատերազմի հաղթանակով Հայաստանն ու Արցախը փոխեցին ռուս-թուրքական պայմանագրով հաստատված իրավիճակը: Իհարկե պայմանագրի բոլոր հետեւանքները վերացված չեն, սակայն սկզբունքորեն այն քանդված է, եւ քանդել են հայերը:

    Միաժամանակ սակայն քանդված չէ այդ պայմանագրով սահմանված ռուս-թուրքական դաշինքը, որը շարունակում է կառուցված լինել հայկական շահի ու անվտանգության վրա: Մյուս կողմից, Ռուսաստանն ու Թուրքիան ներկայում դաշնակից չեն: Ի՞նչ են, ամբողջապես պարզ չէ: Նրանց երկուսի համար էլ իրավիճակը բարդ է: Ռուս-թուրքական պայմանագիրը գործնականում սկսել է աշխատել Ռուսաստանի դեմ եւ շատ վաղուց: Այդ իմաստով, Արցախի հաղթանակով հայերը մեծ հաշվով փրկել են Ռուսաստանին:

    Մյուս կողմից սակայն, Ռուսաստանում այդ իրողությունն ավելի շատ ընկալվել է իբրեւ հայերի պարտավորություն, ոչ թե օժանդակություն եւ մեծահոգություն, որը պետք է առաջացնի երախտագիտության եւ պարտքի զգացում: Ռուսաստանում շարունակում են համոզված լինել, որ հայերն են իրենց պարտք, ընդ որում ցմահ: Ըստ այդմ, հայկական հաղթանակները ընդունելով որպես պարտքի վերադարձ, Ռուսաստանը փորձել է դրանք դիտարկել Թուրքիայի հետ հարաբերության մանրադրամ:

    Փոխվե՞լ է արդյոք այդ հարցում որեւէ բան, կամ կարո՞ղ է փոխվել: Ապրիլյան քառօրյայից հետո ինչ որ բան փոխվել է, մարտավարական իմաստով, բայց խնդիրը ռազմավարությունն է, այսինքն մոտեցումների, պատկերացումների փոփոխությունը: Դա կա՞, թե չկա եւ ռուսները շարունակում են համարել, որ հայերն են իրենց պարտք:

    Մյուս կողմից, ռուս-թուրքական դարի ավարտին շրջադարձային իրավիճակում է Ռուսաստանը: Ռուսաստանը գործնականում կանգնած է ընտրության առաջ՝ ու՞մ հանձնվել, Թուրքիային, Չինաստանի՞ն, թե՞ Արեւմուտքին: Ընդ որում, հատկանշական է, որ Թուրքիան ու Չինաստանը չեն սպասում որոշման, նրանք վերցնում են Ռուսաստանը, ամեն մեկը յուրովի:

    Սակայն, դրա փոխարեն Մոսկվան դիմակայության մեջ է Արեւմուտքի հետ, գործնականում միակ սուբյեկտի, որը Ռուսաստանին առաջարկում է դեր, եւ այդ դերը սպասավորի դերը, կամ «սուլթանի սիրուհու» դերը չէ, այլ ռեգիոնալ խաղացողի դեր, որն իհարկե ցածր է ռուսների հավակնությունից, սակայն մյուս կողմից օգնելու է պահպանել ռուսական պետականությունը կամ պետականությունը պահպանել ռուսական:

    Բայց դրա համար Ռուսաստանը պետք է սկզբունքորեն փոխի իր մոտեցումը Հայաստանի նկատմամբ, որովհետեւ հատման կետը ընտրված է Կովկասը եւ Հայաստանը, մի շարք պատճառներով, եւ Մոսկվան պետք է գա գիտակցման, որ Հայաստանը չէ պարտք, ինքն է պարտք Հայաստանին: Մեծապետականության բարդույթի համար դա չափազանց դժվար գիտակցվող հանգամանք է, առավել եւս, որ այն բավական ծանր ու բարդ գիտակցվող է նաեւ թերարժեքության բարդույթի համար, որով վարակված է հայության մի զգալի մաս:

    Բայց թե հայկական, թե ռուսական պետականության համար փրկօղակը այդ բարդույթի, ըստ այդմ հայերի Ռուսաստանին հավերժ պարտք լինելու վտանգավոր մոլորությունից ազատվելն է: Թավշյա հեղափոխությամբ Հայաստանը գնում է այդ ճանապարհով, աստիճանաբար, դժվար, բայց ազատվելով պատմա-հոգեբանական այդ բարդույթներից եւ կարծրատիպերից: Ռուսաստանը կամ կօգտվի դրանից եւ կգնա այդ ճանապարհով, որով տանում է Հայաստանը, կամ նրանով, որով կտանի օրինակ Զատուլինը: Այդ դեպքում Հայաստանը այլեւս ոչնչով չի կարող օգնել, առավել եւս փրկել իր հաշվին:

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հայաստանը կարող է կտրուկ շրջադարձ անել, և ռուսական ողջ պաշտպանական համակարգը կփլվի Ռոստովից մինչև Սիրիա

    ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար

    25.02.2019


    Մեր զրուցակիցն է Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանը

    ՌԴ դեսպան Կոպիրկինը հայտարարել է, որ հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները մեր երկրների և տարածաշրջանային անվտանգության երաշխիքն են։ Նա նաև հիշել է, որ հայերը մեծ դեր են ունեցել Ռուսաստանի զինված ուժերի կայացման գործում։ Ի՞նչն է պատճառը, որ ՌԴ դեսպանը հայերի դերի կարևորության մասին հիշատակում է՝ հաշվի առնելով, որ ռուսների կողմից ճիշտ հակառակ դիրքորոշումներն ենք լսել։ Ինչպե՞ս եք գնահատում դեսպանի այս հայտարարությունը։

    Երբ հայերը գիտակցում են իրենց ազգային շահը, և իրենց շարքերում չեն թողնում 5-րդ շարասյուներ, հոգեկան հիվանդության հասնող ռուսասիրությունը նահանջում է, և ռուսները գնում են զիջումների։ Հիմա Հայաստանը կարող է կտրուկ շրջադարձ անել, և ամբողջ ռուսական պաշտպանական համակարգը կփլվի Ռոստովից մինչև Սիրիա։ Այստեղ մեծ դեր կարող է ունենալ աշխարհում հայկական լոբբին։ Հիմա այդ բոլորը ռուսներն իրենց մտքում գիտեն։ Հայաստանի նոր ղեկավարության տեսակետը՝ արժանապատվորեն դառնալ Ռուսաստանի գործընկեր, շահերի համատեղմամբ, Ռուսաստանին պարտավորեցնում է նահանջել։ Ուրիշ տարբերակ չունեն և չեն էլ կարող ունենալ։ Կոնկրետ դեսպանն այդ մասին ասել է Կարմիր բանակի օրը, այդ նույն բանակի, որը թուրքերի հետ վերջ է տվել Հայաստանի առաջին Հանրապետությանը, իսկ նրա իրավահաջորդ Խորհրդային բանակը ադրբեջանցիների համար 1990-ականներին մեզնից գրավել է Հյուսիսային Արցախն ու Գարդմանքը՝ «Կոլցո» օպերացիայի շրջանակներում։ Դրա համար սուտ է հայերի մասնակցությունը տոնակատարություններին մի բանակի, որն այդպիսի քայլեր է արել։ Իսկ երբ ասում են՝ թուրքը մեզ կուտեր, պատմությունը եթեներ չունի և վերջ։ Չկա նման բան։ Ես, օրինակ, համոզված եմ, որ հայկական լեգիոնը գերմանական բանակի հետ իջնելու էր և պարեկային ծառայություն էր անելու Հայաստանում։ Հետևաբար, թուրքը Հայաստան չէր մտնելու։ Այդ բոլորը լեգենդներ են, պրոպագանդա, որը մտցրել են հայերի ուղեղի մեջ։ Այսինքն Նժդեհն ու Դրոն ապուշնե՞ր էին, որ հայկական լեգիոն էին ձևավորել։ Հիտլերը շատ մեղմ էր հայ լեգեոնականների նկատմամբ. Նա կարող էր հայերին համակենտրոնացման ճամբարներ նետել, գնդակահարել, բայց տեսնելով, որ նրանք չեն կռվում ռուսների դեմ, ուղարկել է Հոլանդիա պարեկային ծառայության։ Մեր ժողովուրդը պետք է իր պատմությունն իմանա։ Հետևաբար, Կոպիրկինը պետք է ներողություն խնդրի իրենց արածների համար։ 300 հազար հայ է մահացել Ռուսաստանի և Ուկրաինայի ճահիճներում, և հիմա կանգնել փառաբանում են դա։ Հիմա գոնե ռուսները Արցախի հարցով մի զիջում անո՞ւմ են, ճանաչո՞ւմ են Արցախը։ Այդքան մարշալ ենք տվել, մարշալների գյուղն էլ չպաշտպանեցին ռուսները։ Կարմիր բանակի աչքի առաջ ենք կորցրել Չարդախլուն։ Նայում էին, թե ոնց են ավերում խորհրդային մարշալների բնակավայրերը։

    Ըստ էության Ռուսաստանը վերանայո՞ւմ է հայ-ռուսական հարաբերությունները։

    Այո, ընդունում է գործընկերոջ գոյությունը։ Սա թավշյա հեղափոխության նվաճումն է։

    Իսկ հայկական կողմը որքանո՞վ է կարողանում նորովի դիտարկել հայ-ռուսական հարաբերությունները։

    Տեսեք, ՀԱՊԿ-ում ճգնաժամ է, չեն կարողանում անցկացնել իրենց ցանկալի գլխավոր քարտուղարին։ Կանգնել մեզ ասում են՝ քո գեներալին մի փոխի։ Քո ի՞նչ գործն է, դու ո՞վ ես։ Նիկոլ Փաշինյանի կարծր դիրքորոշումը ռուսներին բերում է հայերի հետ հավասար փոխհարաբերության, եթե ոչ դաշնակցի, ապա գործընկերոջ։ Սա մեզ համար կարևոր է։

    Այսինքն ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը չի լուծվում, որովհետև հայկական կողմը չի՞ համաձայնում Զասի թեկնածությանը։

    Այո, ու դա Ռուսաստանին շատ ձեռնտու է։ Հայկական կողմը սկզբունքային դիրք է պահում, և ոչ ոք մեզ չի կարող ասել, թե որ գեներալին ուղարկենք։ Մենք մեր գեներալին հետ ենք կանչում, մյուսին ենք ուղարկում։ Ենթադրենք, Բելառուսի գեներալը Մոսկվա թռչելիս օդանավը պայթել է, մեռել է, պետք է ասեն՝ վերջ, դուք կորցրեցիք այդ պաշտո՞նը։ Մյուս կողմից, ՀԱՊԿ-ը ՆԱՏՕ չի, ՀԱՊԿ-ի տերը Ռուսաստանն է։ Դա մի գործիք է, որի անվան տակ Մոսկվան իր շահերն է առաջ մղում, այնտեղ հավասար գործընկերություն չկա։ Հիմա ռուսներին ձեռնտու է, որ միշտ այդ կառույցի ղեկավարի պաշտոնում ռուս լինի։ Անգամ եթե ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայ, բելառուս կամ ղազախ լինի, տեղակալը պետք է ռուս լինի, որի ձեռքին է իրական իշխանությունը։ Հիմա Հայաստանի կարծր դիրքորոշումը թույլ է տալիս ռուսներին՝ օգտագործելով Լուկաշենկոյի տհասությունը, բաց պահել այդ նշանակումը և իրենց ձեռքում պահել կառավարումը։ Իսկ սա ի՞նչ է տալիս հայկական կողմին։ Եթե ես լինեի Նիկոլ Փաշինյանի կողքին, կասեի՝ սրա դիմաց ռուսները թող 10 հատ ինքնաթիռ տան, որ մենք մինչև վերջ պահենք մեր դիրքորոշումը։ Փաստորեն մեր դիրքորոշման արդյունքում ռուսներին է մնում ղեկավարումը, բա դրա փոխարեն մեզ ի՞նչ են տալիս։

    Իսկ ընդհանուր առմամբ, այս փուլում Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման ինչպիսի՞ հնարավորություններ կան։ Հայաստանը որքանո՞վ է կարողանում դիվերսիֆիկացնել իր անվտանգությունը։

    Դիվերսիֆիկացիան շատ լավ է։ Ռուսաստանի հետ մենք հակադրության հարց չունենք, դա վտանգավոր է, նաև փոխարինող չունենք: Ռուսաստանը մեզ համար որպես առաջին գործընկեր է, իսկ Արևմուտքի հետ շատ լավ հարաբերություններ ունենք։ Եղած վիճակը պետք է ամրապնդել։ Բայց սա չպետք է դոգմա դառնա, հավերժ բարեկամներ չպետք է լինեն: Մեր հավերժ բարեկամը հայ ժողովուրդն է, ուրիշ ոչ մեկը չկա և չի կարող լինել: Եթե այս սկզբունքը պահում ես, ճիշտ կարողանում ես կողմնորոշվել:

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելու է Իրան: Ի՞նչ եք ակնկալում այդ այցից:

    Շատ դրական միտումներ կան. Իրանի նկատմամբ արտաքին ճնշումների ֆոնին մենք կարող ենք փրկօղակ դառնալ հակամարտող կողմերի համար: Դա միջնորդի բացառիկ, աստվածային շնորհ է, որ տրվում է մեզ: Օրինակ, կարող են Ամերիկան ու Իրանը Երևանում հանդիպել, կամ Ռուսաստանն ու Իրանը կարող են Երևանում հանդիպել: Սա բացառիկ անվտանգություն է, լրացուցիչ անվտանգության երաշխիք: Նման դեպքերում տվյալ պետությանը ձեռք չեն տալիս, որ հանդիպման տեղ ունենան: Մյուս կողմից, տնտեսական ոլորտում Հայաստանն արդիականացման կուրս է որդեգրել, որի արդյունքում Հայաստանը կարող է ներդրումների համար պատուհան և հարթակ դառնալ Ռուսաստանի ու Արևմուտքի համար: Այս բոլոր հարցերի դրական լուծման համար Հայաստանի ԱԳ նախարարը պետք է ճկուն լինի և չպետք է կողմնորոշում ունենա, պետք է լինի բացառապես հայաստանակենտրոն:

    Leave a comment:

Working...
X