Lragir.am
22.11.2018

Lenta.ru ռուսական կայքը հոդվածաշար է սկսել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մասին: Ուշագրավ է, որ հոդվածաշարը սկսել է տպագրվել Աստանայում ՀԱՊԿ վեհաժողովից հետո, որտեղ սկանդալ ծավալվեց գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ: Բելառուսն ու Ղազախստանը, օգտվելով առիթից, փորձեցին Բելառուսի ներկայացուցչին նշանակել այդ պաշտոնում, թեեւ քվոտան մինչեւ 2020 թ. Հայաստանինն է: Փորձագետները գրում են, որ դա ոչ միայն կոնֆլիկտ էր հայկական կողմի հետ, այլեւ խորքում Ռուսաստանի հետ Մինսկի ու Աստանայի դիմակայության արտահայտությունը:
Ներկայացնում ենք հատվածներ հոդվածից, որը վերնագրված է «Հուսալի բարեկամը»:
Չնայած Ալեքսանդր Լուկաշենկոն խաղաղարարի դեր է ստանձնել՝ 2014 թվականից Բելառուսն ուկրաինական բանակին զենք, սպառազինություն, տեխնիկա և վառելիք է մատակարարում՝ միևնույն ժամանակ աջակցելով ուկրաինական մաքսանենգությանը, որ շրջանցվեն ռուսական պատժամիջոցները: Այս մասին գրում է Lenta.ru-ն:
Ուկրաինական բանակը Դոնբասում օգտագործում է բելառուսական ռազմական արտադրանք: Օրինակ, «Սկիֆ» հակատանկային հրթիռային համալիրը համալրված է բելառուսական արտադրության բաղադրիչներով: Բելառուսն Ուկրաինայի նախագահին պատկանող գործարանում արտադրվող ռազմական բեռնատարների համար շարժիչներ և փոխանցման տուփեր է արտադրում: Բելառուսն ուկրաինական բանակին մատակարարում է կենսական նշանակության ապրանքներ՝ մարտկոցներ տանկերի համար, օպտիկական սարքավորումներ, ջերմատեսիլ սարքեր, զրահատեխնիկայի և ավիացիայի համար կրակի կառավարման համակարգեր:
Բելառուսը, սակայն, հերքում է, որ Ուկրաինայի հետ ռազմատեխնիկական համագործակցության ծրագիր է իրականացնում:
Բելառուսը նաև վառելիք է մատակարարում ուկրաինական տեխնիկայի համար: Մինսկը Ռուսաստանից անմաքս նավթ է ներմուծում, իր նավթավերամշակման գործարաններում վառելիք ստանում և մատակարարում Ուկրաինային: 2014 թվականին Բելառուսից ուկրաինական ներմուծման մեջ նավթամթերքը կազմել է 82% կամ 3.2 միլիարդ դոլար: Դրանից ընդամենը մեկ տարի առաջ ողջ տարվա ընթացքում Ուկրաինան 2.4 միլիարդ դոլարի վառելիք էր գնել: Ի դեպ, 2014 թվականի թեժ մարտերի ժամանակ Բելառուսը պարտքով է վաճառել վառելիքը, այլ ոչ թե կանխավճարով:
Ռազմամթերքից ու վառելիքից բացի, Բելառուսը գումար է աշխատում նաեւ տարանցիկ փոխադրման հաշվին: 2017 թվականին 2013 թվականի համեմատ ուկրաինական գյուղարտադրանքի արտահանումը Բելառուս ավելացել է 4 անգամ՝ չնայած Բելառուսում սպառման քառակի աճ չի գրանցվել: Հեղինակը նշում է, որ ուկրաինական ապրանքները վերաարտահանվում են Ռուսաստան՝ շրջանցելով Ուկրաինայի դեմ կիրառվող սահմանափակումները: Ռուսաստանի և Բելառուսի միջև ֆորմալ սահման գոյություն չունի, և ռուսական պատկան մարմինների համար դժվար է վերահսկել մաքսանենգությունը: Բելառուսն ուկրաինական գյուղմթերքի վերաարտահանման շնորհիվ տարեկան մինչև 1 միլիարդ դոլար է աշխատում, կարծում է Ռուսաստանի Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի փորձագետ Անդրեյ Սուզդալցևը:
Leave a comment: