ՍԻՐԱՆՈՒՅՇ ՊԱՊՅԱՆ, Հարցազրուցավար
06.11.2019

Մեր զրուցակիցն է Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր, նախկին քաբանտարկյալ Ազատ Արշակյանը
Պարոն Արշակյան, Երևանում գտնվող ռուս պաշտոնյաները հայտարարել են, որ ՀԱՊԿ-ը չի արձագանքել Ադրբեջանի կողմից հարձակումներին, որովհետև հայկական կողմը չի դիմել։ Ստացվում է, որ մեղավորը Հայաստա՞նն է, որ չի դիմել։ Ինչպե՞ս եք գնահատում այս հայտարարությունները, նաև Երևանում ընթացող ՀԱՊԿ ԽՎ գագաթնաժողովը։
Հայաստանն, իհարկե, մեղավոր է։ Մեղավոր է, որ թույլ է։ Հայաստանին միշտ կարելի է մեղադրել։ Մեղավոր է նրա համար, որ չի դիմել, մեղավոր է նրա համար, որ անեքսիայի է ենթարկվել, մեղավոր է նրա համար, որ Հայաստանին գերի են վերցրել։ Հայաստանը գերեվարված երկիր է ԵՏՄ-ում։ Այդ սլավոնաթուրքական միությունը մեզ համար հակառակորդ է։ Նրանք առանձին-առանձին՝ Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Բելառուսը, մեր թշնամու բարեկամն են՝ կամ ռազմավարական, կամ սովորական, կամ լեզվային, կամ մշակութային, կամ կրոնական։ Մեր թշնամու բարեկամները մեր բարեկամները չեն, հետևաբար, մենք այդ միությունում որպես նվաճված, մեղավոր երկիր ենք ներգրավված։ Մեր մեղքն այն է, որ գրավվել ենք նրանց կողմից և վասալային հարաբերությունների մեջ ենք մեր թշնամու բարեկամների հետ։ Իսկ ՀԱՊԿ-ը բոլորովին էլ անվտանգության համակարգ չէ Հայաստանի համար։ Դա մեզ գերի վերցնող համակարգի հսկիչն է։ Անվտանգության համակարգը ՆԱՏՕ-ն է իր մասնակից անդամների համար։ Այդ կառույցը կոչված է որպես ժողովրդավարական երկրների անվտանգության համակարգ։ Մեր դեպքում ՀԱՊԿ-ը վտանգավոր, բռնապետական երկրների անվտանգությունն ապահովող համակարգ է։ Նման համակարգում ժողովրդավարական ուղի բռնած մեր երկիրը ինչպես կարող է այդտեղից աջակցություն, պաշտպանություն ստանալ դիմելու դեպքում։ Բա որ դիմենք, ու իրենք ասեն՝ լավ են անում, ձեզ դա քի՞չ է։ Այդպես արդեն եղել է։ Նրանք արդեն մեզ հանդիմանել են, նրանք բոլորն էլ ճանաչել են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, չեն ճանաչում ազգերի ինքնորոշման իրավունքը։ Այսինքն՝ ՀԱՊԿ կոչվածը բռնապետությունների ինքնապաշտպանության համակարգ է։ Մենք այդտեղ ի՞նչ գործ ունենք։ Մենք այդտեղ գերեվարված ենք։
Ռուսական 102-րդ ռազմաբազան կրկնապատկում է իր ներուժը։ Սրանով Ռուսաստանն ի՞նչ ուղերձներ է հղում։
Ռուսաստանը պատերազմի է պատրաստվում ՆԱՏՕ-ի դեմ և Հայաստանը դարձնում է թիրախ։ Հայաստանի տարածքից հարձակում է լինելու ՆԱՏՕ-ի վրա, ու ինքն էլ պետք է աջակցի այդ հարձակմանը։ Ժողովրդավարական երկրների միության դեմ գործիք ենք լինելու։ Իսկ ընդհանրապես, ես ասում եմ, որ լավ են անում, որ կրկնապատկում են ներուժը, թող տասնապատկեն։ Ճիշտ այնպես, ինչպես 7-րդ բանակը իր ողջ սպառազինությունը, հանդերձանքը, շենքերը, շինությունները նվեր թողեց և հեռացավ, այնպես էլ այդ բազան թողնելու են մեզ նվեր ու հեռանան։ Ճիշտ այնպես, ինչպես Յուդենիչի բանակը 1917 թվականին։ 1915 թվականին մի անգամ թողեցին Արևմտյան Հայաստանն ու հեռացան, և տեղի ունեցավ ցեղասպանությունը, երկրորդ անգամ 1917 թվականին հեռացան, և սկսվեց թուրքական հարձակումը Ռուսական Կայսրության հայկական մարզերի վրա, և վերջապես 1990-ականներին ամեն ինչ թողեցին ու հեռացան։
Մենք երեք անգամ արդեն տեսել ենք, թե ինչպես են ռուսներն իրենց պահում հայկական տարածքներում։ Ես կարծում եմ, որ Գյումրիի ռազմաբազայում նույնպես ռուսները կթողնեն իրենց զենք-զինամթերքը, ունեցվածքը մեզ, ռուսական անձնակազմը կնստի «ԳԱԶԵԼ»-ները և կհեռանա։ Մենք այդ «ԳԱԶԵԼ»-ներն իրենց նվեր կտանք, որով հեռանալու են։ Կարող ենք նաև «Սուխոյ Ջեթ» ինքնաթիռով ուղարկել։
Հեռացումը ե՞րբ կարող է լինել։
Մենք չգիտենք՝ դա երբ կլինի։ Մենք 1990 թվականին չէինք սպասում, որ ռուսական 4-րդ բանակն Արցախում «Կոլցո» օպերացիա կանի։ Մենք չգիտեինք, որ պերեստրոյկա ու ԳԿՉՊ կլինի։ Մենք չգիտենք՝ ինչ են պայմանավորվել Մակրոնն ու Պուտինը Փարիզում մի քանի օր առաջ և ինչ է նշանակում Դոնեցկից զորքերի հեռացում, երբ ուկրաինական և ռուսական զորքերն իրարից հեռանում են, որ նույնիսկ պատահական կրակոցներ չլինեն։ Բայց փաստն այն է, որ նրանք անակնկալ հեռանում են։ Մենք չգիտենք, թե ինչու Նիկոլայ 2-րդը հրաժարական տվեց։ Այդպիսի անակնկալ մեզ սպասվում է։ Ռուսական իմպերիայի հմայքը հենց դա է, որ չգիտենք, թե, օրինակ, ինչից մահացան ռուս առաջնորդները՝ Պետրոս Առաջինը, Եկատերինա Երկրորդը, Ալեքսանդր Առաջինը։ Մենք չգիտենք՝ ինչից մահացան Ստալինը, Անդրոպովը և այլն։
ՌԴ Պետական դումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Հայաստանին այնպիսի զենքեր է վաճառում, որոնք երբեք այլ երկրների չի մատակարարում։ Սա որքանո՞վ է արդարացնում իրենց կողմից Ադրբեջանին զինելը։
Ռուսական զենքերի որակը հայտնի է, դրանք պարզ են, որակով չեն և էժան են։ Ընդհանրապես, էժան ապրանքն անորակ է լինում։ Առաջին կարգի զենքերը ՆԱՏՕ-ում է։ ՆԱՏՕ-ի բանակը զինված է ժամանակակից զենքերով՝ իրենց որակական հատկանիշներով և արդիականությամբ։ Իսկ Ռուսաստանն իր անորակ զենքերը վաճառում է իր նման երկրների։ Օրինակ՝ մեզ, Ադրբեջանի դեմ կռվելու համար, դա մեզ ոչ մի առավելություն չի տալիս։ Նրանց զենքը լավը չի։ Երկու համաշխարհային պատերազմների ժամանակ դա ստուգվել է։ Ռուսական զենքը մրցունակ չէ։ Իսկ այն պնդումները, թե «Կալաշնիկովը» ամենալավ զենքն է «Շմայսերի» բոլոր զենքերից, դա նույնպես հեքիաթ է։ «Կալաշնիկովի» իսկական անունը «Շմայսեր» է, Կալաշնիկովը կոմսոմոլի քարտուղարն է եղել, զենքից ոչ մի գաղափար չի ունեցել։ Շմայսերն է հեղինակը։
