Ռուսաստանը կաջակցի Բյուլբյուլօղլիի թեկնածությանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի պաշտոնում
- Lragir.am
- Քաղաքականություն - 04 Հոկտեմբերի 2017
ՅՈՒՆԵՍԿՕ-ում սկսում են գլխավոր տնօրենի ընտրություններ, թեկնածուներից մեկը Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին է:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Գենադի Գատիլովը հայտարարել է, որ Ռուսաստանը կաջակցի Բյուլբյուլօղլիի թեկնածությանը: Թեկնածուները 8-ն են:
Հետաքրքիր է ինչպես կքվեարկի Հայաստանը, որը միջազգային կառույցներում քվեարկում է այնպես, ինչպես Ռուսաստանը: Թե՞ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանը կքվեարկի ազատ:
Ուշագրավ է, որ ներկայիս գլխավոր տնօրեն Իրինա Բոկովայի անունը կապվում է ադրբեջանական կոռուպցիոն սկանդալների հետ: Բուլղարիայի ԶԼՄ-ները գրում են, որ Սոֆիայի դատախազությունը հետաքննություն է սկսել նրա ամուսնու՝ ՎԶԵԲ-ում Բուլղարիայի ներկայացուցիչ Կալինա Միտրեւի դեմ, որին կասկածում են փողեր լվանալու եւ եկամուտները թաքցնելու մեջ:
OCCRP-ի տվյալներով, Միտրեւը ադրբեջանական Avuar Co ընկերությունից ստացել է 425 հազար եվրո:
Սեպտեմբերի 5-ին OCCRP-ը եվրոպական մի շարք ԶԼՄ-ներում հրապարակել է Ադրբեջանական լվացքատուն անունը ստացած հետաքննության տվյալները, որոնց համաձայն՝ Ադրբեջանը 2,5 միլիարդ եվրո է ծախսել եվրոպացի չինովնիկներին գնելու համար: ԵԽԽՎ-ն ստուգում է փաստերը:
Հիշեցնենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի պաշտոնում Բոկովային ակտիվորեն աջակցել է Մեհրիբան Ալիեւան որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան, այն դեպքում, երբ The European Center of Press and Media Freedom-ը պահանջում էր նրան զրկել այդ կոչումից, քանի որ Ադրբեջանը չի հարգում ՅՈՒՆԵՍԿՕ-ի իդեալներն ու նպատակները:
Ավելացնենք նաեւ, որ Ռուսաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի տնօրենի պաշտոնում պաշտպանում է մի երկրի ներկայացուցչի, որը ոչնչացնում է այլ ժողովուրդների եւ հատկապես հայերի հոգեւոր-մշակութային ժառանգությունը:




Leave a comment: