Announcement

Collapse
No announcement yet.

Russians will manage, what they do best: turn their friends into enemies....

Collapse
X
 
  • Filter
  • Time
  • Show
Clear All
new posts

  • Vrej1915
    replied

    Նժդեհը մի ճակատամարտ էլ է տալու…

    Lragir.am,
    26.11.2019







    99 տարի առաջ բոլշևիկյան Մոսկվան և քեմալական Անկարան, անկախ հայկական պետականությանը վերջ տալու նպատակով Հայաստան ներխուժելուց առաջ, իրենց զավթողական քաղաքականությունը կենցաղային մակարդակով արդարացնելու և «հասկանալի» դարձնելու համար, մեկն սկսեց շահարկել Հայաստանում իբր «հազարավոր բոլշևիկների ձերբակալելու և գնդակահարելու» թեզը, որը թխվում և եփվում էր հիմնականում խորհրդայնացված Բաքվում ապաստան գտած հայ բոլշևիկների և նրանց ադրբեջանցի եղբայրների ձեռաց, մյուսը` Հայաստանում իբր մահմեդականների նկատմամբ «անասելի» բռնաճնշումներ իրականացնելու պատրվակը: Մինչդեռ կողմերի իրական քաղաքական նպատակներն ավելի քան պարզ էին: Մուստաֆա Քեմալը առանց վերապահումների հայտարարել էր, թե «մենք պետք է ոչնչացնենք հայկական բանակն ու հայկական պետությունը»:

    Իսկ բոլշևիկյան Մոսկվան էլ, այդ ամենի անխափան իրականացման համար, նախագծել էր հետևյալ սցենարը. «Արևելքի ժողովուրդների քարոզչության և գործողության Խորհրդի Նախագահության Եզրակացությունը. Մերձավոր Արևելքում Ռուսաստանի քաղաքականության վերաբերյալ` ներկայացված Կոմինտերնի Նախագահության Գործկոմին և Համառուսաստանյան կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության Կենտրոնական Կոմիտեին.
    (Բաքու, 17 սեպտեմբերի,1920 թ.)


    6) …Դիվանագիտական տեսակետից, որպեսզի կանխվի Արևմտյան Եվրոպայում զայրույթի ալիքը, հարձակումը Հայաստանի վրա անհրաժեշտ է իրականացնել հետևյալ կերպ. թուրքական զորքերը սկսում են հարձակումը Հայաստանի վրա, իսկ մենք մեր ամբողջ մամուլում և Եվրոպայում մեզ հասու հրապարակային միջոցներում սոսկալի աղմուկ ենք բարձրացնում նոր հայ–թուքական կոտորած սկսվելու վերաբերյալ և այն մեկընդմիշտ դադարեցնելու անհրաժեշտության մասին: Եվ այդ կոտորածը դադարեցնելու համար մեր զորքերը Հայաստան կմտնեն հայկական զորքերից մերկացած նրա արևելյան սահմանով:
    Այդպիսով, արևմտաևրոպական աշխատավորության աչքերում մենք կհայտնվենք խաղաղարարի ազնվաբարո դերում, ով դեպի Հայաստան է շարժվում կոտորածին վերջ տալու և հայ ժողովրդի մնացորդները վերջնական ոչնչացումից փրկելու առաքելությամբ…»:
    Այնպես որ, «առաքելությունն» սկսելու համար պետք էր մի առիթ հնարել: Առիթը հնարվեց, «առաքելության» արդյունքներն էլ հայտնի են:
    Այս օրերին Ադրբեջանը` իր նախագահի ելույթներով, Ռուսաստանն էլ` ընդգծված հակահայկականությամբ հայտնի ԶԼՄ-ների և տարբեր աստիճանի պետական պաշտոնյաների միջոցով սկսել են շահարկել Գարեգին Նժդեհի թեման: Միասնական ռուս-ադրբեջանական այդ շահարկման մեխը հետևյալն է. «Գարեգին Նժդեհը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ շփումներ է ունեցել նացիստների հետ, սակայն Հայաստանում այսօր նրան մեծարում են որպես հերոսի: Ընդ որում, Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունը` ի դեմս երկրի վարչապետի, նույնպես հերոսացնում է նացիստների այդ «հանցակցին» և չի համաձայնվում ապամոնտաժել նրա հուշարձանը:
    Հայաստանի Հանրապետության քաղաքական ղեկավարությունը` ի դեմս երկրի վարչապետի, արձագանքեց այդ հակահայ կրակոցներին: Ճիշտ է, ինչպես ասում են, արձագանքն էնքան էլ մեր սրտովը չէր, բայց, համենայնդեպս, ասվեց հիմնականը, որ մեր պատմության հարցերը դա միայն մեր հարցերն են և օտարը այստեղ գործ չունի, իսկ նացիստների հետ սերտ համագործակցություն` այն էլ միջպետական մակարդակով, իրականացրել է նախ ԽՍՀՄ բարձրագույն քաղաքական ղեկավարությունը: Թվում էր, թե թեման պետք է որ փակվեր: Ամենևին: Ռուսաստանյան համապատասխան ԶԼՄ-ները մշակում են թեման և արդեն բացահայտ շանտաժի տեսքով հայտարարում են, թե «Մեծ Հաղթանակի 75-ամյակի նախաշեմին Հայաստանի ղեկավարությունը ձգտում է հերոսացնել նացիստների հանցակցին», ինչից հետո միանգամայն «տրամաբանական» հարց է հնչեցվում, թե այդ դեպքում արդյոք հարցականի տակ չպետք է դրվի Հայաստանի` որպես Ռուսաստանի իրական դաշնակից լինելը: Իսկ դրանից հետո էլ արդեն Հայաստանում Ռուսիո դեսպանն է շարունակում թեման, ճիշտ է, առանց հարձակումների, բայց դիվանագիտորեն նշելով, որ «Գարեգին Նժդեհի թեման առնչվում է մեր ընդհանուր պատմության հետ»: Այսպիսին է այս նոր առաքելության ժամանակավոր-հանգրվանային ափոթեոզը: Ընդ որում, եթե ԶԼՄ-ների պարագայում չի բացառվում ենթադրել, որ թերթը, կայքը կամ հեռուստաալիքը կատարում է ինչ-որ խմբավորման պատվեր, ապա պետական պաշտոնյաների պարագայում տարընթերցումներ լինել չեն կարող:
    Թերևս անիմաստ է տքնել եղած իրականության ու նորմալ տրամաբանության շրջանակներում ինչ-որ մեկին բացատրել, չխորանալով նույնիսկ այդ քայլի շարժառիթների ու նպատակների տիրույթը, որ, օրինակ, Գերմանիայի նացիստական շրջանակների հետ Գարեգին Տեր-Հարությունյանի ունեցած շփումները իրենց ծավալով ու խորությամբ`ամենամեծ ցանկության դեպքում անհնար է փորձել ներկայացնել որպես Խորհրդային Միությանը, կամ էլ հրեաներին սպառնացող վտանգ: Դա իրոք ծիծաղելի է և անհեթեթ: Թեև Իլհամ Ալիևը` իր ընտանեկան լավագույն`ԿԳԲ-ական ավանդույթներին հետևելով, Նժդեհի պատրվակով Հայաստանի վարչապետի վրա «գործ է տալիս» ռուսներին և հրեաներին, մենք զերծ կմնանք մատնանշելուց, թե ԽՍՀՄ այլ ազգերը ինչ մասշտաբներով և խորությամբ են համագործակցել ֆաշիստական քարազչամեքենայի և զինուժի հետ: Դա էլ պետք է հասկանալ, այլ կերպ չէր էլ կարող լինել, նման երևույթներ դրսևորվում են ցանկացած պատերազմի ժամանակ: Նախ չանտեսենք, որ ցանկացած մարդու համար իր կյանքը շատ թանկ բան է և մյուսը` ԽՍՀՄ շատ ազգեր բոլշևիկյան իշխանությունից ամենևին էլ հիացած չէին և այսպես կոչված ազգային լեգեոնները կռվում էին ոչ այնքան գերմանացիների համար, որքան բոլշևիզմի դեմ: Էլ չենք խոսում հենց ռուսների մասին, որոնք գերմանացիների կողմն անցան հսկա զորաբանակներով և կռվեցին Կարմիր Բանակի դեմ մինչև վերջին պահն ու հնարավորությունը: Այս ֆոնի վրա ինչ են ուզում Գարեգին Նժդեհից, որը, նախ, ԽՍՀՄ քաղաքացի չէր և դավաճանություն եզրույթը տվյալ պարագայում նրա նկատմամբ կիրառելը բացահայտ հիմարություն է: Իսկ սեփական ազգի ներկայացուցիչների կյանքի փրկությանն ուղղված նրա քայլերը` թեկուզև ԽՍՀՄ հետ պատերազմող երկրի հետ համագործակցելով, ոչ ոք իրավունք չունի դատապարտելու: Եվ, ի վերջո, Հայկական ԽՍՀ-ն, որպես ԽՍՀՄ կազմի մեջ մտնող հանրապետություն, և ամբողջ խորհրդահայությունն այդ պատերազմում իրենց պարտավորությունն ու պարտականությունը Խորհրդային Միության նկատմամբ կատարել են ամենաբարձր մակարդակով. թե հարյուր հազարավոր մարդկային կյանքեր ռազմաճակատում զոհաբերելու, թե բազմաթիվ որակյալ զինվորական կադրեր Կարմիր Բանակին տրամադրելու տեսակետից: Եվ եթե այսօր Ռուսաստանի դիվանագիտական և այլ ներկայացուցիչները խոսում են մեր ընդհանուր պատմության հենց այդ հատվածի մասին, ապա ինչու են հիշատակում Գարեգին Նժդեհի «վատությունը»` իհարկե, իրենց ընկալմամբ, սակայն մոռանում են այդ խիստ սահմանափակ ռեսուրսներով ազգի և հանրապետության` իր հնարավորությունների սահմաններում հիրավի հսկա ներդրումը Խորհրդային Միության կողմից հաղթանակ տոնելու համար: Դա էլ է չէ՞ մեր ընդհանուր պատմությունը: Եվ ինչ է ստացել Հայաստանն ու հայությունը այդ հաղթանակին հասնելու իր ներդրման դիմաց: Թեկուզ` զուտ բարոյական հատվածով: Նժդեհի հուշատախտակի վրա սև ներկ լղոզողը գիտե՞ արդյոք, թե քանի հայ իր կյանքն է տվել Կուբանի երկրամասի պաշտպանության ու ազատագրման համար:
    Նման իրավիճակում միանգամայն անիմաստ է փորձել ինչ-ինչ անձանց և շրջանակների բացատրել ու հասկացնել, թե ով է Նժդեհը հայ ազգի համար և ով է այդ մարդն առհասարակ: Անիմաստ է և անօգուտ, քանի որ Նժդեհը այդ որոշակի անձանց ու շրջանակների կողմից թիրախավորվել է ոչ այն պատճառով, որ նրան լավ չեն ճանաչում և անհրաժեշտություն կա նրանց հետ տանել որոշակի բացատրական աշխատանք, այլ` հակառակը, որովհետև այդ հակահայ շրջանակները նրան շատ լավ են ճանաչում, գիտեն նա ով է, միգուցե գիտեն մեզանից էլ լավ, և հենց այդ պատճառով էլ հենց նրա անձն են ընտրել որպես թիրախ: Ինչու:
    Նախ, եթե այս ամենը կատարվում է Հաղթանակի 75-ամյակի նախօրեին, որի հանդիսություններին մասնակցելու իր համաձայնությունն է տվել Հայաստանի վարչապետը, ապա շատ հավանական է, որ հայտնի հայ գործչին նացիստների հանցակցի պիտակը կպցնելով փորձ կարվի նսեմացնել Հայաստանն ու նրա ղեկավարին և այդ հանդիսություններում այդ երկիրն ու իր ղեկավարը ներկայացնել ոչ թե որպես Հաղթանակին հասնելու իր հնարավորություններով զգալի ներդրում ունեցած կողմ, այլ որպես երկիր, որը ոչ մի կապ չունի այդ հաղթանակի հետ, այլ պարզապես եկել է որ մասնակցի «կայսեր հաղթահանդեսին»: Զարմանալու բան չկա: Ռուսաստանյան քաղաքականությունն ունի երկու հիմնական բաղադրիչ. ով որ իրենից հզոր է, կամ, համենայնդեպս ոչ շատ թույլ, նրա հետ Ռուսաստանը կամ բացահայտ, կամ լատենտ հակամարտության մեջ է, իսկ ով իրենից թույլ է, նա պետք է լինի իր վասալը: Եվ դրան պետք է հասնել օգտագործելով թեկուզ ամենաանհեթեթ առիթը:
    Մյուսը, և հավանաբար առավել կարևորն ու հիմնականը, դա ռուս-թուրքական պայմանագրերի մոտեցող 100-ամյակն է: Չխոսենք այդ պայմանագրերի հոդվածների մասին, բայց նշենք, որ ըստ էության, հենց Գարեգին Նժդեհը հանդիսացավ այն գործիչը, ով մինչև վերջ պայքարեց բոլշևիզմի դեմ, քանիցս պարտության մատնեց իր տրամադրության տակ եղած ուժերին բազմապատիկ գերազանցող բոլշևիկա-թրքական բանակները և հայ ազգի համար անառիկ պահպանեց, մեր մասշտաբներով, մի հսկա երկրամաս: Այնպես որ, Նժդեհը հայության համար` դա հանուն երկրի, հանուն պետականության պահպանման մարտնչած և իր պայքարը հաջողությամբ պսակած զորավարն է ու գործիչը: Ինչպես դիպուկ նշել է մեր հեղինակներից Սամվել Մելիքսեթյանը, իր կատարած գործով Նժդեհին կարելի է համեմատել, թերևս, ֆինն զորավար Մաներհեյմի հետ, ով կարողացավ վերականգնել ու պահպանել Ֆինլանդիայի պետական անկախությունը: Բնականաբար` ամեն մեկին դիտարկելով իր մասշտաբի մեջ: Եվ հայության համար իր պետականության կործանումն ու երկրի օկուպացիան նշանավորող հիրավի ողբերգական այդ 100-ամյակին ընդառաջ կամպանիա է ծավալվում՝ հայությանն ստիպել հրաժարվել հանուն պետականության պահպանման պայքարը խորհրդանշող հերոսից, այսինքն` հենց պետականությունը պահպանելու գաղափարից:
    Այնպես որ, վրդովվելը, կուրծք ծեծելն ու Նժդեհի վերաբերյալ ինչ-ինչ «մեղմացուցիչ հանգամանքներ» փնտրելը, նախ, զուտ բարոյական հարթության մեջ կնշանակի անարգել հերոսի հիշատակը, նսեմացնել սեփական հերոսի կերպարը, իսկ ինչպես այսօր կասեին real politic տեսակետից` դա կնշանակեր արդարացում փնտրել և ներողամտություն հայցել: Բայց ինչի համար:
    Այս ամենից, թերևս, պետք է եզրակացություններ անել և Գարեգին Նժդեհի վերաբերյալ հասարակության և ամբողջ ազգի մեջ գեներացնել այնպիսի մի կարծիք ու գնահատական, այնպիսի մի վերաբերմունք, որ ցանկացած օտար հասկանա, որ հայերի և Հայաստան պետության համար այդ անձը ազգային արժեք է, ազգային հերոս, ու այդ անձին դիպելը կնշանակի արդեն դիպել ամբողջ մի ազգի արժանապատվությանը:
    Իսկ եթե նայում ենք իրականությանը, մեր երկրում արդյոք տիրում է այն մթնոլորտը, որ անկախ պետականությունն իրոք գերագույն արժեք է, իսկ հանուն նրա մարտնչողն էլ` անվեհեր հերոս: Սարդարապատի հերոսամարտի 100-ամյակին նվիրված հանդիսություններն ընթացան, մեծամասամբ Կատյուշա, Կալինկա, Սինիյ պլատոչեկ երգերի հնչունների տակ, իսկ ամբողջ միջոցառումն էլ անվանակոչվել էր Հաղթանակների հարյուրամյակ: Էդ որ հաղթանակների մասին է խոսքը: Սրանից հետո մենք ինչու պետք է սպասենք, որ օտարը հանկարծ կհարգի և կճանաչի մեր պետական ինքնիշխանությունը: Ինչ վերաբերում է Նժդեհի կերպարը մեզանում հասկանալուն և մեծարելուն, ապա այստեղ հսկա աշխատանք ունեն կատարելու մեր պատմաբանները: Նախ անհրաժեշտ է, որ ժողովուրդը ամբողջ ճշմարտությամբ և կարևորությամբ ընկալի Հայաստանի Առաջին Հանրապետության վեհությունը, գնահատի նրա ստեղծողների և նրան ծառայողների մաքառումները և դրանց շարքում ընդունի ու արժևորի Գարեգին Նժդեհին` հայ ազգին ու հայկական պետությանը մատուցած մնայուն ծառայություններով:
    Իսկ այդ ամբողջը թե երեկվա, թե նաև այսօրվա Հայաստանում, ավաղ, բացակայում է:
    Այնպես որ, հանուն Հայաստանի անկախ պետականության, Գարեգին Նժդեհը ստիպված տալու է ևս մեկ ճակատամարտ: Եվ, իհարկե, շահելու է: Եթե, իհարկե, մենք նրան չդավաճանենք: Իրոք, եկեք փառք տանք մեր Հավերժական Հաղթանակողին և իր հրամանատարությամբ պաշտպանենք Հայաստան երկիրն ու մեր պետականությունը:
    Փառք Նժդեհին:
    ԶԱՆԳԵԶՈՒՐԸ ՀԱՅՈՑ ՄՆԱՑ,
    ՔՈ ՀԱՆՃԱՐՈՎ, ՄԵԾ ՆԺԴԵՀ:
    ԹԵ ԲՈԼՇԵՎԻԿ, ԹԵ ՇՈՒՆ ԹՈՒՐՔԸ`
    ԲԱԶԿԻԴ ՈՒԺՆ ԵՆ ՃԱՇԱԿԵ:
    ՀՈՒՌՌԱԱԱ, ՀՈՒՌԱ, ՀՈՒՈՒՌՌԱԱ,
    ՔԱՋ ՆԺԴԵՀԻ ՍՈՒՐԸ ՇՈՂՇՈՂԱ…
    Վլադիմիր Հարությունյան, ֆիզ.մաթ. գիտությունների դոկտոր, պրոֆեսոր


    Leave a comment:


  • Vrej1915
    replied

    Հայտարարություն Գարդմանքի հայաթափման 30-րդ տարելիցի կապակցությամբ

    Lragir.am,
    26.11.2019







    ԳԱՐԴՄԱՆԱՀԱՅԵՐԻ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ Հ/Կ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԽՍՀ-ԻՑ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅՈՑ ՊԱՏՄԱԿԱՆ ԳԱՐԴՄԱՆՔԻ` ՆԵՐԿԱՅԻՍ ԳԱՆՁԱԿԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՅԱԹԱՓՄԱՆ 30-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

    30 տարի առաջ` 1989թ.-ի այս օրերին, Ադրբեջանի իշխանությունների ծավալած էթնիկ զտումների ու պետական տեռորի քաղաքականության արդյունքում, վերջին հայերը բռնագաղթեցին հայաբնակ Շամխորի, Դաշքեսանի, Գետաբեկի, Թովուզի, Ղազախի շրջաններից և Գանձակ ու Ելենդորֆ /Խանլար/ քաղաքներից: Հայաստանի հյուսիս-արևելյան այս տարածքները դեռևս անցյալ դարի 20-ական թթ-ից քեմալ-բոլշևիկյան դաշինքի արդյունքում ապօրինաբար բռնակցվել էին Ադրբեջանի նորաստեղծ հանրապետությանը:


    Այսօր` 30 տարի անց, ստիպված ենք արձանագրել, որ
    1. Մեր հայրենիքի հյուսիս-արևելյան մի ստվար հատվածը` Գարդման-Գանձակի տարածաշրջանը, շարունակում է բռնազավթված մնալ ներկայիս Ադրբեջանի ցեղասպան պետության կողմից:
    2. Ադրբեջանն այսօր էլ, որպես ագրեսոր պետություն, շարունակում է սպառնալիք հանդիսանալ հայության համար և ապակայունացնող դեր խաղալ Այսրկովկասի տարածաշրջանում:
    3. Հայ փախստականները` որպես Բաքվի ռեժիմի ցեղասպանական գործողություններից տուժած ինքնուրույն համայնք, որևէ կերպ ներկայացված չեն միջազգային փաստաթղթերում և Արցախյան բանակցային ձևաչափում:
    Միևնույն ժամանակ հայտարարում ենք, որ
    30 տարի շարունակ և այսօր էլ ՀՀ իշխանությունները անհրաժեշտ և բավարար ջանքեր չեն գործադրել միջազգային հանրությանը, միջնորդ և դաշնակից պետություններին ներկայացնելու Արցախյան հիմնախնդրի բուն էությունը, ինչի պատճառով մինչ օրս
    ա/ Հարցականի տակ է դրվում Ադրբեջանի ցեղասպան ռեժիմի դեմ նշված տարածքների հայության ինքնապաշտպանական, ապա` ազգային-ազատագրական պայքարի գլխավոր ձեռքբերումը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորումը և նրա լիակատար փաստացի ու դե յուրե անկախությունը Ադրբեջանի հանրապետությունից:
    բ/ Շրջանցվում է 1987-1992թթ. Ադրբեջանի հայաբնակ շրջաններում` Չարդախլուում, Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում հայ բնակչության դեմ իրականացված պետական տեռորի ու ցեղասպանության փաստը, և այն հանգամանքը, որ Արցախյան ազատամարտը Բաքվի ցեղասպան ռեժիմի լայն ճակատով առաջխաղացումը դեպի ԼՂՀ կասեցնելու և հայությանը մասշտաբային ցեղասպանությունից ռազմական ճանապարհով պաշտպանելու միակ հնարավոր միջոցն էր:
    գ/ Անտեսվում են հայ փախստականների` միջազգային իրավունքի դաշտում ազատագրված տարածքների իրավատիրոջ, գոյությունն ու իրավունքները:
    Ելնելով վերոհիշյալից` պահանջում ենք ՀՀ և ԼՂՀ իշխանություններից`

    1. Իրավական և քաղաքական գնահատական տալ Ադրբեջանում 1987-1992թթ. տեղաբնիկ հայության հետ կատարված ոճրագործություններին` որակելով դրանք որպես ցեղասպանություն:
    1. Միջազգային և հայրենական բոլոր պաշտոնական ու ոչ պաշտոնական ամբիոններից բարձրաձայնել հայոց հայրենիքի առանձին հատվածների` Հյուսիսային Արցախի /Շահումյան-Գետաշեն, Գանձակ, Գարդման/ ու Նախիջևանի` Ադրբեջանի հանրապետության կողմից բռնազավթված լինելու փաստը:
    1. Ճանաչել ազատագրված տարածքների կարգավիճակը` իբրև ցեղասպան ռեժիմից ազատագրված, և վերականգնել այդ տարածքների միակ իրավատիրոջ` հայ փախստականների քաղաքական, տնտեսական, սոցիալ-մշակութային ու մարդկային բոլոր իրավունքները` պատասխանող պետությունից պահանջելով փոխհատուցում:


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ռուսաստանի դեսպանը՝ Գարեգին Նժդեհի մասին

    Lragir.am,
    22.11.2019








    Գարեգին Նժդեհի թեման առնչություն ունի մեր ընդհանուր պատմությանը, Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմությանը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
    «Այս հարցերը շատ նուրբ են: Տեսնում ենք, որ քաղաքական ու միջազգային համատեքստում պատմությունը խմբագրելու, տեղի ունեցածը վերաորակավորելու փորձեր են արվում», – ասել է նա:

    Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը զարմանք էր հայտնել, որ Գարեգին Նժդեհի հարցը Ռուսաստանի հետ հարաբերությունների օրակարգում է:


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Մոլոտովի զովացուցիչ կոկտեյլ Նիկոլ Փաշինյանի եւ ռուս լրագրողների հանդիպմանը

    Lragir.am,
    20.11.2019








    Հայաստանում ռուսական առաջատար ԶԼՄ-ների ներկայացուցիչները հանդիպել են իրենց գործընկերների, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպումների ժամանակ նրանք կրկին բարձրացրել են Նժդեհի թեման, եւ նույնիսկ հարցրել, թե Հայաստանն ինչ է անելու դրա տակից դուրս գալու համար:

    Մոսկվան տեւական ժամանակ այս թեման դարձրել է Հայաստանի դեմ քարոզչական արշավի ուղղություններից մեկը, Ռուսաստանում գաղափարական ու գաղափարախոսական լրջագույն ճգնաժամի պայմաններում Երկրորդ աշխարհամարտի սակրալացման շրջանակներում: Թեման Մոսկվայի պասով վերցրել է նաեւ Բաքվի իշխանությունը, որը նույնպիսի ճգնաժամի ու փակուղու առաջ է մասնավորապես Արցախի խնդրում: Ավելին, Բաքվի իշխանությունը «լայնացրել է» այն մինչեւ Զանգեզուր, նկատի ունենալով Նժդեհի ասոցացումն այդ տարածաշրջանի հետ եւ հայտարարելով, թե Զանգեզուրն իրարից բաժանել է թյուրքական աշխարհը:

    Մոսկվան ու Բաքուն խոշոր սխալ են թույլ տվել, որից հայկական կողմը կարող է եւ պետք է օգտվի ազգային խնդիրները լուծելու համար: Սա բարդ ու բազմաշերտ խնդիր է, սակայն՝ լիովին հնարավոր, 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերի հարցն ակտուալացնելու շրջանակում:
    Մինչ այդ, ռուս լրագրողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը մի քանի էական հայտարարություն է արել:
    «Անկեղծ ասած, մտածում էի, որ այդ հարցը Ադրբեջանի հետ մեր օրակարգում է առկա, որովհետև առաջին անգամ, երբ ես այդ հարցի հետ անակնկալ կերպով առնչվեցի, տեղի ունեցավ Աշխաբադում՝ ԱՊՀ Գագաթնաժողովի ընթացքում: Ինձ համար անակնկալ է, որ այդ հարցն առկա է նաև Ռուսաստանի հետ մեր հարաբերությունների օրակարգում:
    «Շատ է խոսվում այն մասին, որ օրինակ, Նժդեհը ինչ-որ կապեր է ունեցել Երրորդ ռեյխի ներկայացուցիչների հետ։ Մոլոտովը (ԽՍՀՄ արտգործնախարարն էր 1939-1949թթ․) նույնպես շփվել է Երրորդ ռեյխի ներկայացուցիչների հետ։ Այդ դեպքում եկեք համատեղ հանձնաժողով ստեղծենք եւ ուսումնասիրենք ամեն ինչ։ Որեւէ մեկը Ռուսաստանում դատապարտե՞լ է դա։ Իսկ ինչու՞ ոչ։ Եթե սկսենք, ապա եկեք սկսենք Մոլոտովից։ Ի՞նչ էր նա ասում, ինչո՞ւ , ինչի՞ մասին էր պայմանավորվում, ինչո՞ւ էր պայմանավորվում։
    Իսկ Ստալինը տեղեկացվա՞ծ էր՝ ինչի մասին է պայմանավորվածությունը։ Մեզ համար չկա այդ հարցը, թե ով է Նժդեհը։ Նա խոսե՞լ է նացիստների հետ։ Հնարավոր է՝ խոսել է։ Մոլոտովն էլ է խոսել, Ստալինը նույնպես խոսել է», ասել է վարչապետը։

    Ստալին, Ռիբենտրոպ, Մոլոտով
    Ավելին, ոչ միայն խոսել են, այլեւ եղել են դաշնակիցներ: Երկրորդ աշխարհամարտը սկսել է նացիստների ու սովետական ղեկավարների այդ «խոսակցությունից», իսկ մինչ այդ Սովետական Միությունը վճռական մասնակցություն է ունեցել նացիստական բանակի ստեղծման գործում, մատակարարելով հումք, տեխնիկա, ցորեն, ընդ որում՝ մինչեւ 1941 թ., վերապատրաստելով գերմանացի հազարավոր օդաչուների եւ ռազմական այլ մասնագետների: Ավելին, նացիստական ու սովետական բանակները համատեղ շքերթ են անցկացրել, փորձի փոխանակումներ եւ այլն: Ի դեպ, Գերմանիային պարեն և մետաղներ մատակարարող վերջին խորհրդային գնացքը սահմանը հատել է 1941 թվականից հունիսի 21-ին՝ ԽՍՀՄ-Գերմանիա պատերազմի սկսվելուց մեկ օր առաջ:

    Սովետական եւ նացիստական զինվորականները միասին

    Երկրորդ աշխարհամարտը սկսեց հենց այս դաշնակցությունից: Ելցինի օրոք Մոսկվան դատապարտեց Մոլոտով-Ռիբենտրոպ պակտը, Պուտինի օրոք այն հռչակվեց որպես ռուսական դիվանագիտության փայլուն նվաճում: Այսինքն, հավանություն տրվեց նացիստների հետ համագործակցությանը: Այս պայմաններում Նժդեհի մասին հարցերը պարզապես զավեշտալի են:
    Հասկանալի է, որ խնդիրը Նժդեհը չէ, բայց Հայաստանի դեմ հերթական քարոզչական ուղղությունն ընտրելիս Մոսկվան խոշոր սխալ է թույլ տվել, այդպիսով հայերին տալով 1921-ի ռուս-թուրքական հակահայկական պայմանագրերի հաղթաթուղթը: Հայկական «քաղաքական միտքն» ու ԶԼՄ-ները ամենօրյա մանր հոգսերից ազատ ժամանակ կգտնե՞ն այս հարցով զբաղվելու համար:
    Նիկոլ Փաշինյանը վերցրեց այդ հաղթաթուղթը, բացառիկ դիրքավորմամբ: Ժամանակն է նաեւ բացել Լենին-Աթաթուրք պակտը, որը Մոլոտով-Ռիբենտրոպ պակտի «նախերգանքն էր», եւ հատկապես 1921 թ. ռուս-թուրքական պայմանագրերի հատկապես գաղտնի արձանագրությունները:


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Զատուլինը մերկացրեց Հայաստանի «ազգայիններին»

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
    19.11.2019








    ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը Վլադիմիր Պոզների հաղորդաշարին հյուրընկալվելիս խոսել է Արցախի հարցի իր լուծման մասին: Նա առաջարկում է ճանաչել Արցախի անկախությունը, դրա դիմաց հանձնել տարածքները: Զատուլինը այդ հարցում ոչ միայն օրիգինալ չէ, այլ նաեւ առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում է իր այդ պատկերացման մասին:
    Հետաքրքիրն այս դեպքում այն է, որ այդ պատգամավորը վերջին մեկուկես տարվա ընթացքում սերտ շփման մեջ է եղել Հայաստանի նախկին իշխող համակարգի շահերը ներկայացնող ամենատարբեր գործիչների, ընդհուպ երկրորդ եւ երրորդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հետ:

    Սակայն, հատկանշական է, որ ՌԴ Պետդումայի այդ պատգամավորը մեկուկես տարի հաղորդակցվում, ինտենսիվ շփվում, ուղեկցում, Լազարեւսկի կոմիտե է բացում այն գործնականում բոլոր կարկառուն գործիչների հետ, որոնք արդեն մեկուկես տարի փրփուրը բերանին հայտարարում են, որ Նիկոլ Փաշինյանը «հանձնում է Արցախը»:
    Ընդ որում, առնվազն հրապարակային հայտարարությունների մակարդակում պատկերը բացարձակապես այլ է: Եվ դրա մասին վկայում է նաեւ Զատուլինը: Վկայում, թե գործնականում ինչ քաղաքական ու բարոյական արժեք ունեն «Արցախը հանձնելու» մասին ահազանգերը: Հակառակ պարագայում, Կոնստանտին Զատուլինը պետք է որ այդ շրջանակներում լիներ ոչ թե պատվելի հյուր, այլ «մերժված», համենայն դեպս քաղաքականության եւ քաղաքավարության շրջանակում:
    Առայժմ այդ շրջանակներից որեւէ մեկը որեւէ դժգոհություն չի հայտնել Կոնստանտին Զատուլինի առնչությամբ: Հետաքրքիր է, կխոսի՞ նրանցից որեւէ մեկն այս դեպքում, կհայտնի՞ որեւէ կարծիք Արցախի հարցի լուծման զատուլինյան մոտեցման կապակցությամբ:
    Թեեւ, հերթի մեջ իհարկե առաջինը Զատուլինը չէ: Առաջինը, կամ գոնե Զատուլինից առաջ, Կրասնոդարցի պատգամավոր Վինոգրադովն է: Արմավիրի Դումայի այդ պատգամավորը օրերս վանդալիզմի ակտ էր կատարել Արմավիրի հայկական եկեղեու բակում Գարեգին Նժդեհի հուշատախտակի նկատմամբ, ներկելով այն սեւ ներկով:
    Հայաստանում ազգայինի համար ոտքի ելած ուժերից որեւէ մեկն առայժմ չի համարձակվել որեւէ անդրադարձ կատարել ռուսաստանցի պատգամավորների այդ հայտարարության ու վանդալիզմի առնչությամբ: Նրանց ուժն առայժմ պատում է միայն Արայիկ Հարությունյանի հասցեին աղմկելու համար:


    Last edited by Vrej1915; 11-20-2019, 12:16 AM.

    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Հայաստանը ՀԱՊԿ անդամ պետության կողմից Ադրբեջանին զենք վաճառելը չի դիտարկում որպես բիզնես

    Lragir.am,
    13.11.2019







    Հայաստանի Հանրապետությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետության կողմից Ադրբեջանի Հանրապետությանը զենքի վաճառքը չի դիտարկում որպես բիզնես: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նոյեմբերի 13-ին ՀՀ Ազգային ժողովում պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Տիգրան Կարապետյանի հարցին՝ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը:
    «Այդ հարցը մշտապես մեր քննարկումների օրակարգում է՝ թե՛ խորհրդարանական, թե՛ կառավարությունների մակարդակով։ Դուք գիտեք մեր մոտեցումը՝ դրան մենք չենք վերաբերվում որպես բիզնեսի։ Դա զենք է, որն ուղղված է մեր մարդկանց դեմ և, իհարկե, այս հարցի զգայունությունը բավականին բարձր է»,- ասաց Մնացականյանը:


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Վանդալիզմ. Ռուս պատգամավորը սեւ ներկ է փչել Նժդեհի հուշատախտակի վրա

    Lragir.am,
    13.11.2019








    Ռուսաստանում Հայաստանի դեսպանատունը հայտարարությամբ է հանդես եկել՝ դատապարտելով Ռուսաստանի Արմավիր քաղաքում Հայ Առաքելական եկեղեցու տարածքում գրանցված դեպքը:
    Հիշեցնենք, որ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովը մտել է Հայ առաքելական եկեղեցու տարածք և Գարեգին Նժդեհի հուշատախտակը ներկել սև ներկով:
    «Դեսպանատունն իր վրդովմունքն է հայտնում Արմավիրում տեղի ունեցված դեպքի կապակցությամբ: Քաղաքային դումայի պատգամավոր Ալեքսեյ Վինոգրադովի՝ Հայ առաքելական եկեղեցու տարածքում գործողությունը մեր կողմից որակվում է որպես վանդալիզմ և ինքնաիրավչության դրսևորում, ինչը հակասում է սահմանված իրավական կարգին: Այս գործողությունը չի նպաստում հայ-ռուսական երկկողմ փոխհարաբերություններին և կարող է հանգեցնել ազգամիջյան լարվածության»,- նշվում է ՌԴ-ում Հայաստանի դասպանատան հայտարարության մեջ:
    Դեսպանատունը նաև ընդգծում է, որ տեղի ունեցածը ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում ապրող հայերի շրջանում լուրջ անհանգստություն է առաջացրել:
    Հայկական եկեղեցու տարածքում տեղի ունեցածի մասին տեղեկությունը դեսպանատունը կփոխանցի Ռուսաստանի համապատասխան մարմիններին:
    «Միաժամանակ Արմավիրի քաղաքային իշխանություններին կոչ ենք անում տեղի ունեցածին տալ համարժեք գնահատական: Այս դեպքը կպահենք մեր ուշադրության կենտրոնում: Դեսպանատունը մշտական կապ է պահում հայկական համայնքի և ՌԴ համապատասխան մարմինների հետ»,- նշվում է հայտարարության մեջ:


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ռուսները չպետք է որոշեն, թե ովքեր են մեր հերոսները. Իրենցը խուժան զանգվածն է, որ աճեցրել են Հայաստանում

    Lragir.am,
    12.11.2019







    Ռուսները չպետք է որոշեն կամ սահմանեն, թե ովքեր են մեր հերոսները։ Այս մասին մեզ հետ զրույցում նշել է քաղաքագետ Լևոն Շիրինյանը՝ անդրադառնալով ՌԴ Պետդումայի պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովի՝ ադրբեջանական կայքերին տված հարցազրույցին, որտեղ վերջինս հայտարարել էր, թե չի հանգստանա, քանի դեռ Արմավիրում չեն վերացրել ի պատիվ Նժդեհի դրված ցուցանակը։
    «Թող չհանգստանա, թող մեռնի անհանգստությունից։ Ես ինքս խայտառակություն եմ համարում այս իրավիճակում Ստալինի մեդալ տալը։ Դրանից ստոր բան չկա աշխարհում։ Հիտլերին մեծարեն ավելի լավ է, քան Ստալինին, որովհետև Հիտլերը սեփական ժողովրդին չի կոտորել։ Եթե Ստալինն այդ իրավունքն ունի, Նժդեհն ունի ու ունի։ Իրենք չպետք է սահմանեն, թե ովքեր են մեր հերոսները։ Այդ ժամանակներն անցել են, իսկ իրենց Սերժն ու Ռոբերտն էլ հեռացել են», ասել է նա:
    Դիտարկմանը, որ վերջին շրջանում ռուսական շրջանակները հաճախ են սկսել հիշել Գարեգին Նժդեհին, Շիրինյանն արձագանքեց. «Իրենց առիթ է պետք, Նժդեհը չլինի, Ռուբենին կհիշեն։ Դա Հայաստանի վրա ճնշման գործիք է, այսօր Նժդեհն է, վաղը մեկ ուրիշը կլինի։ Հետո կասեն հայ տղաները լավը չեն, Հայաստանի անտառները լավը չեն։ Բայց մենք թքած ունենք բոլորի կարծիքի վրա, մենք մեր պետությունն ենք կառուցում։ Իրենք պետք է հասկանան, որ Հայաստանում գողապետությունը վերանալու է, Սերժն ու Քոչարյանն էլ չեն լինելու։ Մեր իշխանությունն էլ պետք է արագացնի իր քայլերն այդ ուղղությամբ»:
    Նա նաև նկատել է, որ եթե ռուսները մեր բարեկամներն են, չպետք է ընդունեն ՀՀ այն քաղաքացիներին, որոնք քրեական հետապնդման են ենթարկվում իրենց հայրենիքում. «Թե չէ ում ուզում են բռնել գողության, ավազակության, լրտեսության համար, բոլորը փախչում են Ռուսաստան։ Իրենք որպես դաշնակից պետություն, դրանց չպետք է ընդունեն։ Պետք է ասեն՝ գնացեք ձեր երկրի դատարանում արդարացեք։ Թե չէ այդ խուժան զանգվածն աճեցրել են, հետո ասում են՝ ինչու մեր բարեկամը չեք։ Իրենք չպետք է մեզ բացատրեն, թե ով է մեր ազգային հերոսը, ով՝ ոչ։ Հաստատ մեր հերոսը Միկոյանը չի, ոչ էլ Շահումյանը», իր խոսքն է ամփոփել քաղաքագետը:


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Սպայկա ընկերության արտադրած պանիրը հետ է ուղարկվել Հայաստան. Վերին Լարսի մաքսային անցակետը փակեց հայկական պանրի մուտքը ՌԴ

    Lragir.am,
    07.11.2019








    «Սպայկա» ընկերության նորակառույց պանրի գործարանում արտադրված հայկական ընդհանուր առմամբ 21 տոննա կապույտ բորբոսով պանիրը 24 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում հարկադիր կանգնեցվելուց հետո վերադարձվեց Հայաստան. Վերին Լարսի մաքսային անցակետը արգելեց հայկական պանրի մուտքը ՌԴ:
    05.11.2019 թվականին, ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի աշխատակիցները բանավոր հայտնել են ընկերության բեռնատարի վարորդին, որ չեն կարող բաց թողնել պանիրը ՌԴ տարածք և հետ են ուղարկելու բեռը Հայաստան, քանի որ ստացել են փորձաքննության արդյունքները, որոնց համաձայն պանրի ծագման երկիրը նշվել է՝ «Հայաստան, Առաջավոր Ասիա, Հարավ-արևելյան Եվրոպա»:
    Ընկերությունը սկսած առաջին օրվանից ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի և ՌԴ Հյուսիսային Օսեթիայի մաքսային ծառայության ղեկավարությանը նամակներ, ծանուցումներ, լրացուցիչ տեղեկություններ, փաստաթղթեր, տեսագրություններ, ԶԼՄ-ների կողմից ընկերության պանրի գործարանի բացման մասին վիդեոռեպորտաժներ է ուղարկել հավաստելու համար, որ պանիրն արտադրված է Հայաստանում:
    Ծագած խնդրի մասին առաջին իսկ օրվանից տեղեկացվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը, որն աշխատում է խնդրին համակարգային լուծում տալու ուղղությամբ: Խնդրի մասին նամակ է ուղարկվել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովին (ԵԱՏՄ):
    ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի նման կամայական, ոչ իրավաչափ գործողությունների պատճառով ընկերությունը կրում է մեծ վնասներ՝ հարկադիր կերպով կանգնեցված պանիրը կորցրեց իր պիտանելիության ժամկետից 24 օր, ընկերությունը պանիրը չմատակարարելու համար ենթարվկեց տույժերի և տուգանքների պատվիրատուների կողմից:
    Մինչ օրս մեզ չի տրամադրվել ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի կողմից իրականացված լաբորատոր փորձաքննության եզրակացությունը: Ընկերության համար պարզ չէ, թե ինչպես Հայաստանում արտադրված պանիրը ՌԴ Վերին Լարսի մաքսային ծառայողների կողմից համարվեց այլ երկրի արտադրանք:
    Ընկերությունը շարունակելու է պայքարել պաշտպանելու համար իր շահերը և իրավունքները ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի ոչ իրավաչափ և անտրամաբանական գործողություններից, ինչպես նաև վերականգնելու իրեն պատճառված վնասները:
    Ընկերությունը հրավիրում է բոլոր ցանկացողներին, ովքեր մտահոգված են սույն խնդրով այցելելու ընկերության պանրի գործարան և տեսնելու պանրի արտադրման գործընթացը:
    Հ.գ. ՌԴ Մաքսային ծառայության հայաստանյան ներկայացուցիչը նույնպես եղել է Ընկերության պանրի գործարանում և ծանոթացել արտադրական ողջ պրոցեսին:
    Սպայկա ընկերություն


    Leave a comment:


  • Vrej1915
    replied
    Ռուսաստանը կմիջամտի՞. ԱՄՆ նոր փորձը Հայաստանում

    ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ, Մեկնաբան
    06.11.2019






    Մենք հետեւում ենք Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումներին, նախօրեին Երեւանում հայտարարել էր ՌԴ ոչ պաշտոնական դեսպան Կոնստանտին Զատուլինը: Գնահատել այդ իրավիճակը նա չէր ցանկացել, ասելով, որ Ռուսաստանի դաշնությունը չի միջամտում այլ երկրների ներքին գործերին:
    Մի քանի շաբաթ առաջ Կոնստանտին Զատուլինը Արցախում էր, որտեղ կազմակերպվել էր Արցախի բարեկամների միջազգային համաժողով: Արցախ էր այցելել նաեւ Սերժ Սարգսյանը, որի գրասենյակը այդ այցի մասին հաղորդագրության մեջ հատուկ շեշտել էր, որ այցը քաղաքական նպատակ չունի, եւ այդ կապակցությամբ դիտարկումները կլինեն շահարկում: Ինչու՞ էր Սերժ Սարգսյանի գրասենյակն այդ ժամանակ անհրաժեշտ համարել կանխավ խոսել հնարավոր շահարկման մասին: Ի՞նչ էր պատրաստվում Սարգսյանն անել Արցախում, որ դրանից առաջ փորձում էր կանխել շահարկումները:
    Արցախում Սարգսյանն այցելել էր Ամարաս համալիր, որ նորոգվում է նրա գլխավորած հիմնադրամի աջակցությամբ: Նրան ուղեկցել էր Կոնստանին Զատուլինը: Այդ ուղեկցումը ներքաղաքական իրավիճակին հետեւելու՞ ռեժիմով էր, ինչի մասին խոսել էր Զատուլինը նախօրեին: Արդյո՞ք Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի աջակցությամբ լազարեւսկի կոմիտե ստեղծած Զատուլինի համար էր ընդգծել, որ այցը քաղաքական չէ, որպեսզի նա Արցախում չտա ավելորդ հարցեր:
    Իսկ մինչ Զատուլինը հետեւում էր ներքաղաքական իրավիճակին, Հայաստանում ԱՄՆ դեսպանը հեղափոխությունից հետո առաջին անգամ այցելել էր ՀՀԿ գրասենյակ եւ հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, իր նախաձեռնությամբ: Ընդ որում, դեսպանը պայմանավորվել է հետագա հանդիպումների համար, հետաքրքրվելով ՀՀԿ ծրագրերով:
    ԱՄՆ փաստացի արձանագրել է հետհեղափոխական իրավիճակում Սերժ Սարգսյանի դերը, որը բավական վճռորոշ է նախկին իշխող համակարգի վարքագծի շրջանակում: Միաժամանակ, այդ համակարգի շրջանակում ակնառու է պայքարը առաջնորդության համար: Ռոբերտ Քոչարյանն օրինակ հայտարարել է կոնսենսուս մինուս մեկ բանաձեւը, այդպիսով ներկայացնելով Նիկոլ Փաշինյանի դեմ բոլորին իր շուրջ միավորելու հայտ: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն օրեր առաջ հայտարարել էր, որ որեւէ մեկի մոտ ոչինչ չի ստացվի, եթե գործեն առանց ՀՀԿ: Արմեն Աշոտյանը նախօրեին Սերժ Սարգսյանի եւ ԱՄՆ դեսպանի հանդիպման մասնակիցների շարքում էր:
    Վաշինգտոնը Սերժ Սարգսյանին ըստ ամենայնի դիտարկում է հետհեղափոխական Հայաստանում ներքաղաքական զարգացումների կանխատեսելիության ու կայունության կարեւոր դերակատար: Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե մոտենում է հանրության հետ «անկեղծ զրույցի» ժամանակը, այդ դերի համար Սարգսյանի պատրաստակամությունն է: Անկախ քաղաքական դիմակայությունից, Սերժ Սարգսյանի համար Հայաստանում հետհեղափոխական կայունությունն ու կանխատեսելիությունը, նոր իշխանության արդյունավետությունը շարունակում է լինել անվտանգության որոշակի եւ թերեւս բացառիկ երաշխիք:
    Նշանակու՞մ է դա արդյոք, որ ԱՄՆ Հայաստանի ներքաղաքական նոր ստատուս-քվոն դիտարկում է Քաղաքացիական պայմանագիր-ՀՀԿ պայմանական երկբեվեռ դիմակայությամբ: Հազիվ թե: Հայաստանում ԱՄՆ դեսպանը կունենա դեռ շատ հանդիպումներ, ինչպես թերեւս այլ դեսպաններ:
    ԱՄՆ համար գերխնդիրը կայունությունն ու կանխատեսելիությունն է, որը անհրաժեշտ գործոն է Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության ռազմավարական կապիտալիզացիայի համար: Այլապես խնդիրներ են առաջանալու ռեգիոնալ անվտանգության համակարգի վերափոխման, ըստ այդմ ռեգիոնալ անվտանգության ու կայունության գործընթացում: ԱՄՆ համար այստեղ է գլխավոր հարցը, եւ դրանում է Հայաստանի անփոխարինելի դերը:
    Հատկանշական է, որ Ռուսաստանը հետեւում է: Հայաստանի ներքին կանքին ՌԴ աշխույժ միջամտությունն այն բանից հետո, երբ տապալվեց դարձյալ ԱՄՆ ջանքով ձեւավորվող Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյանի երկխոսությունը եւ Տեր-Պետրոսյանը մղվեց ԲՀԿ գիրկ, հանգեցրեց ապրիլյան քառօրյա պատերազմի գեներացման:
    Կմիջամտի՞ Ռուսաստանն այս անգամ, թե՞ կգերադասի չանել դա, զերծ մնալով շատ ավելի լուրջ խնդիրների ռիսկից, քան նրանք, որոնց առերեսվեց Մոսկվան իր իսկ քաղաքականության հետեւանքով հասունացած ապրիլյան քառօրյայի հետեւանքով:


    Leave a comment:

Working...
X