Իսկ այն զենքերը, որ վաճառում կամ նվիրում է ՆԱՏՕ-ն իր դաշնակիցներին, օրինակ, ԱՄՆ-ն տարեկան 3 մլրդ դոլարի զենք է նվիրում Իսրայելին, դրանք իսկապես որակյալ են։ Ընդ որում, ԱՄՆ-ն ոչ թե իր ռազմակայանն է ստեղծում Իսրայելում, այլ զենքն է տալիս և տեսուչներ, ուսուցիչներ, որ սովորեցնեն, թե ինչպես են օգտվում այդ զենքերից։ Թող ռուսներն օրինակ վերցնեն ԱՄՆ-ից։ ԱՄՆ-ը Իսրայելի դաշնակիցն է, ուղարկում է զենք, զինամթերքը, և միայն տեսուչներ։ Իսրայելն ինքն է իր պաշտպանությունն ապահովում, և նույնիսկ իր զենքերը վաճառում է տարբեր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանին։ Լավ զենքը նրանք են արտադրում։ Իսկ ռուսական զենքերով թող գլուխ չգովան։ Եթե իրենք զենք չտան, զենք տվող կա Հայաստանին։ Դա մի անգամ չէ, որ հայտարարվել է։ Բոլորովին վերջերս Բոլթոնը հայտարարեց, որ ինչքան պետք է, դիմեք կստանաք։
ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինն էլ հայտարարել է, որ Հայաստանի դեմ հարձակման դեպքում կգործադրվի ՀԱՊԿ-ի մեխանիզմը։ Արժանահավա՞տ են այս հավաստիացումները։
Նայած ով է հարձակվում։ Հարձակվեցին Հայաստանի վրա, գործադրվե՞ց այդ մեխանիզմը։ «Եթե»-ներով չենք խոսում, պատմություն կա։ 1915 թվականին, 1917-ին, 1918-ին, 1920 թվականին Հայաստանի վրա հարձակում է եղել, 1990-ականներին, 2016 թվականին նույնպես Հայաստանի վրա հարձակում է եղել, բայց ոչ մի աջակցություն չենք տեսել։ Հո «Կոկա կոլա» չի՞, որ կրկին փորձենք։ Մենք համոզված ենք, որ իրենք մեզ չեն օգնի։ Օգնող լինեին՝ այդ զենքը կտային հայկական բանակին, և ռուսական բանակն այստեղ անելիք չէր ունենա։ Դա օկուպացիոն բանակ է, 1920 թվականից թուրքերի հետ միասին օկուպացրել են Հայաստանը։ Թուրքերը Ղարսն են վերցրել, սրանք՝ Գյումրին և հիմա դեմ-դիմաց կանգնած են։ Ճիշտ նույնկերպ Ռիբենտրոպ-Մոլոտովի ժամանակ Լեհաստանը կիսեցին։ Նացիոնալ-սոցիալիստներն այն մասը վերցրեցին, նացիոնալ-բոլշևիկները՝ այս մասը Լեհաստանի։ Ճիշտ նույնը եղել է 1920-ին Հայաստանում։ Արևմտյան մասը վերցրեց Թուրքիան, արևելյանը՝ Ռուսաստանը։ Օկուպացրել են և մինչև հիմա պահում են։
ՀԱՊԿ-ը թուրք-սլավոնական բռնապետների ակումբի պահապան համակարգ է։ Հայաստանը այդ երկրներից չէ. ոչ սլավոն ենք, ոչ թուրք։ Հենց որ ՀԱՊԿ-ը խառնվի մեր գործերին, նա կխառնվի թուրքական շահերը պաշտպանելու համար։ Բարեբախտություն է, որ չի խառնվում և մեծ բարեբախտություն է, որ հայկական բանակը կարողանում է ապահովել մեր անվտանգությունը։
Կեցցե հայկական բանակը, որ առանց ՀԱՊԿ-ի կարողանում է ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը։ Աստված պահապան մեր բանակին, հայ զինվորին։








Leave a comment: